Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Վաղը մարտի 1-ի բացահայտմանը հետամուտ լինելու մասին կարող է հայտարարել նաև Հովիկ Աբրահամյանը». արձագանքներ` Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

երեքշաբթի, 14 փետրվարի, 2017 թ.

Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անելիս, անսպասելի էր և հանելուկային: «Կարծում եմ` դա նախընտրական փուլի միջոցառումների մեջ է. անկասկած լինելու եմ յուրաքանչյուր մեր կուսակցականի, քաղաքացու կողքին»: Բացի այդ, ոմանց մոտ հարց է առաջանում, թե ի՞նչն էր խանգարում Սեյրան Օհանյանին, երկար տարիներ լինելով պաշտոնատար անձ, բարձրացնել քաղբանտարկյալների հարցը և փորձել լուծումներ գտնել, կամ հենց պաշտոնավարման ժամանակ հետամուտ լինել մարտի 1-ի բացահայտմանը:

Այս թեման մեկնաբանել են`

Ռուզաննա Բադալյան, Շանթ Հարությունյանի կինը

Ի՞նչն էր խանգարում Սեյրան Օհանյանին, երկար տարիներ լինելով պաշտոնատար անձ, բարձրացնել քաղբանտարկյալների հարցը և փորձել լուծումներ գտնել: Չէ՞ որ նրանք նոր չեն դարձել քաղբանտարկյալ: Այո՛, քաղբանտարկյալներ կան, ես կոնկրետ Շանթի ընկերների մասով եմ ասում: Ինձ չի թվում, որ այն ժամանակ Սեյրան Օհանյանը չգիտեր՝ նրանք քաղբանտարկյալ են, ի՞նչ փոխվեց հիմա: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Շանթի ընկերներից Վարդան Վարդանյանը փոխգնդապետ էր, բանակի հենց ստեղծման օրվանից ծառայել է բանակում, իր ներդրումն ունի բանակի կայացման գործում, անմիջական Օհանյանի ենթակայության տակ է աշխատել: Սեյրան Օհանյանը կարող էր ժամանակին հայտարարությամբ հանդես գալ, որ գոնե նրա պատժաչափերն այդքան խիստ չլինեին: Բայց լինելով իշխանության մեջ, ունենալով նման պաշտոն՝ ոչինչ չէր անում այն ժամանակ, ինչի համար հիմա հանկարծ ինչ-որ բան պետք է փոխի: Բնական է, որ որևէ հույս Օհանյանի կամ որևէ այլ մեկի հետ չենք կապում, որ ինչ-որ բան կփոխեն: Ընդամենը շահարկումներ են:

Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ ակումբ» ՀԿ-ի խորհրդի նախագահ

Սեյրան Օհանյանն ընդունում է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան ու դեմ չէ, որ մարտի մեկը հետաքննվի, լիքը ուրիշ գործեր էլ կան՝ դրանց հետ բացահայտվի, ասում է: Լավն է, չէ՞:
Մարդը տարիներ շարունակ ծառայում է այն ռեժիմին, որը պետությունն ու իշխանությունը զավթած երկրի ետևից մտնում, գլխից ելնում է, ցուցարար է գնդակահարում, հակառակ խոսողներին է լցնում բանտերը, բանակին տանում մի մարդու պես խեռժիկանց օգտին է քվեարկել տալիս, ինքն էլ սուսուփուս համաձայն-անհամաձայն՝ մասնակցում է էդ պոռնոգրաֆիային, մեկ էլ ընտրություններից մի քանի ամիս առաջ անջատվում է մայր օրգանիզմից ու ասում է «քաղաքական բանտարկյալներ կան երկրում»: Պարոն գեներալ, քանի որ բուն հարցերին չես պատասխանում, մի հասարակ հարց տամ.
- Քցենք, որ ժամանակին Սերժիկին չծառայեիր, ի՞նչ ես կարծում՝ քաղբանտարկյալների թիվը ավելի շատ կլինե՞ր, թե՞ քիչ, որ ժամանակին Ռոբիկին չծառայեիր՝ Մարտի մեկին ցուցարարներ գնդակահարելու էի՞ն, թե՞ չէ:

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Սկզբում փողոցում մարդկանց գնդակահարում են, հետո քաղաքական դաշտում` քննադատում:

Հովհաննես Սահակյան, Հանրապետական կուսակցության պատգամավոր

Էդ երբվանի՞ց է Սեյրան Օհանյանը հասկացել, որ քաղբանտարկյալներ կան: Բարդ է, երբ կարգավիճակի փոփոխությունը բերում է ուրիշ մտածելակերպի:
Երբևէ առիթ չեմ ունեցել Օհանյանի հետ խոսելու քաղբանտարկյալներին վերաբերող թեմայի մասին, բայց չեմ հիշում դեպք, երբ Օհանյանն իր իշխանության մեջ եղած ժամանակահատվածում ասած լինի, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան:
Ես ինքս եղել եմ Մարտի 1-ի հանձնաժողովի կազմում, փորձել ենք հասկակալ՝ որտե՞ղ են ոստիկաններն իրենց իրավունքները գերազանցել… Մենք հսկայական գործ ենք արել: Եթե համեմատենք 2008-2009 թթ. ոստիկանների և ներկայիս ոստիկանության մոտեցումները, կտեսնենք, որ իսկապես տարբերություն կա, և ահռելի գործ է արված: Եթե այդքան սրտացավ ու մտահոգ մարդիկ էին, լավ կլիներ՝ այն ժամանակ գործեին, միգուցե ավելի կբարելավվեր մեր երկիրը, մեր ոստիկանությունը, մեր ուժային կառույցները:

Նիկոլ Փաշինյան, Աժ ընդդիմադիր պատգամավոր

Վաղը, հավանաբար, նման հայտարարությամբ հանդես կգա նաև Հովիկ Աբրահամյանը: Դա ի՞նչ կփոխի քաղաքական իրավիճակում: Քաղբանտարկյալների մասին մենք չենք խոսել մեր հրաժարականից հետո: Պատահական չէ, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրված է. մեր հաղթանակի դեպքում քաղաքական հետապնդումները բացառվելու են:
14717 | 0