Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Եվս 5 տարի Երևանի քաղաքապետ կլինի մեկը, ով այդ պաշտոնն ասոցացնում է բացառապես աղբը մաքրելու, ասֆալտը կարկատելու և թափառող շների վրա կրակելու հետ»․ քաղաքացիների արձագանքը

երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.

Երևանի` մայիսի 14-ին կայացած ավագանու ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն, որի օգտին է քվեարկել ընտրողների 71.25%-ը (240 036 քվե): Երկրորդ տեղում է «Ելք» դաշինքը՝ 21.00%-ով (70 731 քվե), «Երկիր ծիրանի» կուսակցությունն ստանում է ձայների 7.75%-ը (26 109 քվե):
Քաղաքացիների պնդմամբ` Հանրապետականը հերթական անգամ գործի է դրել ընտրակաշառքն ու ադմինիստրատիվ ռեսուրսը:

Այս թեման մեկնաբանել են`

«Ելք» դաշինք

«Ելք» դաշինք

ՀՀԿ նախընտրական շտաբներից համատարած կաշառքներ են բաժանվել, որն ունեցել է կազմակերպված ու կենտրոնացված բնույթ։ Իրավապահները ցուցաբերել են համատարած անգործություն, որոշ դեպքերում հովանավորել են գործընթացը։ Ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին: Մենք ունենք վստահության կայուն հենարան ու մեր խնդիրն է մեր համակիրների բազմությունը բազմապատկել։ Մենք չկարողացանք քաղաքացիներին համոզել չքվեարկել ըստ ընտրակաշառքի ու առաջիկայում պետք է այդ ուղղությամբ աշխատենք:

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվից կարելի է հաստատ ասել, որ այս ընտրություններում պարտություն են կրել բոլոր քաղաքական ուժերը: ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն` 842 147 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է 40,99%:
Երևանցիների 59,01%-ը չեն մասնակցել ընտրություններին: Այսինքն, ընտրված ավագանին և նրա կողմից ավելի ուշ ընտրվելիք քաղաքպետը չի կարող ներկայացնել Երևանի բնակչության մեծ մասին (50 % + 1 ձայն): Պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ:
Օբյեկտիվը՝ Հայաստանի մյուս քաղաքացիների նման բազմաթիվ երևանցիների արտագաղթն է, ընտրության օրը քաղաքից բացակայելը, իսկ սուբյեկտիվը՝ վերջին ԱԺ ընտրություններից հետո մարդիկ չեն հավատում արդար ընտրություններին, չեն հավատում ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ մասնակցող կուսակցությունների ծրագրերին, ընտրակաշառք չեն ստացել և հետաքրքրված չեն անվճար մասնակցելու այս ընտրություններին և այլն: Բայց հաշվի առնելով ապրիլի կեսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում երևանցիների մասնակցությունը (845804 ընտրողից ԱԺ ընտրություններին մասնակցել է 494455՝ 58,46%-ը)` կարելի է ասել, որ մարդկանց մեծ մասը տարրական բոյկոտեցին Երևանի ավագանու ընտրությունները կամ ինչ-որ այլ հարցեր կան (օրինակ՝ կեղծ ընտրողների մեծ մասնակցություն ԱԺ ընտրություններին):
Երևանցիների շատ թույլ մասնակցությունը մեխանիկորեն թուլացնում է նաև Երևանի նորընտիր քաղաքպետին, որը չի կարող ասել, որ ինքը ներկայացնում է մեր մայրաքաղաքի բնակչության մեծ մասին:

Հովհաննես Ազոյան, դերասան

Հովհաննես Ազոյան, դերասան

Շնորհավորում եմ հանրապետականին ջախջախիչ հաղթանակի համար… երկիրը ջախջախված է: Դե ինչ… սպասենք նոր «Սասնա ծռերի»:

Վահան Արծրունի, երաժիշտ

Վահան Արծրունի, երաժիշտ

Կարծում եմ` այն հիասթափությունը, որը մայրաքաղաքի բնակիչն ապրեց երրորդ անգամ, ստացավ իր հերթական արտահայտությունը: Այն, ինչին չի կարելի հավատալ, չի գրավում քաղաքացուն: Քաղաքական նույն տեխնոլոգիաներն էին օգտագործված այստեղ, նույն լուծումները: Առաջին հերթին երեկվա հավաքված բոլոր փաստերը պետք է մտնեն դատարան, և կա՛մ անվավեր ճանաչեն այս ընտրությունները, կա՛մ գոնե պատժեն նրանց, որոնք խախտել են օրենքը:
Կարծում եմ, որ 25 տարիների ընթացքում Երևանը հետզարգացման է գնացել, հիմնական ուղենիշը, որով շարժվել են, Երևանի դեֆորմացիան է: Կարծում եմ՝ ոչ մի բան չի փոխվի, և այդ ճանապարհով կշարունակի այս քաղաքապետը, որը ներկայացնում է այն քաղաքական ուժը, որն այդքան էլ չի գիտակցում՝ ինչ է մայրաքաղաքը: Այսինքն՝ մայրաքաղաքին մոտենում են լավագույն դեպքում շրջկենտրոնի մենթալիտետով:

Արամ Մանուկյան, օգտատեր

Հուսով եմ՝ Զարուհին ու Նիկոլը մի օր կգտնեն այն Ելքը, որը մեզ բոլորիս կմիավորի ու կտանի դեպի ծիրանագույն հաղթանակ:

Գևորգ Դարբինյան, ակտիվիստ

Ասում եք՝ կրկին ազդել է ընտրակաշա՞ռքը.... ՀՀԿ-ն ընդամենը ընտրողների 30 տոկոսի ձայներն է ստացել, ժողովուրդ: Սեփական անպատասխանատու մոտեցումը մի՛ թաքցրեք շաբլոնային պատճառաբանությունների տակ: Էս էդ դեպքը չի: Խոսքս վերաբերում է ընտրություններին չմասնակցող՝ թախտին նստած հայհոյողներին:

Դավիթ Հարությունյան, օգտատեր

Եվս 5 տարի Երևանի քաղաքապետ կլինի մեկը, ով քաղաքապետի պաշտոնն ասոցացնում է բացառապես աղբը մաքրելու, ասֆալտը կարկատելու և փողոցային շների վրա կրակելու հետ, և չունի ոչ մի երազանք, ոչ մի ձգտում ու նպատակ քաղաքում ինչ-որ բան փոխելու...

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Ինչպիսի օրինաչափություն՝ բռնապետությունը հենց կնոջ վրա է ձեռք բարձրացնում: Նիկոլին երեկ գոնե չփորձեցին ձերբակալել: Ամեն ինչ ճիշտ է՝ և հենց կանանց ձեռքից էլ կործանվելու է բռնապետությունը, քանզի կանայք ոչ թե աթոռի կամ փողի համար են կռվելու, այլ հանուն երեխաների... Բռնակալությունը միշտ սկսվում է ընտանեկան բռնությունից, նախևառաջ կանանց հանդեպ: Այսօր մենք տեսանք ոչ թե քաղաքական առանձին դրվագ, այլ արդի հայոց պետության և հանրության մի ստվար զանգվածի գռեհիկ իրական պատկերը: Այստեղ ոչ մի պատահական բան չկար: Զարուհի Փոստանջյանը կին է, և դա նրան ներել չեն կարող: ՀՀ քարանձավային իշխող դասն իր դատավճիռն է կնքել այսօր, որքան էլ դա պաթետիկ չհնչի: Ոչ թե ապստամբությանը, ոչ զանգվածային ցույցերին, ոչ էլ թշնամու հարձակմանը, այլ մեկ կնոջ ձայնի և ոգու ուժին չդիմացավ այս ոհմակը:

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի

Քայլում եմ Երևանի կենտրոնական փողոցներով, տեսնում եմ հողակույտեր և պաստառներ՝ Ավելի բարեկարգ Երևան: Ի հակառակ պաստառի բովանդակությանը իմ սիրուն, փոքրիկ վարդագույն Երևանը պատվել է կանաչ-կապույտ պլպլան ապակեպատ երկնաքերներով: Մարդիկ, ովքեր իրենց կյանքում միայն Դուբայը տեսան, որպես քաղաքակրթության կենտրոն, փորձում են իրենց խելքով «բարեկարգել» Երևանը: Արդեն տասնհինգ տարի քաղաքապետարանը գործում է՝ փողի վրա նստած լինելու բանաձևով: Ներկա քաղաքապետը տարին տարվա վրա շատ ուտելուց գիրանում է, բայց չգիտես ինչու՝ բոլոր մարդկանց պես չի կլորանում, այլ քառակուսի է դառնում, սա էլ ուղեղից է: Եվ ահա մարդիկ, ովքեր չգիտեն ինչ է քաղաքը, քաղաքային մշակույթը և հատկապես չգիտեն ինչ էր Երևանը, որն էր գույնը, բույրը այս քաղաքի պարտադրում են այս կեղտոտ առուծախի արդյունքում առաջացող մի օտար քաղաք: Առուծախ, որից լցնում են իրենց գրպանները, իսկ իմ սրտից արյուն է գնում:
Քաղաքի լավագույն ճարտարապետական կառույցները հողին են հավասարեցնում և ասում, թե մենք ավանդապաշտ ենք: Նախ ավանդույթը չեն պաշտում, պահպանում են, ուրեմն ավանդապահ, բայց չե՛նք, ավանդույթները հողին ենք հավասարեցնում: Քաղաքը կենդանի, պատմություն, հիշողություն ունեցող օրգանիզմ է: Քաղաքը յուրաքանչյուրիս հետ ապրած մարմին է: Քաղաքը սիրտ ունի, շնչառություն: Այս ամենը այլևս ետ բերել չենք կարող, անդառնալի կորուստներ են սրանք:
Այս ամենի համար պատասխան պիտի տան, մարդիկ, ովքեր իրավունք չունեն և անում են, ովքեր զավթել ու չեն հեռանում, ովքեր մխտռում են ամեն քայլափոխի, ովքեր իրավունք չունեն ապրելու այս քաղաքում, այս երկրում և ընդհանրապես որևէ երկրում, նրանց տեղը բանտախուցն է:
Ո՞ր մի տապալված կառույցն այսօր կարող ենք ետ բերել: Ու դեռ շարունակում են, լկտիաբար:
Չեն սիրում, քաղաքը չեն սիրում, հայրենիքը չեն սիրում, նույնիսկ իրենց կնոջն ու երեխաներին չեն սիրում, այ թե ինչ է նշանակում քաղաքի հետ այսպես վարվելը: Եվ մեղավոր ենք մենք, որ մինչ այսօր հանդուրժում ենք: Ինչքան անկամ պիտի լինենք, որ թույլ տանք մեր տունը քանդել, մեր դեմքին թքել, այո, Երևանի մայթին թքողն անգամ պիտի ծանր պատիժ կրի, էլ ուր մնաց քար ու քանդ անողը: Այսօրվա քանդված շենքը ետ չեն բերի, բայց վաղվա քանդվելիքը կարող ենք փրկել: Ուշացել ենք, թուլացել ենք ու լկտիները ավելի են լկտիացել:

Նարեկ Գալստյան, օգտատեր

Նարեկ Գալստյան, օգտատեր

Քաղաքապետի ընտրությունների հետ կապված. երեկ ընտրության չեմ գնացել, որովհետև կարծում եմ, որ իրականում ընտրություն չկար: Տարոն Մարգարյանին ձայն չէի տալու ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ անդամ է, այլ միայն նրա համար, որ Երևանն իմ կարծիքով վերածվել է մեծ արևելյան շուկայի, որտեղ չկա ո՛չ ֆանտազիա, ո՛չ էլ հոգածություն: Գերծանրաբեռնված կենտրոն, լքված արվարձաններ, խայտառակ վատ ճանապարհներ, չնորոգված շքամուտքեր ու ադրենալինի արտադրության հասցնող վերելակներ: Նիկոլին ու Զարուհուն էլ ձայն չեմ տվել, որովհետև իրենց ո՛չ քաղաքի մենեջեր եմ համարում, ո՛չ էլ կառավարչական հմտություններ ունեցող գործիչներ: Ոչ քաղաքական ընտրություն էր, որտեղ կրկին չկար օրակարգ ու ծրագրային բախում: Կրկին վստահ եմ, որ անհրաժեշտ է գաղափարական, օրակարգային տարբերություն թելադրող ուժ...

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ասել, որ Տարոն Մարգարյանին սպասվում է անհոգ 5-ամյակ, իհարկե կլինի չափազանցություն: Այն կազմը, որը մտնում է ավագանի, պետք է ամեն անգամ Տարոն Մարգարյանին հուշի, որ իր մոտ չի ստացվելու: Այսինքն` փողոցը տարին 5 անգամ ասֆալտել չի ստացվի, իսկ գիտական բացատրությունները, թե ինչու Երևանում տրանսպորտը պետք է լինի ռուսական գազով և գազելներով, չի լինելու: Բացի դրանից, ցանկացած ավելորդ ծախս, որը թույլ կտա Երևանի քաղաքապետարանը Երևանի բյուջեից, դառնալու է հանրության ուշադրության առարկան: Այդ առումով, ես կարծում եմ, որ կունենաք քիչ այլ որակի տնտեսության կառավարում:

50809 | 3