Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Այդպե՜ս զոմբիացնել մատաղ ուղեղը, այդպիսի՜ ռոբոտ դարձնել մարդուն». համացանցում քննարկում են «Ուրվագծի» աղմկահարույց եթերը

երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
Երեկ՝ մարտի 20-ին, Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում բանավեճի էին հրավիրված Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը և «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը: Քննարկումը տեղի էր ունենում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդակցությունն ու Ղարաբաղի հակամարտությունը նախընտրական պայքարի համատեքստում:
Հաղորդումը մեծ արձագանք է ստացել համացանցում և քննարկումների ալիք բարձրացրել:
«Այդպե՜ս զոմբիացնել մատաղ ուղեղը, այդպիսի՜ ռոբոտ դարձնել մարդուն». համացանցում քննարկում են «Ուրվագծի» աղմկահարույց եթերը
Այս թեման մեկնաբանել են`

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ
Զավեշտալի հաղորդում էր, լավ ծիծաղեցի, բայց մյուս կողմից էլ հիասթափվեցի, որ այդ կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ համանման ցածր քննարկում տեղի ունեցավ:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը պետք է նախապես ճշտեր, թե հաղորդումը ինչի մասին է ու նոր գար, կամ էլ չգար:
Թե չէ ստացվում է այնպես, որ նա ընդհանրապես կոմպետենտ չէր քննարկվող թեմաներից և անհասկանալի բաներ էր խոսում:
Ինչ է նշանակում աջ ու ձախ մարդկանց վիրավորել, հայհոյել, մեղադրել և այսպես շարունակ: Բարեկամ, քեզ հրավիրել են քո քաղաքական ուժի կոնցեպտները ներկայացնել, իսկ դու Ստյոպա Սաֆարյանի կյանքն ես քննարկում:
Կամ կոնցեպտներից խոսի, կամ էլ մի խոսի, եթե չես հասկանում:
Ես չեմ պնդում, թե քաղաքական գործիչներին չի կարելի քննադատել, բայց առաջին հերթին պետք է քեզ, քո տեսակետները ներկայացնես և հետո նոր անցնես մյուսներին, թե չէ ամբախ-զամբախ աջ ու ձախ հարձակվելով չի:
Հատկապես Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագրի դրույթներով կարելի է ոչ միայն սպառիչ պատասխանել Ստյոպայի և Ալենի հարցերին, այլ նաև բանավեճի մեջ հաղթել նրանց:
Էս քննադատությունն առաջին հերթին ուղղված է Կոնգրես-ՀԺԿ դաշինքին: «Ուրվագիծ»-ն ամենամեծ դիտողականություն ունեցող հաղորդումներից մեկն է և դաշինքի անունից Ղարաբաղի մասին բանավեճի է գնում մի տղա, որը չի հասկանում թեմայից ու անկանոն հարձակումներ է գործում մարդկանց վրա: Ախր սա ծիծաղելի է, նույնիսկ ես էի ծիծաղում, երբ այդ խաղաղության ծրագրի ջատագովներից մեկն եմ: Սա անփույթ վերաբերմունք է:
Խիստ դատապարտում եմ Ստյոպա Սաֆարյանի «հող տվողներ» և համանման մյուս ձևակերպումների համար:
Ստյոպա ջան, Դուք պետք է պահը որսայիք և Ձեր հարցերը կարգավորեիք Ձեզ վիրավորող երիտասարդի հետ, այլ ոչ թե նրան պատասխանելու համար դնեիք ամբողջ կառույցին, նրա համակիրներին հող հանձնող անվանեիք: Լինելով քաղաքագետ` շատ լավ հասկանում եք, որ խնդիրը «հող հանձնող» պիտակման մանր մակարդակի վրա չէ:
Ալենը լուրջ համարյա չխոսեց, միայն մի պահ, այն էլ պաթետիկ գեղեցիկ ականջահաճո ճառ ունեցավ, որը կապ չունի ռեալպոլիտիկի հետ:
Մի խոսքով զավեշտ էր էդ հաղորդումը:

Նարեկ Սարգսյան, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու

Նարեկ Սարգսյան, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու

1. Երբ բոլորին բանվեճի ձեռնոց նետող գործչին առաջին անգամ ինչ-որ մեկը բանավեճի ձեռնոց է նետում և նա հրաժարվում է, դրանից ավելի խայտառակ բան չկա քաղաքականության մեջ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է բանավեճից, դա լրագրողներն են ասում։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը երբեք չի ունեցել նվազագույն պետական պաշտոնի պատասխանատվություն։
2. Հասկանալի է, որ բանավեճը տանջանքների մեջ է գցել ո՛չ միայն իմ ընդդիմախոսներին, այլև նրանց աջակիցներին։ Նկարահանումից անմիջապես հետո երբ Ալեն Սիմոյանը ինձ տարբեր բաներում մեղադրելով միևնույն է ընդունեց, որ իմ ասածները ճիշտ էին։ Ընդհանրապես երեկ իմ ընդդիմախոսների համար անհաջող օր էր։
3. Այն, որ Ելք դաշինքը (իր բոլոր դեմքերով) վախենում է մեզ հետ բանավեճից, դրա մասին ես ունեմ բազմաթիվ այլ փաստեր, որոնց մի մասը քաղաքական էթիկային ենթարկվելով կհրապարակեմ ավելի ուշ։

Ստյոպա Սաֆարյան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու

ՀԱԿ-ի տապալված եթերային պրովոկացիան. ափսոս էր երեխան..


Իսկ հիմա՝ լուրջ, կրկին չոր փաստեր։


1. Կենտրոնի «Ուրվագծ»-ում բանավեճին պարզվում է պետք է մասնակցեր ՀԱԿ-ից Վլադիմիր Կարապետյանը, ով վերջին պահին որոշում է իր փոխարեն հաղորդման ուղարկել Նարեկ Սարգսյանին։ Նրանք երկուսն էլ թիվ 1 ընտրատարածքում իմ մրցակիցներն են ՀԱԿ-ից.... Թե ում քարոզարշավն է տեսանելի թիվ 1 ընտրատարածքում, ընտրողներն ու ֆեյսբուքը կասեն.... Դրա մասին իրենք էլ գիտեն.... Գիտեն նաև, որ նախկինում ՀԱԿ-ի մասիվի շտաբի պրոֆեսիոնալները իմ շտաբում են։ Ով՝ ով, քարոզարշավի նկարներից իրենք հաստատ ճանաչել են ծանոթ դեմքերին, նաև ում շնորհիվ ՀԱԿ-ը մասիվներում աշխատել է, իսկ այժմ տկլոր են...


2. Նարեկ Սարգսյանը չէր կարող առանց ՀԱԿ-ի հետ համաձայնեցնելու գալ և հակաքարոզչության տապալված փորձ անել ընդդեմ ինձ ու «Ելք»-ի, ում քարոզչությունը մասնավորապես թիվ 1 ընտրատարածքում նույնպես լավ տեսանելի է, ի տարբերություն ՀԱԿ-ի։ Հետևաբար, պատահական չէր, որ նա համառորեն չէր պաշտպանում Լևոն Տեր-Պետրոսյանին իմ ու Ալենի մեղադրանքներից և մինչև վերջ էլ շուրթերին իմ անունն էր...


3. Նարեկի ձախողումն առաջինը ողջունողներից էր ՀԱԿ-ի ցուցակի առաջին կին թեկնածուն՝ Զոյա Թադևոսյանը... Վերջինս Ժառանգության վարչության անդամներից էր և 2009-ի հայտնի պատմություններից հետո վարչության որոշմամբ հեռացվեց կուսակցությունից։ Այս տիկնոջ «ազնվաբարո» արկածների մասին անգամ թերթերը գրեցին, երբ Արաբկիրում թաղապետի ընտրությունների ժամանակ, որտեղ մեր կողմից նա առջադրվել էր, ուտեչկա եղավ, որ հանդիպել Է մրցակիցներից Ալբերտ Երիցյանի հետ ու ընդդեմ Հովիկ Շահինյանի դեմ խաղալու համար կլորիկ գումարով բարիշել... Մինչ սա մամուլի հրապարակումն էր, մի քանի բան էլ մենք գիտեինք իր մասով՝ Սևանում, որտեղից սերում է տիկինը, հենց իր բերած մարդը վաճառել էր ամբողջ ընտրատարածքում Ժառանգության հանձնաժողովականների տեղերը... նույնպիսի զուգադիպությամբ տեղերը Սամվել Ալեքսանյանին վաճառել էր նաև Մալթիայի մեր ներայացուցիչը, ով նույնպես իր բերած մարդն էր... Աղբը տանից չհանելու տրամաբանությամբ լռեցինք... Մինչ Ժառանգության հայտնի կեղծված համագումարը, երբ թեպետ ինքը այլոց էր մեղադրում դա անելու մեջ, բայց փաստ էր, որ «ստացել» է վարչության բոլոր մյուս անդամների համեմատությամբ ամենամեծ քվեները.... Ինչևէ, նա հեռացվեց կուսակցությունից ու ինձ չմոռացավ...


4. 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արաբկիրցի Զոյա Թադևոսյանը «որոշեց» օգնել Ավանում ՀԱԿ-ի կողմից առաջադրված Գայանե Առուստամյանին։ Ու քանի որ ՀԱԿ-ը ստվերային համագործակցում էր ԲՀԿ-ի հետ, նախկինում նրա շտաբում աշխատած մարդիկ, որոնք այժմ իմ շտաբում են, հաղորդել էին, որ փողի տասովկեքն անում է Զոյա Թադևոսյանը... Չեմ կարծում, թե Գայանե Առուստամյանը տեղյակ էր խաղերից կամ արաբկիրցի դեսանտային-խոպանչիների վաստակից... Ավելին՝ Զոյա Թադևոսյանը Գայանեին ու նրա թիմից շատերին տարավ Մալաթիա՝ Նիկոլ Փաշինյանի ընտրատարածք. այնտեղ, որտեղ իր մարդը Լֆիկին էր վաճառել Ժառանգության տեղերը... բոլորը, անգամ Գայանեն, հայտնվեցին տգեղ քաշքշուկի մեջ, բացի Զոյայից... տեսանյութերը նայեք, համոզվեք։ Դրանից բացի խոպանչիները չէին վարանում Ավանում ու 2րդ զանգվածում մտնել բնակիչների տներն ու հակաքարոզչություն անել ոչ թե Նեմեց Ռուբոյի, այլ իմ դեմ... Վռնդել էին... Բռնվեցին։ Բնակիչները կապվեցին իմ և Անահիտ Բախշյանի շտաբերի հետ ու պատմեցին... Այդ պայմաններում ես հավաքեցի շուրջ 10.000 ձայն...


5. Ի տարբերություն 2012ի՝ այժմ երեք ընտրատարածք միավորվել է ու ՀԱԿ-ից իմ մրցակիցը Վլադիմիր Կարապետյանն է, Նարեկ Սարգսյանը և այլք, իսկ Զոյա Թադևոսյանը բնականաբար անտարբեր չէ...


6. Այս քարոզարշավում Պրեսինգ ակումբում ճակատագրի հեգնանքով ես ու Վլադիմիր Կարապետյանը հանդիպեցինք... Ոչ մի բառ ՀԱԿ-ի մասին չեմ ասել։ Քննադատությունս ուղղված էր Արտակ Զաքարյանին ու ՀՀԿ-ին։ Բայց այնքան նեղվեց, որ հենց եթերում հայտարարեց, որ եթե իմանար իմ գալու մասին, ինքը կմերժեր... Բոլորը ապշած էին պահվածքից, բոլորին հաջողություն արեց, բացի ինձանից... Օրեր անց Կենտրոնի Հայկական Ուրբաթում խայտառակ պարտություն է կրում Ազատ Դեմոկրատների փոխնախագահ Անժելա Խաչատրյանից ու մյուս մասնակիցներից՝ մնալով միայնակ Արցախյան խնդրով...


7. Հետագայում, իմ տեղեկությամբ երկու բանավեճում մերժել էր իր մասնակցությունը, երբ իմացել էր, որ մասնակիցներից մեկը ես եմ /Մեդիա Կենտրոն/։ Մեկ ուրիշում էլ ստիպված էին եղել ինձ չկանչել, որպեսզի ՀԱԿ-ը մասնակցի...


8. Եվ ահա, կարծում եմ, դուետի կողմից որոշում է կայացվում Վլադիմիր Կարապետյանի կողմից ու փոխարեն Նարեկին ուղարկել՝ ինձ թիրախավորելու առաջադրանքով։ Ու նա պարտիզանի նման կատարում է առաջադանքը, իրեն վնասելով, բայց Տեր-Պետրոսյանին էլ չպաշտպանելով, ինչը զարմացրեց ինձ եթերում։


9. Օրեր առաջ «Հրապարակ» թերթը նյութ էր տպել Զոյա Թադևոսյանի սկանդալային դստեր՝ Ժողինստիտուտում սկանդալային եղանակով ամբիոնի վարիչ դառնալու մասին։ Զոյա Թադոսյանը հայտարարել էր, թե գիտի ով է պատվիրատուն և թերթը պատասխան է տալու... «Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը Ալեն Սիմոնյանի զոքանչն է...


10. Փաստորեն, ՀՀԿ-ի միմյանց դեմ պայքարող թեկնածուներն ավելի բաց ու ազնիվ են խաղում իրար դեմ, քան ՀԱԿ-ի թեկնածուները։ Նարեկին ծաղրի առարկա դարձնելով, ոչնչացրին նրան, ինչպես շատերը գրեցին։ Վանոն կասեր՝ ափսոս էր երեխան... Մինչդեռ խեղճի տիկնիկավարներին գոնե մենք ճանաչում ենք...


Ազնվագույններս, մենք ձեզ հետևում ենք... Ուշադիր

Գոհար Վեզիրյան, լրագրող

Գոհար Վեզիրյան, լրագրող
Եթերը՝ էն էլ էս քարոզչական ժամանակահատվածում, լրջագույն պատասխանատվություն է: Նարեկն ազնիվ մարդ է, մեղավորությունը նրան եթեր ուղարկողներինն է: Անպատրաստ էր շատ, դեմագոգիայի ու պոպուլիզմի մարտավարությանը, ի տարբերություն զրուցակիցների, չէր տիրապետում: Անհասկանալի ա ՀԱԿ-ՀԺԿ քարոզչական բլոկի պատասխանատուների գործողությունները: Կարող ա՞ ինադու են անում: Արդեն հոգնեցինք էս դիլետանտ վիճակից:
Նարեկը նոր է այս ասպարեզում։ Վստահ եմ, եթե չհիասթափվեց, ապագայում այլ որակներով կներկայանա։

Ալեն Սիմոնյան, «Ելք» դաշինքի թեկնածու

Ալեն Սիմոնյան, «Ելք» դաշինքի թեկնածու
Այն դեպքն էր, երբ անելիք չկար։ Երիտասարդ, որը հաղորդման սկզբից մինչև վերջ մի դիրքում նստած՝ եկել էր ատելու, ապրում էր այլ իրականության մեջ և հանուն «մեծ» ներշնչված գաղափարի պատրաստ էր հայկական հողը տալ Ալիևին։ Արցախին դուրս թողնում բանակցային գործընթացից։ Ուներ դրա համար բազմաթիվ «պատճառներ» և «արդարացումներ»։ Ուներ բազմաթիվ հղումներ մեջբերումներ և չուներ գեթ մեկ սեփական միտք։ Սա է այսօրվա ՀԱԿ-ի (ՀՀՇ)-ի պատկերը։ Իրենք են մեզ «խաղաղություն» քարոզողները։ Իրենք, ով ատելության սերմանելու մեծ գիտակ են սեփական ազգի ներսում, հիմա փորձում են մեզ պարտադրել խաղաղություն կացնով քնած Հային սպանող , գլուխ ու ականջ կտրող և միայն պատերազմի մասին խոսող թուրքի հետ։ Այս քաղաքական տեսակն է, որը պետք է իբր «փոխարինի» ՀՀԿ ին կամ ՀՀԿ ի հետ փորձի Արցախի հողը հանձնել ազերներին։ Վայելեք .

Լաուրա Բաղդասարյան, օգտատեր

Լաուրա Բաղդասարյան, օգտատեր

Այս քարոզարշավի մյուս առանձնահատկությունը մրցակից ուժերի կողմից օգտագործվող սև PR-ն է, ընդ որում՝ ընդհուպ մինչև անձնական վիրավորանքները։ Գործում է հետևյալ սխեման՝ բոլորը ՀՀԿ-ի դեմ (տարբեր ինտենսիվությամբ և հետևողականությամբ, բնականաբար՝ նաև տարբեր քարոզչական խնդիրներ լուծելու նպատակով), միաժամանակ՝ սև PR նաև այն ուժերի հասցեին, ում համարում են իրենց թիկունքում շնչող հիմնական մրցակիցն ԱԺ անցնելու գործում։
Սև PR-ի դասական օրինակ է «Ուրվագիծ» հաղորդաշարի մարտի 20-ի թողարկումը ղարաբաղյան կարգավորման թեմայով (ՀԱԿ-ՀԺԿ-ից՝ Նարեկ Սարգսյան, Ազատ դեմոկրատներից՝ Ստյոպա Սաֆարյան և Ելք-ից՝ Ալեն Սիմոնյան)։ Ի սկզբանե սև PR-ի տոն տվեց ՀԱԿ-ՀԺԿ-ի ներկայացուցիչը` հայտարարելով, թե մյուս մասնակիցներն ամենևին արժանի չեն նրա հետ բանավիճելու պատվին, և ինքը տաղավարում է հեռուստադիտողին բան ասելու համար (դուք գիտեք, ասում էր հաղորդավարին, հեռուստադիտողն էլ թող իմանա, կրկնում էր նա)։
Լավ, միայն հեռուստադիտողի հետ շփվելու այլ ձևեր կան՝ անվճար և վճարովի եթերներ, եթե հաջողվի լինել միշտ այլ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, նաև՝ առանձին հարցազրույցներ և այլն։ Էլ չեմ ասում, որ կան նաև ֆեյսբուքյան հնարավորություններ, թե անձնական ինքնագովազդը, թե սեփական ուժի դրույթներն առաջ մղելու համար։
Որքա՞ն միավոր բերեց Նարեկ Սարգսյանը թե իրեն, թե իր ուժին հարցը հռետորական է։ Տպավորություն ստեղծվեց, որ նրա խնդիրը ոչ թե սեփական ուժի դրույթները ներկայացնելն ու հիմնավորելն էր, այլ կոնկրետ երկու մյուս բանախոսների մասին ընտրազանգվածին հաղորդելը՝ այս մարդկանց ասածները արժանահավատ չեն։ Այս կարգի սև PR-ները խորքում դրական նշանով PR են, կարճ ասած՝ լավագույն գովազդ։

Լինա Կասյան, օգտատեր

Աստծուն է հայտնի՝ ինչ ցավ ապրեցի այդ երիտասարդի համա: Ինձ իրավունք տրվեր, կպահանջեի ԼՏՊ-ին արտաքսել Հայաստանից: Այդպե՜ս զոմբիացնել մատաղ ուղեղը, այդպիսի՜ ռոբոտ դարձնել մարդուն։ Բոլշևիկյան ժամանակների տիպաժ կարծես լիներ, ահավոր էր։ Նման մարդուն կառավարման նույնիսկ ամենացածր օղակ վստահել չէր կարելի: Այս ի՜նչ է կատարվում ազգի հետ, այս ո՜ւր ենք գահավիժում: Կեցց՛եք, Ստյոպա և Ալեն, որ տիրապետեցիք ձեզ։ Ես հեռուստացույցով էի դիտում, որևէ առողջ նյարդաթել չմնաց իմ մեջ: Պետրոսին էլ էր մի բաժակ մածուն հասնում, նրա նյարդերը, ճիշտ է, քար են, բայց դե իրեն էլ պետք էր ափսոսալ:

Հայկ Հակոբյան, օգտատեր

Զարմանալի է,որ ՀԱԿ առաջնորդը հաշվի չի առել այն փաստը, որ այս երիտասարդ ջութակահարն ավելի շատ պախարակում է իր անձի և իր կուսակցության համբավը, քան օգուտ է բերում իրենց վարկանիշին ...

Սամվել Մարտիրոսյան, Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ

Ալեն Սիմոնյան, Ստյոպա Սաֆարյան, մերսի, մեծ բավականություն ստացանք՝ ընտանիքով դիտելով։ Շուտվանից էսքան չէի խնդացել։ Վերջում էլ, որ ասեց, որ Նիկոլը փախել ա իրա հետ բանավիճելուց, էդտեղ արդեն սկսեցի մտածել, որ էս վիդեոն պետք ա IMDB քցել։
30683 | 0