Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Երեխային տնից հանելն ու դպրոց տանելը կրթություն չի համարվում». կարծիքներ` 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու վերաբերյալ

երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.

Սեպտեմբերի 1-ից 12-ամյա կրթությունը կդառնա պարտադիր: Այս ծրագիրը, սակայն ոչ բոլորն են համարում հեռանկարային: Կրթության փորձագետները կարծում են, որ կրթությունը չպետք է լինի ուղղակի գալ-գնալու պրոցես. երեխային տնից հանելն ու դպրոց տանելը կրթություն չի համարվում և այս փոփոխությունից երեխաների մեծ մասին օգուտ չի լինի: Մինչդեռ այն օգտակար կլիներ այն դեպքում, եթե լավ կազմակերպված լիներ օրենքի փոփոխությունը:

Այս թեման մեկնաբանել են`

Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ

Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ

Սա միանգամից երկու լավ բան կարող է տալ: Առաջինը՝ կմեծանա Հայաստանի դպրոցներում ընդգրկված աշակերտների թիվը: Այսինքն, միջազգային ցուցանիշներով Հայաստանի դիրքերը կբարելավվեն, որովհետև կա այդպիսի ցուցիչ, որը հաշվում է կրթության տևողությունը: Հիմա, եթե 12-ամյակը դարձնում ենք պարտադիր, արդեն կրթության տևողությունը երկարում է: Երկրորդ՝ սա հնարավորություն է որոշակի խմբի երեխաների համար ստանալ կրթություն: 12-ամյա կրթությանն անցնելու որոշումը, մտադրությունը դրական է, բայց խնդիրն այն է, թե որքանով է նախապատրաստված և ինչպես է իրականացվելու:


Խնդիրն նրանում է, որ այն երեխաները, որոնք 9-րդ դասարանից թողնում են դպրոցը, նրանք հիմնականում ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ են: Սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները շատ հաճախ իրենք չեն թողնում, որ երեխան դպրոց հաճախի, որովհետև պետք է փոքր քրոջը, հիվանդ մորը պահի, անասուններին արածացնի և այլն: Մենք այս ընտանիքների աջակցելո՞ւ ենք: Երեխան աշխատում է, որ սոցիալական խնդիր լուծի, մենք ասում ենք՝ մի աշխատի, գնա սովորի: Մենք ասելու ենք, որ քեզ կօգնենք, դու միայն արի, սովորի: Մյուս խնդիրն այն է, որ այսօր մենք դպրոցներում, ցավոք սրտի, ունենք երեխաներ, ովքեր 9 տարի սովորել են, բայց անգրագետ են: Հիմա, եթե այս երեխան 9 տարի արդեն ձախողել է, ո՞րն է երաշխիքը, որ վերջին երեք տարում նա սկսելու է սովորել: Այս ընտանիքների, այս երեխաների հետ պետք է աշխատել:

Աշոտ Բլեյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

Բան չի փոխվելու, որովհետև բոլոր հաստատությունները գործում են հաստատության պահպանման շահերից ելնելով: Հաստատությունները շարունակելու են իրենց սև գործն ընդդեմ մարդու ու մի հատ էլ գործիք ստացան՝ տեսեք իշխանությունը մեր կողմից ա... Ընդհանրապես ուսման խնդիրը մարդու կյանքի գործն է, եկեք նպաստավոր ռեժիմ ընդունենք նրան օգնելու համար: Չէ, կրթական ծրագրերն օրենքով են որոշվում, տևողությունն օրենքով է որոշվում... սխալ է: Ի՞նչ է ստացվում՝ դու արի, երեք տարի նստի, որովհետև ինչ-որ մեկը պետք է աշխատավարձ ստանա... Եթե երեխան չգնաց, ի՞նչ են անելու, ծնողին քրեական պատասխանատվության են կանչելո՞ւ:

Արտակ Պողոսյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն

Արտակ Պողոսյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն

2016-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 9-ից հետո մոտ 98%-ը շարունակում է կրթությունը: Այժմ 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակողների թիվը չնչին է, իսկ շարունակողները կազմում են 98%: Այսինքն, ըստ էության, պետությունը խնդիր ունի լուծելու 2%-ի հարցը, որ կրթությունը շարունակեն:

Աշոտ Արշակյան, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ

Աշոտ Արշակյան, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ

Յուրաքանչյուր երեխա 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է կամ ավագ դպրոց գնա, կամ միջին մասնագիտական ու արհեստագործական հաստատություններում շարունակի կրթությունը:
12-ամյա պարտադիր կրթության անցման պարագայում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ` կապված կրթությունից դուրս մնացած երեխաների հետ: Որոշ ծնողներ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ պատճառաբանելով, որ նա դեռ փոքր է, պետք է մեկ տարի էլ սպասել, կամ սոցիալական խնդիրների պատճառով երեխաները մնում են տանը՝ զրկվելով կրթություն ստանալու իրավունքից։

Հերմինե Մնացականյան, ուսանողուհի

Միանշանակ չեմ կարող ասել դրական, թե բացասական ազդեցություն կունենա, բայց իմ կարծիքով բավականին դրական որոշում է: Մինչ այս 9-րդ դասարանն ավարտող աշակերտների մեծ մասը` հատկապես տղաները, կիսատ էին թողնում ուսումը: Արդյունքում մենք ունեցանք թերի կրթությամբ երիտասարդեր, բուհերում բազմաթիվ թափուր տեղեր:
Կարծում եմ, որ դպրոցը տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնք մարդուն կրթում են բազմակողմանի և անկախ նրանից՝ կսովորենք մենք ԲՈՒՀ-երում, թե ոչ, դպրոցի տված գիտելիքներն անհրաժեշտ կլինեն մեզ ողջ կյանքում։ Եվ վերջապես յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր պետություն ուժեղ է կրթված և հասուն անհատներով: Ուստի կրթության հետ կապված յուրաքաչյուր դրական բարեփոխում խրախուսում եմ։

Գարսևան Ղազարյան, օգտատեր

Կառավարությունն այս քայլին է գնացել՝ հասկանալով, որ երեխաները չեն ցանկանում 9-ից հետո շարունակել, դրա համար էլ պարտադիր բաղադրիչն է մտցնում: Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ երեխային զոռով դպրոց տանել չես կարող և դա ոչ մի դրական արդյունք չի կարող տալ, կարծում եմ, այս պարագայում շատ-շատ մեծ անելիք ունենք հատկապես ուսուցիչներն, ովքեր այսօր հասկանալի պատճառներով դարձել են անտարբեր: Բայց մի բան պետք է հստակ հասկանան. կամ թողնեն ուսուցչի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը, կամ համբերատար աշխատեն` հասկանալով, որ իրենց ձեռքերում է մեր վաղվա սերնդին կրթելու ու դաստիարակելու առաքելությունն, ինչին չի կարելի մատների արանքով նայել:

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր
Ես մեծ գիտակ չեմ, բայց սեփական երեխաների օրինակով կարող եմ ասել, որ իրականում այս ամենը մի քիչ ձևական բնույթ է կրում:
Բոլոնիայի համաձայնագրով` պետք է համապատասխան ձևը լցվի համապատասխան բովանդակությամբ, ինչը որ մեզ մոտ չի արվում և իրականում կարծես այդ վերջին 3 տարին չգիտեն՝ ինչով լցնեն և զուտ ձևական բնույթ է կրում: Ստացվում է, որ ավելանում է ևս 2 տարի, բայց կրթական ինչ նոր աստիճանի վրա է կանգնում` շատ անորոշ է: Եթե անորոշություն չլիներ, երեխաները լավ զբաղված կլինեին:
Ես խոսում եմ ելնելով զուտ պրակտիկայից: Մի քանի տարի առաջ մեծ տղաս ավարտեց, այս տարի` փոքր տղաս, և ես տեսա, որ այդ վերջին 3 տարին, փոխանակ կրթությունը դառնար ավելի ծավալուն, ավելի շատ ջանք պահանջեր, դարձավ ձևական ժամանց, որն էլ ավարտվում է համապատասխան ուսուցիչների հետ պարապելով:
Ավագ դպրոցի իմաստն իրականում հենց դա է, որ 9-րդ դասարանից հետո երեխան հնարավորություն ստանա խորանալ այն առարկաների մեջ, որոնք իրեն պետք են գալու ապագայում: Մեծ թերացումն է, որ ընտրեցինք ավագ դպրոցի այս ձևը, բայց բովանդակային տեսակետից թողեցինք նույնը:
Կուզեի, որ կրթական համակարգն առաջին հերթին զբաղվեր կրթությամբ: Եթե խնդիրը դնում ես լավ կրթություն ստանալ, ճանապարհին կարող են լինել որոշակի թերացումներ ու վիրպումներ, ոչինչ, բայց, երբ հիմնական խնդիրը կրթությունն է, այլ ոչ թե ընտրություններ կազմակերպելը:
36650 | 0