Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Մարդկանց թեմա է պետք, որ շահարկեն ու «Ելք»-ի վրա ցեխ շպրտեն». արձագանքներ` Սասուն Միքայելյանի հայտարարությանը

երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.

Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դիտարկմանը, թե ավելի ճիշտ կլինի՝ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, քննարկումների թեմա է դարձել։ Ոմանք կարծում են, որ Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հանդեպ առավել արմատական դիրքորոշում ունեցող գործիչները փոխել են իրենց կեցվածքը։ «Ելք» դաշինքի անդամներն ու համակիրներն էլ հակադարձում են, որ Սասուն Միքայելյանն ընդամենը միտքը չի կարողացել ճիշտ շարադրել:

Այս թեման մեկնաբանել են`

Ալեն Սիմոնյան, «Ելք» դաշինքի անդամ

Կարծում եմ` մեկնաբանությունը թերի է հնչել։ Պարոն Միքայելյանը կարծում է, որ վարչապետներին փոխելով` Սերժ Սարգսյանը խուսափում է պատասխանատվությունից, և ստացվում է, որ ստեղծված իրավիճակի մեղավորը հերթական վարչապետն է, այլ ոչ ինքը։ Այնուամենայնիվ, այս կարծիքը չի արտացոլում «Ելք» դաշինքի դիրքորոշումը:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Խոստովանեմ՝ Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է դուրս գալիս, երբ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում «Ելք»-ի ապագայի կապակցությամբ հակադարձեց, թե կխոսենք 2018-ից հետո:
Ակնհայտ է, որ 2018-ին ընդառաջ վարչապետության խնդրով Ելքի դիրքավորման հետ կապված ներդաշինքային իրավիճակը բարդանում է և այն կազմող գործիչներն ունենալու են տարբեր դիրքորոշումներ, որը, հնարավոր է և, հանգեցնի լուրջ տարաձայնությունների: Սակայն առավել զարմանալին այն է, որ ամիսներ առաջ «Ելք» դաշինում Սերժ Սարգսյանի ու իր իշխանության հանդեպ առավել արմատական դիրքորոշում ունեցող գործիչները արմատապես փոխել են իրենց կեցվածքը, և եթե նախկինում ակնարկում էին խորհրդարանական ընտրություններից հետո փողոցային պայքարը գլխավորելու մտադրության մասին, այսօր արդեն անգամ համաձայն են Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն:

Վաչագան Բահարյան, օգտատեր

Սա դեռ սկիզբն է: Մանվելի ու Սարոյանի եռօրյակ եղբայրը պատգամավոր դառնալու ուրախությունից ունեցած աննշան խելքն էլ է թռցրել:
Դեʹ, Նիկոլ և Արամ հերթը ձերն է:

Աշոտ Ասատրյան, օգտատեր

Սասունը երբ լռում է, ավելի խելացի է թվում։ Կարծում եմ, նա դժվարանում է մտքերը ճիշտ արտահայտել:

Էդգար Մանուկյան, օգտատեր

Սասունն ակնհայտորեն լեզվի սայթաքում է արել իմ կարծիքով։ Մի բան է ասել, որի նպատակն ու միտքն այլ է եղել իմ կարծիքով։ Բոլորս էլ կարող ենք սխալվել, ու ամենակարևորը, որ ինքը հետո բացատրեց, հերքեց, պնդելու լիներ ուրիշ ձևի հասկացածների համար, կասեր` այո, էդպես եմ ասել։ Լեզվի, ձևակերպման սայթաքում է….

Արսեն Պետրոսյան, օգտատեր

Մարդկանց թեմա ա պետք, որ շահարկեն ու «Ելք»-ի վրա ցեխ շպրտեն: Էտ ընդամենը քաղաքական խանդն ա խոսում, իսկ թե ի՞նչ էր ուզում ասել Սասուն Միքայելյանը, բոլորն էլ շատ լավ հասկանում են:
Մարդն ընդամենը միտքը չի կարողացել ճիշտ շարադրել:

39986 | 4