Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Բա մարդ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ երկար տարիներ աշխատի ու հետո դառնա՝ ասի, թե հայերենն աղքատ լեզու է». արձագանքներ՝ Բագրատյանի գրառմանը

երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերջերս գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշել էր, որ մեր լեզուն աշխարհի ամենաաղքատ լեզուներից է: «Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն (պետական) ամենագեղեցիկ լեզուներից է։ Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ (ինչպես և մեր տնտեսությունն է) լեզուներից է։ Ամբողջ օրը գոռում ենք. արմեներենը միակ պետական լեզուն է։ Ճիշտ է։ Բայց եկեք զարգացնենք այն։ Սիջնադարում ունեցել ենք 60000 բառ։ Ոչ մի անգլերեն մեզ չէր հասնի։ Հիմա մենք ունենք 100000, իսկ նրանք՝ 1000000։
Այս թեման մեկնաբանել են`

Արմեն Զաքարյան, օգտատեր

Արմեն Զաքարյան, օգտատեր
Քուանշ, պարոն Բագրատյան, հայերենն աշխարհի ամենագեղեցիկ, հնարավորություններով հարուստ, մշակված լեզուներից է: Ինձ թվում է նույնիսկ, որ այն աստվածատուր է, ինչպես աստվածատուր է Արարատի շուրջը գոյացած մեր երկիրը։ Լեզուն թվաբանություն չէ, էություն ու ոգի է լեզուն, եթե սա չընկալվի, ապա անիմաստ է խոսակցությունը: Եթե հայերը պատմության ընթացքում ունեն գոնե մեկ անառարկելի նվաճում, դա ՀԱՅԵՐԵՆՆ է։ Ձեզ հրավիրում եմ ՔԴԵԴ բանավեճի, որի ընթացքում շատ ու շատ նոր բաներ կիմանաք հայոց լեզվի մասին:

Մերի Հովհաննիսյան, օգտատեր

Հայերենի մասին խոսողը պետք է հայերենի մասին համապարփակ գաղափար ունենա (նաև իմացության առումով), բացի դրանից՝ լեզուները համեմատվում են համապատասխան սկզբունքներով, չափանիշներով ու հատկանիշներով, ոչ թե գիրք գրելու ու տպագրելու ցանկությամբ։ Պարոն Բագրատյանին խորհուրդ կտամ հայերենին «աղքատ լեզու» որակավորումը տալուց առաջ Հ. Աճառյանի հատորները ընթերցել։ Է. Աղայանի
բառարանում ոչ թե 75000 բառ է ամրագրված, այլ 135600 բառ ու 11000 դարձվածաբանական միավոր։
Հայերենին քաջատեղյակ մարդն էլ գոնե պիտի իմանա, որ հայերենում ՕՐԵԿԱՆ բառ չկա (փոխ.՝ ՕՐԱԿԱՆ) ... մնացած սխալներին չանդրադառնամ։

Սեյրան Գրիգորյան, օգտատեր

Սեյրան Գրիգորյան, օգտատեր

Այդ Հրանտ Բագրատյանին ասե՛ք, որ նույն սկզբունքով այսուհետև գերմանացիներն իրենց երկիրը չպիտի անվանեն Դոյտչլանդ, շվեյցարացիները՝ Սուիս կամ Զվիցերիա, հունգարացիները՝ Մագիարորսագ:
Եվ հետո, մենք իրենց տնտեսագիտության մեջ չենք մտնում, չէ՞: Չնայած որ մտնեինք, երևի այսքան սատկած տնտեսություն չունենայինք:

Արմեն Խաչատրյան, օգտատեր

Մեր լեզուն ամենից հարուստ լեզուն է, իսկ, որ այն քեզ համար գերագույն արժեք չէ դա մեզ համար նորություն չէ: Բագրատյան կոչեցյալ, իսկ մեր ազգին՝ քո սիրելի ՀՀՇ-ն այնպես աղքատացրեց, որ տասնյակ տարիներ են հարկավոր վերականգնելու մեր տնտեսությունը, իսկ ամենից գլխավորը՝ հայ ազգի հավատը պետականության հանդեպ:

Վարդան Ոսկանյան, իրանագետ

Վարդան Ոսկանյան, իրանագետ

Մեկն ասում ա՝ Հայաստանը քոսոտ երկիր ա, մյուսը, թե, բա՝ հայերենը աղքատ լեզու ա, էկեք Արմենիա կոչվենք, հեսա մի ուրիշն էլ էլի մի բան կբստրի իրա մտավորական ուղեղի բեղուն ծալքերում:
Ասի՞ք, պրծա՞ք, ախպե՛ր, դե, թողեք մենք էլ մեր էս «քուչի մակարդակում» շարունակեք սիրել մեր «քոսոտ երկիրն», «աղքատ լեզուն» ու Արմենիայի համեմատ «հեչ վեհ չհնչող» Հայաստանը:

Օլեգ Դուլգարյան, օգտատեր

Բագրատյանն առաջարկում է Հայաստանն Արմենիա անվանել, բոլորը վրդոհված են, ես էլ չեմ ցնցում, բայց մի նկատառում։
Հայաստան բառի ՍՏԱՆ վերջավորությունը ևս օտարածին Է, այն ներ է մուծվել հին Պարսկաստանի ժամանակաշրջանում և վերջնականապես հաստատվել արաբական տիրապետության ընթացքում։ Հայաստանը բուն հայերեն, կոչվում էր ՀԱՅՔ։
Հայք, հայերի երկիր, կարճ, կոկիկ, գեղեցիկ ու հայեցի...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Հիշաչար չեմ, բայց հիշեցի. էտ որ Սահմանադրության ու Լեզվի մասին օրենքի խախտումով «Արմենիա» հեռուստաընկերության եթերում Չիթո, Քթե, Քաքդա խաղն է տարիներով ցուցադրվում ռուսերեն լեզվով, պետբյուջեի հաշվին, կարծես թե մի քանի հոգուցս բացի հայերենի այլ պաշտպաններ չկային: Բագրատյանին անխնա քննադատող ՀՅԴ ակտիվն էլ լուռ էր:

Մկրտիչ Իրայելյան, լրագրող

Մկրտիչ Իրայելյան, լրագրող
Լավ, բա մարդ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ երկար տարիներ շփվի, հետն աշխատի ու հետո դառնա ասի, թե հայերենն աղքատ լեզու է: Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայերենը բա աղքատ է եղե՞լ: Չենք ասում շատ հարուստ լեզու է հայերենը, բայց աղքա՞տ:

Արթուր Եղիազարյան, Զինվորական ավագ դասախոս

Արթուր Եղիազարյան, Զինվորական ավագ դասախոս

Ի՞նչ ասեմ: Ըստ իս՝ տարել է այս մարդուն: Մի հոգի էլ կա՝ նա էլ ասում է հայոց այբուբենում 11 տառ ավելի է, հանել է պետք: Գժվել են:
Պարոն Բագրատյան, իսկ Դուք տեղյա՞կ եք, որ մեր երկիրը, բացի Արմենիայից՝ Սոմխեթի էլ են ասում, Էրմենիստան կամ Արմանիստան էլ են ասում: Հենց հարևան ու մերձակա երկրներն են ասում: Ասում են, որ հյուսիսկովկասյան որոշ ժողովուրդներ անգամ Շումեր էլ են ասում: Բա ի՞նչ անեք, հիմա ո՞րն ընտրենք: Լավագույն դեպքում՝ կարելի է վերականգնել Հայք անունը: Մեկ մեկ նորը՝ լավ մոռացված հինն է:
Իսկ լավ չի լինի՞, որ ընդհանրապես արհեստական բաներ չանենք:
Հ.Գ. Հա, մի բան էլ ասեմ. Ինչու՞ է աղքատ մեր լեզուն։ Օրինակ՝ «որձ կով»-ի փոխարեն կարելի է ասել մեկ բառ՝ «ցուլ»։ Էնպես որ, ճիշտ միտք ու խոսք արտահայտելը բառերի քանակի մեջ չէ։

34469 | 0