«Իրանց մեջի գողերին, թալանչիներին ու կաշառակերներին չեն ցանկանում բռնել, ընկել են միջին խավի հետևից». հանրության արձագանքը` սոցփաթեթի կրճատմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կառավարության նիստում արված հայտարարությունն այն մասին, որ կասեցվում է սոցիալական փաթեթով հանգստի կազմակերպումը, իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում: Շատերը կարծում են, որ հարցին կարելի է այլ լուծում տալ և սոցփաթեթի կասեցման փոխարեն` չարաշահումները վերացնելու ուղղությամբ աշխատել: |
Մանվել Բադալյան, Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար
Կասեցումը չի վերաբերում միայն քաղծառայողներին, քանի որ դրանից օգտվում են նաև ուսուցիչները և այլ աշխատողներ: Կան բացեր, որոնց շտկելու համար հիմա ժամանակ է պետք: |
Արտեմ Ասատրյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Այս տարվա համար որևէ փոփոխություն չի լինելու, հանգստի բաղադրիչը գործելու է: Դեռևս խոսք չի գնում պետական ծառայողների սոցփաթեթից հանգստի բաղադրիչը հանելու մասին, 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կասեցնելու մասին է խոսքը: |
Գևորգ Պետրոսյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար
Այն լավ ծրագիր էր և որոշակի օգնություն էր՝ ուղղված առանց այն էլ ծանր պայմաններում գտնվող քաղծառայողներին։ |
Աշոտ Բլեյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն
Երբ որ ժամանակին կառավարությունը սոցիալական փաթեթը ստեղծեց՝ իր բաղադրիչներով, սա կարծես աշխատավարձի փոխհատուցում էր. բացի նրանից, որ մարդու համար օգտակար էր, դա նաև խթան էր առողջապահության, տուրիզմի ոլորտների զարգացմանը: |
Մկրտիչ Իսրայելյան, լրագրող
Տեսան իրանց պադավատները չեն կարողանում, կամ ավելի ճիշտ չեն ցանկանում կրճատել, իրանց մեջի գողերին, թալանչիներին ու կաշառակերներին չեն ցանկանում բռնել, ընկան էլի միջին խավի հետևից։ Մի լավ բան էին անում սոցփաթեթով՝ դրեցին, էդ էլ ջրեցին։ |
Մարինե Ղազարյան, օգտատեր
Սա խայտառակություն է.... Չարաշահումներ եք զգացել, լավ եք արել, վերացնելու ուղղությամբ աշխատեք, ոչ թե սաղին զրկեք: Ինչի պտի քաղծառայողը զրկվի հանգստի իրավունքից, ինչա թե պետությունը չի կարողանում պայքարել ոլորտի չարաշահումների դեմ: |
Հակոբ Հակոբյան, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Դա ճիշտ որոշում է եղել, չարաշահումների պրոցեսը կանգնեցնելու համար, մինչև որ լուծումները գտնվեն ու վերականգնեն հանգստի բաղադրիչը: |