Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Արձագանքներ՝ Մխիթարյանին 2016-ի Հայաստանի լավագույն մարզիկների ցանկում չներառելու շուրջ

չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2016 թ.
Արձագանքներ՝ Մխիթարյանին 2016-ի Հայաստանի լավագույն մարզիկների ցանկում չներառելու շուրջ

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան 2016-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում չի ներառել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Դա բուռն արձագանք է բարձրացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Խնդրին անդրադարձել է անգամ բրիտանական մամուլը։ Ներկայացնում ենք Մխիթարյանին լավագույնների ցանկում չներառելու շուրջ արձագանքները։

Այս թեման մեկնաբանել են`

Ռուբեն Հայրապետյան, ՀՖՖ նախագահ

Ռուբեն Հայրապետյան, ՀՖՖ նախագահ
Ավարտին է մոտենում հերթական մարզական տարին, որը լեցուն էր ինչպես փառահեղ հաղթանակներով և ձեռքբերումներով, այնպես էլ անհաջողություններով և բացթողումներով: Այս տարի ևս մեր լավագույն մարզիկներն էլ ավելի բարձրացրեցին մեր երկրի վարկանիշը, առավել ճանաչելի դարձրեցին մեր հայրենիքը, բազմիցս ստիպեցին հնչեցնել մեր օրհներգը, բարձր պահեցին մեր դրոշի պատիվը, միլիոններին «պարտադրեցին» արտասանել «հայ» և «Հայաստան» անունները, հետաքրքրվել Հայաստանով, ծանոթանալ և զարմանալ նրա պատմությամբ ու մշակույթով, իսկ շատերին անգամ այցելել Հայաստան: Այսինքն արեցին այն, ինչի համար աշխարհի բոլոր երկրները պայքարում են միջազգային մարզական ասպարեզում և ինչին հասնելու համար մեր մարզիկները քրտնաջան աշխատել են ոչ մեկ տարի: Բարձր գնահատականի և հարգանքի են արժանի նրանցից յուրաքանչյուրն՝ առանց խտրականության: Բայց և անուրանալի են Հենրիկ Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձև ֆուտբոլի ասպարեզում, որոնց մասին գիտեն բոլորը, որոնց արժեքի և կարևորության մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր վասալային տրամաբանությամբ ջանացել են լավագույն մարզիկների ցուցակի կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել: Սակայն այստեղ «վասալները» չեն, որ խնդիր են, նրանք միշտ էլ գտնվում են, այլ «ֆեոդալները», ովքեր զարմանալի համառությամբ և կուրությամբ չտեսնելու են տալիս ֆուտբոլը և ում թեթև ձեռքով իրականացվում է «լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ» «հանճարեղ» օպերացիան: Սա զուրկ է բարոյականությունից, և հենց նույն «բարոյականոթյամբ» էլ նույն չինովնիկներն, ովքեր այսպես արհամարհում և ստորադասում են ֆուտբոլը, որևէ իրավունք չունեն ֆուտբոլի մասին բառ անգամ խոսել: Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից: Շնորհավորելով մեր մարզիկներին, նրանց ընտանիքներին, մարզական աշխարհի բոլոր ներկայացուցիչնեին գալիք տոների կապակցությամբ՝ ցանկանում եմ առողջ՝ առանց վնասվածքների, նոր հաղթանակների և հաջողությունների տարի և թող մեր սպորտային ձեռքբերումներով մեր հայրենիքն էլ ավելի հզոր ու ուժեղ դառնա։

Յուրա Ալեքսանյան, Հայաստանի մարզական լրագորողների ֆեդերացիայի նախագահ

Յուրա Ալեքսանյան, Հայաստանի մարզական լրագորողների ֆեդերացիայի նախագահ
Հասկացա, բան չունեմ ասելու: Կեցցե Ռուբեն Հայրապետյանը: Նա ճիշտ նկատեց, որ Հենրիխ Մխիթարյանը չկա լավագույն տասնյակում, բայց չասաց՝ ում փոխարեն մտցնեինք: Տասնյակի անդամներից ինն աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոններ ու մրցանակակիրներ են, միայն տասներորդն է Եվրոպայի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի վարկանշային միավորը նվաճած, մեդալակիր մարզիկ է: Հենրիխ Մխիթարյանը մեր հանճարն է, մեր տաղանդն է, մեր աստվածն է, չգիտեմ մեր ինչն է: Եթե նա այս տարի 57-րդ տեղում է, մյուս տարի այս ժամանակ 20 լավագույնների մեջ կմտնի: Երկու տարի հետո Մեսսին, ինքը Ռոնալդոն կլինեն եռյակում: Ռուբեն Հայրապետյանին շնորհակալություն, հայհոյել է, թող ինձ էլ հայհոյի, շնորհակալ եմ, պրծավ, ինչի մասին է խոսքը: Եթե անբարոյականություն է, ինձ էլ է վիրավորել, ոչինչ, մարդ է, այդպես է ասել, լավ է արել: Թող ոչ ինձ հավատարմագրի, ոչ ստադիոն թողնի, ոչ էլ թույլ տա Հենրիխի հետ խոսեմ, ինչ ասեմ։ Մեսսին վատ ֆուտբոլիստ չէ, բայց Արգենտինայի մարզական լրագրողների ֆեդերացիան այս տարի թիվ մեկ մարզիկ է ճանաչել Դել Պոտրոյին, նա օլիմպիական խաղերի արծաթ է նվաճել թենիս մարզաձևից, հիմա ինչ է, Արգենտինայի 40 միլիոնը հարձակվում է լրագրողների վրա, թե ինչու Մեսսիին չե՞ք տվել, ախր լավագույն ֆուտբոլիստո՞վ է այդ անվանակարգը: Ամոթ չէ՞ Հենրիխի նման հանճարեղ ֆուտբոլիստին տասնյակ, հա տասնյակ: Եսիմ ինչ քաղաքական, անձնական շահեր են հետապնդում դեբիլները, դա նրանց անձնական գործն է, թող մեզ հետ գործ չունենան։

Բրիտանական մամուլ

Բրիտանական մամուլ
Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում Գերմանիայի փոխչեմպիոն հռչակվելուց և Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկությամբ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց, ինչպես նաև «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում անցկացրած վերջին երեք խաղերում 3 գոլ հեղինակելուց հետո զարմանալի է, որ Մխիթարյանը հայրենիքում նույնիսկ 10 լավագույն մարզիկների թվում չէ։

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող
Բայց ինձ թվում է, որ պետք չէ նեղսրտել, որ տարվա լավագույն մարզիկների ցանկի մեջ ֆուտբոլիստներ չեն ընդգրկվել: Եթե անկեղծ լինենք, ապա հայկական ֆուտբոլը (խոսքը ոչ թե առանձին ֆուտբոլիստների անհատական որակների, այլ ակումբային ու հատկապես հավաքականի մասին է) էս տարի խայտառակ արդյունքներ է գրանցել, կարելի է ասել մինչեւ վերջին խազը տապալվել է:

Զոհրապ Եգանյան, ՄԻՊ մամուլի խոսնակ

Զոհրապ Եգանյան, ՄԻՊ մամուլի խոսնակ
2016-ի լավագույն մարզիկը միանշանակ Արթուր Ալեքսանյանն է, նրան հաջորդում են Հենրիխ Մխիթարյանն ու Ռիո-2016-ի մեր մեդալակիները: Մնացած տեղերում հայտնվելը կարող է որպես մարզիկին ոգևորելու համար արված քայլ ընկալվել: Մեր համազգային հպարտությունների՝ Արթուրի ու Հենրիխի կողքին պետք է հայտնվեն այլ աստղեր, ինձ համար ցանկալի է, որ լինեն ֆուտբոլի ոլորտում, որ հաճախակի ուրախանալու առիթ ունենանք))

Լևոն Պաչաջյան, ֆուտբոլիստ

Լևոն Պաչաջյան, ֆուտբոլիստ
Էն լավագույն մարզիկ որոշող լրագրողներից ինչ կա:
Քարանձավ ա բան ա գտեք մտեք ու մեկ էլ մյուս տարի դուրս կգաք:
Չեք ուզում հասկանալ, որ ֆուտբոլը դա ավելին ա քան տիտղոսներն ու մեդալները... Դա ամեն 4-5 օրը մեկ ազգային ուրախություն ա! Դա արվեստ ա! Էդ խաղը կյանք ա ու մենք պետք ա ուրախ և հպարտ լինենք, որ ունենք ֆուտբոլիստ ով ամեն շաբաթ մեր երկրի անունը թնդացնում ա ամբողջ աշխարհով մեկ! Իսկ դուք...
8684 | 0