Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Եթե հասարակությունը պայքարող է և ընդվզող, դժվար է նրա հետ այս տեսակ խաղեր խաղալ». մտավորականներն ու քաղաքական գործիչները` էլեկտրաէներգիայի թանկացման մասին

երկուշաբթի, 15 հունիսի, 2015 թ.
«Եթե հասարակությունը պայքարող է և ընդվզող, դժվար է նրա հետ այս տեսակ խաղեր խաղալ». մտավորականներն ու քաղաքական գործիչները` էլեկտրաէներգիայի թանկացման մասին
Էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը շարունակում է մնալ հասարակության քննարկման գլխավոր թեման: Ինչպես նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, օգոստոսի մեկից հոսանքը կթանկանա շուրջ 7 դրամով:
Այս թեման մեկնաբանել են`

Երվանդ Մանարյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Երվանդ Մանարյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Դժվար թե գտնվի խելքը գլխին մեկն, ով դեմ չլինի այս թանկացումներին:
Ես հանրահավաքներին չեմ մասնակցում, քանի որ տարիքս ու առողջությունս չեն ներում: Կարծում եմ` եթե հասարակությունը պայքարող է և ընդվզող, դժվար է նրա հետ այս տեսակ խաղեր խաղալ: Նրանք մի բան պոկելու առիթ են փնտրում, սա էլ հերթական առիթն է, փորձում են, եթե կստացվի` կպոկեն: Իմ կարծիքով` ամեն ինչ ավարտվում է նրանով, որ հասարակությունը քայլ առ քայլ խելքի է գալիս:

Արա Գևորգյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան

Արա Գևորգյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան
Բոլոր թանկացումներին էլ բնական է` վատ կվերաբերվեմ: Երանի գա մի օր, որ շատ աշխատատեղեր բացվեն, և բոլորն էլ բարձր աշխատավարձ ստանան ու թանկացումները շատ չեն ազդի մարդկանց վրա: Հուսով եմ` կգան այդպիսի ժամանակներ:

Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան

Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան
Դժվար է ասել, թե ինչպես կավարտվի, բայց կարող եմ նշել հետևյալը՝ իշխանությունը, որն այս իրավիճակի գլխավոր մեղավորներից է, ամեն գնով ցանկանում է թանկացում...
Դե, մյուսները հասկանում են, որ գողություն է տեղի ունեցել և չեն ուզում գողոնն իրենց գրպանից հատուցվի... Իսկ ինչպես կավարտվի այս թատրոնը՝ տեսնենք:

Արշակ Սադոյան, Հանրային խորհրդի անդամ

Արշակ Սադոյան, Հանրային խորհրդի անդամ
Ժողովուրդը պետք է ընդվզի: Պետք է նիստ անեն և այդ ժամանակ ժողովուրդն իր կարծիքը հայտնի, դա Ռոբերտ Նազարյանը չէ որոշում:
4 դրամ անցած տարի թանկացրին, 7 դրամ` էս տարի են ուզում, հո թալա՞ն չի: Առանց թանկացնելու, ՀՀ-ում, էսօրվա դրությամբ, էլեկտրաէներգիայի 1 կիլովատի արժեքը 1,7 անգամ ավելի թանկ է, քան Վրաստանում, այն դեպքում, որ մոտ 10 տարի առաջ մեզ մոտ ավելի էժան էր, քան իրենց մոտ: Հո թալան չի՞, էդ ի՞նչ են անում:

Արամ Մանուկյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար

Արամ Մանուկյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար
ՀԷՑ-ն անում է այն բոլոր քայլերը, որոնք իշխանության հետ համաձայնեցնում է, ինչի հետևանքով տուժում է քաղաքացին, քանդվում համակարգը:
Իշխանությունն այսքան ժամանակ անհանգստություն հայտնե՞լ է թանկացման համար, ամենևի՛ն, որովհետև իրենց ձեռնտու է սա... 90 հազար դրամով էլցանցն ապահովող տեսուչը չի կարող ազնիվ ապրել, նրան թույլատրված է գործարքի մեջ մտնել, փողի մի մասը բերել, վերևին հանձնել ու քիչ հոսանք ցույց տալ, այլապես ո՞նց կարող է համակարգում այդքան կորուստ լինել:

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
Եթե հասարակությունը քաղաքացիական ակտիվիստների կողքին կանգնի և մեծ ծավալի պայքար իրականացնեն, բնականաբար, արդյունք կունենա: Բայց եթե ընդամենը մի քանի հազար մարդ մասնակցի, հաջողություն չի կարող գրանցել: Երևանում ապրում է 800 հազար մարդ, եթե դրա գոնե 5-ը դուրս գա փողոց, որ մի քանի հազար ավելի դրամ չմուծի, բնականաբար, իշխանությունը կզիջի:
7637 | 3