Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«ԱՄՆ-ում գոնե նախագահի մակարդակով տեղի ունեցավ իշխանափոխություն». արձագանքներ` Դոնալդ Թրամփի հաղթանակի վերաբերյալ

հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Հակառակ բոլոր կանխատեսումների` նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն, ով անհրաժեշտ 270 կոլեգիալ ձայների փոխարեն հավաքել է 276 ձայն` դառնալով երկրի 45-րդ նախագահ:
Այս թեման մեկնաբանել են`

Նարեկ Գալստյան, քաղաքագետ

Նարեկ Գալստյան, քաղաքագետ
Թրամփի հաղթանակն այնքան էլ անակնկալ չէր: Հատկապես վերջին վերլուծությունների արդյունքները վկայում էին այդպիսի արդյունք գրանցելու մասին: ԱՄՆ-ում, ընդհանրապես, այս վերջին նախագահական ընտրությունների արդյունքները բավական հետաքրքիր էին և շուրջ մեկ տարի հետևում էինք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում ամերիկյան ընտրական դաշտում: Հավանական էր, որ այսպիսի արդյունք կլիներ:

Արա Պապյան, քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար

Արա Պապյան, քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար

Ընտրություններն արտացոլում են ԱՄՆ ժողովրդի քաղաքական ցանկությունները: Որևէ մեկը կասկած չունի, որ դրանք օրինական են եղել, որ դրանք արդար են և այլն, դա միանշանակ է: Ուրիշ բան, որ քաղաքագետների մեծ մասի համար, դատելով նրանց վերլուծություններից, դա անսպասելի էր:
Այս ամենը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ ժողովրդավարական երկիր: Որևէ մեկի մտքով չի անցնում, որ կառավարող կուսակցությունը՝ դեմոկրատների նախագահը, ինչ-որ ձևով միջամտեր ընտրություններին: Սա ամերիկյան ժողովրդի հաղթանակն է, բայց աշխարհի համար ի՞նչ հետևանքներ կունենա, մի փոքր պետք է սպասենք, երբ Թրամփն ավելի կհստակեցնի իր արտաքին քաղաքական գիծը:

Ստեփան Գրիգորյան, քաղաքագետ

Ստեփան Գրիգորյան, քաղաքագետ
Թրամփի ընտրվելու հետ կապված բացի բացասականից, նաև դրական կողմեր կան: Թրամփը Պուտինին դրական մեսիջներ է ուղարկել, Պուտինը պատրաստ է նրա հետ համագործակցել, որն այնքան էլ վատ չէ: Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը փոքր երկրների համար շատ կարևոր է, այդ թվում նաև Հայաստանի համար: Չեմ ասում, որ վաղն ամեն ինչ կփոխվի և բարեկամ երկրներ կդառնան Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, բայց գոնե հարաբերությունների վատթարացման պրոցեսը կկանգնի:
Դոնալդ Թրամփն ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցում որոշ փոփոխություններ կիրականացնի՝ մասնավորապես Մերձավոր Արևելքի երկրների, ՆԱՏՕ-ի ֆինանսավորման, Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

ԱՄՆ-ն այն երկիրն է, որի նախագահն ինչքան էլ օրիգինալ մարդ լինի, խաղի կանոնները կհարգի: ԱՄՆ-ում տիրող համակարգն իր ազդեցությունը կունենա Թրամփի քաղաքականության վրա: Այնուամենայնիվ, այո՛, Թրամփը կարող է անսպասելի քայլեր անել՝ օրինակ կապված Մերձավոր Արևելքի հետ: Ես չեմ կարծում, որ նա հրամայի, որ դադարեցնեն ակտիվ միջամտությունը այդ երկրների կյանքում: Չեմ բացառում նաև, որ հակված կլինի Չինաստանի հետ ոչ թե հակադրության գնալ, այլ հակառակը՝ բարելավելու: Սակայն, եվրոպական երկրների համար, Դոնալդ Թրամփի ընտրությունը խնդիր է, քանի որ նա հակված չէ աշխատել ԵՄ-ի հետ: Այստեղ տարբեր խաղացողների համար կան տարբեր վտանգներ՝ Թրամփը առանձնահատուկ վերաբերմունք ունի ՆԱՏՕ-ին, իսկ մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մեծ մասը ԱՄՆ-ն է տալիս:

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

ԱՄՆ նախընտրական ու ընտրական պրոցեսները ցույց տվեցին, որ ԱՄՆ քաղաքական էստաբլիշմենթն իր վատագույն շրջանն է անցնում 21-րդ դարում: Քաղաքացիները հոգնել են ստեղծված իրավիճակից և այս ընտրություններով ամրագրեցին, որ քաղաքական էլիտան բավականին հեռացել է իրենցից:


Մեծամասնությունը նախընտրեց ռասիստ ու ֆաշիստ, միլիարդատեր Թրամփին ու դրանով ապտակեց քաղաքական ողջ դաշտին:


Իմ համար ԱՄՆ թեկնածուներից հոգեհարազատը Բըրնի Սանդերսն էր, ով չդարձավ դեմոկրատների թեկնածուն:
Եթե նայենք մեր տեսանկյունից` թե Քլինտոնը, թե Թրամփը Հայաստանի համար ցանկալի թեկնածուներ չէին, երկուսն էլ մեր թշնամիների բարեկամներն էին, իսկ Թրամփի հարաբերությունները և թուրք-ադրբեջանական, և ռուսական կողմի հետ շատ լավ են, որը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար: Մի հայտնի խոսք կա. երբ շան ու կատվի մեջ դաշինք է ձևավորվում, ապա դա ուղղված է խոհարարի դեմ: Էնպես որ ռուս-թուրքական տանդեմի դեմն առնող ԱՄՆ-ն միգուցե թուլացնի իր դիրքերը ու դա վատ կլինի հենց մեր համար:
Ամեն դեպքում ԱՄՆ-ն այն երկիրն է, որ ընտրութուններն արտացոլում են երկրի քաղաքացիների շահերը, մենք պետք է մտածենք մեր երկրի մասին: Մեր երկրիը շարունակում է ղեկավարվել ՀՀԿ կողմից, մեզ առաջնայինը պետք է սա հուզի:

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան

Շատ զարմանալի է հայաստանցի որոշ հանրապետականների ոգևորությունը ամերիկացի հանրապետականի հաղթանակի կապակցությամբ... Իրողությունն այն է, որ Ամերիկայում գոնե նախագահի մակարդակով տեղի ունեցավ իշխանափոխություն... Տարոսը Հայաստանին...

Սուրեն Սարգսյան, քաղաքագետ

Հանրապետական թեկնածուն իր արտաքին քաղաքական պատկերացումների մասին բավականին քիչ է խոսել: Ռուսաստանի, Չինաստանի հետ հարաբերությունների մասին է խոսել, ինչպես նաև գլոբալ քաղաքական խնդիրների մասին: Խոսել է նաև Միացյալ Նահանգների բարեկամ երկրների մասին և նրանց մասին, ովքեր իրենց չեն պահում բարեկամին վայել և ԱՄՆ-ի շահերի դեմ որոշակի գործողություններ են կատարում: Դա ասելով Թրամփը նկատի է ունեցել Թուրքիան և Սաուդյան Արաբիան, այսինքն՝ այս առումով, քանի որ Թուրքիայի հարցում որոշակիություն կա տարածաշրջանում, կարող ենք որոշակի բաներ պատկերացնել, սակայն կրկին հստակ պատկերացում չենք կարող ունենալ, թե ինչպիսին կարող է լինել Թրամփի քաղաքականությունը տարածաշրջանում:

Դոնալդ Թրամփը աննախատեսելի մարդ է, չնայած ԱՄՆ-ում պետական համակարգը գործում է, ինչի շնորհիվ նախագահը չի կարող միանձնյա որոշումներ կայացնել:

Շավարշ Քոչարյան, ԱԳ փոխնախարար

Շավարշ Քոչարյան, ԱԳ փոխնախարար
ԱՄՆ պետքարտուղարությունը կայուն կառույց է, այդ պատճառով խնդիր չէ, եթե անգամ Թրամփը, որպես թեկնածու, սպառիչ չի խոսել Արցախի հարցի շուրջ: Տեսնենք, թե ինչ քաղաքականություն նա կվարի, երբ ստանձնի պաշտոնը: Անհանգստանալ պետք չէ, բայց հարկավոր է միշտ աշխատել:

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Եթե նույնիսկ Հայաստանում զարգացում չլինի, ապա տարածաշրջանային զարգացում անպայման կլինի: Հաշվի առնելով Թրամփի լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ, բիզնես կապերը և այլն, դժվար է ասել` Հայաստանում փոփոխություններ կլինեն, թե՞ ոչ: Դրա համար էլ, կարծում եմ, որ տեղի կունենա միայն տարածաշրջանային զարգացում և փոփոխություններ կգրանցվեն արտաքին քաղաքականությունում: Նախընտրական քարոզչության ժամանակ պարզ երևաց, որ Թրամփը ինքնամեկուսացվելու նպատակ ունի, կամաց-կամաց կարծես փորձում է ինքնամեկուսացվել: Դոնալդ Թրամփի դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը կմնա այնպես, ինչպես այսօր է: Մի շարք նահանգներ նորից կճանաչեն Ցեղասպանությունն, այնպես որ այս հարցում էլ փոփոխոթյուն տեղի չի ունենա:

Զոհրապ Եգանյան, ՀՀ ՄԻՊ մամուլի խոսնակ

Զոհրապ Եգանյան, ՀՀ ՄԻՊ մամուլի խոսնակ

Իսկ ինձ թվում է` կապ չունի, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը, քանզի այստեղ գործում է համակարգ ու արդեն հաշված է ամեն քայլ մոտակա 10-15 տարիների համար:

10237 | 0