Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Արձագանքներ` Թուրքիայում հեղաշրջման փորձի մասին

շաբաթ, 16 հուլիսի, 2016 թ.
Արձագանքներ` Թուրքիայում հեղաշրջման փորձի մասին
Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձեց ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Զինվորականները հայտարարեցին, որ իշխանությունն անցնում է իրենց ձեռքը: Ավելի ուշ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հեղաշրջման փորձը տապալվել է. սպանվել է մոտ 200 մարդ, ձերբակալվել է ավելի քան 2.800-ը:
Այս թեման մեկնաբանել են`

Լևոն Հովսեփյան, թուրքագետ

Լևոն Հովսեփյան, թուրքագետ
Սա լուրջ մարտահրավեր էր Էրդողանի համար: Մասնավորապես, ակնհայտ դարձավ, չնայած բանակի բարձրագույն հրամանատարությունը հավատարիմ ու լոյալ է Էրդողանի նկատմամբ, սակայն բանակի ներսում կան խմբավորումներ, որոնք պատրաստ են նման գործողությունների:
Դեռևս վաղ է ասել, բայց ակնհայտ է, որ սրա հետևում կարող են լինել նաև որոշակի արտաքին ուժեր:

Ալեքսեյ Մուխին, քաղաքագետ

Ալեքսեյ Մուխին, քաղաքագետ
Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձն իմիտացիա էր:
Վերջին ժամանակներս զինվորականների շրջանում դժգոհություն էր հասունանում նրա քաղաքականության դեմ: Ու եթե գործը հասներ իր գագաթնակետին, հեղաշրջումը կարող էր լինել ավելի մասշտաբային ու լուրջ: Նման կանխարգելիչ միջոցով Էրդողանը հասավ իր նպատակին:

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան
«Այս ամենը ներկայացում էր», «Ինչպես կարող է բանակը ցանկանա հեղաշրջում անել ու չանի», «էդ ոնց եղավ, որ անզեն ժողովուրդը կարողացավ կանգնեցնել զինվորականներին» և այլ... Ու ամենակարևորը՝ այս բոլոր հարցադրումներն անպայման ուղեկցվում են ինձ նման միամիտների բոստանը քար գցելով՝ «Եթե որևէ մեկն անկեղծորեն հավատում է, որ սա էրդողանի սարքած խաղը չէր, ուրեմն ընդհանրապես բան չի հասկանում քաղաքականությունից»... Լրիվ ընդունում եմ՝ բան չեմ հասկանում քաղաքականությունից, ուղղակի աղոտ, շատ աղոտ հիշում եմ, թե ինչ կատարվեց ուղիղ 25 տարի առաջ՝ 1991 թվականի ամռանն ու դեժավյուի տպավորություն եմ ստանում... Օգոստոսին Գորբաչովն էլ մայրաքաղաքում չէր, ուժային կառույցների ղեկավարները որոշեցին հեղաշրջում կազմակերպել, տանկերը Մոսկվայի փողոցներում էին... Բայց մարդիկ դուրս եկան, ընդվզեցին, փակեցին տանկերի ճանապարհը ու պուտչը չստացվեց... Միայն մի բան չեմ հիշում՝ այն ժամանակ էլ էին մարդիկ հիմիկվա նման պնդո՞ւմ՝ այս ամենը ներկայացում է... Ուղղակի չեմ հիշում... Կհիշեցնե՞ք...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Թուրքիայում ճգնաժամն սկսված էր վաղուց, դեռ այն ժամանակվանից, երբ Էրդողանը թուլացրեց զինվորականների դիրքերը: Էրդողանն ու Դավիթօղլուն այդ գործընթացն անվանեցին զուգահեռ պետության թուլացում: Ժամանակին նրանք այդ արտահայտության տակ հասկանում էին ոչ միայն իրենց զինված ստորաբաժանումներին, այլ նաև Գյուլերի կողմնակիցներին: Պատահական չէ, որ Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձը կապել է Գյուլերի շարժման հետ:
Ամեն դեպքում և՛ ներքին, և՛ արտաքին բավականաչափ դրդապատճառներ կային, որոնք կարող էին հանգեցնել հեղափոխության: Հավանաբար ժամանակը ցույց կտա, թե վարկածներից որն է իրական, թեպետ նշված բոլոր գործոններն էլ իրենց չափով ունեցել են որոշակի ազդցեցություն առկա իրավիճակի նախապատրաստման համար: Մի բան պարզ է՝ ծափահարողները բավականին շատ են, և դա Էրդողանի վարած քաղաքականության հետևանքն է: Եթե անգամ ընդունենք, որ հեղափոխությունը ճնշված է, միևնույնն է, դժգոհության հսկա պաշարը դեռևս կա դրա շարունակությունը ճգնաժամն է: Այն, ինչ կատարվում է Թուրքիայում, դա Էրդողանի տապալումն է: Նա հիմա փախուստի դիմած նախագահ է, և միֆը, թե նա հզոր նախագահ էր, այլևս չկա:

Արամ Աբրահամյան, քաղաքական մեկնաբան

Արամ Աբրահամյան, քաղաքական մեկնաբան
Իհարկե, Էրդողանը մի բարի պտուղ չէ, մի քիչ էլ խփնված է: Բայց մի՞թե նրանք, ովքեր ուզում են ուժով, կրակելով իշխանություն վերցնել, ավելի վտանգավոր չեն թե այդ երկրի և թե նրա հարևանների համար:

Անուշ Հովհաննիսյան, թուրքագետ

Անուշ Հովհաննիսյան, թուրքագետ
Այս հարաբերությունները կոնֆլիկտային վիճակում էին սկսած 2007 թվականից, երբ Էրդողանն սկսեց զինվորականներին հեռացնել իշխանությունից` դեմ գնալով թուրքական այն ավանդույթին, երբ զինվորականությունը շատ մեծ ազդեցություն է ունենում քաղաքականության և քաղաքական որոշումների կայացման մեջ... Իսկ վերջին շրանում, այս մեկ տարին, երբ Էրդողանը ձախողեց ամեն ինչը՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ, նկատի ունեմ` կոռուպցիոն սկանդալներ, հենց Էրդողանի ընտանիքի ներգրավվածությունը… Այս ամենը դժգոհություն էր առաջացնում զինվորականության շրջանում:

Կարո Փայլան, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր

Կարո Փայլան, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր
Անշուշտ, գյուլենական շարժումը նշանակալի է, սակայն այս հեղաշրջման փորձի մեջ ներգրավված էին հազարավոր զինվորներ, ուստի դա չէր կարող լինել միայն գյուլենական շարժումը: Սա հիմնականում զինվորականների նախաձեռնությունն էր: Իհարկե, կառավարությունը ցանկանում է այս հեղաշրջման փորձը որակել որպես գյուլենական, քանի որ դա նրանց հնարավորություն կտա ազատվելու բոլոր ընդդիմադիր զինվորականներից, դատավորներից և բոլոր նրանցից, ովքեր դեմ են Էրդողանին:
Երբ չկան ժողովրդավարական գործընթացներ, երբ խորհրդարանն անտեսվում է, զինվորականներն ուժ են ձեռք բերում:

Սելինա Օզուզուն Դողան, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր

Սելինա Օզուզուն Դողան, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր
Սա դասական հեղաշրջում չէր, որովհետև նրանք պետք է արգելափակեին ինտերնետը, հեռուստատեսությունը, բայց հակառակ դրան, նրանք ձգտում էին մարդկանց ցույց տալ, թե ինչ է կատարվում, դեռ բոլորին էլ հրավիրում էին փողոց՝ կռվելու զինվորականների հետ...
Ինձ համար առավել իրատեսական է այն վարկածը, որ հեղաշրջումն իրականացվել է հենց երկրի ղեկավարության կողմից` Գյուլենի կողմնակիցներին այդ համակարգից իսպառ հեռացնելու համար:
19830 | 0