Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Լավն է, թե վատը, այս օրհներգի ու այս դրոշի ներքո անկախացել է Հայաստանն ու ազատագրվել Արցախը»․ արձագանքներ՝ Շառլ Ազնավուրի՝ «Pour toi Arme՛nie»-ն ՀՀ օրհներգը դարձնելու շուրջ

երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը ֆրանսիական ռադիոկայանի եթերում օրեր առաջ խոսել է Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին ու նշել, որ այն առանձնապես ոչինչ չի ասում և, հնարավոր է, որ «Pour toi Arme՛nie»-ն Հայաստանի նոր օրհներգը դառնա:
«Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»։
Երգչի այս հայտարարությունը համացանցում քննարկման առիթ է դարձել:
Շառլ Ազնավուր․ «Pour toi Arme՛nie»
Այս թեման մեկնաբանել են`

Արթուր Իսպիրյան, երգիչ

Արթուր Իսպիրյան, երգիչ
Ազնավուրն այնքան արժանիքներ ունի, ինքը թե ինձ, թե մեր ազգի համար մեծություն է, ըստ այդմ էլ` պետք է հետևել նրա առաջարկներին: Մարդկանց մոտ միակ բանը, որ կարող է տարակուսանք առաջացնել՝ այն է, թե ինչու է Ազնավուրը նման առաջարկով հանդես գալիս միայն տարիներ անց:
Եթե անկեղծ լինեմ, մեր օրհներգի խոսքերն ինձ էլ դուր չեն գալիս, ընկճված և սրտնեղված մարդու խոսքեր են, ոգևորող օրհներգ չէ: Հակառակը` պետք է մարդկանց օրհներգի խոսքերով հույս և հավատ ներշնչել: Իսկ Շառլ Ազնավուրը, եթե մի բան ասում է, ուրեմն` գիտի, թե ինչու է դա ասում: Ամեն մարդ չի կարող նրա հետ վիճել և ոչ էլ դրա իրավունքն ունի: Ինչ վերաբերում է ընկալումներին, կարծում եմ, օրհներգի փոփոխության դեպքում, ժամանակի ընթացքում դրան էլ կսովորենք, ինչպես օրինակ` տարիներ առաջ, երբ իրենք իրենց որոշեցին և փոխեցին օրհներգը:

Սամվել Մարտիրոսյան, Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ

Սամվել Մարտիրոսյան, Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ
Ես Ազնավուրին հարգում եմ, բայց եթե տենց ա, ավելի շուտ համաձայն եմ Սիսթեմի Էրիալսը վերցնել ՀՀ օրհներգ, քան իրա գործը։ Չեմ ջոգում էլի, էս ինչ վեդեէնխա վիճակներ են:

Տիգրան Քոչարյան, քաղտեխնոլոգ

Տիգրան Քոչարյան, քաղտեխնոլոգ

Ես զարմանում եմ, որ Արամ Խաչատրյանի հրաշալի օրհներգը թողած կամ «Երազ իմ երկիր հայրենի» ժողովրդական օրհներգը թողած, սկսում են Ազնավուրի ասած «Քեզ համար, Հայաստան» երգը որպես օրհներգ դիտարկել։ Պատամու շտո Ազնավուրն ա ասել։
Ու Աստված չտա, էտ երգը օրհներգ դառնա, ամեն անգամ լսելուց երկրաշարժը դեմներովս ա անցնելու ու դեպրեսիայի մեջ մշտական կմնանք։
Ներկայիս օրհներգի հետ կապված. լավն ա վատն ա, այս օրհներգի ու այս դրոշի ներքո անկախացել ա Հայաստանը ու ազատագրվել ա Արցախս:
Իսկ դրանից լավ բան չկա:

Ալեն Սիմոնյան, Երևանի ավագանու անդամ

Ալեն Սիմոնյան, Երևանի ավագանու անդամ

Ազնավուրն ասել է՝ շատ կուզենա, որ մեր օրհներգը լինի «Քեզ համար Հայաստան» երգը։ Դե ինչ, վատ տարբերակ չէ, ասեմ ավելին, նույնիսկ լավ տարբերակ է, ԲԱՅՑ...
Նախ այս երգը ասոցացվում է 1988-ի երկրաշարժի հետ և երկրորդ՝ այս հոյակապ երաժշտության համար գրված բառերը ֆրանսերեն են և պարզ չի, թե հայկական տարբերակն ինչպես կհնչի, և վերջում, երգն այն մասին է, որ արհավիրք է տեղի ունեցել և պետք է հույս պահել, որ ամեն բան լավ է լինելու։ Ես կարծում եմ, որ սա Անկախ Հայաստանի մասին չէ։

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող
Հա բայց, եթե ընտրությունը պետք է լինի Ազնավուրի երգի ու էսօրվա հիմնի միջև, միանշանակ Ազնավուրինը լավն է: Հլը մի պահ պատկերացրեք ֆուտբոլի խաղի ժամանակ ամբողջ մարզադաշտը երգի՝ ինչ ոգեշնչող կլինի: Բառերն էլ են լավը:

Քրիստինե Քամալյան, օգտատեր

Կողմ եմ։ Դեմ եմ ցանկացած նման առաջարկի, բայց սա ուրիշ է։ Հենց թեկուզ նրա համար, որ Ազնավուրը սա գրել է մեր ժողովրդի օրհասական պահին՝ հույսի և հավատի ներշնչումով։ Էս դեպքում Իտալացի աղջկա երգը զիջում է։
Ամենայն հարգանքով մեր պետական հիմնի հանդեպ։

Արմեն Ամիրյան, Մշակույթի նախարար

Արմեն Ամիրյան, Մշակույթի նախարար
«Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է: Ամեն բան պետք է արվի համընդհանուր քննարկման և մրցույթի արդյունքում: Ես կուզեի, որ լիներ:

Արտակ Ալեքսանյան, լրագրող

Արտակ Ալեքսանյան, լրագրող
Ես չգիտեմ, որքանով արձագանք կգտնի Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը օրհներգ դարձնելու գաղափարը, բայց մի բան ակնհայտ է. դա մի երգ է, որը ոգևորում և հուզում է: Անձամբ ես, որքան լսում/դիտում եմ, էդքան հուզվում եմ: Գուցե կա որոշակի երաժշական կանոն, թե ինչպիսին պետք է լինի օրհներգը և այդ իմաստով գուցե Ազնավուրի և Գարվարենցի երգը փոփ է, բայց մյուս կողմից, սա չհնացող ստեղծագործություն է, որ ցանկանում ես լսել կեսգիշերին, դրոշը բարձրացնելիս, զինվոր ճանապարհելիս, մեծ հանդիսություն սկսելիս: Հարցն ուղղակի այն է, թե արդյոք այդքանը բավարար է...:
47497 | 2