Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Սևամորթ տղամարդու ու հայուհու ամուսնությունը համացանցում դարձել է բուռն քննարկման թեմա

հինգշաբթի, 05 հունվարի, 2017 թ.
Սևամորթ տղամարդու ու հայուհու ամուսնությունը համացանցում դարձել է բուռն քննարկման թեմա
Համացանցում քննարկումների թեմա է դարձել հայ կնոջ ու սևամորթ տղամարդու հայկական տարազով ընտանեկան լուսանկարը, որն, ի դեպ, արդեն հեռացվել է տեղադրող ֆոտոստուդիայի կողմից: Օգտատերերի մի մասն, անդրադառնալով հայի գենի պահպանմանը, քննադատել է այդ ամուսնությունը, մի մասն էլ ողջունել է ու խառնամուսնության թեման դիտարկել այլ տեսանկյունից:
Այս թեման մեկնաբանել են`

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ
Նկարի տղամարդն ավելի հայ է, քան արյունով և գենով ենթադրաբար հայ Հայաստանի առաջին նախագահը, նրա ադեպտները կամ իշխանության այն մասնակիցներն ու երկրորդ էշելոնի պնակալեզները, որոնք համարում են, որ արժե «մի քիչ հող» տալ և դրանով «լուծել» ազգային խնդիրը: Չկան ազգային գեներ: Դրանք խառնվում են, լուծվում և տարրալուծվում: Մամիկոնյանները չինացի էին, Գրիգոր Լուսավորիչն ու ամենամեծ հայ թագավորները՝ պարսիկ, իսկ Տիգրան Մեծն ընդհանրապես իրեն հայ չէր էլ համարում: Իշխում էր մեծ կայսրության և հարյուր հազարներով այլ ազգերի էր տեղավորում Հայկական Լեռնաշխարհում: Պուշկինն էլ՝ կարծես ռուս չէր, այլ՝ եթովպացի, բայց ռուսական գրականության և մշակույթի խոշորագույն դեմքը դարձավ:
Գեները և արյունը չեն խոսում: Չունեն լեզու, կրոն, և ինքնագիտակցություն: Այդ ամենը բնակվում է միայն ուղեղի մեջ: Կա ազգային ինքնագիտակցություն: Իսկ դրանից վեր՝ գիտակցություն: Եվ այդ երկուսն էլ ոչ թե երակներով են հոսում, այլ՝ ուղեղում են գտնվում: Եթե գիտակցում ես, որ հայ ես, ուզում ես հայ լինել՝ ուրեմն հայ ես: Եթե գիտակցում ես, որ հայ ես և պատրաստ չես հայության հայրենիքից անգամ մեկ թիզ հող հանձնելու հայության ոչնչացմանը ձգտող թշնամուն՝ ուրեմն իսկական հայ ես: Շովինիստական, նացիստական և ռասիստական ձեր տխմարաբանությունները դատարկեք նրանց գլխին, ովքեր վաճառում են ձեր հայրենիքը և նրանց, ովքեր լռում են այդ առթիվ: Անպաշտպան, անհայտ և հիմա արդեն ազգային հարձակման ենթարկված այդ ընտանիքին հանգիստ թողեք: Ոհմակով հեշտ է հարձակվել խոցելիների վրա: Դժվարն իսկական գիշատիչների դեմ պայքարելն է:

Ալեն Սիմոնյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Ալեն Սիմոնյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ
Գեղեցիկ մարդկանց զույգ։ Աստված պահապան ձեր ընտանիքին։

Արթուր Եղիազարյան, ուսուցիչ, վերլուծաբան, փորձագետ

Արթուր Եղիազարյան, ուսուցիչ, վերլուծաբան, փորձագետ

Հայաստանում հատուկենտ բնակվող ու հայ կնոջ հետ օրինական ամուսնացած, իր ընտանիքը սիրող, կնոջ ազգության նկատմամբ առնվազն հարգանքով լցված, որի արդյունքում հայկական տարազով նկարվող ու իր որդուն Տիգրան անվանակոչող սևամորթն այնքան բացասական չի կարող ազդել հայկական գենոֆոնդի վրա, որքան այդ ընտանիքը քննադատող այն հայածին արարածները, որոնք ողջ օրը զվռնում են մաշկավեներական հիվանդությունների շտեմարան մարմնավաճառների հետ, իրենց լավ տղու տեղ դրած` զբաղվում են թմրամոլությամբ ու պլանքյաշությամբ, որոնք գլուխ են գովում անսահմանափակ ոգելից խմիչք կոնծելու առիթներով, որոնք ... մի խոսքով` հասկացաք:
Ես էլ չեմ խրախուսում խառնամուսնությունները, ավելին` հարգելով ամեն ազգի ու ռասայի ինքնատիպությունը` կոչ եմ անում հնարավորինս անաղարտ մնալ իրենց տեսակի մեջ, բայց երբևէ ազգային անվտանգության տեսակետից` վտանգ չեմ տեսել բացառիկ դեպքերի պարագայում: Եթե գենդ հզոր է ու զուլալ` ափին կանգնածի կողմից մի բաժակ այլ ջուր լցնելուց չպետք է վախենալ:
Ինչքան բուռունդուկ կա` իրեն ազգայնականի տեղ է դրել:
Սովորեք ազգայնականությունն ու ազգայնամոլությունն իրարից զանազանել ու անհեթեթ վայնասուններ չբարձրացնել այնտեղ, որտեղ առիթ չկա:

Սարգիս Հացպանյան, փորձագետ

Սարգիս Հացպանյան, փորձագետ
Հայուհու իբր թե սևամորթ տղամարդու հետ կազմած ու ինչու չգիտես` հին հայկական տարազներով համեմված «ընտանեկան» լուսանկարը խայտառակություն է, էլ չեմ ասում` փոքրիկն Տիգրանիկի մասին, որն, ըստ իս, մեր աննման արքայից արքայի անվանը պատիվ չի բերում...

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի
Եվ այսպես, երկու օր լռելուց հետո, ստիպված եմ ես էլ խոսել հայու գենի, հայու տեսակի մասին: «Լավ տղերքը» թասիբով, մեծ ճարպակալած մարմնով, լավ ուտել խմելուց հետո, ընդ որում հայու գենի, թասիբի կենացն անպակաս, բխկալով գալիս են տուն ու իրենց հայու գեն կնոջը ասում՝ ախչի արի ստե լը, սեղան քից, գիշերն էլ բոլոր տեսակի բույրեր արձակելով իրենց աղանդերն են ստանում նույն այդ կնոջից, առանց մեկ վայրկյան իսկ մտածելու, թե ինչ գենի ծնունդ են տալիս էդպես հարբած բխկալով: Էսպես ասելով վերջացանք, հայու գենի հետ միասին: Այս տղան սեղանի շուրջ ոտքի կկանգնի, երբ իր կինը ոտքի կանգնի և այս փոքրիկը, որ Տիգրան անունն է կրում, աշխարհին վաղը կպատմի իր անվան մասին: Նողկում եմ, խոսքի ազատությունը և ըստ երևույթին որևէ ազատություն հայու գենի համար խիստ վտանգավոր է, պիտի գլխներիդ բամփող լինի, որ ձեզ խելոք պահեք ու կարծիք չհայտնեք...

Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր

Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
Հարցը էդ զույգին չի վերաբերում: Պարզապես այդ ֆոտոսեսիան ՊԱՏՎԻՐՎԵԼ է հատուկ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ նպատակով, որպեսզի հարուցվի բանավեճ, որի վրա ՌԱՍԻԶՄԻ շառ կախել լինի, հաջորդ փուլում` ռասիզմի դեմ պայքարի լայն ալիք սարքվի, ու հիմնավորապես ծեփեն բոլոր նրանց բերանները, ովքեր դեմ են խառնամուսնություններին: Ու այդ ֆոնի վրա սանձազերծվի լայն քարոզչություն հօգուտ խառնամուսնությունների... Օվերթոնի պատուհանի հոտը չզգացի՞ք...

Կարինե Փանոսյան, կենդանիների պաշտպան

Կարինե Փանոսյան, կենդանիների պաշտպան
Մի ամբողջ ազգ ունենք՝ հայը հայի հետ ամուսնացած, Հայաստանում օտար մշակույթի մեջ ապրող, օտարածին երգեր լսող, օտար աստվածների դավանող, օտար ճարտարապետությամբ հիացող, հայրենիքում օտար լեզուներով «խոսող», բայց աչքներս ուրիշի կերտած երջանկության վրա է: Կարո՞ղ եք՝ ապրեք Ձեզ համար ու երջանիկ եղեք, չեք կարո՞ղ՝ ուրիշի ազնիվ բարքերի հետ գործ չունեք: Դուք չգիտեք, թե ինչքան հայ կարող է լինել օտարից ծնված կիսաօտար երեխան, Դուք Ձեզ հայ կերտեք, Ձեր երեխային հայ դաստիարակեք:
21248 | 18