Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Սա մաս-մաս Հայաստանը Ռուսաստանին սկուտեղի վրա նվիրելու գործընթաց է». արձագանքներ` ռուսերենը որպես պետական երկրորդ լեզու ընդունելու վերաբերյալ

չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
«Սա մաս-մաս Հայաստանը Ռուսաստանին սկուտեղի վրա նվիրելու գործընթաց է». արձագանքներ` ռուսերենը որպես պետական երկրորդ լեզու ընդունելու վերաբերյալ
Քննարկումների լուրջ թեմա է դարձել Հայաստանում ռուսերենը որպես պետական երկրորդ լեզու ընդունելու հարցը: Առիթը հանդիսացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովայի հետևյալ հայտարարությունը. «Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզվին պետք է հատուկ՝ օրենսդրական կարգավիճակ տալ: Այս հարցը պետք է լինի ՌԴ արտաքին քաղաքական օրակարգում»:
Շատերը դեմ են` կարծելով, թե բացի մի քանի դեկանից, կողմ արտահայտվողներ չեն լինի, և որ որոշումը միտված է մեր պետականության հիմքերը խարխլելուն:
Այս թեման մեկնաբանել են`

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի
Մեկը մյուսի ետևից մարդկանց շոկի մեջ են գցում որոշումներ, դեպքեր` փաստելով, որ քսանութ տարի իզուր ենք ապրել, պայքար մղել, ինչ-ինչ հաջողությունների հասել կամ նահանջել` հուսալով, որ վաղը լավ կլինի: Պարզվում է, որ մեր վաղը մեր երեկն էր և որ վաղն ավելի սոսկալի է, քան երեկը: Մենք դուրս եկանք սովետի կազմից, որ ինքնիշխան պետություն ունենանք, պետական լեզու՝ հայերենը, երկրի ընդերքի տերը լինենք, աշխարհի երկրների հետ հարաբերվենք հավասարի իրավունքով, աշխարհին ներկայանանք մեր մշակույթով ու արժեքներով: Սովետի կազմում և՛ հայերեն գիտեինք և՛ ռուսերեն, հիմա ոչ՛ հայերեն, ոչ՛ ռուսերեն՝ վկա առաջին տիկնոջ խոսքը, ով պետական պաշտոնյա չէ, բայց ընդունված է, որ պետք է լինի օրինակ, չափանիշ հասարակության գոնե իգական հատվածի համար: Եվ է՛, քանի որ հենց նմանատիպ օրինակներն են բազմացել ու բազմանում: Մայրենի լեզուն տիրապետելը հիմք է շատ օտար լեզուներ տիրապետելու համար, բայց երբ չես կարող մտքերդ արտահայտել մայրենիով, այսինքն՝ չես մտածում հայերեն, ուրեմն կիսատ-պռատ ոչ միայն խոսում ես, այլ նաև կիսատ-պռատ մտածում: Դրամատուրգիական նյութերի, սցենարների մեջ օգտագործում են անհասկանալի լեզվական շփոթ ու անունը դնում, թե կերպարային են խոսում կամ այնպես ինչպես կյանքում: Մի անգամ ևս նայեք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը և աչքս մտցրեք մի բառ, որ հայերեն չի: Տուժե՞լ են արդյոք կերպարները դրանից կամ հավաստի՞ չեն, ճանաչելի՞ չեն: Բոլոր ոլորտներում թագավորում է անգրագիտությունը, մեծամիտ անգրագիտությունը:
Իսկ ինչ վերաբերում է ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելուն, մի գործընթաց է, որ լեզվի հետ այնքան էլ կապ չունի: Մարդիկ Հայաստանում խոսում են և կշարունակեն խոսել նույն անհասկանալի շփոթով՝ ոչ հայերեն, որ ռուսերեն, հիմա արդեն նաև ոչ էլ անգլերեն: Սա մաս-մաս Հայաստանը Ռուսաստանին սկուտեղի վրա նվիրելու գործընթաց է: Էլեկտրաէներգիան, գազը, օդը, բանակը, սահմանը, Արցախը, լեզուն, դրամական միավորը և ԼԵԶՈՒՆ: Սա մի ընթացք է, որ սկսվել է ու կգնա մինչև վերջ: Ու մենք, որպես հանրություն, տեր չենք կանգնում մեր ոչ մի բանին, նաև լեզվին: Ցավոք, վաղը պիտի ասենք՝ էրեգ լավ էր, քանց վուր էսօր ու գալիք սերունդները Սայաթ Նովային էլ չեն իմանա, որ մեջբերեն:
Փաստորեն ամեն ինչ իզու՞ր էր: Արցախյան պատերազմը, զոհերը, գրաված տարածքները, որ նույնպես հանձնում են, մեր զրկանքները, Անկախ Հայաստանը: Մի ամբողջ իզուր ապրած կյա՞նք: Հանձնում ենք, ամեն ինչ, ամեն ամեն ինչ... մի լեզու ունեինք ու մեր գրերը, դա էլ, դա էլ ենք հանձնում:

Անահիտ Բախշյան, մանկավարժ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Անահիտ Բախշյան, մանկավարժ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ
Շատ մի ուրախ ենք, որ ԵՏՄ անդամ ենք, մի բան էլ ռուսերենը սահմանադրորեն ամրագրե՞նք: Միտրոֆանովայի այդ հայտարարությունը, թե ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսաց լեզուն պետք է սահմանադրորեն ամրագրվի, ոչ այլ ինչ է, քան մեր երկրի ներքին քաղաքականությանը խառնվելը: Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` պետական լեզուն հայերենն է և այդպես էլ մնալու է և լինելու է: Միտրոֆանովան շատ մեծ ախորժակ ունի այդ առումով ու չգիտեմ, թե այդ երազն ինչի հետ է կապված, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իր շահերով է առաջնորդվում և ոչ թե նման անձանց նման անհեթեթ հայտարարություններով: Դա ուղղակի գռեհիկ հայտարարություն է, որը միտված է մեր պետականության հիմքերը խարխլելուն… մի խոսքով՝ ախորժակիդ քացախ:

Արտեմ Հարությունյան, բանաստեղծ, գրականագետ

Արտեմ Հարությունյան, բանաստեղծ, գրականագետ
Եթե պետք է, ռուսական դպրոցներ էլ կբացենք` հանուն ազգը փրկելու: Ասում եք` անկախություն ունենք, խեղճուկրակ մժղուկներ, բա եթե Ռուսաստանի հետ կապը չլինի, մի րոպեում կուլ կգնանք: Աղոթենք, որ ռուսները մեզ ընդունեն, աղոթենք և չգրգռենք:

Արծրուն Ավագյան, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արծրուն Ավագյան, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թե եթե երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսվում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ որ մեր տնտեսական և այսպես ասած ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ... Մենք արդեն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թե նահանգ, այնպես որ ներկայիս համաշխարհային հարաբերություններն այնպես են, որ մեծ տերությունները առանց մեկը մյուսի, առանց մյուս պետությունների չեն կարող գոյատևել:

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ
Դա վաղուց Ռուսաստանի պետական քաղաքականությունն է, այս մոտեցումը նորություն չէ, բայց հիմա գնալով ավելի կոնկրետացնում են: Էստեղ ունեն իրենց շահերը սպասարկողներ, ովքեր խոստումներ են տալիս, թե էսպես կլինի, էնպես կլինի: Սա ծրագիր է, սա հակաինքնիշխան, հակապետական ծրագիր է, որն իրենք փորձելու են իրականացնել: Թե որքանով կկարողանանք դրա դեմն առնել, մեզանից է կախված: Իրենք ուզում են ներթափանցել հետսովետական տարածքներ ու ամրացնել իրենց դիրքերը: Սակայն մեր Սահմանադրությամբ ու օրենքներով երբեք ռուսաց լեզուն չի դառնալու երկրորդ պետական լեզու Հայաստանում: Հայաստանի միակ պետական լեզուն հայերենն է:

Համլետ Աբրահամյան, օգտատեր

Համլետ Աբրահամյան, օգտատեր
Մի դանդալոշ ռուս մի հիմար բան է ասել ռուսաց լեզվի մասին, դողն ընկել է մեր ժողովրդի ջանը։
Անցել են այն ժամանակները, երբ մեզ կարող էին այս կամ այն լեզուն պարտադրել։ Մենք ունենք մեր լեզուն ու որ Տեր Աստվածն էլ իր բոլոր հրեշտակներով համահավաք գա ու ասի, որ թուրքերենը կամ ռուսերենը դարձրեք ձեր երկրի համար երկրորդ լեզու, հաստատ լսող չի լինելու բացի մի երկու դեկանից, բանից։ Հա դե, դեկան է, մի բան ասել է ու դուք էլ բանի տեղ եք գցում նրա ասածը։ Այդ որ դեկանի ասածն է իրականություն դարձել, որ այս մեկինը դառնա։

Գագիկ Մարտոյան, օգտատեր

Կա պարզապես «երկրորդ լեզու», «երրորդ լեզու» և այլն լեզու: Ըստ այդմ էլ, աշակերտին դպրոցում առաջարկում են օտար երկու լեզու, որից նա ընտրություն է կատարում, թե որը պետք է սովորի՝ ռուսերե՞ն օտար երկրորդ լեզուն, թե՞, ասենք, չինարեն օտար երկրորդ լեզուն: Ռուսներն էլ են երկու լեզու անցնում դպրոցներում՝ ռուսերեն և անգլերեն: Անգլերենն ինչո՞ւ չեն հռչակում որպես պետական երկրորդ լեզու: Չինացիներին և ճապոնացիներին, եթե հարցնես, թե ինչո՞ւ պետական երկու լեզու չունեն, կասեն՝ հո դուք հիմար չե՞ք, մենք երկու պետություն չունենք, որ երկու լեզու ունենանք: Չինացիները և ճապոնացիներն ինչո՞ւ իրենց գործը չեն հեշտացնում՝ բարդ հիերոգլիֆներից հրաժարվելով և լատինատառին անցնելով:
Որովհետև համարում են, որ դա իրենց պատմությունն է և որ հեշտին վազելով, իրենց լեզվից տարածք են զիջելու օտարին: Այսինքն, նրանք դրանով հարգում են ոչ միայն իրենց լեզուն, այլև, լեզուն հարգելով՝, իրենց պետականությունը և ուղղակի իրենք իրենց են հարգում: Երբեմն ինձ թվում է, որ դարերի ընթացքում մենք մեզ չհարգող, մեր սեփական պետությունն ունենալու գաղափարն ատող, անապագա հանրույթի ենք վերածվել: Դրանից էլ գալիս են մեր բոլոր - բոլոր դժբախտությունները:

Թորոս Ալեքսանյան, օգտատեր

Թորոս Ալեքսանյան, օգտատեր
Ինչու՞ պիտի Հայաստանում, որտեղ ընդամենը մի քանի հարյուր ռուս է բնակվում, ռուսերենը դառնա երկրորդ պետական լեզու, իսկ Ռուսաստանում, որտեղ 2,5 միլիոն հայ է բնակվում, նույնիսկ մեկ հայկական դպրոց պիտի չլինի: Անգամ մեր ոխերիմ թշնամիների երկրում` Թուրքիայում, 21 հայկական դպրոց կա, այն դեպքում, որ Թուրքիայում հայության քանակը մոտավորապես 35 անգամ քիչ է Ռուսաստանում ապրող հայերի քանակից...Վերջին հաշվով սպիտակ ցեղասպանությունը նույնպես ցեղասպանություն է, չէ՞ որ ռուսաստանաբնակ հայությունը ընդամենը մեկ սերունդ հետո կկորցնի իր ազգային ինքնությունը (առանց լեզվի իմացության չկա ազգային ինքնություն), ու երբ, որ կարծես, այդ մտքի հետ հաշտվել էինք արդեն, Կրեմլում նստած վիժվածքները անգամ դա քիչ համարեցին ու հիմա ռուսերենը դարձնում են Հայաստանի պետական լեզու, որպեսզի սպիտակ ցեղասպանությունը չսահմանափակվի միայն ռուսաստանաբնակ հայերով, այլ կիրառվի նաև հայաստանաբնակ հայերի նկատմամբ:

Արա Արայան, օգտատեր

Արա Արայան, օգտատեր
Ռուսաց լեզվի պահով, ուզում եմ երախտագիտությունս հայտնել ֆեյսբուքին և անձամբ ընկեր Ցուկերբերգին:
Երբ դեռ, էս արևմտյան սոց կայքերը չկային, կային մի քանի «հայկական» կայք-ֆորումներ, որոնք հիմնականում ռուսական համացանցի տիրույթներում էին գտնվում:
Այդ ֆորումներում, շփման լեզուն ռուսերենն ու լատինատառն «հայերենն» էին, մի տհաճ մթնոլորտ էր ինձ համար: Շփման ցանկություն կար, բայց ռուսախոս ու քաղքենի հայությունը, ուղղակի հունից հանում էր...
Հայոց լեզվի պահպանման հարցում ֆեյսբուքը ավելի մեծ գործ արեց, այս մի քանի տարիների ընթացքում, քան մեր բուհերն իրենց 50 դոլլարանոց դասախուսներով, աշոտյանա-դաշնակցական նախարարության մասին էլ չխոսենք:
Հա, մի բան էլ ռուսական դպրոցներում սովորածների մասին.
Իմ շրջապատում նման մարդիկ շատ են եղել:
Նեղանալ չլինի, բայց այդ մարդիկ, միշտ կիսաֆաբրիկատի տպավորություն են ինձ մոտ թողել: Հայրենասիրական մղումներով դա չեմ ասում: Շատերը նկատած կլինեն, պահի տակ, այդ մարդիկ ամորֆ երևույթների են նմանվում, ոչ ռուս են, ոչ հայ, գլոբալիստ լինելու մասին չխոսենք, ռուսերենով գլոբալիստ դառնալ հնարավոր չէ, ռուսական աշխարհը միշտ առաջադեմ մարդկության հետևից է գնալու, судьба такая...
Եվ այս ռուսախոս հայությունը թերի է, թե ռուսական միջավայրում, թե հայկական, թե Լոսում, թե Մոսկվայում ու Երևանում: Ռուսական միջավայրում հենց զգում են ռուսի սառնությունն ու թաքնված շովինիզմը, սկսում են հիշել հայկական արմատների մասին: Հայկական միջավայրում նեղվելուց, սկսում են ընդգծված ռուսերեն խոսել և թերագնահատել հայկականը...
Կրկնում եմ, ամենևին հայենասիրական ու «ֆիդայական» մղումներով չեմ ասում այս խոսքերը, պարզ ու նուրբ հոգեբանական պահեր են, որոնք նկատելի են:
Հայկական կրթություն եմ ստացել, բայց երբեք չեմ նեղվել ռուսերենից, թե ռուսախոս հայերի հետ շփվելիս, թե հրեաների, թե հենց ռուսների հետ շփվելիս:
Իսկ հայոց լեզուն գովեստի կարիք չունի, մեր լեզուն մի ֆանտաստիկ կոդ է, համեմված մեր հետաքրքիր պատմությունով, մեր տարածքի համ ու հոտով, մեր մեծերի լավ մտքերով:
Փորձեք սեր խոստովանել հայերենով, հետո ռուսերենով, տարբերությունը սրտով կզգաք...
Մեր լեզվի մեջ արև շատ կա, արևոտ է հայերենը...
Սիրում եմ քեզ հայոց լեզու:
23027 | 1