Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Ի՞նչ Է իրականում տեղի ունեցել Վիեննայում, հայտնի կդառնա ղարաբաղաադրբեջանական սահմանագծի իրադրությունից». կարծիքներ` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

երեքշաբթի, 17 մայիսի, 2016 թ.
«Ի՞նչ Է իրականում տեղի ունեցել Վիեննայում, հայտնի կդառնա ղարաբաղաադրբեջանական սահմանագծի իրադրությունից». կարծիքներ` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Վիեննայում մայիսի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:


Քննարկումից հետո ՀՀ նախագահը նշել է, որ թեև իր նպատակն է, որ խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով, բայց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխան տալը: «Չեմ կարծում, որ վաղվանից խախտումներն ընդհանրապես բացառվելու են, բայց հույս ունեմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչ այսօր»:


Նախագահների հանդիպումն ու դրանից բխող արդյունքները լայն քննարկման թեմա է դարձել քաղաքագետների ու քաղաքական գործիչների շրջանում:

Այս թեման մեկնաբանել են`

Լևոն Զուրաբյան, ՀԱԿ խմբակցության ղեկավար

Որևէ հրճվանք որևէ մեկի կողմից անտեղի է, որովետև սրանք շատ լուրջ գործընթացներ են և դրանց մասին կարելի է դատել միայն արդյունքներով և ոչ թե հայտարարություններով կամ հռչակված մտադրություններով: Ողջունելի է այն հանգամանքը, որ, կարծես, միջազգային հանրությունը, ՄԽ համանախագահները, ԵՄ-ն` ի դեմս Մոգերինիի, բոլորը հասկացել են, թե ինչքան պայթյունավտանգ է վիճակը, որ սա կարող է դառնալ լուրջ նոր հրդեհ, որ միջազգային քաղաքականության վրա նույն ազդեցությունը կարող է ունենալ, ինչ Սիրիան, Լիբիան, Իսլամական պետութան հետ կապված խնդիրները և տեռորիզմը:

Ալեքսանդր Արզումանյան, ԱԺ պատգամավոր, դիվանագետ

Կողմերը համաձայնել են միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնել, ինչի մասին Հայաստանը բազմիցս հայտարարել էր, բայց Ադրբեջանը հրաժարվում էր: Այդ առումով` կարելի է ասել, որ բավականին դրական է հնարավոր բանակցությունների վերսկսման համար: Սա հայկական կողմին տալիս է հնարավորություն` դադար վերցնելու և զբաղվելու բանակաշինարարությամբ, դասեր քաղելու այն բացթողումներից, որոնք մենք ունեցել ենք, հետաքննություններ անցկացնելու, պատժելու մեղավորներին, սպառազինությամբ զբաղվելու և մեր ներքաղաքական կյանքում կատարելու ռեալ ռեֆորմներ:


Փորձը ցույց է տալիս` չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը կհարգի իր առջև դրված պարտավորությունները, ինչպես չի հարգել 94 թվականին կնքված պայմանագիրը, բայց այս անգամ կա եռանախագահների միահամուռ մասնակցությունը, և կարծում եմ` եթե մեխանիզմները ներդրվեն, դա հնարավորություն կտա խոսելու նաև հասցեական խախտումների մասին:

Տիգրան Աբրահամյան, քաղաքագետ

Եթե այս հանդիպումը դիտարկենք Ադրբեջանը բանակցային սեղան վերադարձնելու համատեքստում, ապա ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում: Պետք է արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հստակ ամրագրված էին ավելի վաղ հայկական կողմից ներկայացվող առաջնայնությունները:
1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտություն, շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ վերջնական համաձայնություն: Առկա է համաձայնություն նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:


Անկախ ձեռք բերված պայմանավորվածությունից` պետք է ամրագրել այս պահին ունեցածն ու շարժվել առաջ, հնարավոր բոլոր ճանապարհներով Ադրբեջանին խաղաղություն պարտադրել:

Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունն իր մեջ ներառում է այն թեզերը, որի մասին խոսել է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Ապրիլին Սերժ Սարգսյանը նշեց, որ 1994 թվականի զինադադարը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի վրա մենք պետք է շարունակենք բանակցությունները, այսինքն՝ նոր զինադադարի կնքումն անթույլատրելի է Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներն իրենց կողմից ներկայացված հայտարարության մեջ արձանագրեցին, որ 1994 թվականի զինադադարը գործում է, և միակ փաստաթուղթն է, որտեղ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը:


Երբ արտգործնախարարները հայտարարում են, որ 1994 թվականի զինադադարը գործում է, այն գործում է իր ողջ հետևանքներով, այսինքն՝ նրանք անուղղակիորեն ասում են, որ Լեռնային Ղարաբաղը կողմ է, առանց Լեռնային Ղարաբաղի որևէ մեկը չի կարող լուծել այդ խնդիրը:


Տարիներ շարունակ հայկական կողմը նշել է, որ մենք կողմ ենք շփման գծում հետաքննության մեխանիզմների իրականացմանը՝ վստահությունն ամրապնդելու ուղղությամբ: Միակ կողմը, որ դեմ է եղել դրան, եղել է Ադրբեջանը՝ իր նախագահով: Նրանք ասում էին՝ հողերից դուրս եկեք, նոր ներդնենք մեխանիզմներ, մենք տեսանք, որ Ադրբեջանն այստեղ իր նպատակին չհասավ, իսկ ՀՀ նախագահի առաջարկը, որ հիմա այդ մեխանիզմների ներդնումը պարտադիր է, ընդունվեց, բայց ոչ թե մեկ, այլ երեք համանախագահ երկրների կողմից: Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործանախարարներն ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները և ունեն նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երևանը: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ նախագահ Սարգսյանի առաջարկներն ընդունվել են և ընդունվել են ոչ միայն բանավոր, այլ իրենց արտացոլումն են ստացել երեկվա հայտարարության մեջ:

«168 ժամ» օրաթերթ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահ երկրների արտգործնախարարների, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Վիեննայում կայացել են մի շարք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Եվ միայն ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, թեև ի սկզբանե քննարկվում էր երկու երկրների նախագահների տետ-ա-տետ հանդիպման հնարավորությունը։ Հանդիպումն ավարտվեց Երևանի ժամանակով կեսգիշերն անց։ Սակայն միայն այն հանգամանքը, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացավ կեսգիշերին մոտ միայն, դրան նախորդած ինտենսիվ բանակցություններից հետո, վկայում Է, որ անգամ այդ՝ միջնորդավորված հանդիպումը հնարավոր Է դարձել բավական մեծ ջանքերի գնով։ Թե կողմերից որ մեկն Է մերժել մյուս կողմի պահանջները, դժվար Է ասել։ Սակայն, դատելով նրանից, որ Ալիևի հետ հանդիպմանը նախորդած բոլոր հանդիպումներում Սերժ Սարգսյանը տարբեր ձևակերպումներով կրկնել Է բանակցությունների վերսկսման համար առաջադրած հայտնի պայմանները՝ հիմնական շեշտադրումը կատարելով շփման գծում հետաքննող մեխանիզմի ներդրման անհրաժեշտության վրա, կարելի է եզրակացնել, որ հայկական կողմը պնդել Է այդ նախապայմանները՝ հնարավոր Է՝ դրանց չընդունման դեպքում հրաժարվելով Ալիևի հետ հանդիպումից ընդհանրապես։ Ի՞նչ Է իրականում տեղի ունեցել երեկ Վիեննայում, հայտնի կդառնա այսօր, առաջիկա օրերին։ Ոչ միայն դիվանագիտական հայտարարություններից, այլև ղարաբաղաադրբեջանական սահմանագծի իրադրությունից:

Ռաուֆ Միրկադիրով, քաղաքական մեկնաբան

Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չդարձավ բեկումնային կամ ձախողում, քանի որ կողմերը հավատարիմ մնացին իրենց դիրքորոշումներին:


Նախօրեին Հայաստանը պահանջում էր ամրապնդել հրադադարի ռեժիմը, ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմ, ինչն էլ իր արտացոլումը գտավ հանդիպման արդյունքներով միջնորդների համատեղ հայտարարությունում:


Միևնույն ժամանակ, Երևանին չհաջողվեց երաշխիքներ ստանալ Ադրբեջանի կողմից ուժ չկիրառելու մասին: Դատելով փոխզիջումներին կողմերի պատրաստակամության և փուլային կարգավորմանը անցում կատարելու անհրաժեշտության մասին Սերգեյ Լավրովի հայտարարություններից՝ միջնորդներն ընդունել են առարկայական բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին Ադրբեջանի դիրքորոշումը:


Հետագայում Ադրբեջանը պետք է հասնի այդ փուլայնության ժամանակավոր շրջանակների սահմանմանը: Այսինքն՝ բանակցությունները չեն կարող անվերջ տևել և շարունակվել ևս 22 տարի:

24833 | 1