Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Ինչու Հայաստանը չկարողացավ կանխել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու Ադրբեջանի փորձերը

շաբաթ, 06 մայիսի, 2017 թ.
ԵԱՀԿ երևանյան գրասենյակն առաջիկա ամիսներին կփակվի: Պաշտոնապես՝ փակվում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի վետոյի պատճառով. Բաքուն, որպես ֆորմալ պատրվակ՝ ներկայացրել է շփման գծում գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման ծրագիրը, որը, ըստ ադրբեջանական կողմի, հակասում է իրենց շահերին։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Հայաստանի դիվանագիտական պարտությունն է և Ադրբեջանի հաղթանակը, պնդում են հայաստանյան փորձագետները: Նրանց մեծ մասի կարծիքով, ՀՀ իշխանությունները բավարար ջանք չեն գործադրել՝ գրասենյակը փակելու ուղղությամբ Ադրբեջանի գործողությունները կանխելու համար:
Այս թեման մեկնաբանել են`

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Առավել քան մտահոգիչ ենք համարում Ադրբեջանի կողմից երևանյան գրասենյակի մանդատի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ դրա փակումը կարող է էլ ավելի անդառնալի հետևանքներ ունենալ թե՛ մեր տարածաշրջանի, թե՛ ողջ Եվրոպայի անվտանգության համար: Իր այս քայլով Ադրբեջանը ոչ միայն փորձում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը՝ հակամարտությունն իրեն ցանկալի տարբերակով լուծելու համար, այլ նաև թուլացնում է հետհակամարտությունային հասարակությունների ժողովրդավարացման և հակամարտության փոխակերպման, կառավարման ու կարգավորման գործում միջազգային կառույցների ազդեցությունը տարածաշրջանում: Թերևս Ադրբեջանի կարծր դիրքորոշումը հաղթահարելու միակ արդյունավետ քայլ է մնացել այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը, հատկապես, երբ ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը կողմ են երևանյան գրասենյակի գործունեության շարունակվելուն:

«168 ժամ» օրաթերթ

Շատ հիմնավոր են թվում փորձագիտական այն կարծիքները, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման իրական պատվիրատուն հետխորհրդային տարածքում արևմտյան ամենայնի դեմ պայքարող ու Արևմուտքի հետ որևէ աղերս ունեցող կառույցներին հեռացնող Ռուսաստանն է, որը դա արել է Ադրբեջանի միջոցով։ Այնպես որ, Մոսկվան կամ Մոսկվան ու Ադրբեջանը միասին արձանագրում են Հայաստանի շահերի դեմ ուղղված իրենց հերթական հաղթանակը:

Գևորգ Դարբինյան, օգտատեր

Մառազմ է ԵԱՀԿ գրասենյակի փակման տակ ռուսական հետք փնտրելը: Նախ՝ այդ գրասենյակը ոչ մի քաղաքական խնդիր չէր լուծում, երկրորդ՝ գրասենյակը վերջին տարիներին ղեկավարում էին ռուսաստանցիները և այն հիանալի խողովակ էր լրացուցիչ ինֆորմացիա ստանալու, եթե դա է համարվում գրասենյակի հիմնական կուլիսային «առաքելությունը»:

Բորիս Նավասարդյան, Երևանի Մամուլի ակումբի նախագահ

Ադրբեջանի համար կարևոր էր փակել այդ գրասենյակը՝ բնավ կապված չլինելով որևէ ծրագրի կամ ԵԱՀԿ գործունեության ոլորտների հետ: Նպատակն էր մեկուսացնել Հայաստանին միջազգային ասպարեզում: Բաքուն հասկանում է՝ ՀՀ-ն միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ ԵԱՀԿ-ն հաջողությամբ է աշխատում, որը բարձրացնում է Հայաստանի կշիռը:

Խոսրով Հարությունյան, ՀՀԿ-ական պատգամավոր

Բոլոր որոշումները Եվրոպայի անվտանգության հակագործակցության կազմակերպման շրջանակներում ընդունվում է կոնսեսուսի միջոցով, և եթե որևէ մեկը դեմ եղավ, պարզապես որոշում չի կարող անցնել
Այստեղ որևէ ազդեցություն գործելու հնարավորություն չկար: Խոսել, թե ինչո՞ւ Հայաստանին չհաջողվեց, նույնն է թե ասել` ինչպես նախագահող երկրին՝ Ավստրիային չհաջողվեց, չէ՞, որ նրանք բոլորը շահագրգռված էին, որ այդ գրասենյակը Հայաստանում շարունակի գործել: Ադրբեջանը սեփական նախաձեռնությամբ երկու տարի առաջ փակել տվեց նույն կազմակերպության գրասենյակը Բաքվում, նրա գործունեությունը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործում ոչ անաչառ համարելով: Համենայնդեպս` նրանք էին այսպես հայտնել...

Ստեփան Սաֆարյան, քաղաքագետ

Հայաստանի իշխանությունները որևէ լուրջ հրապարակային գործունեություն չծավալեցին այս խնդրի շուրջ միջազգային կարծիք ձևավորելու առումով, նույնիսկ պաշտոնական հայտարարությունները, որոնք արվել են գրասենյակի փակման հետ կապված, չեն էլ մատնանշում ՝ ով է մեղավոր, ում պատճառով է: Ընդամենը՝ ափսոսանք, ցավ է հայտնված և ինչ-որ անհույս լավատեսություն, որ ԵԱՀԿ-ն ակտիվ գործունեություն կծավալի Կովկասում:

Ֆեդերիկա Մոգերինի, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար

Ադրբեջանի բարձրացրած մտահոգությունը, թե Երևանի գրասենյակը չպետք է ներգրավված լինի հակամարտության հետ առնչվող գործունեության մեջ, իր արտացոլումն է գտել ավստրիական նախագահության առաջարկած ձևակերպումներում, և հյուրընկալ երկիրը ընդունել է այդ լուծումը: Այն, որ դա ևս արդյունք չի տվել, հիասթափեցնող է:
Ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձևակերպումների խնդիրը չպետք է Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա:
Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսևորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ:

Ռուբեն Մեհրաբյան, փորձագետ

Այս ամենը Հայաստանի պասիվության և ռեֆլեկտիվ դիվանագիտության հետևանք է: Մինչև չբզեն՝ չեն շարժվի, շարժվելիս էլ պոստ ֆակտում են շարժվում։ Փաստորեն, մենք կարող ենք արձանագրել, որ ապրիլյան պատերազմից՝ մեր անվտանգության սպառնալիքների վերագնահատման, վերանայման առումով, քաղաքական, արտաքին քաղաքական իմաստով, որևէ դաս մենք չքաղեցինք, և այսօր հայկական դիվանագիտությունը շարունակում է գնալ ու կանգնել նույն ռուսական փոցխի վրա և կոթով ստանալ ճակատին։ Հերթական կոթի հարվածն էլ սա էր, դե, կերե՛ք, անուշ լինի։
36889 | 0