Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Նրան ոչ միայն պետք է պաշտոնանկ անել, այլ կիլոմետրերով հեռու պահել համակարգից». կարծիքներ` Լևոն Ալթունյանի հայտարարության մասին

կիրակի, 06 նոյեմբերի, 2016 թ.

ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի այն հայտարարությունը, որ ինքը չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով և նոր ուսումնասիրություններ կատարել այդ հիվանդանոցներում, քննրկումների առիթ դարձավ: Շատերին զայրացրեց նորանշանակ նախարարի` «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»,- նման մեկնաբանությունը: Ոմանք կարծում են, որ նման պահվածքի համար առնվազն պետք է պաշտոնանկ անել նախարարին և հեռու պահել համակարգից:

Այս թեման մեկնաբանել են`

Կարեն Քոչարյան, քաղտեխնոլոգ

Կարեն Քոչարյան, քաղտեխնոլոգ

Դիմում եմ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին. «Հարգելի պարոն վարչապետ, այսօր առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի պատասխանը ոչնչով չի տարբերվում Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի, Սուրիկ Խաչատրյանի և այլոց պահվածքից, որոնց համար մարդու կյանքը իրենց բիզնեսին (տվյալ դեպքում ապահովագրական բիզնեսին) խթանող կամ խոչընդոտող հանգամանք է: Որոշ ժամանակ առաջ Դուք հայտարարեցիք, որ կառավարությունը շատ ծանր բեռ է վերցրել` համաձայն եմ, բայց այդ ծանր բեռից Լևոն Ալթունյանը, ոնց-որ շատ արագ գրիժա է ստացել: Խնդրում եմ Ձեզ, օգնել այդ մարդուն և հնարավորինս արագ ազատել իրեն այդ բեռից:

Փայլակ Ֆահրադյան, լրագրող

Փայլակ Ֆահրադյան, լրագրող

Առողջապահության նախարար Ալթունյան Լևոնին ոչ միայն պետք է պաշտոնանկ անել, այլ կիլոմետրերով հեռու պահել համակարգից: Այս մարդը ցինիզմով է զբաղված: Մեկ առիթով ասել էի, որ ճիշտ կանի մոտեցումները փոխի, հակառակ դեպքում իր որդու կատարումներն անգամ չեն փրկի իրեն: Եկավ նաև այդ օրը...

Գագիկ Համբարյան, օգտատեր

Գագիկ Համբարյան, օգտատեր

Մեր «министр здравоохранения»-ն զավեշտալի կերպար է:


Վաղուց էր պարզ, որ Կարեն Կարապետյանի կառավարության խնդրահարույց նախարարներից մեկը` առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է...Առողջապահության սույն մենեջերը ի սկզբանե աչքի ընկավ իր ցինիկ պահվածքով՝ բոլորին վերևից էր նայում և դասեր տալիս...Այնպիսի տպավորություն էր, որ Լ. Ալթունյանը ժամանել է ԱՄՆ-ից և ինչ-որ Նիգերում կամ Բուրկինա-Ֆասոյում նախարար է նշանակվել...Սակայն այս պահվածքն արդեն վերջն էր: Հետաքրքիր է, իսկ Ալթունյանը նույն պատասխանը կտար, եթե նույն խնդրի հետ հենց իր ընտանիքը առնչվեր...Անմակարդակ նախարարը չի հասկանում, որ իր պահվածքով վիրավորում է բոլորիս...


Պարզվեց, որ նախարար Լևոն Ալթունյանի համար մարդը տարրական անասուն է, քանի որ նա մարդկանց հաշվում է գլխաքանակով... Լրագրողների մյուս հարցին, որը վերաբերվում էր իր 8 խորհրդական ունենալու հանգամանքին, անլիարժեքության բարդույթով տառապող министр здравоохранения-ն պատասխանել է. «Ես այսօր կհաշվեմ դրանք և մենք կանդրադառնանք դրան մեր մյուս հանդիպմանը»...Եթե այս ինքնահավանի խորհրդականները մի փոքր ինքնասիրություն ունենան վաղը ևեթ իրենց հրաժարականի դիմումները կշպրտեն նրա երեսին, որ իմանա թե «դրանք»-ը ով են...Կամ ո՞վ է դրան թույլ տվել,որ պետբյուջեի հաշվին այդքան խորհրդականներ պահի, որ նույնիսկ չի էլ հիշում, թե քանիսն են նրանք...Նաև հետաքրքիր է, թե այդ բոլոր խորհրդականները բժշկական կրթություն ունե՞ն...

Հրաչ Մկրտչյան, լրագրող

Դա նույնն է, եթե մշակույթի նախարարն ասի, որ իրեն չի հետաքրքրում մեկ, երկու պատմամշակութային արժեքի ոչնչացումը, գյուղնախարարը՝ մեկ, երկու կարկտահարությունը, արտգործնախարարն էլ՝ մեկ, երկու դիվանագիտական ձախողումը: Լևոն Ալթունյանը փաստորեն կոմպետենտ առողջապահության նախարար չէ, քանի որ նա ոչ միայն պետք է մտահոգ լիներ յուրաքանչյուր ծննդկանի մահվան փաստով, այլև յուրաքանչյուր դժբախտ դեպքից հետո պետք է կոնկրետ հետևություն աներ, որպեսզի նման դեպքերը բացառվեն:

Կարեն Կարապետյան, ՀՀ վարչապետ

Կարեն Կարապետյան, ՀՀ վարչապետ

Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել… իսկ ես համարում եմ նրան լավ մարդ, բարոյական մարդ, որպես պոտենցյալ կառավարիչ, ով կարող է առողջապահության համակարգում փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն և ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն:

Լևոն Ալթունյան, Առողջապահության նորանշանակ նախարար

Լևոն Ալթունյան, Առողջապահության նորանշանակ նախարար

Ես ափսոսում եմ, որ այլ ենթատեքստում ասված իմ խոսքերը սխալ մեկնաբանությունների տեղիք են տվել։ Իհարկե, ցանկացած մահվան դեպք, առավել ևս մայրական մահացության դեպքերն ինձ համար խիստ ցավալի են։ Սակայն, ես մնում եմ իմ այն կարծիքին, որ առողջապահության նախարարը չպետք է զբաղվի նման դեպքերով, քանի նախարարությունը վերահսկող, քննչական և պատժիչ գործառույթներ չունի։ Դրա համար կան համապատասխան մարմիններ:

25467 | 4