Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Քննարկումներ

«Ո՞ր տրամաբանությամբ Օպերայի շենքը պիտի դառնա մի կտոր հաց ուտելու տեղ». մտավորականների արձագանքն` Օպերայի շենքում ռեստորան կառուցելու մասին

«Ո՞ր տրամաբանությամբ Օպերայի շենքը պիտի դառնա մի կտոր հաց ուտելու տեղ». մտավորականների արձագանքն` Օպերայի շենքում ռեստորան կառուցելու մասին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորաններ բացելու նախաձեռնությունը մտավորականների շրջանում տարաձայնություններ է առաջացրել: Ոմանք դեմ են նախագծին, շատերն էլ կարծում են, որ եթե դա կնպաստի թատրոնի և արվեստի զարգացմանն, ապա անհրաժեշտ է և արդարացված:

Այս թեման մեկնաբանել են`

Հովիկ Չարխչյան, գրող, գրականագետ

Հովիկ Չարխչյան, գրող, գրականագետ

Թատրոնի շենքում ռեստորան կառուցելու գաղափարը որևէ պայմանով իրականացվելու իրավունք պիտի չստանա: Մենք պիտի վերջապես կարողանանք տարբերակել հոգևոր կառույցը սննդի օբյեկտից, չի կարելի ամեն բան վերածել զվարճանքի ու խրախճանքի վայրի` հանուն երկու կոպեկ ավել գրպանելու մոլուցքի: Օպերայի շենքը միշտ եղել ու մնում է մեր մշակութային ձեռքբերումների խորհրդանիշը: Կարելի էր գոնե տարրական հարգանք ունենալ դրա հանդեպ, եթե չկա «ֆայմելու» քթածակը: Նույնիսկ բնակարանը, որ բնակարան է, իր մասնաբաժիններն ունի` ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, լոգարան: Ու երբեք որևէ մեկը բնական չի համարի, եթե ուտելիքը պատրաստեն ննջարանում կամ հյուրասենյակում լողանալու գնան: Ուրեմն ինչո՞ւ, ո՞ր տրամաբանությամբ օպերայի շենքը պիտի դառնա մի կտոր հաց ուտելու տեղ: Այս ստամոքսային մտածողության արդյունքում մենք արդեն շատ ամոթալի նախադեպեր ունենք, և կարծես թե դրա վերջը չի երևում: Արվեստն ու վաշխառուական մտածողության համատեղումը միշտ, բոլոր ժամանակներում միայն այլանդակներ է ծնել: Եվ ինձ համար անչափ զարմանալի էր լսել, որ նախարար Ամիրյանն ասում է, թե ինքը չի վախենում քննադատությունից: Քննադատությունը նրա համար չէ, որ ինչ-որ մեկին վախեցնի: Քննադատությանը պետք է ականջ դնել ու հետևություններ անել, այլապես քաջ տղա երևալու չհիմնավորված սևեռումները ամեն անգամ իրենց ետևից ավերակներ են թողնելու: Ավերակների վրա ինչպե՞ս պիտի թագավորի:

Վահրամ Թաթիկյան, գրող, հրապարակախոս

Վահրամ Թաթիկյան, գրող, հրապարակախոս

Այդ առթիվ ունեմ իմ մտահոգությունը, որն անձամբ պետք է փոխանցեմ Արմեն Ամիրյանին: Ճիշտ այդ մտահոգությամբ ժամանակին Հասմիկ Պողոսյանին դիմելով, կանխել եմ Գառնու և Զվարթնոցի տաճարի տարածքում խորտկարաններ տեղադրելու նրա նախաձեռնությունը:

Արտավազդ Եղոյան, հեռուստամեկնաբան, ռեժիսոր

Արտավազդ Եղոյան, հեռուստամեկնաբան, ռեժիսոր

Մի հատ սպասեք, տեսեք՝ ի՞նչ է անում մարդը, նոր հետևից ընկեք: Ձեր իմացած ու պատկերացրած ռեստորաններին, իհարկե, ես էլ դեմ եմ: Եթե այդպիսի ռեստորան սարքվի, առաջինը ես կքարկոծեմ: Բայց այս ռեստորան ասածն այդ 6/8 ռիթմերով պարուրվածը չի, որոնցով ամբողջ Երևանն է գրավված: Օպերային շենքում գտնվող սովետական բուֆետը ձեզ դո՞ւր է գալիս, որտեղ գնում են, հաց ու «կալբաստ» ուտելու:
Աշխարհի հայտնի օպերային թատրոնների մեծ մասը նման սրահներ ունեն, և դա երբեք դժգոհությունների տեղիք չի տվել: Ավելին, այդ սրահներն ունեն իրենց մշտական այցելուները, ու խոսքը միայն թատրոնի աշխատակիցների մասին չէ:
Ես աշխարհի 2/3-ը ման եմ եկել, համարյա չկա այնպիսի Օպերային թատրոնի շենք, որտեղ մտած չլինեմ: Ու բոլորի մեջ էլ ռեստորանային սրահներ կան (գուցե դրանք ռեստորան անվանե՞լն է սխալ), բարձրակարգ վայրեր, որոնցում մեղմ, դասական երաժշտություն է հնչում, ոչ թե ռաբիս՝ «տմբլը - տաշ»: Այնտեղ այցելում են տարբեր մարդիկ, ոչ թե միայն թատրոնի աշխատակիցները: Աշխատակիցն այդքան փո՞ղ է ստանում, որ ամեն օր ռեստորանում ծախսի: Եվ վերջապես, դա հավելյալ եկամուտ կարող է բերել թատրոնին: Չեմ հասկանում, մի՞թե կարծում եք, որ մշակութային բոհեմի մեջ ապրած մարդը Օպերայի շենքում ինչ-որ «օբյեկտ» կդնի:
Մենք սիրում ենք ամեն ինչում վատը փնտրել, տեսնել, քարկոծել ու փնովել՝ առանց խորությամբ ուսումնասիրելու:

Մարինե Դեինյան, Օպերային թատրոնի մեներգչուհի

Մարինե Դեինյան, Օպերային թատրոնի մեներգչուհի

Ես չեմ կարծում, որ մեր օպերայում պետք է շոգեբաղնիք լինի, ինչի՞ համար է դա…չէ՞ որ այդ շենքն արվեստի կոթող է կոնկրետ ինձ համար: Մարզասրահի մասին էլ նշեմ, որ եթե ուզում են` մեր երգիչները մարզված և լավ տեսք ունենան, թող ներսում ինչ-որ բան կառուցելու փոխարեն՝ անվճար աբոնեմենտներ տրամադրեն: Թող դա թատրոնի կողմից արվի կամ էլ աշխատավարձը այնքան բարձրացնեն, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել նման ծառայություններից` մարզասրահ, ռեստորան և այլն: Ինչ վերաբերում է ռեստորանին, օրինակ, եղբայրս Վայմարում էր աշխատում, հիմա էլ ուրիշ թատրոնում, այնտեղ ընդունված կարգ է` միջանցքում կա սնվելու կետ, որը ներքին անձնակազմի համար է և ոչ թե դրսի հյուրերի համար: Իհարկե, օպերա էլ կա տեղը անհաջող` նկուղային հարկում է, չի օդափոխվում, ծուխ է, մինչդեռ թատրոնի անձնակազմը կարիք ունի ընդմիջումների: Ի դեպ, առաջվա մեր բուֆետն ավելի լավ տեղում էր, քան հիմա է: Իսկապես բուֆետ ունենալն անհրաժեշտ է, բայց բուֆետ, և ոչ թե ռեստորան: Ինչ վերաբերում է շամպայն ասվածին, դա ընդունված է Եվրոպայում և արվում է միջանցքներում, ինչը լավ բան է, և եթե կայացած ձևաչափ է, ինչո՞ւ չընդօրինակել: Ընդմիջումներին մարդիկ կարող են մեկ-երկու կում շամպայն խմել ու հաճելի զրուցել, բայց ոչ ռեստորան` օպերայի շենքում: Եթե խոսքը գնում է «Օպերա» ակումբի մասին, ռեստորան է էլի, դռները բացեք, միջանցքով ով ուզում է գնա: Ասածս այն է, որ դա լուծում չէ, ռեստորան ու շոգեբաղնիք չպետք է լինի օպերայի շենքում, միայն նրա համար, որ այդ շենքը կառուցված է եղել եկեղեցու հիմքի վրա, թեկուզ գոնե այդ հանգամանքը պետք է հարգվի, օպերան մշակութային կոթող է, արվեստի տաճար, այնտեղ չեն կարող աշխարհիկ բաներ լինել:

Լիլիթ Բլեյան, հեղինակ-կատարող

Լիլիթ Բլեյան, հեղինակ-կատարող

Նախ` նման ծրագրերի հանդեպ չկա որևէ վստահության ռեսուրս, մարդիկ համոզված են (բազմամյա դառը փորձից), որ իշխանության ներկայացուցչի կողմից եկող ցանկացած առաջարկի տակ պետք է փնտրել ոչ թե լավը անելու ձգտում, այլ նյութական շահի ակնկալիք: Հարցեր կան, որոնց պետք է անպայման պատասխանել. արդյո՞ք սրճարանը լինելու է այդպիսի մի համեստ, օպերային սազող վայր, արդյո՞ք հասույթը օպերային է գնալու և այլն: Երկրորդ, ու գուցե ավելի կարևոր հարցը՝ այսօր մշակույթին առնչվող ցանկացած ձեռնարկի առաջին պլանում «մշակութակից» բիզնես գաղափարներն են, իսկ ավելի խորքային, համակարգային բազմաթիվ խնդիրներ մնում են ստվերում` քննարկման իրենց տեղը զիջելով սրճարանների ու հուշանվերների վաճառքի խնդրին: Իհարկե, կարևոր է կարողանալ մշակութային բաղադրիչը համադրել բիզնես բաղադրիչի հետ ու փորձել գոնե մասամբ ֆինանսավորել մշակույթը` ինքնածախսածածկման միջոցով:

Նիկոլայ Ծատուրյան, ՀՀ ժողովրդական արտիստ

Նիկոլայ Ծատուրյան, ՀՀ ժողովրդական արտիստ

Դեմ չեմ նմանատիպ ծրագրերին, եթե դրանք կնպաստեն արվեստի օջախը պահելուն և զարգացնելուն: Ամիրյանն ուզում է այդպիսի վայրեր շատ բացել, որպեսզի գումար տա և պահի մշակութային օջախները: Եթե դա անձնական հարստացման համար չի, այլ թատրոնի և արվեստի զարգացման, ապա դրական եմ վերաբերվում:

Ելենա Աթոյան, ճարտարապետ

Ելենա Աթոյան, ճարտարապետ

Օպերայի շենքում բուֆետի փոխարեն լավ է, որ լինի ռեստորան դերասանների համար և փոքր մակերեսով, բայց ոչ այցելուների համար: Ի վերջո դերասաններն այնտեղ անցկացնում են օրվա մեծ մասը: Ինչ վերաբերում է այցելուներին` նրանց համար բավական է ֆուրշետանման մի հատված: Ցիվիլ եվրոպական երկրներում ռեստորան նախատեսված է: Ճիշտ կլինի, որ բացվող ռեստորաններում դերասանների համար կգործեն զեղջեր, ինչպես ճաշարաններում:

Էրիկ Բարսեղյան, Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրեն

Էրիկ Բարսեղյան, Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրեն

ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ներքին վերանորոգումների և կազմակերպական փոփոխությունների առաջարկը պետք է համարել ոչ միայն տեղին, այլև ողջունելի բարեփոխում: Օպերային թատրոնի շենքում առաջարկվող փոփոխություններն ոչնչով չեն նսեմացնում կառույցի վեհությունն ու գործառնական նշանակությունը: Խնդիրն այստեղ հասարակական ընկալման մեջ է: Ռեստորան բառը մեր իրականության մեջ քաբաբի բույր ունի և, կարծեմ, սա է նախնական պատճառը, որ մարդկանց շրջանում տարակուսանք է հարուցում: Իսկ արտիստների համար փոքրիկ մարզասրահ պատրաստելը կամ կոմունալ հարմարավետություն ապահովելը ժամանակակից մտածողություն է, ոչ թե գանահարելի արարք: Եվ արդարացի լինելու համար նախ հարկավոր է ծանոթանալ նախագծի ամբողջ փաթեթին և հարկ եղած դեպքում հանդես գալ որոշակի առաջարկություններով, որն, անշուշտ, ավելի ողջամիտ և խոհեմ քայլ կլինի, քան սոցիալական մեդիայի որոշ գործիքների լայքահավաք աշխատելաոճի խայծը կուլ տալով և կոնտեքստից կտրված վերնագրին ընդառաջ գնալով թեման, ըստ էության, աղավաղելն ու բացասական լույսի ներքո ներկայացնելը:

Աիդա Ներսիսյան, հաղորդավարուհի

Աիդա Ներսիսյան, հաղորդավարուհի
Օպերայում ռեստորան կառուցելու որոշումը կարդարացներ իրեն այն դեպքում, երբ այդ ռեստորանից օգտվելու հնարավորություն ունենային օպերան հասկացող ու գնահատող մարդիկ:
26240 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am