Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Քաղաքական և մշակութային գործիչները հիմնականում բացասական են արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին. քննարկում

երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2016 թ.
Քաղաքական և մշակութային գործիչները հիմնականում բացասական են արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին. քննարկում

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ 20-րդ համագումարին լայն արձագանք է գտել հասարակական-քաղաքական շրջանակներում: Ընդ որում, տեսակետները բավականին իրարամերժ են: Մի մասը կենտրոնացել է Տեր-Պետրոսյանի` Ալիևին ռացիոնալ մտածող գործիչ անվանելու շուրջ, ու հայտարարում է, որ առաջին նախագահը նաև օդում կախված թողեց, թե ում պատճառով է, որ խաղաղություն հաստատել չի ստացվում, մյուս մասն էլ արձանագրում է, որ Տեր-Պետրոսյանը շատ բարձր նշաձող սահմանեց ու մեսիջ ուղարկեց աշխարհին:

Այս թեման մեկնաբանել են`

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Երբ Տեր-Պետրոսյանն ընտանյոք հանդերձ կբնակվի ոչ թե Երևանի հայտնի սև ամրոցում, այլ Տավուշի մարզի որևէ սահմանամերձ գյուղում՝ հակառակորդի ուղիղ նավոդկայի տակ, այ, այդ դեպքում հետաքրքիր կլինի, թե ինչ տեքստեր կգրի Իլհամի ռացիոնալության մասին, երբ իր ընտանիքի գլխին թափվեն հակառակորդի արկերը։ Չար չեմ։ Ուղղակի ուզում եմ` աշխարհին միշտ բարձունքից նայած նախագահը մի անգամ էլ Ալիևի արկերի տակից նայի կյանքին։

Էդիկ Բաղդասարյան, լրագրող

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանին թվում է, թե յոթ շրջանները, նույնիսկ Ղարաբաղը հանձնի, Հայաստանում կյանքը փոխվելու է, առնվազն ծիծաղելի է։ Տասնամյակներ շարունակ ընտրությունները կեղծվել են, նաև նրա նախագահության օրոք, Հայաստանի հարստությունները հանձնվել են մի խումբ մարդկանց, նաև նրա նախագահ եղած ժամանակ։ Եւ հիմա մեր դժբախտությունների պատճառը, կարճ ասած, համարում է Ղարաբաղը։ Իսկ Հայաստանի այսօրվա վիճակի համար հավասարաչափ մեղավոր են և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը։ Միմյանց փոխանցելով իշխանությունը՝ ձևավորվել է այսպիսի անգաղափար «էլիտա», որն էլ ստեղծել է մի այնպիսի համակարգ, որտեղ միակ արժեքը փողն է։ Իսկ ժողովուրդը 25 տարի զբաղված է սահմանը պաշտպանելով և իր ապրուստի միջոցները մի կերպ հոգալով։ «Էլիտան» թալանել է ու հիմա էլ շարունակում է թալանել երկրի վերջին փշուրները։ Հինգ հազար դրամանոց ընտրող չի եղել Հայաստանում, Հայաստանում փողով ընտրություն չի եղել՝ այդ ամենն ստեղծեց Հայաստանի իշխանությունը, այսպես կոչված, «հայկական էլիտան»։ Ալիևի հետ բանակցելն ընդհանրապես անիմաստ է․ նա ցանկացած պայմանավորվածություն կխախտի։ Միջազգային կառույցները կամ խաղաղապահ ուժերն այսօր ոչ մի տեղ երաշխիք չեն կարող դառնալ՝ Սիրիան դրա լավագույն օրինակն է, աշխարհն առաջվանը չէ, ժամանակները փոխվել են և դժվար է ասել, թե եռացող տարածաշրջանում վաղը ինչեր կարող են տեղի ունենալ։ Ու մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է անկեղծ լինի ու ասի, որ 7 շրջանները տալուց հետո, ստիպված ենք լինելու Ղարաբաղն էլ տալ, որովհետև հնարավոր չի լինելու օղակի մեջ գտնվող Ղարաբաղը պահպանել, իսկ հետո էլ Սյունիքը պիտի տանք, որովհետև Թուրքիան ասելու է, որ պիտի սահման ունենա Ադրբեջանի հետ հենց ա՛յդ հատվածով․․․

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան

Եղածն ընդամենը երկու միտք չի՞...
Ազգ-բանակի գաղափարը փուչիկ է... Թե չէ էն մարդը, որը նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջ քաշեց այդ սիրուն գաղափարը, չգիտի, որ քարոզչական պարզունակ հնարք է բանեցրել, որի տակ բացի 1000 դրամից ուրիչ բան չկա...
Եթե Ղարաբաղի հարցը լուծենք, լավ կլինի... Թե չէ Հայաստանում ու Արցախում կա գեթ մի մարդ, որը այլ կերպ է մտածում...
Էս երկու պարզունակ թեզերը հիմնավորելու համար արժե՞ր արդյոք խորանալ մինչև 13-րդ դարի Մոնղոլիա, միջնադարյան Շվեյցարիա և 48 թվականի Իսրայել...

Ոսկան Սարգսյան, լրագրող

Հիանում եմ Հենրիխ Միթարյանի խաղով, բայց մի՞թե Շառլ Ազնավուրը, Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը մեր ազգի հպարտությունը չեն: Հենո՞ն է մեր ազգի հպարտության միակ «առարկան», ինչպես ասում է Լևոն-Տեր Պետրոսյանը: Առաջին նախագահն Ադրբեջանի ժողովրդին թալանած, այդ երկիրը բռնապետություն դարձրած, հայատյաց Իլհամ Ալիևին անվանել է ռացիոնալ մտածող պետական գործիչ: «Սայաթ-Նովա» կինոնկարում, երբ աշուղ Դոստին պարտվեց մրցույթում, կողքից ասացին՝ ծերացիլ ա: Աչքիս տարիքը Լևոն Տեր-Պետրոսյանին շատ է ազդել:

Գուրգեն Ասատրյան, ակտիվիստ

Համարենք, որ Լևոնը վատն ա, բայց լավ, թե վատ, մարդը լուծում ա առաջարկում, օրակարգ ա առաջարկում, իսկ դուք բացի հայհոյելուց ու նրա մտքերն ավաղաղելուց ի՞նչ եք անում ... Եթե ինքը սխալ ա, ձեր ճիշտն ասե՛ք, աչքներս կոխե՛ք ու ցույց տվեք այլ լուծման նախագիծ.. Տեր-Պետրոսյանը շատ բարձր նշաձող սահմանեց ու մեսիջ ուղարկեց աշխարհին:

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ

Միայն այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն այսքան բուռն արձագանքի է արժանանում, նշանակում է, որ նա մնում է քաղաքական օրակարգի բաղկացուցիչ: Տարիքն իսկապես կապ չունի: Ակնհայտ է, որ նրա կարծիքը կիսողներ կան հասարակության մեջ՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Բայց ակնհայտ է նաև, որ այդ կարծիքը կիսողները փոքրամասնություն են կազմում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Հաշվի առնելով մեր տարածաշրջանի վիճակը, Հայաստանին պետք է ազգ-բանակ, ռազմականացված պետություն, ամրոց-պետություն բառերով բնորոշվող միևնույն բովանդակությունը ենթադրող համակարգը: Որն իր մեջ ներառում է ոչ միայն ռազմական բաղադրիչ, այլ առաջին հերթին երկրում սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական բաղադրիչներ: Ուկրաինան էլ հրաժարվեց «ազատագրված հողերից»՝ միջուկային զենքից և գերհզորների կողմից երաշխիք ստացավ: Արդյունքը մեր առջև է՝ Ղրիմը ձեռքից գնաց, մնացածի համար էլ պայքարում է: Մեր պարագայում պայքարը ոչ թե ԼՂԻՄ տարածքի համար է լինելու՝ այն «պարկի» մեջ հայտնվելով շատ արագ կվերանա, այլ Հայաստանի Հանրապետության տարածքի: Արտագաղթի հետ կապված էլ: Իհարկե, չեմ կարող ժխտել, որ պատերազմի պատճառով բազմաթիվ մարդիկ արտագաղթեցին 90-ականների սկզբին: Բայց ժողովրդի ճնշող մեծամասնությունը ոչ միայն մնաց, այլ նաև չնայած սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին հերոսաբար պայքարեց և հաղթեց: Արտագաղթի մեծ ալիքը սկսվեց կռվից հետո՝ և դա ուներ բարոյա-հոգեբանական պատճառ՝ ինչպես հիմա: Եվ վերջում: Հողն ազատագրել է ժողովուրդն՝ իր զինվորների միջոցով և նրանք էլ պետք է որոշեն դրա ճակատագիրը: Գոնե մի քանի ամսվա առաջվա տվյալներով՝ ապրիլի տվյալներով, նրանք հանձնելու ոչ մի ցանկություն չունեն: Վկա Աբաջյանի խոսքերը:

Գևորգ Դարբինյան, ակտիվիստ

Լավ է, թե թե վատ, ընդունելի է, թե ոչ ընդունելի, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանը իրավիճակից կոնկրետ ելք է առաջարկում: Այսինքն՝ վերաառաջարկում: Ընդ որում՝ դա անում է ներկայիս շատ ավելի բևեռացված տրամադրությունների պայմանաներում՝ հետևաբար նաև լուրջ ռիսկի ենթարկելով թե իրեն և թե իր կուսակացությանը, այն էլ` ընտրություններից առաջ: Ինձ հետաքրքիր է` ինչ այլընտրանքային առաջարկներ են լինելու. նույնքան պարզ ու հստակ՝ մասսայական տրամադրությունների գերությունից դուրս: Եթե դա տեղի ունենա, կունենանք քաղաքական բանավեճ ու քաղաքականություն: Եթե ոչ՝ Տեր-Պետրոսյանը կվերածվի վերջնականապես չհասկացված իզգոյի, իսկ երկրի ճակատագիրը կշարունակի մատված մնալ ինքնահոսի, իներցիայի և ավելի մռայլ անորոշության:

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի

Եվ ոչ մեկի մտքով չի անցնում հարցնել՝ այ առաջին, ոչ բարով նախագահ, ի՞նչ իրավունքով ես որոշում և ինքնավստահ ու ամբիցիոզ տոնով հայտարարում մի այլ պետության, որի ոչ անկախությունն ես ճանաչել, ոչ քո պետությանն ես միավորել, շրջանները «փուլային» տարբերակով հանձնել մի այլ պետության: Եվ եթե նման բան պատահի հողագնդի վրա մի այլ տեղ, արդյո՞ք այդ մարդուն քրեական պատասխանատվության չեն ենթարի կամ քաղաքավարի չեն առաջնորդի հոգեբուժարան: Մի ազգ՝ երկու պետության օրինակները, որոնք լավ արդյունքի չեն հասել ամեն դեպքում, ունեցել են և ունեն ինքնուրույն բանակ, ինքնուրույն դրամական միավոր, ինքնուրույն պետական բյուդջե, ինքնուրույն տնտեսություն:
Մեր երկու «պետությունների» չեղած պետբյուջեն երկու ուռճացած վարչակազմ է պահում ու արտաքին պարտք կուտակում: Որքան կարող ենք ձեր այս անգրագետ ու վտանգավոր կամայականությունը հանդուրժել...
Այ, այ, այ առաջին, երկրորդ ու երրորդ լարախաղացներ:
10501 | 3