Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քարկոծում ու ծաղրում է «Ռեինկարնացիա» խմբի` ՀՀԿ քարոզարշավի հոլովակը

երկուշաբթի, 06 մարտի, 2017 թ.

Աժ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ մարտի 5-ին, ՀՀԿ-ն ներկայացրել է քարոզչական տեսահոլովակ: Տեսահոլովակում «Ռեինկարնացիա» խումբը կատարում է «Փոխենք աշխարհը» երգը, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է գալիս որպես հարվածային գործիքների երաժիշտ:
Խումբը` տեսահոլովակը չքաղաքականացնելու կոչեր է արել, ինչն էլ ավելի է զայրացրել քաղաքացիներին:

Այս թեման մեկնաբանել են`

Հայկ Մարության, դերասան

Հայկ Մարության, դերասան

Էս մարդը վերջին չորս տարվա ընթացքում Ռուսաստանում իր անձնական գործերն է առաջ տարել, հիմա եկել է Հայաստանը «փրկելու», ու մեզ էլ քարոզում է, որ ՀՀԿ-ին ընտրենք:
Պարոն վարչապետ, դուք մեղավոր չեք, քանի որ երկար տարիներ ստեղ չեք ապրել` չգիտեք: Հուշեմ` երկիրը էս վիճակին հենց ՀՀԿ-ն է հասցրել...
Հոլովակը նոր նայեցի: Ինչ ասեմ ` յախք…

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

ՀՀԿ-ի հոլովոկի ժանրը հուշում է, որ շուտով տեսնելու ենք` Սերժ Սարգսյանին` ջութակ, Գալուստ Սահակյանին` ֆլեյտա, Վիգեն Սարգսյանին` թավջութակ, Սամվել Ալեքսանյանին` կլարնետ, Արտաշես Գեղամյանին` դհոլ նվագելուց:

Ստյոպա Սաֆարյան, պատգամավորության թեկնածու (Ազատ դեմոկրատներ)

Անհնազանդներին բամփելու համար պետք է բարաբան խփել իմանալ։ Ահա թե ինչու է ինտենսիվ պարապում Կարեն Կարապետյանը... Բարաբանին այդ զարկերը երկրի տնտեսությանը զարկ տալու հետ կապ չունեն։ Զարկել դեռևս չի նշանակում զարկ տալ՝ կասեր դասականը։

Մհեր Արշակյան, լրագրող

Մհեր Արշակյան, լրագրող

«Ռեինկարնացիան» միտք է հայտնել բոլոր դատարկագլուխների համար՝ ՀՀԿ քարոզարշավի տեսահոլովակում երգելը չքաղաքականացնել։ Էստեղ են ասել՝ «Ռեինկարնացիային» տարեք, անթաղ Լենինին բերեք։
Քաղաքական կուսակցության քարոզչական հոլովակում երգելը չքաղաքականացնելու կոչը նույնն է, որ ամուսնանաս, ասես՝ սա ընտանիք կազմելու հետ կապ չունի, կամ Շակիրան Waka-waka երգից հետո ասի՝ էդ ֆուտբոլի հետ կապ չունի, կամ քրոջդ վիրավորողին ծեծես ու ասես՝ անձնական ոչինչ։ Կամ՝ Սերժ Սարգսյանից էդ կլիպի համար փող վերցնես, ասես՝ հո Ալիևի՞ց չեմ վերցրել։ Մի խոսքով, խնդրեմ, անթաղ Լենինը թող մտնի հրապարակ։ Գոնե նման հիմարություններ չի ասի։ Երգել ՀՀԿ-ի համար ու ասել՝ սա քաղաքականության հետ կապ չունի։ Տղերք, էդքան ռոք խմբեր կան, ձեզ ընտրելն արդեն քաղաքականություն չէ՞։ Ձեր հեղինակությունն է նրանց պետք եկել, որպեսզի երբ ձեզանից մեկի բնակարանի դիմացի այգում ինչ-որ քրեական հեղինակություն ավտոտնակ սարքի, վաղը երես չունենաք ասելու՝ էս ի՞նչ իշխանություն է։ Որովհետև, սա ՀՀԿ-ն է, տղերք։ Իրենք ձեզ հաշվել են, ու դուք ասում եք՝ քաղաքականացված չե՞ք։ Գնացեք դա Լենինին ասեք, գուցե «ռեինկարնացիա» ապրի։ Լավ եք արել, երգել եք, լավ եք արել ՀՀԿ-ի համար եք երգել։ Բայց հասկանում եք, չէ՞, որ էդ երգից հետո ձեր «ռեինկարնացիայից» մնալու է ճիճվի նիրվանան, որը նույնիսկ ճիճու լինելուց գաղափար չունի։
Վայելե՛ք ձեր փողը, տղե՛րք, դա փող է, որը մի օր վերջանալու է։ ՀՀԿ-ն ոչ մի սխալ բան չի արել։ Ինքը հեքիաթի հերոսի նման խմել է ձեր թարմ արյունը, որպեսզի «տեղափոխվի» ձեր մեջ, ձեզանով վերամարմնավորվի։

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան

Այնքան վարկաբեկված պետք է լինել, որ կուսակցությանը պառլամենտ բերելու համար դիմել մի մարդու օգնությանը, որն իրավունք էլ չունի պատգամավոր դառնալ:

Համլետ Պետրոսյան, հնագետ

Համլետ Պետրոսյան, հնագետ

Չկա ավելի անբարո արարք, քան տաղանդի ծառայամտությունը:

Արա Պապյան, իրավաբան, պատմաբան և դիվանագետ

Արա Պապյան, իրավաբան, պատմաբան և դիվանագետ

«Ռեինկարնացիա»-ն դավաճանել է ինքն իրեն: Դավաճանել է այն հիմնարար սկզբունքին, որի վրա խարսխված է ռոքի ողջ աշխարհայացքը:


Rock-ն սկզբունքորեն anti-establishment է: Այն բողոքի ու ընդվզման ձայնն է: Երբ ռոքը կանգնում է իշխանության կողքին, առավել ևս` նպաստում նրա քարոզին, անկախ ինչպիսինն է այդ իշխանությունը, ռոքն արդեն ռոք չի, այլ ռաբիզ կամ թաղման երաժշտություն:

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի

Reggae ժանրի մեջ երգեր գրող ու երգող Ռեինկարնացիա խումբը Շարմ Հոլդինգի հետ միասին, ՀՀԿ կուսակցության պատվերով քարոզարշավը գովազդող տեսահոլովակ է ստեղծել: Նորություն չասացի: Անսպասելի ոչինչ չկա այս ամենի մեջ: Բոլորը մեղադրում են, թե ինչո՞ւ փող աշխատեցիք, առանց անդրադառնալու, որ քսան տարի շարունակ մշակույթի ոլորտն իր բոլոր թելերով կախված է նույն Շարմ Հոլդինգից, որ նրանք են գրավել դաշտը, նրանց ձեռքին է փողը, հնարավորությունները և ընդ որում, պետբյուջեի փողը, որ նույն Շարմն իր ամբողջ շարմով ուղղակի նստած է Սերժի ականջին, երկրի մամուլը, հեռուստատեսությունը, կինոն, թատրոնը, շոու բիզնես կոչվածը եղածով մեկ կախված է մի մարդու մարմնի տարբեր մասերից և բոլոր թելերը նույն նյութից են հյուսված՝ միշիկային թելից: Միայն հիմա՞ տեսաք դա, զարմանում եմ: Քսան տարի անեկդոտ պատմողները դերասան են համարվում, կինոն ինքը մոռացել է, թե ինչ է կինոն ընդհանրապես, կամայականորեն բաշխում են պետական գումարները, ձեր գումարները, զիզի-բիզի բաների վրա: Ուրեմն միայն հիմա՞ հասկացաք միշիկային ճաշակին քաշված լինելը:
Ընտրություններով ոչինչ չի փոխվին՝ միայն բառեր չեն, դա բացահայտ է: Ամեն ինչը արդեն այն աստիճան է ապականվել, որ դեմն առնել այլևս հնարավոր չէ: Ռեինկարնացիան արել է այն, ինչ անում են այս ոլորտում բացառապես բոլորը, դիմագիծը կորցրել են բացառապես բոլորը, ինչ ուզում նկարում են, ինչ ուզում ռեկլամում են, լավ են անում, բայց ո՞ւմ փողերով, իհարկե իրենց, քանի որ պետությունը իրենք են, պետբյուջեն իրենց անձնական գրպանը, այն գրպանը, որի պարունակությունը անխնա ծախսում են, ճաշակը իրենք են, ոնց ուզեն էնպես էլ ձեզ՝ հարգելի հանդիսատես, կմեռցնեն, չեն թաղի, որ հետո ռեինկառնացիա անեն, մեկ-մեկ էլ Ազատության հրապարակում կհայտնվեն, կուշտ կերած կմտահոգվեն Հաց Բերողի հացադուլով, քանի որ դրանից էլ օգուտ ունեն: Բոլորը, ովքեր ուզում են ապրել, պարզապես շնչել այս տարածքում, այդ ոլորտում, մեկ ուղի ունեն՝ միշիկային արահետով կախվել այդ փոքր ու ցողունված մարմնի որևէ մասից և այդպես էլ անում են: Դուք էլ ծափ եք տալիս սիրելի հանդիսատես, ձեզ խաբելը շատ հեշտ է:

Հայկ Սահակյան, օգտատեր

Ինչ որ մի տգետ հորինել ա «չքաղաքականացնել» տերմինը, և լիքը մարդիկ այն օգտագործում են՝ սեփական գործունեությունը քաղաքականությունից յանի զերծ պահելու համար՝ անգամ եթե ակնհայտ քաղաքական ակտ են իրականացնում...
Նախ պետք է իմանալ, թե ինչ է քաղաքականությունը (սեփական շահերի իրականացման համար պայքար) հետո նոր ապաքաղաքական կամ չքաղաքական գործունեություն ծավալել;
Բերեք մի քիչ ներողամիտ լինենք ասենք հենց նույն Ռեինկարնացիայի նկատմամբ. չէ որ եթե մերժեին, իրանց օդերը արագ կփակվեին... չեմ արդարացնում, առաջարկում եմ ըմբռնումով մոտենալ որոշ հանգամանքների ...

Վահրամ Թոքմաջյան, պատմաբան

Վահրամ Թոքմաջյան, պատմաբան

Ներող եղեք, մի անկեղծ հարց տամ, եթե Հրանտ Թոխատյանը, որը ՀՀԿ ցուցակով Երևանու ավագանու անդամ է, ոմանց կողմից դիտարկվում է «թույն, սթափ ու ընդդիմադիր դեմք», բավական է մի հատ պոպուլիստական հայտարարություն անի, ու սաղդ ուրախանում եք, էլ ի՞նչ եք ուզում ավելի մանր կոլիբրի դեմքերից, ինչպիսին ռեինկարնացիան է և այլն: Մարդիկ փող են աշխատում ու վերջ: Ինչ մնում է էս վիճակին, ապա հանրապետականի կառավարման էական արդյունքներից մեկն էլ ̀ մտավորական, արվեստ, մշակույթ, ու նման այլ հասկացությունների վերացումն էր կամ պոստբոլշևիկացումը:

Սաթեն Մանասյան, լրագրող

Արթուր Աբրահամ, Արոնյան, Կարեն Կարապետյան... Ժողովո՛ւրդ, այս մարդիկ Հայաստանում շատ քիչ են ապրել, այս մարդիկ լիքը հաջողությունների, բիզնես գործողությունն են ծավալել ուրիշ երկրներում: Հիմա ՀՀԿ-ն իր նախընտրական կլիպում նրանց է ցույց տալիս որ ի՞նչ ասի: Տեսեք՝ մեր գործողությունների շնորհիվ նրանք ինչ հաջողություններ են հասել օտար երկրո՞ւմ. նրանց ցույց տալով մի տեսակ արտագաղթի պրոպագանդա է լինում: Հա, նրանց շատերն են սիրում, բայց Արոնյանն ու Աբրահամը Հայաստան են գալիս՝ որպես հյուր, նրանք այստեղ չեն ապրում ու ընդհանրապես կապ չունեն ՀՀԿ-ի կազմի հետ:
Բայց սա շատ «զռացող» խաղ է՝ ռեյտինգ ունեցող մարդկանց խցկել 0 տոկոս ռեյտինգ ունեցող կուսակղցության նախընտրական կլիպի մեջ, ինչը հաստատ սպասված էֆեկտը չի տալու:

32830 | 6