Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Առաջին անգամ մեր ցավի մասին խոսում են հոլիվուդյան հայտնի աստղերը». կարծիքներ` «Խոստումը» ֆիլմի մասին

երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ դիտումը:
ֆիլմը մինչև պրեմիերան արդեն մեծ աղմուկ էր բարձրացրել, որի համաշխարհային պրեմիերան կայացավ ապրիլի 21-ին:
«Խոստումը» օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի նկարահանած առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:
Ֆիլմի հայերերն կրկնօրինակման տարբերակի ցուցադրությունից հետո ևս հնչեցին դրական կարծիքներ:
Շատերի համոզմամբ` սա հրաշալի հնարավորություն է աշխարհին ներկայանալ մեր խնդրով և պատմել մեր իրական պատմությունը: Ֆիլմը մեր ցավի մասին լսելի կդարձնի ամբողջ աշխարհին:
Այս թեման մեկնաբանել են`

Կարեն Ղազարյան, «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն

Կարեն Ղազարյան, «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն

Ես կարծում եմ, որ այսօր՝ Եղեռնից 102 տարի անց, երբ մենք անկախ Հայաստանում նայում ենք այս ֆիլմը հայերենով, դա ամենավառ հաստատումն է մեր վրեժխնդրության և մենք պետք է շարունակենք այս ոգով և մինչև վերջ վերժխնդիր լինենք մեր անմեղ զոհերի համար:
Շատ հուզիչ և կարևոր ֆիլմ է բոլորիս համար, որովհետև առաջին անգամ մենք ունենք ֆիլմ, որը պատմում է մեր պատմության մասին հոլիվուդյան հայտնի աստղերի միջոցով: Սա հրաշալի հնարավորություն է աշխարհին ներկայանալ մեր խնդրով և պատմել այն պատմությունը, որի մասին շատերը լսել են, բայց միգուցե մինչև վերջ չեն ընկալել, թե ինչ է իրականում կատարվել: Այս ֆիլմը ցույց է տալիս այն ամենն, ինչի մասին մենք բոլորս գիտենք և կուզեինք, որ իմանար աշխարհը:

Բաբկեն Չոբանյան, դերասան

Բաբկեն Չոբանյան, դերասան

Ինձ համար ֆիլմը կայացած է: Վաղուց էր պետք այս մասշտաբով անդրադառնալ այս թեմային: Իսկապես արժանի գործ է արված, վերջապես կա աշխատանք, որը աշխարհին կպատմի մեր ցավի մասին, բայց լավ է, որ այն լացի դիրքերից չէ, այլ փաստն է արձանագրած: Շատ կարևորում եմ, և ուրախ եմ, որ այս ֆիլմը ծնվեց, ապրում է, և վստահ եմ՝ շատ գործ կանի:

Մխիթար Ավետիսյան, դերասան

Մխիթար Ավետիսյան, դերասան

Շատ տպավորված եմ ֆիլմից: Մեր ազգի լավ նկարագրով, սիրո թեման արծարծած ֆիլմ է, ոչ թե անընդհատ կոտորած, կոտորած... մենք էլ կոտորվել ենք, ոʹչ, մենք չենք կոտորվել, մենք նաև պայքարել ենք, և ֆիլմում դա ցայտուն երևում է:
Կարճ ժամկետում շատ մեծ աշխատանք է արվել: Մեր ազգի վշտի մասին խոսելիս, երբ մենք՝ դերասաններս, կրկնօրինակում ենք արտասահմանյան ռեժիսորի նկարահանած ֆիլմը, շատ ավելի խորն ենք դա դիտարկում: Կարծում եմ՝ շատ հաջող է ստացվել նաև ֆիլմի հայերեն կրկնօրինակման տարբերակը:

Սիրանուշ Լազյան, դերասանուհի

Սիրանուշ Լազյան, դերասանուհի

Ես հպարտ եմ, որ մեր ֆիլմադարանը համալրվեց այսպիսի ֆիլմով: Իմ պատանեկության տարիներին քիչ էին այսպիսի ֆիլմերը, և ես հպարտ եմ, որ հիմա իմ երեխաներին լավ ֆիլմ ունեմ ցույց տալու, հարուստ, որակով և ճիշտ ֆիլմ:

Սամվել Դանիելյան, դերասան

Սամվել Դանիելյան, դերասան

«Խոստումը» ճիշտ ինֆորմացիայով ֆիլմ է: Ամենակարևորը` այն ոչ միայն Ցեղասպանության մասին է, այլ մարդկային փոխհարաբերությունների, սիրո, պայքարի, որն ամբողջականացնում է ֆիլմը:
Ինձ շատ դուր եկավ իմ հնչյունավորած կերպարը, որովհետև տեսաք՝ ինչ կերպար էր. ամեն պարագայում օգնում էր հայերին, դրական կերպար էր: Ես շատ սիրով եմ հնչյունավորել:

Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի

Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի

Ես շատ հավանեցի ֆիլմը: Ֆիլմը հատուկ նպատակ չուներ լացացնելու, ավելի շատ հայի պայքարող տեսակի վրա էր շեշտը դրված։ Օսկար Աիզեկը հաստատ հայ չի՞, արտակարգ էր խաղում: Ֆիլմի հիմնական մեսսիջը «մեր վրեժխնդրության լավագույն տարբերակը մեր ապրելն ու անկախ պետություն ստեղծելն է» (իմ զգացածն էր սա)։ Ակցենտով անգլերենը հատուկ էր արված (ես ֆիլմը դիտել եմ օրիգինալ տարբերակով, որովհետև ուզում էի ամբողջությամբ վայելել դերասանական խաղը)։ Մի խոսքով` ես գոհ եմ, չեմ էլ կարդալու վատ կարծիքները, որոնք վստահ եմ` լինելու են. այլ կերպ մեզ մոտ չի լինում:

Քիմ Քարդաշյան, դերասանուհի, մոդել

Քիմ Քարդաշյան, դերասանուհի, մոդել

Ես այնքան հպարտանում եմ «Խոստումը» ֆիլմով: Խնդրում եմ, դիտեք այն և տեղեկացեք վերջապես հայ ժողովրդի պատմությանը:

Լեոնարդո Դի Կապրիո, դերասան

Լեոնարդո Դի Կապրիո, դերասան

Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ, էքստրաօրդինար խաղ են ցուցադրել թողարկվելիք՝ «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարևոր նախագիծը:

Ռոբերտ Ամիրխանյան, կոմպոզիտոր

Ռոբերտ Ամիրխանյան, կոմպոզիտոր
Մենք` հայերս չենք կարող օբյեկտիվ գնահատական տալ այն ամենին, ինչ կապված է Ցեղասպանության հետ: Մեր մեջ խոսում է ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը, և վիրավորանքը, որ աշխարհն անտարբեր է այդ հարցի շուրջ:
Մանավանդ, երբ աշխարհը սպեկուլացիայով է զբաղված այդ հարցի շուրջ, և ծնվում այսպիսի մի հատիկ, չգիտես` իրեն նայես որպես ֆի՞լմ, թե՞ որպես քաղաքական ակտ: Մեզ համար քաղաքական ակտ է, ուրիշների համար` ֆիլմ: Ուրիշները դա կնայեն, կհուզվեն ու կանցնեն իրենց գործին:
Ամերիկյան ֆիլմերին հատուկ են լավ մատուցված, բայց ցուցադրական տարրերը, բայց այս ֆիլմը զերծ է ավելորդ ցուցադրականությունից:
Անշուշտ կարող էր ավելի մասշտաբային ֆիլմ լիներ, բայց ես կողմնակից չեմ այն մարդկանց հետ, ովքեր փորձում են արժեքավոր բաները թյուր տեսնել, սա ջրի մի կաթիլն է անապատի մեջ:
Կարեկցանքն այդ հարցի շուրջ նրանք կարողացել են գեղարվեստորոն մատուցել: Ֆիլմը վերին աստիճանի ռեալ իրողություն է, որը վերջապես արժանապատիվ արձագանք է միջազգային ասպարեզում: Անպարկեշտությունը լիքն է աշխարհում, սա ազնիվ մի պատմություն էր` սիրո, նվիրումի, ազնվության և ազգային մեծագույն արհավիրքի, որով հեղինակներին դնում է շատ բարձր մտավոր դասի:
37683 | 0