«Դուք չեք ամաչո՞ւմ՝ Ձեր մութ գործերը խառնում եք հակամարտության հետ, որի հետևանքով տղաներ են զոհվել». կարծիքներ` Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականը քննարկման լայն թեմա դարձավ հասարակական-քաղաքական շրջանակներում: |
Զոյա Թադևոսյան, ՀԱԿ վարչության անդամ
Միհրան Պողոսյանին ստիպել են: Ես չեմ կարծում, որ այնպիսի բարձր բարոյական կերպար է այդ անձը, որ այդպիսի զուգահեռներ է անցկացնում ալիևյան ռեժիմի հետ և դրանով բացատրում իր հրաժարականը: Չեմ հավատում, որովհետև առաջին անգամ չէ, որ նա նման սկանդալների մեջ է: Եթե ոչ արտաքին աշխարհի հետ կապված՝ օֆշորային գոտիների և այլ գործարքների, բայց գոնե մեր ներքին հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում նրա անունը շատ սկանդալների հետ է կապված: |
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Իմ օֆշորը ձեր օֆշորից լավն է: Իմ օֆշորի դեպքում խոսքը գնում է միլիոնների մասին, ձերի օֆշորի դեպքում՝ միլիարդների: Ձեր օֆշորը նավթահոտ և բռնապետահոտ է, իմ օֆշորը՝ աղքատահոտ: Դուք օֆշորում եք նավթի տված հնարավորությամբ, ես՝ իմ հայրենիքի բնակչության միջոցներով: Մի խառնեք իմ անձը իմ հայրենիքի պատվին և մի զուգահեռեք ձեր անհայրենիք բռնապետական անպատվության հետ: Հասկացա՞ք մեր քաղաքարկթական տարբերությունը։ |
Ստյոպա Սաֆարյան, վերլուծաբան
Ես այս վշտին չեմ դիմանա: Միհրանը հրաժարական է տվել ազգասիրական մղումներով, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդրվի: Հայրենասիրության ու անձնազոհության ինչպիսի վառ դրսևորում, ախ, սա անդիմանալի է: |
Արմեն Դուլյան, հեռուստամեկնաբան
Բայց ինչ բնորոշ ա... Երբ Միհրան Պողոսյանի անունը շոշափվեց օֆշորային սկանդալում և նրա գերատեսչությունից լրագրողները մեկնաբանություն խնդրեցին, հնչեց մոտավորապես այսպիսի պատասխան՝ «Սահմանին իրավիճակի սրման պայմաններում բա ամոթ չի, որ սենց բաներով եք զբաղվում»..․ Հիմա այդ գերատեսչության ղեկավարը հրաժարական է տալիս ու հիշատակում.... Իլհամ Ալիևին... Մարդ ուզում է ասել՝ «Լավ, դուք չե՞ք ամաչում՝ ձեր մութ գործերը խառնում եք հակամարտության հետ, որի հետևանքով տղաներ են զոհվել»... |
Կարմեն Դավթյան, լրագրող
ԴԱՀԿ-ի Միհրանը ձեն չհանեց-ձեն չհանեց, հրաժարական տվեց.. Հմայքը միայն իր հրաժարականը չէ... |
Դավիթ Սանասարյան, Երևանի ավագանու անդամ
Էլի սկսեցի՞ք մեզ էշի տեղ դնել, այ ջորիներ: |
Տիրայր Մուրադյան, լրագրող
Միհրան Պողոսյանն իր հրաժարականի դիմումում գրել է, թե ցավում է, որ իր անունը Իլհամ Ալիևի անվան կողքին է հայտնվել, որից հետո նոր մտահոգվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զուգահեռներ տանելու խնդրով: |
Հերիքնազ Տիգրանյան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու
Միջազգային սկանդալ է հասունացել ու ինչքան էլ որ իշխանությունը քամահրի հանրությանը, ինչ-որ պահի պետք է չցանկանա, որ տվյալ անձի անունը շրջանառվի նմանատիպ լուրերում: Չեմ կարծում` նրա որոշումն է... Այնպես արվեց, որ գնալը գեղեցիկ լիներ ու հայրենասիրական, և նա ոչ թե ասաց` զղջում եմ, բիզնեսներիս եմ ծառայեցրել պաշտոնս, ցավում եմ միջազգային սկանդալի համար, ամոթանք զգացի, այլ հիմնավորեց, թե անընդունելի է համարում, որ իր անձը պատճառ դառնա իր երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի: Միամիտ պետք է լինել` հավատալու, որ Պողոսյանը բոցաշունչ հայրենասեր է: Իշխանությունը հասկացնել է տվել, որ հերիք է քննադատություններ լսեն իրենց հասցեին ու սա հարմարն պահ էր` պայքարի իմիտացիայի համար: |