Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Քննարկումներ

«Ինչու են մեր զինվորները քառասունականների սաղավարտներով». քննարկում

«Ինչու են մեր զինվորները քառասունականների սաղավարտներով». քննարկում
Հունիսի 16-ին հակառակորդը հերթական անգամ խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հաստոցավոր հակատանկային նռնականետեր, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ:
Շատերի կարծիքով` Ադրբեջանի գործողությունները պատասխան էին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հասցեական գնահատականին։ Ոմանց կարծիքով էլ` արդեն չափանիշ է դարձել զոհերից հետո պատասխան գործողություններ պահանջելը:



Այս թեման մեկնաբանել են`

Աշոտ Գրիգորյան, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ

Աշոտ Գրիգորյան, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ

Արդեն չափանիշ է, որ զոհեր պիտի ունենանք, սկզբում ողբ բարձրացնենք, հետո պատասխան գործողություններ պահանջենք, և որ շուտով կտարածեն տեսագրություններ պատասխան հարվածների մասին, որտեղ կտեսնեք արկերի պայթյուններ, իսկ մեկնաբանը կասի, որ «ամեն արկի տակ մի քանի ազեր սատկեց, կամ մի-քանի միլիոնանոց տեխնիկա ոչնչացվեց»: Դուք այդ ամենը տեսանյությում չեք տեսնի, բայց հոգու խորքում կփորձեք ինքներդ ձեզ համոզվել, որ մեկնաբանի ասածը «իրողություն է» ու ողբը կփոխարինվի լրատվական տաշի-տուշիներով:
Որովհետև պատասխան հարված պահանջելու փոխարեն ոչ ոք հարց չի բարձրացնի, թե ինչո՞ւ մեր զինվորի հագին աշխարհի լավագույն զրահաբաճկոնը չէ, ինչո՞ւ են մեր զինվորները կրում դեռ քառասունականների չափորոշիչներով սաղավարտներ: Ինչո՞ւ մեր խրամատները ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված չեն: Ինչո՞ւ անձնակազմ տեղափոխող բեռնատարները զրահապատ չեն, ինչու պետք է վիրավորն այնքան ժամանակ մնա կրակի գծում, մինչ մութն ընկնի, որպեսզի կարելի լինի նրան էվակուացնել ու էլի բազում ինչուներ:
Քանի դեռ պատրաստ եք կերակրվել «պատժիչ գործողությունների» տեսանյութերով ու գործնական պահանջներ չեք դնում պատասխանատուների առջև, ուրեմն տղերքը շարունակելու են զոհվել ու անհամեմատ շատ: Որ հիմա մի հատ էլ ընտրություններ լիներ, լրիվ լավ կլիներ, շատերը սկի զոհերին չէին էլ նկատի:
Այս ամենն արդեն զզվելի է:

Հարություն Բաղդասարյան, փաստաբան

Հարություն Բաղդասարյան, փաստաբան
Արդեն, բա՛վ է...Պետք է գործել և գործել շատ խիստ...
Հայաստանը պետք է վերջապես ունենա արտաքին հարաբերությունների գերատեսչություն, և ոչ թե միայն ... նախարարի թշեր, այն էլ՝ օտարների համար:

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող
Ամեն անգամ նորմալ մարդու ուղեղը ցնցվում է զինվորների կորուստների մասին լուրը լսելուց։ Ամեն անգամ, երբ սահմանում միջադեպեր են գրանցվում, երբ զոհեր են լինում, հասարակության շրջանում աճում է պատերազմի վերսկսման մտավախությունը։ Իրականում այս պատերազմը 90 թվականից սկսած չի էլ ավարտվել։ Իրականում 1994-ին ոչ թե հրադադար է հաստատվել, այլ ընդամենը պատերազմի ձևն է փոխվել։ 94-ից հետո կողմերն ուղղակի անցել են խաղաղության քողով ծածկված դիրքային, ավելի անորոշ, պատերազմի։ Պատերազմ որն արդեն 23 տարի շարունակ կյանքեր է խլում ու ցավոք դեռ կխլի։ Ցավոք, էս պատերազմի հանգուցալուծումը չի երևում, որովհետև ունենք Ադրբեջանի պես ոչ ադեկվատ մտածող, սեփական քաղաքացու, զինվորի կյանքը չգնահատող իշխանություն ու հասարակություն ունեցող հարևան երկիր, հակառակորդ երկիր, թշնամի երկիր։ Անփորձանք ու անկորուստ ծառայություն մեր բանակի զինվորներին ու սպաներին։

Գևորգ Դարբինյան, ակտիվիստ

Գևորգ Դարբինյան, ակտիվիստ
Երբ սահմանին մեր էրեխեքն են զոհվում` ընդ որում ակնհայտ պրովոկացիոն գործողության հետևանքով, ԵԱՀԿ-ից հայտարարություն կամ գործողություն չեն ակնկալում, խնդրում կամ պահանջում: Թշնամու գլխին դժոխք են սարքում, որ նրանք հույսը միջնորդների վրա դնեն, ցավից կաղկանձեն: Ոնց որ դիվերսիոն հարձակումներից հրաժարվեցին, պիտի հրաժարվեն նաև հրետանու և ականանետների կիրառումից: Պատժելը չի օգնում: Կօգնի կանխարգելումը:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից ցանկացած ոչ տրամաբանական գործողություն անսպասելի համարել չի կարելի:
Ադրբեջանը մեկ անգամ չէ ապացուցել է, որ ինքը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն է: Ադրբեջանն ահաբեկչական գործողություններ է իրականացնում Արցախի ժողովրդի դեմ: Ադրբեջանն ու ժողովրդավարությունը իրար հետ որևէ կապ չունեցող երևույթներ են:
Ադրբեջանի գործողությունները պատասխան էին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հասցեական գնահատականին:
Միգուցե միայն հասցեական գնահատականները բավարար չլինեն՝ զսպելու Ադրբեջանին: Եթե Ադրբեջանը դասեր չքաղի, ապա գուցե հարկավոր լինի Ադրբեջանի նկատմամբ սահմանել պատժամիջոցներ: Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ տորպեդահարում է բանակցային պրոցեսը, փորձում է ռազմական ավանտյուրաներով փոխել իրավիճակը: Այնինչ, հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ու անվտանգությունը քննարկման ենթակա չեն:

Վահան Բադասյան, Մարտական խաչի ասպետ

Վահան Բադասյան, Մարտական խաչի ասպետ

Այո, առաջնագիծն ամրացված է, բայց դա արված է պատերազմական գործողությունների համար: Այո, դիվերսիոն գործողությունները կանխվել են, երկու ամիս առաջ մենք տեսանք, թե ինչպես կանխվեց լայնամասշտաբ հարձակումը, բայց դիպուկահարներից, անօդաչու սարքերից ոչ ոք չի պաշտպանվել, իրենք փաստորեն արկ են գցում խրամատի մեջ, և նրանք գտել են տեղը, խփել են: Մեր կողմից էլ կարելի է նման բան անել: Առաջնագծի շինարարական ամրանցման աշխատանքները կապ չունեն անվտանգության ապահովման հետ: Առաջնագծում կատարված է ահռելի մեծ աշխատանք, բայց դա չի նշանակում, որ զինվորը հարյուր տոկոսով ապահովագրված է:
Ադրբեջանը չի ցանկանում ռազմական լուծում, այլ ուզում է նման գործողություններով, զոհ պատճառելով խախտի հայկական կողմի հոգեբանական հավասարակշռությունը և վախ սերմանի մեր մեջ, ոչ թե մարտական գործողություններ սկսի:
Սա ինքնատիպ մարտական գործողություն է, որտեղ զոհ է պատճառվում, և մերոնք դրա դիմաց ոչինչ չեն ձեռնարկում, որ դա չկատարվի: Կրկնում եմ՝ եթե մեր կողմը համապատասխան քայլ անի և այսօր հինգ կամ տասը զոհ պատճառեր, իրենք, միևնույն է, այս խաղում հաղթող են դուրս գալիս, այդպես չպետք է արվի: Ինչո՞ւ են նրանք հաղթող դուրս գալիս: Հարցը զոհերի քանակը չէ, այլ նրանք խաղ են մշակել, և եթե մենք այդ նույն տակտիկան որդեգրենք և նրանց հետևից գնանք, մենք տանուլ ենք տալու այդ տակտիկական քայլում: Իսկ եթե մենք ուրիշ քայլ կատարենք, որ իրենց համար անակնկալ լինի, սա արդեն ուրիշ հարց է:

Հայկ Խանումյան, Արցախի ԱԺ պատգամավոր

Հայկ Խանումյան, Արցախի ԱԺ պատգամավոր
Ակնհայտ է, որ Ադրբեջանը մաշող պատերազմի մարտավարություն է ընտրել: Սրան հակազդելու միակ տարբերակը հայ զինվորի խոցելիությունը նվազեցնելն է, ընդհուպ զրոյացնելը: Այս պահին ադրբեջանցիները դիվերսիոն հաջողությունների հնարավորություն գործնականորեն չունեն, դիպուկահարներից կարելի է խուսափել ուշադիր լինելու շնորհիվ: Թշնամուն մնացել է հրետակոծումը/հրթիռակոծումը, այս փուլում` հրետանու և նռնականետների օգտագործումը, ինչն էլ կատարում է: Հարկավոր է անցնել սահմանի վերազինման նոր որակի, ինչը մի քանի հարյուր միլիոն դոլար է պահանջում: Վերազինման առաջարկներ հստակ և հիմնավորված դեռ 2013թ. ներկայացվել են ՀՀ և ԱՐՀ որոշում ընդունողներին: Սակայն առաջարկողն այժմ մեկուսարանում է (տրամաբանական արձագանք որոշում ընդունողների կողմից):
Սեփական պարտականությունները կատարելու փոխարեն որոշում ընդունողները իրենց խոսնակների մակարդակով հույսը դնում են միջազգային հանրության վրա, որը պետք է գա և զսպի Ադրբեջանին: Այս մակարդակի հիմարությունը հատուկ է ոչ միայն որոշում ընդունողներին և նրանց խոսնակներին, այլ նաև հողատվության մարմաջով տառապող ուժերին (ավելի շուտ հողատվության գաղափարների շուրջ համախմբված անհատներին), որոնք ամեն զոհի հետ կրկին վերածնվում են և փորձում հիշեցնել իրենց մարգինալ հայացքների մասին:
Մեծ հանրային ճնշում է հարկավոր` որոշում ընդունողներին ստիպելու սահմանի վրա անհրաժեշտ ծախսերն անելու: Չանելու դեպքում մեծածավալ աշխատանքը ստիպված անելու են սեղմ ժամկետներում, սակայն մեծաքանակ զոհերի գնով: Այն, ինչ ունեցանք 2016թ. ապրիլին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում:
6891 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
yes
yes 12:50, 21.06.2017
vorovhetev menq chunenq mardu masin mtacox petutyun, ev arhasarak petutyun, poxaren@ unenq 10000 dramov caxvox "hasarakutyun", vorin lriv meka incha katarvum ira erkrum, tqac uni ira erexaneri kyanqi u apagayi vra, hech el te chen mernum, bayc et "hasarakutyun@" lyanqum poxoc chi durs ga boxoqi te zinvori masin inchi cheq mtacum? Pastoren et zinvor@ lriv animasta mernum....