Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Թուրքիան չի հրաժարվի հայ-թուրքական սահմանը բացելու իր դրած նախապայմանից և երբևէ չի ստորադասի Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ ԵԱՏՄ-ին միանալուն». կարծիքներ

երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու՝ Թուրքիայի մտադրության մասին: Թուրք նախարարն ասել է, որ Անկարան ցանկանում է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, ընդ որում՝ չխախտելով ԵՄ-ի հետ համաձայնագրը:
Այս հայտարարությունը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել հայ հասարակության շրջանում:
Այս թեման մեկնաբանել են`

«Հայկական ժամանակ» օրաթերթ

«Հայկական ժամանակ» օրաթերթ
Ներկայում վերլուծաբանները փորձում են հասկանալ Հայաստանի հնարավոր դիրքորոշումը Թուրքիայից հնչած այս հայտարարության վերաբերյալ: Նաև ուսումնասիրում են, թե ինչ կարող է շահել Հայաստանն այդ գործընթացից: Առաջին հերթին, բնականաբար, նշվում է, որ ԵԱՏՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր կնքելու դեպքում Թուրքիան պետք է բացի այդ միության հետ իր միակ ցամաքային՝ հայ-թուրքական սահմանը: Կամ որ առանց Հայաստանի համաձայնության նման բան հնարավոր չէ, ուստի ՀՀ իշխանությունների համար նոր հնարավորություններ են բացվում մանևրելու, սեփական շահերն առաջ քաշելու համար: Կան նաև կարծիքներ, որ ՌԴ-ն կփորձի պարզապես ճնշում գործադրել Հայաստանի վրա, և հարցը կլուծվի` այդպես էլ որևէ դիվիդենտ մեր երկրին չբերելով:

Սուրեն Սարգսյան, քաղաքագետ

Սուրեն Սարգսյան, քաղաքագետ
Եթե Թուրքիան անկեղծ չէ, իսկ ես կարծում եմ նրա ցանկությունը տրամաբանական է, ապա ծագում են 6 կարևոր հանգամանքներ, որի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի:
1. Հայաստանի ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու հարցը և այս ֆոնին թուրքերի հայտարարությունը պատահական չեմ համարում։
2. Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ։
3. ԵԱՏՄ-ում նոր անդամ ընդունելու համար պետք է լինի կոնսենսուս, այսինքն այստեղ Սերժ Սարգսյանից բան ունեն խնդրելու այն պետությունները, որոնք տարիներ առաջ կանխատեսում էին այս օրն ու հասկանում, որ Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շատ հավանական է և Հայաստանի անդամակցությանը դրան խանգարելու է։
4. ԵԱՏՄ-ում փակ սահմաններ լինել չեկ կարող և հայ-թուրքական սահմանը բացառություն չէ։ Ավելին, որևէ սահմանափակումներ հայկական ապրանքների, բեռների կամ աշխատուժի մասով չեն կարող լինել։
5. ԵԱՏՄ-ի հետ ինտեգրվելու հետևանքով Թուրքիան Ադրբեջանին ավելի հեշտ կհիմնավորի սահմանի բացման անհրաժեշտությունը, քան «ֆուտաբոլային» դիվանագիտության դեպքում։
6. Թուրքիային անպայման հետևելու է Ադրբեջանը, ինչը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում օրերի հարց է։
Եվ վերջապես, հնարավոր է, որ Թուրքիան բլեֆ է անում ԵՄ-ից ավելի շատ բան պոկելու ակնկալիքով։ Սա հնարավոր է, բայց միայն այն դեպքում, երբ ԵՄ-ում բոլորը խոտ են ուտում և չեն հասկանում, որ այս արժեհամակարգով և իրավակարգով Թուրքիան ԵՄ անդամ չի կարող դառնալ այնքան ժամանակ, քանի դեռ Աթաթուրքը էն աշխարհում է։ Մեկ էլ, ասեք հասկանամ, էլ ի՞նչ ունի Թուրքիան ԵՄ-ից պոկելու, որ դեռ չի պոկել։

Շավարշ Քոչարյան, ԱԳ փոխնախարար

Շավարշ Քոչարյան, ԱԳ փոխնախարար
Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև:

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Թուրքիայի պարագայում ամեն բան տեխնիկապես և ոչ տեխնիկապես հնարավոր է: Դա այն երկիրն է, որ միշտ ելել է միայն ու միայն սեփական շահերից և որի համար որևէ պայմանագիր երբեք որևէ նշանակություն չի ունեցել: Եթե Անկարայում այսօր հարմար են գտնում միանալ մաքսային պայմանագրին, ուրեմն կմիանան: Վաղն անհրաժեշտ կլինի դուրս գալ` անմիջապես դուրս կգան:
Կարող է մտնել, բայց դա կեղծ օրակարգ կլինի: Թուրքիան ամեն դեպքում առայժմ Հայաստանի հետ իր սահմանը չի բացի: Եվ փառք Աստծո, որ չի բացի: Եթե ցանկանում եք արագ տեմպերով կործանել Հայաստանը, ապա բացեք հայ-թուրքական սահմանը: Թուրքերը կարծում են, թե դրանով վնասում են Հայաստանին, բայց իրականում փրկում են տնտեսական և դեմոգրաֆիկ էքսպանսիայից: Եթե ԵԱՏՄ-ի հանգամանքն այնքան ուժեղ լինի, որ որոշեն բացել` Հայաստանի հարցն իրենց համար արագ կլուծվի: Երևանում մի քանի օլիգարխներ երազում են այդ սահմանի բացվելու մասին, բայց դա հակապետական մոտեցում է: Ամեն պարագայում Անկարայում հաստատակամ են, որ տնտեսապես պատժելով Երևանին` շահում են: Եվ քանի դեռ այդպես է` կարելի է գոնե այդ մասով հանգիստ լինել:

Մանե Թանդիլյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Մանե Թանդիլյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Միամտություն է կարծել, թե Թուրքիան էկոնոմիկայի նախարարի շուրթերով հնչեցրած այս հայտարարության մեջ լուրջ մտայնությունների մասին է խոսել: Ես չեմ բացառում, որ այս հայտարարությունը հնչել է նաև քարոզչական նպատակներով ներքին լսարանի համար, հաշվի առնելով այն ձախողումը, որ Թուրքիան արձանագրում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունների մեջ:
Համոզված եմ, որ այս հայտատարությունը մնալու է հնչեցված նախադասությունների մակարդակի վրա: Ավելի բարձր մակարդակով հնչեցված Թուրքիայի նմանատիպ հայտարարություններն այդպես էլ քաղաքական գործընթացների չեն վերածվել: Ինչևէ, Երևանը ԱԳ փոխնախարարի շուրթերով անդրադարձ կատարել է այս հայտարարությանը, շեշտադրելով այն խոչընդոտները, որ կան Թուրքիայի համար, ներառյալ հայ-թուրքական փակ սահմանը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ նախաձեռնությունը կյանքի չի կարող կոչվել, քանի որ Թուրքիան չի հրաժարվի հայ-թուրքական սահմանը բացելու իր դրած նախապայմանից և երբևէ չի ստորադասի Ադրբեջանի հետ հարաբերությունները ԵՏՄ մաքսային տարածքին միանալուն: Մեր ԱԳՆ-ի հրատապ արձագանքը ցույց է տալիս, որ Երևանն անհանգստացած է այդ հայտարարությամբ, և դա տեղին է, որովհետև ակնհայտ է, որ այն օրը, երբ Թուրքիան և/կամ Ադրբեջանը լուրջ մտայնություն կհայտնեն ԵՏՄ-ին միանալու, ԵՏՄ-ի մեր գործընկեր երկրները չեն վարանի Հայաստանի առջև այնպիսի պայմաններ դնելուց, որի արդյունքում Հայաստանը ուղղակիորեն ստիպված կլինի կամ անընդունելի զիջումների գնալ, կամ լքել միությունը: Նաև այդ պատճառով է անհրաժեշտ, որ Հայաստանը շուտափույթ միջոցներ ձեռնարկի աշխարհաքաղաքական մայթեզրին չհայտնվելու համար, և ինքնամոռաց չտրվի ԵՏՄ-ի շահերին:

35630 | 0