Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Ումի՞ց եք պահանջում նրա հրաժարականը, այն մարդուց, ով ասել ա` ինչ ու ոնց ասի՞». կարծիքներ` Հերմինե Նաղդալյանի հայտարարության մասին

երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
«Ումի՞ց եք պահանջում նրա հրաժարականը, այն մարդուց, ով ասել ա` ինչ ու ոնց ասի՞». կարծիքներ` Հերմինե Նաղդալյանի հայտարարության մասին

ԱԺ փախնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը քննադատությունների ալիք է բարձրացել հասարակության շրջանում: Հիշեցնենք` լրագրողների հետ զրույցում օրեր առաջ նա ասել էր, որ «մեր փոխզիջումը ոչ թե հինգ տարածքներն են, այլ՝ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք ինքնիշխան պետության համար պայքարող։ Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա իրավունք չունենք, մենք էդ հողերը չենք ուզում․․․Սա մեր «բուֆերնի զոնան» է, մեր անվտանգության երաշխիքն է...»:
Թեև ավելի ուշ ԱԺ փոխնախագահը պարզաբանմամբ էր հանդես եկել` նշելով, որ ինքն այն մարդը չէ, որ պարտվողական կամ զիջողական տրամադրված լինի և որ իր խոսքերը թյուր են ըմբռնել, կոնտեքստից կտրել են, ապա սկսել են շահարկել` սենսացիա ստեղծելու նպատակով, սակայն հանրությունը պահանջում է Հերմինե Նաղդալյանի հրաժարականը:
Հրաժարականի պահանջով «Ֆեյսբուք»-ում նախաձեռնված ֆլեշմոբին միացել են քաղաքական գործիչներ ու բազմաթիվ օգտատերեր` տեղադրելով նրա լուսանկարը` հետևյալ գրառմամբ. «Դեմ եմ, որ ադրբեջանական կայքերի հերոսը դարձած Հերմինե Նաղդալյանը ներկայացնի իմ պետությունը և պահանջում եմ նրա հրաժարականը...»:

Այս թեման մեկնաբանել են`

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Այս վտանգավոր շրջանում, երբ հակառակորդը տարբեր տեսակի գնահատականներ և հայտարարություններ է փորձում կորզել, որպեսզի արդարացնի իր ռազմական ագրեսիան, ուղղակի անթույլատրելի է նման հայտարարություն անել. շարքային պատգամավոր չէ, ԱԺ նախագահ է:

Դավիթ Իշխանյան, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար

Դավիթ Իշխանյան, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար

Այն տեսակետները, որոնք Հերմինե Նաղդալյանը փորձեց մատուցել ոչ միայն հայ հանրությանը, այլև Ղարաբաղի հիմնահարցով շահագրգիռ և ոչ շահագրգիռ կողմերին, իսկը ադրբեջանական շահերը սպասարկող հայտարարություն էր: Մտահոգություն կա, որ ՀՀ քաղաքական շրջանակներում ուրվագծվում է զիջողական կամ պարտվողական դիրքորոշում, որը փորձում են մատուցել հայ հասարակությանը:
Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքները սակարկման առարկա լինել չեն կարող: Պատգամավորը նշեց, որ հարցը նաև պետք է դիտարկել համահայկական շահերի տիրույթում:
Այդ տարածքները, որոնց մասին «համոզված» խոսում է տիկին Նաղդալյանը, մեր ազգային անվտանգության բաղադրիչներն են: Նման տեսակետ և համոզմունք ունեցող անձը չի կարող զբաղեցնել ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Նման անձը չի կարող ղեկավարել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը: Ես ամոթ եմ զգում. ամոթ՝ նման պաշտոնյաններ ունենալու համար: Դրանից հետևություններ պետք է անի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը:

Արզիկ Մխիթարյան, ԼՂՀ ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Արզիկ Մխիթարյան, ԼՂՀ ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Եթե նա կարող էր այդքան անլուրջ գտնվել և նման հայտարարություն անել, ապա դա արտակարգ մտահոգիչ է: Ես ինձ թույլ եմ տալիս արտահայտվելու, որ Նաղդալյանը չէր կարող այդքան մանկամիտ լինել և նման միտք արտահայտել: Կա՛մ դա մշակված քաղաքականություն է, որը մինչև հիմա մեզ հայտնի չէ, ինչը շատ վտանգավոր է, կա՛մ էլ՝ մանկամտություն: Նա պետք է խիզախություն ունենա հայցելու մեր ժողովրդի ներողամտությունը: Նման հայտարարությունը, իրոք, ապակողմնորոշում է մեր հասարակությանը և անկայուն իրավիճակ է ստեղծում:
Անձամբ ճանաչելով Հերմինե Նաղդալյանին՝ միշտ այն կարծքին էի, որ նա մեր խնդրի արդարացի լուծման ջատագովներից է, և երբևէ չէի մտածում, որ կարող է նման խոսքեր իրեն թույլ տալ:
Պետք է ճշտել՝ դա թյուրիմացությո՞ւն է, թե՞ նա հենց այդ գաղափարների տերն է: Եթե տիկին Նաղդալյանը նման գաղափարների տեր է, ապա պետք է շատ լուրջ վերաբերել երևույթին և լրջորեն դնել այդ հարցը: Իսկ եթե թյուրիմացություն է կամ լրագրողական ինչ-որ սխալ սղագրությունների արդյունք, ապա ևս մեկ անգամ անհրաժեշտ է հստակեցնել նրա կարծիքը Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, այլապես մենք իրավունք չունենք նման քաղաքական գործչին վստահել Արցախի հիմնախնդրի լուծման առաքելությունը, քանզի նա նույն հաջողությամբ նման թյուրիմացություն թույլ կտա նաև ԵԽԽՎ-ում:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ նախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ նախագահ

Ուզում եմ մեկ հարց տալ՝ արդյոք այս թեմայի քննարկումը բարձրացնո՞ւմ է մեր զինվորի ոգին: Իսկ հողերի հետ կապված հարցի իրական տերը ԼՂՀ ժողովուրդն է, որի մասին շատ հստակ խոսել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մաստակ սարքել այս թեմայով, նշանակում չհասկանալ՝ ինչ է կատարվում այս դաշտում: Փոխզիջումներ բառն ընդհանրապես պետք է հանել գործունեության բառապաշարից:

Հայկ Խանումյան, ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր

Հայկ Խանումյան, ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր

Պետք է նկատել, որ ԱԺ փոխնախագահի կողմից արված հայտարարություններն ամբողջովին պարտվողական և զիջողական են, ինչը ոչ միայն վիրավորում է Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին, այլև զգալի թուլացնում է Հերմինե Նաղդալյանի՝ կուսակցի դիրքը բանակցություններում: Երբ որ այդ նույն կուսակցության ներկայացուցիչը՝ ՀՀ նախագահը, գնում է բանակցությունների և իր կուսակցության բավականին բարձրաստիճան դեմքը՝ Աժ փոխնախագահը, հայտարարում է, որ պատրաստ են տարածքներ զիջել, պատկերացնո՞ւմ եք այդ բանակցություններ վարողի դիրքը բանակցային սեղանի շուրջ կամ էլ՝ Ադրբեջանի դիրքը, որն արդեն իսկ գիտի, որ Սերժ Սարգսյանի կուսակցության պատասխանատու դեմքերից մեկը պատրաստ է զիջումներ անել Արցախի Սահմանադրությամբ ամրագրված շրջաների շուրջ: Ինչպե՞ս կպահի իրեն Ադրբեջանը. բնականաբար, ավելի լկտի:
Մյուս կողմից՝ ամբողջովին անբարոյականություն է, երբ որ զինվորը կանգնած է սահմանին և կյանքի գնով պահում է դիրքը, նմանատիպ հայտարարություններ անել: Կրկնակի անբարոյականություն է այդ շրջաններում ապրող բնակիչների տեսնակյունից, որովհետև մարդիկ այնտեղ ապրում են, այնտեղ աշխատում և արարում, իսկ ինչ-որ մի պաշտոնյա հայտարարում է իրենց հողերը կամ իրենց տները հանձնելու մասին: Ավելին՝ վտանգավոր է նաև նրանով, որ լուրջ հարվածներ է հասցնում այդ շրջաններում նախատեսվող ներդրումային ծրագրերի համար:

Վարդգես Բաղրյան, ԼՂՀ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար

Ես, միանշանակ, այն կարծիքին եմ, որ ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել ԼՂՀ Սահմանադրությունը, իսկ այն տարածքները, որոնց մասին խոսվել է ճեպազրույցի ժամանակ, մեր հանրապետության սահմանադրորեն անբաժանելի մասն են: Խոսել տարածքներ զիջելու մասին, ոչ միայն ժամանակավրեպ է, այլև, իմ խորին համոզմամբ, ուղղակի անթույլատրելի: Ես չեմ բացառում նաև, որ ինչ որ բան այնպես չի ասվել կամ կոնտեքստից խոսք է դուրս մնացել, սակայն այն, ինչը տեսել եմ տեսագրության ձևով, անընդունելի է: Եթե տիկին Նաղդալյանը կարծում է, որ իր խոսքերը կոնտեքստից դուրս են հրապարակվել, այդ իսկ պատճառով չեն ընկալվել, ապա նա հնարավորություն ունի հրապարակավ ճշտում մտցնելու այդ հարցում:

Լևոն Շիրինյան, քաղաքագետ

Լևոն Շիրինյան, քաղաքագետ

Հերմինե Նաղդալյանն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, իր մակարդակը ևս: Հերմինե Նաղդալյանը բացի իրենից ուրիշ ոչ ոքի չի ներկայացնում: Նա իրավունք էլ չունի նման հայտարարություններ անելու:
Սա համազգային հարց է, ուստի, ովքեր Արցախի տարածքային ամբողջականությունն ու անկախությունն են պաշտպանում, միայն նրանք կարող են խոսել: Իսկ մյուսները, ըստ քաղաքագետի, եթե կարող են կա´մ պետք է օգնեն, կա´մ կողքի կանգնեն: Արցախի իշխանությունները պետք է բոլորի առջև հստակ դնեն: Մեր տարածքի, մեր պետության, մեր զինվորի հաշվին ոչ մեկն իմաստուն ձևով բարբաջելու իրավունք չունի, բացի նախագահից:

Վաձ Ղազարյան, օգտատեր

Վաձ Ղազարյան, օգտատեր

Ես չեմ հասկանում էս Հերմինե Նաղդալյանի ֆլեշմոբը. ռեալ կարծում եք, որ նա ունի սեփական կարծիք ու բարձրաձայնել ա իր, իսկ կարծիքը՞: Ու ումի՞ց եք պահանջում նրա հրաժարականը, այն մարդուց, ով ասել ա` ինչ ու ոնց ասի՞, ասենք իրանց ուզածն էլ ա դա, մի հատ նավակ են զոհ տալիս, ձեռքի հետ ժողովուրդը լիցքաթափվում ա: Շատ ուժեղ հոգեբաններ են` այդ հաղթանակի զգացումը ժողովրդին կերակրելով ստեղծում են բավարարվածության ֆոն ու կրակը նստացնում են, եկեք չխաղանք իրանց կանոններով, այդ դաշտում նիչյան էլ մերը չի...

29215 | 3