Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Սասնա ծռեր» խումբը վայր դրեց զենքերը. հանրության արձագանքը

երկուշաբթի, 01 օգոստոսի, 2016 թ.
«Սասնա ծռեր» խումբը վայր դրեց զենքերը. հանրության արձագանքը
Հուլիսի 17-ից` մոտ երկու շաբաթ ծավալված գործողությունները հանգուցալուծվեցին: «Սասնա ծռեր» խումբը վայր դրեց զենքերը` կոչ անելով ժողովրդին` չդավաճանել իրենց ընդվզմանն ու շարունակել պայքարը.
«Ունենք երկու տարբերակ` մարտի բռնվել գրոհող ոստիկանության ու այլ ծառայողների հետ ու երկուստեք կորուստներ ունենալ, երկրորդ` չգնալ արյունահեղության, շարունակել պայքարը` ռազմագերու կարգավիճակով: Որոշեցինք վերջին կարգավիճակը:
Մենք մեր կյանքը համարում ենք մի կողմ դրած, բայց ժողովուրդը պետք է շարունակի պայքարը, մենք նահատակներ ենք, բայց դուք պետք է պայքարեք, մենք չպետք է ինչ-որ երկրի գուբերնիա դառնանք, ձեր ոգին թող անկոտրում լինի, երբեք 1 մմ չընկճվեք, ոչ մահից վախեցեք, ոչ բանտից, այն ժողովուրդը, որ չի վախենում մահից ու բանտից, արդեն հաղթել է: Շարունակեք պայքարը, մենք այնտեղից սրտատրոփ սպասելու ենք ձեր հաղթանակին, հանկարծ չդավաճանեք մեր ընդվզմանը, չի կարելի դավաճանել այսքան ամեն ինչին, որ եղավ, մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդը մեզ չի դավաճանի»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:
Այս թեման մեկնաբանել են`

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Սասնա Ծռերը չեն հանձնվել, նրանք մեզ հանձնել են պայքարելու պատգամն ու հերթը:
Սասնա Ծռերը ռազմագերի են հռչակել իրենց: Ինչո՞ւ: Որպեսզի մենք ինքներս մեզ հարց տանք՝ ո՞ւմ ռազմագերիներն են նրանք՝ Հայաստանի՞... Ոչ: Նրանք Հայաստանը զավթած ռուսական չեկիստների ռազմագերիներն են, որովհետև նրանք հայտարարել են ազգային-ազատագրական պայքար զավթիչների դեմ: Չմոռանանք դա ոչ մի պահ և հիշենք, որ մեր ռազմագերիներին մենք պետք է ազատագրենք: Իսկ դա հնարավոր կլինի միայն մեր Հայրենիքն օտար լծից ազատագրելուց հետո: Սա է նրանց պատգամը և մեր ազգային ծրագիրը:

Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի

Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի
Սա կանխատեսելի էր ու սպասելի, բայց ամենայն անկեղծությամբ հայտարարում եմ, որ ես վերջապես գտա իմ հերոսներին (ամաչում եմ, որ մինչ այդ իրենց մասին չեմ իմացել):
Պավլիկյանները (Սասնա Ծռերը) դարձան իմ հերոսը և էս համատարած ծախու երևույթների ու գաղջ մթնոլորտում դուք դարձաք իմ հույսը, որ դեռ ամեն ինչ կորած չէ:
Ես վերջապես գտա այն միակին, ում կուզեի տեսնել Բ26-ում (ափսոս, որ այսուհետև դա դառնում է անհնարին), դա Վարուժանն Ավետիսյանն էր
(ամաչում եմ, որ մինչև հիմա չեմ ճանաչել):
Ու շնորհակալություն նրանց, որ իրենց ազատության գնով մեր աչքերը բաց արեցին բազմաթիվ հարցերում ու շատերի նկատմամբ:
Մաղթում եմ քաջ առողջություն ու համբերություն, մինչև «մարտիրոսները» մի օր ավելի դաժան սա կանեն ու կփոխեն ամեն ինչ, մենք էլ ձեր լավության տակից դուրս կգանք:

Հակոբ Բադալյան, մեկնաբան

Հակոբ Բադալյան, մեկնաբան

Սասնա ծռերը կատարեցին մի քայլ, որը չափազանց պատասխանատու էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Նրանք կանխեցին հետագա արնահեղությունը, հստակ գիտակցելով, որ այդ արնահեղությունն այլևս միայն ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակին չէր առնչվելու, այլ լինելու էր պարզապես Հայաստանի ինքնիշխանության վերջին թելի կտրումը, երբ «մկրատը» ձեռքին սպասում էին նրանք, ովքեր հրապարակավ դժգոհում էին Հայաստանում արնահեղություն թույլ չտալու կոչերից:


Սասնա ծռերը հանձնվեցին Հայաստանի կյանքը փրկելու համար, Հայաստանի ապագաղութացման պայքարի հեռանկարը փրկելու համար:

Լիլիթ Գալստյան, ԱԺ նախկին պատգամավոր

Լիլիթ Գալստյան, ԱԺ նախկին պատգամավոր
Կարծում եմ, սա ստեղծված իրավիճակում ամենախոհեմ որոշումն էր՝ հետագա արյունահեղությունից, ներազգային բախումից ու առճակատումից խուսափելու, ինչպես նաև ներքին համախոհությամբ համազգային ուժերի լարումով այնպիսի խաղաղ լուծումներ գտնելու համար, որոնց պահանջը մեր ժողովուրդն ու երկիրն իսկապես ունեն:
Մենք ժողովրդին բարոյական սթրեսների ու հուսահատության տանելու ռեսուրս չունենք, պետք է կարողանանք խնայել նրան և մեր ծանր պայքարի, արյան գնով ձեռք բերած հաղթանակներն ու պետականությունը: Մեր հայրենիքը մեղք է, սիրո, փայփայանքի է արժանի…Իսկապես Հայաստանում էներգիա կա ինչ-որ բան փոխելու…Ամեն վայրկյան գլխումս Չարենցի խոսքն է՝ մեր անստույգ երթի մասին, և ինձ ցավ էր պատճառում փողոցում հայտնված մեր անղեկ ժողովուրդը… Պետք է կարողանանք չկորցնել մեր ազգային քաղաքակիրթ նկարագիրը, իսկ երկրում, այո՛, խմբագրելու բան շատ կա…

Կարպիս Փաշոյան, ուսուցիչ

Կարպիս Փաշոյան, ուսուցիչ
Եվ գեղեցիկ սափրված ոստիկանը վաղը կհագնի իր բարեփոխված համազգեստը և անհեթեթ ժպիտը դեմքին կգնա աշխատանքի, հերթական 80 հազարի ակնկալիքով: Բայց նա այդպես էլ չի հասկանա, թե ինչ կատարվեց երեկ, չի հասկանա, որ 30 հերոսներ վայր դրեցին իրենց զենքերն իր անմեղսունակ արյունը չթափելու համար:

Աշոտ Կարապետյան, օգտատեր

Աշոտ Կարապետյան, օգտատեր
Սասնա Ծռերի տղերքն ավելի շատ մտածեցին հայի արյուն չթափելու մասին... Ի վերջո, զինված էին ու կարող էին հարձակումների ժամանակ վնասել շատ ոստիկանների, բայց ինչպես ասում էր Միայնակ գայլը, թող մեր դեմ բերեն ռուսական ալֆա, ամերկյան բետան կամ գաման կռվենք, հոմ էտ 20 տարեկան երեխեքին չենք խփելու.....մեր արյունն են...
Դա մարդու տեսակ է ..... Ու հենց դրանով էլ Սասնա Ծռերը հաղթեցին:

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Ինձ շատ էիք հարցեր տալիս... հիմա երևի կհասկանաք, որ գլխավոր պայքարը դեռ առջևում է... քաղաքականությունը շատ բարդ, հակասական ու դաժան ոլորտ է... ինտրիգներով լի... «Սասնա ծռերն» իրեն գործն արեցին... հիմա աշխարհը գիտի, որ հայերն անարդարության դեմ միշտ պայքարում են... պետք է` նաև զենքով... բայց հաղթում են միշտ` ճիշտ պահին, ճշգրիտ արված քայլերով միայն... նորից կրկնեմ` գլխավոր պայքարը դեռ առջևում է...

Թորոս Ալեքսանյան, օգտատեր

Թորոս Ալեքսանյան, օգտատեր
Լավրովի պլանի առաջին փուլը Սերժը գերազանց իրականացրեց. բոլոր ըմբոստ տղաներն ու ակտիվիստները փակի տակ են այլևս, ակտիվիստների որսը դեռ կշարունակվի, հայությունը պիտի նախ գլխատվի, պիտի մեկուսացվեն բոլոր հայրենասեր ու ակտիվ մարդիկ, որից հետո կսկսվի Լավրովի պլանի երկրորդ փուլը` տարածքների հանձնումը Ադրբեջանին, որից հետո նոր Ադրբեջանը կսկսի լայնամասշտաբ պատերազմը: «Սասնա Ծռերի» տղերքին սադրեցին այդ քայլին գնալ (թե ինչպես սադրեցին, դա հետո կպարզվի), որպեսզի բոլորին կամ ոչնչացնեն կամ գոնե մեկուսացնեն ու նաև մեր ժողովրդի ռեակցիան ստուգեն: Ստուգեցին ու հասկացան, որ մեր ժողովուրդն այլևս ի վիճակի չէ սեփական ուժերով պայքարել իր իրավունքների համար, մենք արդեն կորցրել ենք այդ ներուժը: Այնպես որ Պուտինն առանց լուրջ դիմադրության կսկսի ադրբեջանցիների ձեռքով իրագործել հայոց ցեղասպանության վերջին ու վճռական փուլը:

Աննա Գզիրյան, լրագրող

Աննա Գզիրյան, լրագրող
Իրականում էն դատարկությունն ու տխրությունը, որ կան, նրա համար չեն, որ Սասնա ծռերի տղաները զենքերը վայր դրեցին: Բոլորը, այդ թվում Սասնա ծռերի տղաները շատ լավ հասկանում էին, որ այս ձևով իշխանափոխություն չէր լինի, շատ լավ հասկանում էին, որ վերջը զենքերը վայր դնելու տարբերակն էր ընտրվելու:
Իսկ էդ դատարկության ու տխրության պատճառն էնա, որ այս տղաները ևս մեկ անգամ ընդգծեցին, թե մենք ինչ ճղճիմ քաղաքական դաշտ ունենք, ընդգծեցին իշխանությունների` ժողովրդի վրա թքած ունենալու հանգամանքը, ընդգծեցին քաղաքական ուժերի ու մի շարք գործիչների լպրծուն լինելը: Ընդգծեցին իրավական համակարգի ողբերգական վիճակը: Պայթացրեցին էն միֆը, թե մենք տարիներ շարունակ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց ենք գրանցել, ոչ մի զիբիլ էլ չենք արել: Մարդու իրավունքի պաշտպանությունը մենակ էն դեպքում չի, որ հարևանը հարևանի հետ խնդիրա ունենում, դա նաև ցույցների ժամանակ պետք է դրսևորվի, քաղաքացին զգա, որ ոստիկանությունն իրապես իր անվտանգության մասինա մտածում: Իսկ մեզ մոտ ոստիկանությունը մարդկանց վրա քսիա տալիս հաստավիզ տխմարների, որոնք ջարդում, փշրում են ամեն ինչ, քացու տակ գցում լրագրողներին:
Իրականում մենք էս ամեն ինչը ինչ-որ չափով գիտեինք, ուղղակի հիմա տեղը տեղին շփցվեց մեր դեմքին:
Ու ամենավատն էնա, որ գիտակցում ես, էս իրավիճակը չի փոխվելու դեռ շատ երկար տարիներ:

Կարեն Չախալյան, օգտատեր

Կարեն Չախալյան, օգտատեր
Սասնա ծռերը ոչ թե հանձնվեցին, այլ դուրս եկան հպարտ ու հաղթած, պարզ ճակատով: Ժողովուրդը ճանաչեց ազգի հերոսներին դեմքերով ու ապրեց նրանց հետ դժվար ու ծանր օրեր, պատասխանատվության զգացում ունեցավ: Ոստիկանությունն ու իշխանությունը բացարձակապես կորցրեց իր վստահությունն ու պատիվը: Հիմա բոլորս գիտենք, որ չունենք ոչ մի տեսակի իշխանություն, ոչ մի օրենք, ու գոյություն ունի ստոր ու կեղծ ոստիկանական համակարգ: Դրական կողմ կար Սասնա ծռերի դուրս գալու մեջ - ռիսկային գործոնը նվազեց: Հիմա ավելի հստակ կդրվեն մեր պահանջները: Ոչ մի քայլ հետ:
18723 | 0