Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Եվրոտեսիլ»-ի ու մեր ընտրությունների նմանությունը․ արդյունքը Հայաստանի համար կանխատեսելի է ու տխուր

կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
Երեկ՝ մայիսի 13-ին, Կիևում տեղի ունեցավ «Եվրոտեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբլարինն` «Amar Pelos Dois» երգով: Հայաստանը ներկայացուցիչ Արծվիկն իր «Fly With Me» երգով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:
Նշենք, որ 2013 թվականին, Շվեդիայում նույն արդյունքը գրանցել էր Դորիանս խումբը՝ «Lonely Planet» երգով։
Այս թեման մեկնաբանել են`

Արմեն Դուլյան, հաղորդավար

«Եվրոտեսիլ»-ի ու մեր ընտրությունների նմանությունը՝ արդյունքը Հայաստանի համար կանխատեսելի է ու տխուր...

Ոսկան Սարգսյան, լրագրող

Որքան կարելի է «Եվրոտեսիլ»-ին մասնակցել ու վատ արդյունքներ ունենալ: Մեծ փողեր են ծախսվում, սակայն ապարդյուն: Ադրբեջանի ներկայացուցիչն էլ էր Արծվիկից առաջ, չնայած ադրբեջանական սփյուռքը հայկականից ուժեղ չէ, Թուրքիան էլ չէր քվեարկում: Կասկածելի բաներ են կատարվում այդ մրցույթի հայաստանյան մասնակցին ընտրելիս. Ռուսաստանում բնակվող հայ օլիգարխն է իր սիրուհուն մրցույթի ուղարկում, կամ՝ դեռ հայաստանյան մասնակցին որոշելու մրցույթը չանցկացված, բոլորը գիտեն հաղթողին: Մի խոսքով՝ ԱԺ ընտրությունների նման: Պետք է այդ արատավոր շրջանից դուրս գալ, Հայաստանում այդ խորամանկություններն անցնում են, Եվրոպայում՝ ոչ:

Սերգեյ Թովմասյան, դերասան

Այս տարի «հայերը» ներկայացնում էին իրենց արյան կանչը: Չինգիսխանի կամ ճապոնա-չինական գենը: Արվեստի քաղաքականությունում սխալվողներին պետք է ուղարկել ասֆալտ ֆռելու: Ուրիշ երկ չկա՞ր: Այս հրաշք աղջկան բարձրացրեցին երկինչ ու խբեցին գետնով: Ինչի՞, ինչ էր արել Ձեզ:



Առլեն Շահվերդյան, գրող, բլոգեր

«Ջազ բալլադի տարած հաղթանակը շոու-երաժշտատանջումների նկատմամբ»:
Դեռ տասը օր առաջ էր, երբ լսելով «Եվրոտեսիլ 2017»-ում Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալի կատարումն ու կարդալով արտասահմանյան հոդվածները նրա երգի մասին, համոզվեցի, որ այս տարվա մրցույթի առաջատարը, ակնհայտ ֆավորիտը նա է: Բոլոր կանխատեսումներն ու արտասահմանյան հարցումները դա էին վկայում: Երգի բեմ էր վերադարձել երգը: Դեռ կիսաեզրափակիչը չէր եղել, իսկ ես երգը սիրով ուղարկում էի մտերիմներիս, որպեսզի վայելեն:
Այս համատեքստում կցանկանայի նշել մի հատկանշական հանգամանք: Ինձ շատ դուր եկավ երգի ստեղծողների կողմից խնամքով ու գորովանքով մոտեցումը իրենց երգի և սեփական լեզվի նկատմամբ: Օրինակ, երբ լրագրող Բերնանդո Պերեյրան, մրցույթի առաջին կիսաեզրափակչից հետո հարցազրույց վերցրեց քույր և եղբայր Սոբրալներից՝ հարցնելով, թե արդյո՞ք չեն պատրաստվում կամ ծրագրում թարգմանել երգը անգլերեն լեզվով, որպեսզի անգլերեն տարբերակն ունենան մրցույթի եզրափակչի համար, նրանք հրաժարվեցին թարգմանությունից: Ըստ Սոբրալների՝ երգը ծնվել է պորտուգալերեն և այն թարգմանելու կարիք չկա, քանի որ անգամ եթե մարդիկ չեն հասկանում խոսքերի իմաստը պորտուգալերեն լեզվով, միևնույն է, լեզվի ձայնը, երաժշտությունը, երգի մեղեդայնությունը նպաստում են, որ այն ընկալելի լինի ու ներթափանցի մարդկանց հոգիները, և խոսքերը, կարծես, հասկանալի դառնան:
Այս տարվա մրցույթում, որի դիտորդը, ուզենք թե չուզենք, մենք էլ ենք դառնում, ջազ/փոփ մեղեդային բալլադը ստվերեց բոլոր տեսակի ժամանցային, շոու-երաժշտատանջումներին և մրցույթ վերադարձրեց իսկական երգը, երբ մի քանի րոպեների ընթացքում երգիչն ունկնդրողին տեղափոխում է դեպի իր երգի կախարդական աշխարհն ու խորը ապրումները: Ուրախալի է, որ հայկական ժյուրին նույնպես բարձրագույն միավոր տվել է հենց այս երգին:
Վստահ եմ, որ շատերը չեն էլ խորանա երգի խոսքերի իմաստի մեջ և կշարունակեն վայելել այս հոգեցունց գեղեցիկ ստեղծագործությունը, առավել ևս, որ, ինչպես Սոբրալն է նշում, պորտուգալերենը ինքնին երգեցիկ լեզու է:

Զոհրապ Եգանյան, ՄԻՊ նախկին խոսնակ

Արծվիկին հաջողություն, ինչպես բոլոր ասպարեզներում գործող բոլոր մեր հայրենակիցներին։ Բայց «Եվրոտեսիլ»-ը գնալով հեղինակազրկվում ու դառնում է քաղաքական հարցերի քննարկման հարթակ, մենք այլևս չպետք է լուրջ ընդունենք այն։ Պետք է նաև կրճատել ծախսերը։

Աշոտ Ասատրյան, օգտատեր

Գոհար Գասպարյանի ձեռքից խլեք «Եվրոտեսիլ»-ի մոնոպոլիան ու մենք կարող է մի օր հաղթենք: Երկրի անունի հաշվին բիզնես են անում: Ավետ ջան, Գոհար ջան ո՞նց եք: Գոհար Գասպարյանը ասում է՝ այս պահին մենք 14-րդ տեղում ենք, բայց ամեն բան կարող է փոխվի: Արա գժի տեղ եք դրել մեզ: Փողերը կերել եք տենց էլ ասեք: Ավետ Բարսեղյանն էլ զարմացել է, որ «Եվրոտեսիլ»-ի ժամանակ հաղթում է երգը: Էսի քաղաքական խաղեր է: Կարևորը մասնակցություննա: Բարոյական հաղթանակը բան-ման:

Նարեկ Մալյան, ՀՀ ոստիկանապետի խորհրդական

Ասում է «հաղթեց Պորտուգալիան, մյուս տարի մենք անձնակազմով կգնանք Պորտուգալիա»։
«Եվրոտեսիլ»-ի հայկական գրասենյակի անունը փոխենք «գուլյայ Վասյա, ուլիբայսա»։
Հարկատուներով գնանք Զվարթնոց ճանապարհենք «Եվրոտեսիլ»-ի անձնակազմին դեպի գեղատեսիլ Պորտուգալիա։

Արսեն Բաբայան ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ

«Եվրոտեսիլ»-ի քվեարկության արդյունքները լեգիտիմ չեն, ոչ մատնահետք են վերցրել, ոչ էլ ցուցակներն են հրապարակելու: Մենք չենք ընդունում արդյունքները:


Անկախ Հայաստան, օգտատեր

Շնորհավորում եմ Արծվիկին, մենք դեռ էդ տեղը չէինք բռնել, սա նույնպես հաղթանակ է։

Գևորգ Դարբինյան, օգտատեր

Ավետին թվում է, որ Ադրբեջանի անունը չտվեց, էդ երկիրը ջնջվում է երկրի երեսից: Այ էդ մակարդակն է Հայաստանը 18-րդ հորիզոնական տանում:
36054 | 1