Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Մի օր էլ Սերժ Սարգսյանը կարող է հանդես գալ հայտարարությամբ և դուրս գալ ՀՀԿ-ից». արձագանքներ` Հովիկ Աբրահամյանի որոշման վերաբերյալ

չորեքշաբթի, 25 հունվարի, 2017 թ.
«Մի օր էլ Սերժ Սարգսյանը կարող է հանդես գալ հայտարարությամբ և դուրս գալ ՀՀԿ-ից». արձագանքներ` Հովիկ Աբրահամյանի որոշման վերաբերյալ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի շարքերը լքել է նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը` հայտարարելով, որ կուսակցությունից հեռանալու պատճառները կներկայացնի ավելի ուշ: Նրա այս քայլը շատերի համար անսպասելի էր: Այն մեծ իրարանցում է առաջացրել հատկապես քաղաքական գործիչների շրջանում: Ոմանք կարծում են, որ ընտրություններից առաջ վարչախմբի ներսում վերադասավորումներ են կատարվում: Իսկ ՀՀԿ պատգամավորներից ոմանք էլ հայտարարում են, որ «մեր երկիրն ազատ դեմոկրատական, և յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր քաղաքական ուղին»:

Այս թեման մեկնաբանել են`

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

2015-ի փետրվարին` քառյակի փլուզումից և Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո, Հովիկ Աբրահամյանն անգամ որպես կառավարության ղեկավար, վարչապետ, իր պաշտոնավարման հարցով բացառապես կախված էր Սերժ Սարգսյանի քաղաքական կամքից և ցանկությունից: Բավականին խոցելի էր նրա իշխանությունը և անցյալ տարվա 2 իրադարձություններն` ապրիլյան պատերազմը և Սասնա ծռերի գործողությունը, դրան էլ գումարած տնտեսական վիճակի մտահոգիչ կանխատեսումները, ընտրությունների նախաշեմին ուղղակի Սերժ Սարգսյանին թելադրում էին փոխել վարչապետ, փոփոխության հույսեր ու սպասումներ առաջացնելու առումներով:
Հովիկ Աբրահամյանը զրկվում է որևէ առանցքային պաշտոն զբաղեցնելու հեռանկարից, ենթադրում եմ նաև փակվել է նրա համար ԱԺ նախագահի պաշտոնը նույնպես: Բարձր հավակնություններ հաստատելու համար նրան մնում էր քաղաքական դաշտում այլ տիրույթներ փնտրելը, հատկապես երբ Գագիկ Ծառուկյանը գալու է և ապագա խորհրդարանական ընտրություններին դաշինք կազմելու հայտ է ներկայացրել, և այս պարագայում կարելի է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կմիանա այդ դաշտին:

Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ

Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ

Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալը ՀՀ քաղաքական դաշտում իրավիճակ է փոխելու, և իրավիճակ փոխողը, իմ կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունն է, որը տեսնելով, որ Հանրապետականը վարկաբեկված է և հանրային վատ ընկալում ունի, փորձում է գործի դնել իր պլան B-ն:
Ռուսներն այս ընտրություններում ևս գործի են դնելու իրենց ազդեցության տակ գտնվող բոլոր ուժերին՝ խնդիր ունենալով ոչ թե փոխել Սերժ Սարգսյանին, այլ հնարավորինս մեծացնել իրենց՝ առանց այն էլ ուժեղ ազդեցությունը նրա վրա։ Ամբողջությամբ Մոսկվաներում հրահանգավորվող քաղաքական գործիչները ապահովագրված չեն նման քայլերից։
Մի օր էլ Սերժ Սարգսյանը կարող է հանդես գալ հայտարարությամբ և դուրս գալ Հանրապետականից:

Լարիսա Ալավերդյան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ

Լարիսա Ալավերդյան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ

Հովիկ Աբրահամյանի դուրս գալը, ուրիշ տեղ մտնելը, եթե բոլորն ասում են, որ դա ուղղակի իմիտացիա է, ես կարծում եմ, որ կան խմբակային և անձնական շահեր, որոնք այդ նույն նյութական հողի վրա կարող են առաջացնել անհամաձայնություններ կամ ինչ-որ մեկի վիճակը, դիրքերը փոխվեն: Բայց պարզ է, որ այնպիսի անձ, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն է, չի կարող լինել ընդդիմություն:
Հովիկ Աբրահամյանը վաղուց ազգակցական կապեր ունի Գագիկ Ծառուկյանի հետ, հնարավոր է` միանա նրան, բայց դա էլի դուրս է քաղաքականությունից:

Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար

Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար

Սա Հովիկ Աբրահամյանի որոշման խնդիրն է: Մեր երկիրը ազատ դեմոկրատական երկիր է, և յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր քաղաքական գործընթացները: Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը խոսում է հենց դրա մասին: Սակայն, այն առայժմ ցանկություն է, որը հայտարարվել է:

Իզաբելլա Աբգարյան, բլոգեր

Իզաբելլա Աբգարյան, բլոգեր

Ո’չ Հովիկ Աբրահամյանին, ո’չ Սեյրան Օհանյանին, ո’չ էլ Գագիկ Ծառուկյանին որպես ընդդիմություն չեմ տեսնում։ Նրանցից ցանկացածը մտահոգ է միայն իր շահերի պաշտպանությամբ, այլապես վաղուց հրաժարական տված և Ազատության հրապարակում կանգնած կլինեին։ Բացի այդ, նույն որակի ու տեսակի են, ինչ ՀՀԿ-ականները:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ կուսակցության մամուլի խոսնակ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ կուսակցության մամուլի խոսնակ

Առաջին անգամը չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները, նաև նախկին պաշտոնյաներ, լքում են կուսակցությունը: Պարոն Աբրահամյանը նման որոշում է կայացրել, դա նրա իրավունքն է: Միջազգային պրակտիկայում էլ կան նման դեպքեր, երբ հայտնի քաղաքական գործիչները լքում են իրենց կուսակցությունները, այնպես որ մենք այստեղ արտառոց որևէ բան չենք տեսնում: Քանի դեռ նա ամբողջությամբ չի ներկայացրել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել, ավել բան չեմ կարող ասել:

Սարո Սարոյան, քաղաքագետ

Սարո Սարոյան, քաղաքագետ

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը Սերժ Սարգսյանի հետ հնարավոր պայմանավորվածության արդյունք է. այսպիսով փորձ է արվում և ՀՀԿ-ն «մաքրել» օլիգարխներից և քրեաօլիգարխիային ԱԺ մտցնել այլ ուժի միջոցով:
Վարչախմբի ներսում վերադասավորումներ են կատարվում: Եթե մենք փորձենք հիշել՝ կտեսնենք, որ նախորդ ընտրություններից առաջ ևս միշտ գնացել են նման վերադասավորումներ: Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ շարքերը լքելու փաստը դրանով է պայմանավորված:
Եվ այստեղ վարչախմբի հայտնի դեմքերը իրենց ապագան կառուցելու, որոշակի կարգավիճակում իրենց տեսնելու խնդիրն են լուծում: Դրան են միտված այն խմորումները, որ արդեն մի քանի ամիս է՝ գնում են: Վերադասավորումների գործընթացը սկսվել է դեռ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու փաստով և դրան հաջորդած մի քանի ամիսները անցումային շրջան էին: Հիմա մենք եկել ենք այն հանգրվանին, երբ կատարվում են այնպիսի քայլեր, որոնք խնդիր ունեն ինչ-որ մի ձևով ապահովելու քրեաօլիգարխիայի կարկառուն դեմքերի անցումը Ազգային ժողով: ՀՀԿ-ն բարձրագոչ հայտարարել է, թե մաքրում է իր շարքերը օլիգարխներից:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Իհարկե, համակրգի հենասյուներից մեկն է հեռանում և դա 1-ին վկայությունն է, որ իշխող համակարգն իսկապես հայտնվել է մի լիովին նոր իրավիճակում և կարծում եմ պայմանավորված չէ զուտ նախընտրական խնդիրներով: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հեռանալու, Գագիկ Ծառուկյանի գալու լուրերին, Աբրահամյանը հայտարարել է, որ ինքը մնում է քաղաքականության մեջ, այսինքն այդ հեռանալը միայն ՀՀԿ-ից է: Աբրահամյանի հեռացումը կարծում եմ սկսվեց 2015-ից, երբ նա դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ: Նրա քաղաքական կարգավիճակի նվազեցման գործընթացը սկսվեց հենց այդ ժամանակվանից:

Սամվել Մարտիրոսյան, մեդիափորձագետ

Սամվել Մարտիրոսյան, մեդիափորձագետ

Հայաստանում քաղաքական դաշտում դեռևս կուսակցություններն իրենց դասական տեսքով չեն ձևավորվել։ Գաղափարախոսություն, քաղաքական մոտեցումներ․ այս ամենը սպոնտան է, սիտուատիվ և չարտահայտված։ Այդ իսկ պատճառով ես ընդհանրապես ընդդիմություն բառը դեռ չէի կիրառի մեզ մոտ։ Մեզանում կան իշխանություն ունեցող, իշխանության ձգտող և աննպատակ քաղաքական ուժեր։ Նման դասակարգումով, ինձ թվում է, կարելի է մոտավորապես հասկանալ, թե ով ով է։ Ու որ պահին:

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ

Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը բոլոր համապետական ընտրություններին շտաբի պետն է եղել և որևէ մեկը չկա Հայաստանում, որ իրենից լավ տիրապետի ընտրակեղծարարության մեխանիզմին, թե որտեղ ով պետք է աշխատի, ինչ թիմերով: Ակնհայտ է, որ դա կորուստ է իշխանության համար: Այնպես չէ, որ ինքը միակն է և իշխանությունն առանց Հովիկ Աբրահամյանի միայն արդար, ազատ և թափանցիկ ընտրություն է անցկացնելու, բայց իր վարպետությունը, համոզված եմ, որևէ մեկը չի ունեցել:

16119 | 2