Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Հեռուստատեսային խոսքն իր ոչ հայեցի հնչերանգով վիրավորում է լսողությունս». կարծիքներ` հեռուստաեթերի որակի մասին

երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
«Հեռուստատեսային խոսքն իր ոչ հայեցի հնչերանգով վիրավորում է լսողությունս». կարծիքներ` հեռուստաեթերի որակի մասին

Հայկական հեռուստատեսության 60-ամյակի առթիվ խնդիրների ու բացթողումների մասին են բարձրաձայնում հեռուստատեսության նախկին ու ներկա աշխատակիցները, ոլորտի խնդիրներով մտահոգ արվեստագետները, մտավորականներն ու պաշտոնատար անձինք: Հեռուստատեսության մատուցած այսօրվա հաղորդումների որակը շատերին չի գոհացնում, հեռուստաեթերից հնչող ոչ կիրթ և գրագետ խոսքը, անբովանդակ հաղորդաշարերն ու ցածրորակ սերիալները հատկապես շատ են մտահոգում հայկական հեռուստատեսությունում երկար տարիներ իրենց ավանդը ներդրած անձանց:

Այս թեման մեկնաբանել են`

Աիդա Ներսիսյան, հեռուստահաղորդավարուհի

Աիդա Ներսիսյան, հեռուստահաղորդավարուհի

Ուզում եմ վերջակետ դրվի հայերենասպան քաղաքականությանը, ռաբիսի պրոպագանդմանը, հազար ու մի աննյութ ու անբովանդակ հաղորդումներին ու` բռնություն, անբարոյականություն քարոզող սերիալներին: Եվ, վերջապես, ուզում եմ վերականգնված տեսնել հեռուստատեսության հեղինակությունը, նրա գեղեցիկ, դասական ավանդույթները, որոնց շնորհիվ էկրանից հնչած յուրաքանչյուր խոսք արժեք ուներ և որոնց շնորհիվ հեռուստատեսությունն ապրեց իր ոսկե ժամանակաշրջանը:

Կարեն Քոչարյան, ռեժիսոր, հաղորդավար

Կարեն Քոչարյան, ռեժիսոր, հաղորդավար

Հեռուստատեսության խնդիրը կրթելն է նույնիսկ զվարժալի հաղորդումների միջոցով: «3-րդ ալիք» հաղորդումն այն էր, ինչ այսօր պակասում է մեր հեռուստատեսային աշխարհում: Դա լկտի հումոր չէր, և անգամ երգիծանքի մեջ ուսուցողական ինչ որ բան կար: Շատերն ասում են` ինտերնետը կվերացնի հեռուստատեսությունը, ոʹչ, չի վերացնի, հեռուստատեսությունը եղել է, կա ու կլինի միշտ: Ամեն ինչ ասված և արված է, պետք է պարզապես կարողանալ պահպանել և ավելի զարգացնել հանուն վաղվա հեռուստատեսության: Ես հավատում եմ, որ վաղվա հեռուստատեսությունը պետք է լինի ավելի հարուստ և բովանդակալից:

Աննա Հեքեքյան, բեմական խոսքի վարպետ, ռեժիսոր

Աննա Հեքեքյան, բեմական խոսքի վարպետ, ռեժիսոր

Հեռուստատեսային շատ վատ խոսքն ու հնչերանգն ազդում է հասարակության վրա: Այսօր հեռուստատեսային խոսքն իր ոչ հայեցի հնչերանգով վիրավորում է լսողությունս: Անհասկանալի պարսկա-նյույորքյան հնչերանգը, որը հնչեցնում են, արդեն ներմուծվել է մեր երեխաների ուղեղների մեջ: Եթե այսօր հեռուստատեսությունն իր վրա է վերցրել կրթելու ու դաստիարակելու գիծը, ապա պարտավոր է ստեղծել բարի, ազնիվ հերոս: Բայց մենք այսօր ֆիլմեր ենք տեսնում, որտեղ «բարի հերոսն» անպայման հանցագործ բառապաշարով է խոսում: Նրանց հանցագործ ժարգոնը գալիս է հանցագործ սցենարից, որն էլ գրվում է հեռուստատեսային պահանջարկով: Հնարավոր չէ՞ լուրջ ֆիլմեր նկարել հայ արվեստագետների մասին: Գուցե ինչ որ մեկի համար ծիծաղելի կհնչի, բայց թող Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները նկարեն: Մեր կյանքն այնքան կարճ է, որ ժամանակը վատնել տարբեր ցածրորակ բաների վրա պարզապես ափսոս է:

Վարդուհի Սիմոնյան, մեդիափորձագետ

Վարդուհի Սիմոնյան, մեդիափորձագետ

Հեռուստացույցը խաղալիք չէ և ոչ էլ պարզ կենցաղային սարք: Հեռուստացույցը դարձել է մեր նյարդային համակարգի մասը: Ուստի, ամենևին էլ մի զարմացեք հետևյալ նախազգուշացումից. «Հայկական հեռուստաալիքների վրա «լողացող» ձեր հեռուստացույցը մի օր էլ կարող է ուտել ձեզ կամ, ներեցեք, ձեր երեխաներին»: Ասել, թե հայրենի իշխանությունը հատուկ է սնում այդ TV-վամպիրին մեզ վերջնականապես սպանելու համար, հաստատ սուտ կլինի: Ուղղակի ձեռքներին կա մի գործիք, որի մասին խիստ մոտավոր պատկերացում ունեն. իսկ գուցե դա ակա՞ն է, դետեկտո՞ր, կամ էլ ուղղակի նվագարա՞ն: Ի վերջո, ի՞նչ է հեռուստատեսությունը, ինչպե՞ս այն բանեցնել: Այս պայմաններում հարազատ կառավարությանը հասկանալ և ներել է պետք: Ովքեր համաձայն չեն սրա հետ, թող մի պահ պատկերացնեն, որ, ասենք, ձեռք են գցել մի տիեզերանավ: Պատկերացրի՞ք: Դե, հիմա անկեղծորեն ասեք՝ ճի՞շտ կլինի, որ ես հենց հիմա գամ, հարմար տեղավորվեմ դրա մեջ և պահանջեմ, որ դուք ինձ նվազագույնը Մարս մոլորակ հասցնեք: Արդար չի, չէ՞: Այնպես որ, մտածեք հայկական հեռուստաաշխարհից բողոքելուց առաջ և, ի սեր Աստծո, մի համեմատեք այն ուրիշ աշխարհների հետ, ուր եթերի «էկոլոգիայի» խնդիրն իր հետ բերել է հազարավոր նոր գիտություններ ու առաջավոր տեխնոլոգիաներ:

Մարինե Պետրոսյան, գրող, հրապարակախոս

Մարինե Պետրոսյան, գրող, հրապարակախոս

Հեռուստատեսությունը փոխելու գործում շեշտը դրվում է սահմանափակումների վրա, ինչը ոչ թե լավացնում է դրա որակը, այլ ավելի վատացնում: Հեռուստատեսությունում չպետք է արգելվի ոչ մի տեսակի հումոր՝ սև, այսօրվա իրականությունը սարկազմի տեսանկյունից վեր հանող կամ ոչ հեշտ մարսելի: Արգելելու, սահմանափակելու նեգատիվը միայն բացասական արդյունքների է հանգեցնում:

Հաղթանակ Շահումյան, ՀՀ վաստակավոր նկարիչ

Հաղթանակ Շահումյան, ՀՀ վաստակավոր նկարիչ

Եթե չլինի կոպիտ հումորը, հեռուստասերալներից հանվեն բռնությունը, էրոտիկ տեսարանները, դրանից հեռուստաեթերի որակը կբարձրանա:

Արևիկ Ուդումյան, հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր

Արևիկ Ուդումյան, հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր

Ուզենք, թե չուզենք գնում է դեպի սելեկտիվ հեռուստատեսություն: Դա մի բան է, որը մեզ հնարավորություն է տալիս չնայել գովազդներ, մեր ցանկացած ժամանակահատվածը տրամադրել, և նայել այն, ինչ մենք ուզում ենք: Ոլորտում սխալները շատ շատ են: Շատ են նաև լրագրողների կողմից սխալները, յուրաքանչյուր տարի այնքան շատ լրագրողներ են շուկա գալիս, և զարմանում ես, որ մարդիկ, ովքեր կես տարի առաջ լրիվ այլ գործով էին զբաղվում, պատահաբար դարձան լրագրող:

Խորեն Լևոնյան, դերասան

Խորեն Լևոնյան, դերասան

Դժգոհող յուրաքանչյուր քաղաքացի, միևնույն է, գնում է, նայում է հեռուստացույց, հետո գնում, հարևանների հետ կիսվում են, և բոլորով բարձրացնում են, ինչքան տխմար բան կա, դրա վարկանիշը: Ներսից, իհարկե, ավելի ուրիշ տեսակ ես նայում ամենին: Իմ հայացքները շատ հաճախ, երևի 90 տոկոսով, չեն համապատասխանում հեռուստատեսության հետ: Ինչ վերաբերում է հեռուստատեսության ճգնաժամին, իսկ որտե՞ղ, բացի հեռուստատեսությունից, ճգնաժամ չունենք: Ես անձամբ այդպիսի ոլորտ չեմ ճանաչում, կլինեն մի քանի սպորտային կառույցներ, որ ճգնաժամ չեն ապրում, մնացածը ճգնաժամի մեջ են, ժողովրդի վիճակն է այդպիսին: Հեռուստատեսությունները թող ճգնաժամից դուրս գան, բայց ոչ թե սերիալների և ծիծաղեցնող անմակարդակ հաղորդումների շնորհիվ:

Հայկ Բաբուխանյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Հայկ Բաբուխանյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Հեռուստատեսությունն ունի բազում ֆունկցիաներ, որի մեջ մտնում են ուսումնադաստիարակչական, հասարակական կարծիքի ձևավորման, մշակութային և այլ տեսակի ազդեցություններ ունեցող գործառույթներ: Ինչ խոսք հանրությունը այսօր պահանջ ունի, որպեսզի բարձրացվի հանրային հեռուստաընկերության որակը, մակարդակը, ավելանան հայրենասիրական, ազգային միասնության մթնոլորտ ձևավորող հաղորդումները, վերականգնվի հեռուստաթատրոնը, ավելանան մանկական հաղորդումները, մուլտֆիլմները և առհասարակ պետք է գավառամտությունից հասնել լայնախոհության: Կրկնօրինակվող ֆիլմերի ցանկի ընտրությունը պետք է համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին, օրինակ, ֆիլմերը, որոնք ներկայացվում են հայերեն լեզվով, շատ հաճախ ցածրորակ են, դաստիարակում են ցածր բարքեր, հնչում են հայերեն թարգմանությամբ հայհոյանքներ և այլն: Հեռուստատեսությամբ լուսաբանվող լուրերը Հ1-ում լավ կլինի հնչեն ավելի պրոֆեսիոնալ, նորությունները տրամադրվեն համակարգված ձևով, ինչը մինչ այժմ բացակայում էր, լուսաբանվեն ոլորտների խնդիրները, այլ ոչ թե իրադարձությունները: Սերիալները մեր հասարակության մեջ ձևավորում են հարաբերություներ, ստեղծում են տրամադրություներ, իսկ անչափահասների շրջանակում ցանկություն է առաջանում կրնօրինակել սերիալում հնչած արտահայտությունների և բառապաշարը, ինչի հետ կապված պետք է չափազանց ուշադիր լինել:

17111 | 2