«Տեսանկարահանող սարքերը չլինեին, ոչ ոք չէր հավատա, որ ասմունքող, հայ մայր, համարյա սուրբ Լիանա Զուրաբյանն իրեն այդպես է պահել». կարծիքներ՝ ասմունքողի ու ոստիկանների միջադեպի մասին
Ասմունքող Լիանա Զուրաբյանի և ՃՈ աշխատակիցների միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպը լայն արձագանք է ստացել համացանցում: |
Արայիկ Հարությունյան, Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ
Սերժին մի՛ վերագրեք գերկարողություններ։ |
Աշոտ Ահարոնյան, ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ամեն օր հազարավոր քաղաքացիներ շփվում են Ճանապարհային ոստիկանների հետ, որոնք, ինչպես գիտեք, կրում են տեսանկարահանող սարքեր, սակայն այդ տեսագրությունները հրապարակվում են և ուսումնասիրվում են միայն այն դեպքում, երբ քաղաքացու կողմից լինում է կոնկրետ բողոք կոնկրետ ծառայողի գործողություններից: Ձեր նշած քաղաքացին հրապարակային մեղադրել էր Ճանապարհային ոստիկանությանն իր հանդեպ անարդար լինելու համար: Սա հնչեցրել էր հրապարակային, լրատվական որոշ կայքեր զետեղել էին, և, բնականաբար, ոստիկանությունը պիտի ուսումնասիրեր, պարզեր՝ ինչ է կատարվել ու նաև, քանի որ հրապարակային էր մեղադրանքը, հասարակությանը շատ հետաքրքիր էր, թե ինչ է, ինչու, և այդ ինչուների պատասխանը գտնելու համար ընդամենը դրվել է տեսագրությունը: Ի՞նչ վրեժի մասին է խոսքը: |
Կարպիս Փաշոյան, ակտիվիստ
Դեռևս դպրոցական տարիներից սկսած բացառիկ հակակրանքով եմ վերաբերվել ինչպես ասմունքին, այնպես էլ՝ ասմունքողներին: Ասմունքն արվեստ չէ, այլ՝ արվեստի պաթետիկ խաբկանք: Դժվար թե հնարավոր լինի պոետին այնպես ստորացնել, ինչպես դա անում են ասմունքի միջոցով, երբ հրապարակայնորեն պղծում ու բռնաբարում են նրա գրվածքները: |
Աշոտ Միրզոյան, գրող
Ժողովուրդ, իմ համեստ կարծիքով, ասմունքող Զուրաբյանի միջադեպն այդքան քննարկելը բարոյական չէ։ Զորավոր մտերիմ, երևի, չի ունեցել, որ զանգի, իրենով է դոշ տվել։ Փառք Աստծո, դժբախտ պատահար չկա, տուժող չկա։ Բա նրանց ինչ ասենք, որ մարդկանց գլուխ են ուտում, դեռ խնդմնդալով էլ տակից դուրս են գալիս։ Լիանան արվեստի աշխարհի մարդ է։ Առավել բարոյական չէ արվեստի աշխարհի մարդու հետևից ընկնելը։ Հա, փաստորեն Ճանապարհային ոստիկանությունում բացի Միմինոյի Ֆրունզիկից ուրիշ մարդու չեն ճանաչում։ ՃՈ-ն լուրջ խնդիրներ ունի։ |
Նազենի Հովհաննիսյան, դերասանուհի, հաղորդավարուհի
Կարծիք հայտնելը համարում ենք «դատել»։ |
Արթուր Եղիազարյան, զինվորական ավագ դասախոս
Իսկ իրականում այս ամենից շահեց Լիանա Զուրաբյանը։ Ինչ քննարկվեց, ինչ առաջարկվեց, ինչ ծաղրվեց՝ կմնա անցյալում, բայց նրան ճանաչեցին շատ շատերը։ Իսկ իր կրծքակաթնակեր - մինչ լուսաբաց անդադար տրվելացանկասեր տարփալի ասմունքը, վստահ եմ, որ նոր հաստավզափորախառը խորովածաքյաբաբածամ կլիենտուրա հավաքեց (որոնց պակասը չկա), որոնք անկարող գեղեցիկ սիրո արվեստում՝ խոզի բութ ու անկուշտ հայացքով, հերթափոխ լափասեղանների շուրջ, կբավարարեն իրենց երևակայական, բայց անասնական սեքսակարոտ բնազդները։ |
Հարություն Մկրտչյան, օգտատեր
Տեսանկարահանող սարքերի կարևորությունը զգացիք չէ: |
Աշոտ Ասատրյան, ակտիվիստ
Հա, բայց ասմունքողի նման պահվածքից ինչի՞ եք զարմանում: Ով ինչ անում է՝ միանգամից փառքին ենք գամում ու նստեցնում ենք գլխներիս, իրենց էլ թվում է, թե արդեն ոտքերներն ամպոտ են ու կարեղ են թքել պետության վրա: Մարդիկ արդեն նույն երկնքի տակ ապրելը համարում են մյուսների հանդեպ բարեգործություն, որ պատիվ են ընձեռել մեզ իրենց հետ նույն օդը շնչենք: Մեկը մեկից ունիկալ երևույթներ են, մեկը մեկից աստղայինը տարած, բայց ոչ մեկ իրենից բան չի ներկայացնում: |