Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Քննարկումներ

Արձագանքներ` թուրքական ուժերի` Սիրիա ներխուժման մասին

Արձագանքներ` թուրքական ուժերի` Սիրիա ներխուժման մասին

Վերջին օրերին քաղաքական դաշտում առավել քննարկող և մտահոգող հարցը շարունակում է մնալ թուրքական օդուժի ու տանկերի ներխուժումը Սիրիա: Ի՞նչ նպատակ է այն իրականում հետապնդում, ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա իրավիճակը և ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա: Այս հարցերն են մտահոգում հանրությանն ու քաղաքական գործիչներին:

Այս թեման մեկնաբանել են`

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագիտության դոկտոր

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագիտության դոկտոր

Թուրքական ներխուժումն, անշուշտ, միջազգային բոլոր օրենքների և կանոնների ոտնահարում է, ագրեսիայի ակտ, որոնք, սակայն, ամենևին կարևոր չեն իրական քաղաքականության մեջ:


Քրդերը Սիրիայի հյուսիսում արդեն քրդական պետություն էին ստեղծում՝ միավորելով քրդական երեք կանտոնները՝ Ջեզիրեն, Կոբանին և Աֆրինը: Հենց Կոբանիի և Աֆրինի միավորումը թույլ չտալու համար է, որ իբրև թե Իսլամական Պետության դեմ պայքարելու համար Թուրքիան զորքեր մտցրեց Սիրիայի տարածք: Թուրքիան այնտեղ երկար մնալու պլաններ ունի անպայման և ամենևին չեմ զարմանա, եթե Ջարաբլուսն ընդհանրապես բռնակցվի Թուրքիային՝ քրդական պետության ծրագրում մշտական աշխարհագրական սեպ խրելու համար:


Իրավիճակը հանգուցալուծում չի ունենա: Այնքան ժամանակ, որքան գոյություն ունի Թուրքիան՝ քրդերն այլևս պայքարելու են անկախության համար: Սիրիայից նույնպես նրանք որևէ տեղ չեն գնալու: Եվ քրդական պետությունը նրանց անմոռանալի երազն է այլևս: Ռոջավան՝ Սիրիայի դեռևս չստեղծված քրդական պետությունը, Արցախի պես մի հիմնախնդիր է այլևս, որ չունի այլ լուծում՝ քան ռազմական լիակատար ոչնչացումը կողմերից մեկի համար, կամ ուղղակի մասնակից երեք կողմերից մեկի, կամ երկուսի կազմաքանդումը:


Սա նախևառաջ դաս պետք է լինի այն հայերի և բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք անրջում են, թե Հայաստանի Արցախի մարզի միջազգային ճանաչումը կամ Ադրբեջանի կողմից կարգավիճակի ճանաչումը կլուծի Արցախի խնդիրը:

Արման Մելիքյան, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար

Արման Մելիքյան, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ձգտելու է ներկայիս Սիրիայի հյուսիսում ստեղծել տեղի թուրքոմանների ինքնավարություն կամ, գուցե անգամ, անկախ պետություն, ինչպես նաև ոչնչացնել կամ վտարել Հալեպի և հարակից շրջանների հայությանը: Թուրքիան նաև տարածքային խնդիրներ է ունեցել ասադյան Սիրիայի հետ, որոնք այժմ կարող են իրենց վերջնական լուծումը ստանալ թուրքական տարբերակով: Սրանք են պաշտոնական Անկարայի կողմից Սիրիայի կազմաքանդման միտումով իրականացվող ռազմական գործողությունների հիմնական նպատակները, որոնք կարող են քողարկվել միանգամայն այլ՝ զուտ քարոզչական հռետորաբանության միջոցով:


Դատելով զարգացումներից` կարելի է պնդել, որ այսօր նախագահ Ասադը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ նա կամ պետք է համաձայնի Սիրիայի մասնատման մոտալուտ հեռանկարի հետ և դադարեցնի դիմադրությունն այն հույսով, որ գուցե իրեն թույլ տան իշխանության մնալ սիրիական պետությունից մնացած բեկորներից մեկում՝ դառնալով միմիայն ալավիների առաջնորդը, կամ էլ արժանանալ Սադդամ Հուսեյնի և Մուամմար Քադդաֆիի ճակատագրին:


Հարավային Կովկասում այս իրադարձությունների արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տա, սակայն ես հիմքեր չունեմ վստահ լինելու, որ հայկական իշխող շրջանակներն ունակ են իրենց հաշիվ տալ, թե ինչպիսի նոր մարտահրավերների է բախվելու Հայաստանը շատ մոտ ապագայում:

Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակի ազդեցություն է ունենում սիրիական հակամարտության վրա, ի ցույց դնելով, թե ինչպես են ազդում հակամարտություններում ներգրավված մեծ խաղացողների շահերը ավելի փոքր կողմերի վրա:


Անցած տարվա նոյեմբերի դրությամբ սիրիական հակամարտությունում ներգրավված Թուրքիան ու Ռուսաստանը հանդես էին գալիս հակառակ բևեռներում: Մասնավորապես, Թուրքիան, մաս կազմելով Սիրիայում և Իրաքում ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի, պայքար էր մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, միևնույն ժամանակ, աջակցելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր ուժերին: Բացի սա, Թուրքիան հստակորեն հասկացնում էր, որ թույլ չի տա Սիրիայում քրդական ինքնավարության ձևավորումը: Ռուսաստանն, իր հերթին, ներգրավվելով սիրիական հակամարտությանն անցած տարվա սեպտեմբերից, հայտարարեց «Իսլամական պետության» դեմ պայքարի և նախագահ Ասադին ցուցաբերվող աջակցության մասին: Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի առճակատումը հանգեցրեց 2015 թվականի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցմանը, ինչը կտրուկ սրեց Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
Ստեղծված լարվածությունը պահպանվեց 2015-ի նոյեմբերից մինչև 2016-ի ամառը, որի ընթացքում կողմերը, մասնավորապես սիրիական հակամարտության «շրջանակներում», հանդես եկան միմյանց քննադատող-դատապարտող հայտարարություններով և միմյանց շահերին հակասող նախագծերով: Այդպիսի նախագծերից էր քրդական ինքնավարության ստեղծումը Սիրիայի հյուսիսում, ինչի հեղինակը, թեև կարելի է ասել, Միացյալ Նահանգներն է, բայց Մոսկվան ակտիվ ջանքեր էր գործադրում այդ հարցում ընթացիկ տարվա սկզբին:

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը սեփական խաղն է տանում առաջ, որը բացարձակ չի համապատասխանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից տարվող քաղաքականությանը... ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իր օդային տարածքը տրամադրում է Ռուսաստանին, որի արտաքին քաղաքականությունը, հատկապես Սիրիայում բացահայտ հակաՆԱՏՕյական է...
Հետաքրքիր է, թե այս ամենին ինչպես են պատասխանելու Վաշինգտոնից և Բրյուսելից... Հիշեցնեմ, որ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին, երբ թուրքական ռազմական ինքնաթիռը Սիրիայի օդային տարածքում խոցեց ռուսական СУ-24 ինքնաթիռը, առաջինը Թուրքիային աջակցելու հայտարարությամբ հանդես եկան ՆԱՏՕ-ն և Վաշինգտոնը, որոնք նախազգուշացրեցին ՌԴ-ին կտրուկ քայլերի չդիմել Անկարայի նկատմամբ... Իսկ հիմա Անկարան գնում է բացահայտ առճակատման իր դաշնակիցների նկատմամբ...

Ֆրանսուա Օլանդ, Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսուա Օլանդ, Ֆրանսիայի նախագահ

Հյուսիսային Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները հակամարտության էսկալացիայի վտանգ են պարունակում:


Կոչ եմ անում դադարեցնել մարտական գործողություններն ու վերադառնալ խաղաղ բանակցությունների:


Ռազմական գործողություններին Ռուսաստանի մասնակցությունը Բաշար Ասադի կողմից ու Թուրքիայի ռազմական գործողությունը հիվանդության ընդհանուր սրման սպառնալիք են պարունակում:

Պենտագոնի տարածած հայտարարություն

Պենտագոնի տարածած հայտարարություն

Մենք ուզում ենք հստակեցնել` այն տարածքներում, որտեղ չկան ԴԱԻՇ-ի ահաբեկիչներ, այդ բախումներն անընդունելի են և մեծ անհանգստություն են առաջացնում: ԱՄՆ-ն ներգրավված չէ այդ գործողություններում, դրանք համաձայնեցված չեն ԱՄՆ-ի հետ, և մենք չենք աջակցում դրանց:

The Wall Street Journal պարբերական

The Wall Street Journal պարբերական

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում հանկարծակիի են բերել ԱՄՆ-ին:


Երբ Թուրքիայի բանակն անցած շաբաթ սկսեց առաջխաղացումը դեպի Սիրիա, Պենտագոնը պաշտոնապես հավանության արժանացրեց այդ գործողությունը՝ հայտնելով Վաշինգթոնի և Անկարայի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:
Վաշինգթոնի և Անկարայի գործողությունների համաձայնեցման խախտումն ուժեղացնում է նրանց միջև հարաբերությունների լարվածությունը, որն առաջացել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ի հայտ եկած տարաձայնությունների արդյունքում;
Անկարայի պլանի համաձայն` թուրքական ստորաբաժանումները պետք է մտնեին սիրիական Ջարաբլուս ամերիկացիների հետ միասին, որոնք կկոորդինացնեին օդային հարվածներն ու սիրիական ընդդիմության գործողությունները:


Անցած շաբաթվա սկզբին Պենտագոնը, որը հավանության էր արժանացրել այդ պլանը, Սպիտակ տան հետ սկսեց քննարկել ապագա գործողությունների մանրամասները: Պենտագոնը փորձում էր համոզել Անկարային ժամանակ տալ ԱՄՆ-ին, բացի այդ, ԱՄՆ-ն ձգտում էր այնպես անել, որ քրդերը հեռանան այն տարածքից, որտեղ գործելու էին թուրք զինվորականները:
Օգոստոսի 23-ի երեկոյան Սպիտակ տունը հայտարարեց հաջորդ օրը Պենտագոնի առաջարկները դիտարկելու մտադրության մասին: Սակայն գիշերը Թուրքիան գրոհեց Սիրիայի հյուսիսում՝ տեղյակ չպահելով այդ մասին Վաշինգթոնին:

Հալեպի «Գանձասար» թերթ

Թուրքական բանակը շարունակում է շրջանցել միջազգային օրենքներն ու Սիրիայի իշխանությանը` ԴԱԻՇ-ին հարվածելու պատրվակով ռմբակոծելով Հալեպի հյուսիսային մի շարք գյուղեր, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել: Իրականությունն այն է, որ նրանք ռմբակոծում են շրջանների բնակչությանը: Թուրքիան իր դաշնակիցների հետ միասին ձևացնում է, թե պայքարում է ահաբեկչության դեմ, բայց ռազմական ներխուժում է իրականացնում սիրիական հողեր` առանց Սիրիայի կառավարության հավանության:

12123 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am