Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Այս պահից արդեն հույս կա, որ հայ մշակույթը կփրկվի». արձագանքներ` Արմեն Ամիրյանի մշակույթի նախարար նշանակվելու վերաբերյալ

չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
«Այս պահից արդեն հույս կա, որ հայ մշակույթը կփրկվի». արձագանքներ` Արմեն Ամիրյանի մշակույթի նախարար նշանակվելու վերաբերյալ

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում` Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի նշանակումը մշակույթի գործիչների մոտ նոր հույսեր ու սպասելիքներ է արթնացրել: Անդրադառնալով նշանակմանը՝ շատերը հույս են հայտնել, որ հայ մշակույթը փրկվելու հնարավորություն ունի: Մինչդեռ, ոմանք գտնում են, նախկին նախարարը այնպիսի բարբարոսությունների հեղինակ դարձավ, որոնց հետևանքները դեռ երկար կհիշեցնեն իրենց մասին, իսկ Արմեն Ամիրյանի ընտրությունը բոլորովին էլ հաջող չէ:

Այս թեման մեկնաբանել են`

Սուրեն Շահվերդյան, ռեժիսոր

Այսօրվանից հայ մշակույթը փրկվելու շանս ունի...
Բավականաչափ լավ ճանաչում եմ Արմեն Ամիրյանին և կարող եմ ասել, որ նրա նշանակումը շատ ճիշտ որոշում էր: Ինձ համար կարևորն այն է, որ նա ճաշակով, բանիմաց, գրագետ մարդ է և կարծում եմ` շատ բան կփոխի մշակույթի ոլորտում: Ոչ մի համեմատություն Հասմիկ Պողոսյանի հետ: Ես կարծում եմ, որ այս 10 տարիներին մեր մշակույթն ուղղակի անդունդին է հասել, ճահիճի մեջ է և այսօր երևի շատ մշակույթի գործիչներ են ուրախ այս որոշմամբ, որովհետև հասկանում են, որ այս պահից արդեն հույս կա, որ հայ մշակույթը կփրկվի: Ես անձամբ այսօր SMS եմ արել Հասմիկ Պողոսյանին, և նա կարդացել է:

Էդուարդ Զորիկյան, երգահան

Մինչև սերունդ չփոխվի, գողացողի հոգեբանությունը չփոխվի, ում էլ նշանակեն՝ բան չի փոխվելու: Ամիրյանին չեմ ճանաչում, գիտեմ Հանրային ռադիոն է ղեկավարել, հաղորդավար է եղել, բայց, իրոք չեմ ճանաչում, չգիտեմ՝ կկարողանա՞ ղեկավարել, չի կարողանա, չեմ կարող ասել:


Պիտի ազնիվ մարդ լինի, ձեռքը չտանի բյուջեն գռփելու նպատակով: Ինձ թվում է՝ ընդամենն այն գումարները, որոնք նախատեսվում են կոնկրետ մշակույթի տարբեր ոլորտների համար, թատրոններ, թանգարաններ և այլն, այնպիսի մարդ պետք է լինի, որ չգողանա, գող չպիտի լինի: Չգիտեմ՝ այդպիսի մարդ մնացե՞լ է Հայաստանում, այն էլ այդ սերնդի մեջ, որովհետև այդ սերունդը լույս գողացող սերունդ է, ես էլ նրանց հետ միասին: Մեր սերունդը լույս գողացող սերունդ է եղել, «զդաչի» չտվող, այ էն կոպեկը՝ մանրը չտվող սերունդ է եղել: Մեր սերունդն ապուշ-ապուշ լոզունգներ գոռալով, բայց գործարանից, թատրոնից, ամեն տեղից գողացող սերունդ է եղել, գող սերունդ է եղել: Էդ բանվորի ու գյուղացու երկիր չէր, գողի երկիր էր:

Գագիկ Գինոսյան, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր

Նմանատիպ մարդն է արժանի զբաղեցնելու մշակույթի նախարարի պաշտոնը: Նա և´ ադմինիստրատիվ ռեսուրս ունի, և´ կառվարման փորձառություն ունի, և´ ազգային նկարագիր ունի, և´ իր ղեկավարած «Հանրային ռադիոն» երբևէ ապազգային և ցածրաճաշակ հաղորդում եթեր չի հեռարձակել` ի տարբերություն և´«Հանրային Հեռուստատեսության» և շատուշատ լրատվամիջոցների: Բացի այդ, Արմեն Ամիրյանը լավագույնս ճանչում է նաև ազգային մշակույթը:

Հովիկ Չարխչյան, գրող, գրականագետ

Հասմիկ Պողոսյանին ազատելու որոշումը շատ ուշացած քայլ է: Այդ կինն այնպիսի բարբարոսությունների հեղինակ դարձավ, որոնց հետևանքները դեռ երկար կհիշեցնեն իրենց մասին: Իսկ Արմեն Ամիրյանի ընտրությունը բոլորովին էլ հաջող չէ:

Արմեն Մովսիսյան, երգահան

Հայ երկիրը որ փրկենք, կհասնենք նաև մշակույթի մասնակի հարցին...

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ

Չգիտեմ ինչի, բայց գոհունակության նոտաներ են նկատվում այն փաստի առթիվ, թե մշակույթի նախարարը փոխվել է և այդ տեսանկյունից մշակույթի համար իբրև թե զարգացման խթաններ կարող են առաջանալ:
Պետք է հիասթափեցնեմ, մշակույթի նախարարությունն ընդհանրապես կապ չունի մշակույթի զարգացման հետ և ընդհանուր առմամբ այդպիսի գործառույթ էլ չունի և չի էլ կարող ունենալ:
Դա որոշակի վարչական պաշտոն է, իսկ առաջադրված խնդիրներն էլ գտնվում են մշակույթի հետ առնչվող, բայց բոլորովին այլ տիրույթում:
Մշակույթ զարգացնողներն այն գրողներն են, որոնց մենք չենք կարդում, երաժիշտներն ու նկարիչները և ի վերջո մշակույթի թերևս կարևորագույն պլացդարմը՝ թատրոնը:
Ես համոզված եմ` այդպիսի նախարարության կարիք չկա և երբեք չի էլ եղել, դա հավելյալ ծախս է՝ դրված քաղաքացիների վզակոթին:

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի

Մշակույթը շատ ընդգրկուն բառ է: Դա նաև քաղաքակրթություն է, պահվածք, հասարակության մտածելակերպ, հագ ու կապ և այլ դրսևորույթներ: Եթե մշակույթ ասելով նկատի ունեք միայն արվեստն ու այն ստեղծողներին, միշտ էլ կա ու եղել է՝ լավն ու վատը, բարձրորակն ու գռեհիկը, տաղանդավորն ու ապաշնորհը: Փրկել ասելով, եթե նկատի ունեք, որ նախարարին փոխելով կարող ենք հուսալ, որ համատարած արվեստի տաղանդավոր գործեր պիտի ստեղծվեն կամ գոնե պիտի ակնկալենք, որ կստեղծվեն, պիտի հուսախաբ անեմ ձեզ:
21294 | 1