Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համալիրը դառնում է մոլ ու կազինո. հանրության արձագանքը` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին

ուրբաթ, 14 օգոստոսի, 2015 թ.
Համալիրը դառնում է մոլ ու կազինո. հանրության արձագանքը` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացրած՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրը՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ»-ին օտարելու մասին նախագծին, որը հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել: Մտավորականներից ոմանք այդ քայլը գնահատում են որպես սրբության բացարձակ բացակայություն:
Այս թեման մեկնաբանել են`

Կարեն Քոչարյան, ռեժիսոր, հաղորդավար

Կարեն Քոչարյան, ռեժիսոր, հաղորդավար
Մարզահամերգային համալիրը կառավարությունը վաճառեց մի ինչ-որ նորաստեղծ ընկերության, որը պարտավորվել է 4 տարում 100 միլիոն դոլարի ներդրում կատարել և ստեղծել տարածաշրջանում նախադեպը չունեցող, ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն։ Այս ամենին ես ոչ միայն դեմ չեմ, այլ երկու ձեռքով եմ կողմ... եթե իհարկե այս ամենը հերթական ԲԱՄՕ չդառնա։ Բայս այս պատմության մեջ ինձ ամենաշատը զվարճացրեց «ընտանեկան ուղղվածություն» բառակապակցությունը։ Դիմում եմ այն բոլոր պետական այրերին, ովքեր համաձայն են, որ ընտանեկան ուղղվածության համալիրում լինի խաղատուն. «Տղերք, Ձեր ընտանիքները Տներում են ապրում, թե՞ Խաղատներում»։

Մեսրոպ Առաքելյան, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ

Մեսրոպ Առաքելյան, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Մազահամերգային համալիրը դառնում է մոլ ու կազինո:
Կառավարությունը որոշմամբ վաճառել է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը 30 միլիոն դոլարով:
Համաձայն հաստատված ներդրումային ծրագրի՝ նախատեսվում է ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև` տարածաշրջանում, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Զոհրապ Հարոյան, լրագրող

Զոհրապ Հարոյան, լրագրող
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվել է մի ընկերության («ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ») ՍՊԸ), որը մոտ 20 օր առաջ է գրանցվել (20 ՀԼՍ, 2015): Ընդ որում` գրանցվել է 1 մարդու անունով (ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԶԱՎԵՆԻ), բացի դա` ընկերության հասցեն բնակարանի հասցե է: Նույն հասցեում է գրանցված Արմեն Գևորգյանը (ԵՐԵՎԱՆ ՀՐ. ՔՈՉԱՐԻ Փ. 22 15): Այսինքն` սա նշանակում է, որ հենց համալիրը գնելու համար է ստեղծվել այս ընկերությունը` արագ, ոտքի վրա: Բայց սա ամենը չէ` Կառավարության որոշումով համալիրի տարածքը կառուցապատվելու է` հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Սա էլ նշանակում է, որ շուտով համալիրի կողքին կկառուցվեն նոր այլանդակություններ: Որոշման նախագծում ասում է` «Համալիրի ճարտարապետական լուծումները լինելու են կախարդական գորգի թեմաներով»: Էդ որն ա, կառուցելու են՝ թռնե՞ն:
ԽԱՂԱՏՈ՞ՒՆ, ԽԱՆՈՒԹՆԵ՞Ր, լո՞ւրջ եք ասում, իսկ չե՞ք ուզում Ծիծեռնակաբերդի վերևը երկրորդ հարկ գցել մանսարդով:

Տիգրան Ներսիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ

Տիգրան Ներսիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ
Ավելի բացասական կարծիք չի կարող լինել. Է՞լ ինչն են ուզում վաճառել մոտակա տարիներին թող գոնե ցուցակը ներկայացնեն` Մատենադարա՞նը, Օպերա՞ն, Սունդուկյա՞նը, Է՞լ ինչն են ուզում կազինո ու ռեստորոն սարքել. այն էլ եղեռնի հուշահամալիրի մոտ… սրբության բացարձակ բացակայություն: Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչ լավ է, որ Արարատները մերը չեն, չեն ծախի, գոնե մեր Մասիսը, համենայնդեպս` այսօր դեռ չվաճառվելուց ապահովագրված է:

Կորյուն Գրիգորյան, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ

Կորյուն Գրիգորյան, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ
Մարզահամերգային համալիրը երբեք «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲ»-ի կողմից չի դիտարկվել որպես բիզնես պրոյեկտ, և ամեն ինչ արվել է, որպեսզի համալիրը համապատասխանի այն նորմերին, որ ի սկզբանե դրված են եղել շենքի ստեղծման հիմքում: Իսկ այն, ինչ հիմա կատարվում է, ՓԲ-ի խնդիրը չի: Սա արդեն հասարակության խնդիրն է:
Որպես ՀՀ քաղաքացի` ինձ դուր չի գալիս, թե ինչի կվերածվի այն, հետագայում կտեսնենք, նմանատիպ երևույթներ շատ ենք տեսել, նորից կվերածեն ինչ-որ անճոռնի մի կառույցի:
11553 | 4