Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Թող ֆոնդի գումարն արգելեն, ոչ թե թատրոնի տոմսերը». մտավորականներն ու հասարակությունը` դպրոցում թատրոնի տոմսերն արգելելու մասին

երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
«Թող ֆոնդի գումարն արգելեն, ոչ թե թատրոնի տոմսերը». մտավորականներն ու հասարակությունը` դպրոցում թատրոնի տոմսերն արգելելու մասին
Արդեն մի քանի ամիս է, ինչ ԿԳ նախարարությունն արգելել է դպրոցներում թատրոնի տոմս վաճառել` պատճառաբանելով, թե դրամահավաքությունն ու կաշառակերությունը խստիվ արգելված են:
Նախարարության նման որոշումն ու անհիմն պատճառաբանությունը վրդովվեցրել են թեʹ դպրոցի տնօրեններին ու աշակերտների ծնողներին, թեʹ թատրոնի մարդկանց: Շատերի կարծիքով` անմտություն է սա դրամահավաքություն համարելը, իսկ շրջանառվող լուրերը, թե դպրոցի տնօրեններից ոմանք տոմսերը վերավաճառում են, ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում տնօրեններից շատերը հերքեցին: Արվեստագետները ևս աբոնեմենտ վաճառելը դրամահավաքություն չեն համարում, փոխարենը` ոմանք կարծում են, որ պետությունն այս քայլով պարզորեն հասկացնում է, որ մեզ թատրոն պետք չէ:
Այս թեման մեկնաբանել են`

Նիկոլայ Ծատուրյան, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր

Նիկոլայ Ծատուրյան, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր
Դատարկ գլուխները վերևում նստած հրամաններն արձակում են` առանց մտածելու վաղվա մասին, որովհետև դրանք ուզում են ամեն ինչ անեն, որ մենք գնանք երկրից:
Եթե այսպես շարունակվի, վաղն ընդհանրապես հանդիսատեսին կկորցնենք, քանի որ հրամայված է երեխաներին թատրոն չբերել:

Նելլի Շահնազարյան, Սունդուկյան թատրոնի փոխտնօրեն

Նելլի Շահնազարյան, Սունդուկյան թատրոնի փոխտնօրեն
Երբ 2011-ին բեմադրվեց Հրանտ Մաթևոսյանի գործերից մեկը, ես անձամբ գնացի ԿԳ նախարարություն: Չնայած նախարարը վերջին պահին ինձ չընդունեց, բայց հանդիպեցի աշխատակազմի ղեկավարի հետ և ասացի, որ Հրանտ Մաթևոսյան է բեմադրվում, և եթե անգամ աշակերտներին արգելված է գալ, գոնե կարելի է կազմակերպել, որ մանկավարժները գան, տեսնեն, քանի որ փոխանցելու շատ բան կա երեխաներին: Պատասխանը եղավ` մենք որդեգրել ենք թատրոնի տոմս չգնելու քաղաքականություն: Անհասկանալի է, թե ինչու կտրականապես չեն ուզում, որ թատրոնի տոմս մտնի դպրոցներ:

Իշխան Ղարիբյան, դերասան

Իշխան Ղարիբյան, դերասան
Վստահաբար ասում եմ, որ դպրոցում բացի թատրոնի տոմսի գումարից, մնացած ամեն ինչի համար գումար են հավաքում: Անհասկանալի է, թե ինչո՞ւ դա պետք է ազդի միայն թատրոնի վրա: Երբ ինչ-որ բան որոշեցին արգելել, պետք է ոչ թե «քոքից կտրեին», այլ` մի մեխանիզմ մշակեին, որ թեկուզ դպրոցներում չվաճառվեին տոմսեր, բայց երեխաներին ինչ-որ ձևով բերեին թատրոն:
Մեր թատրոնի հանդիսատեսի գերակշռող մասը մշտապես կազմել են դպրոցականները: Հիմա ակնառու է, որ հանդիսատեսի թիվը պակասել է, ներկայացումների քանակն էլ կրճատվել է: Ես սկսում եմ մտածել, որ այս քայլով պետությունն ինչ-որ կերպ փորձում է հասկացնել, որ իրեն թատրոն պետք չէ: Աբսուրդ է. ներկայացում խաղացեք, բայց տոմս մի վաճառեք…ինչպե՞ս… ո՞ւմ համար խաղանք: Թող մի մեխանիզմ մշակեն, որպեսզի` ժողովրդական լեզվով ասած` հաʹմ գառները գոհ լինեն, հաʹմ գայլերը` կուշտ:
Տարիներով եկել է. աբոնեմենտը վաճառել են, եկել են Պատանի հանդիսատեսի թատրոն, իսկ նոր ղեկավարները որոշեցին, որ իրենք ավելի խելացի են, քան եղել են նախկինները:

Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու անդամ

Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու անդամ
Դպրոցը երեխայի կրթության պատասխանատուն է, որի մեջ մտնում է նաև էսթետիկ դաստիարակությունը: Երեխան պիտի գնա թատրոն: Թատրոնը տոմսով է, որը գումար արժե: Հիմա շատ կոպիտ կերպով, պաշտոնյաներրը դրամահավաք անվանելով` արգելում են, բայց դա դրամահավաք չէ, դա ներդրում է, և ծնողը պատրաստ է դա անել: Ասում են` թող ծնողները կազմակերպեն, ոʹչ, դպրոցը պետք է կազմակերպի, լեզվի, գրականության ուսուցիչը գիտի, թե ինչ ներկայացում տանի և որ թանգարանը տանի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե դպրոցի տնօրեններից ոմանք տոմսերը վերավաճառում են, ես նման դեպքի ականատես չեմ եղել, իսկ եթե իմանամ մնան բան կա, անձամբ կգնամ և տնօրենին կասեմ` միʹ արա: Այս զրույցները ևս կարող են շատ բաներ կանխել:

Լիանա Պետրոսյան, Երևանի № 129 հիմնական դպրոցի տնօրեն

Ես միանշանակ դեմ եմ ԿԳ նախարարության որոշմանը, թատրոնը շատ անհրաժեշտ է դպրոցականներին: Եթե դպրոցը չկազմակերպի, վստահ կարող եմ ասել, որ դպրոցականներից ոչ ոք էլ չի գնա թատրոն: Շրջանառվող լուրերը, որ դպրոցի տնօրենները վերավաճառում են` ավելի թանկ են վաճառում տոմսերն իրական գներից, չի համապատասխանում իրականությանը: Համենայնդեպս` ես նման բան չեմ լսել ու չեմ տեսել:
Պարզապես խնդրանք ունեմ` վերականգնել նախագիծը:

Երևանի Պ. Յավորովի անվան դպրոցի ծնող

Մյուս դպրոցներում չգիտեմ, բայց կոնկրետ մեր դպրոցում աբոնեմենտը չի վերավաճառվել տնօրենի կողմից, և ավելի մատչելի էր, քան թատրոնում վաճառվող տոմսը: Եթե դա համարվում է դրամահավաքություն և արգելվում, ինչո՞ւ ֆոնդի գումարը չեն արգելում: Ի դեպ, ուսումնական տարվա վերջում բոլորին պարտադրեցին ֆոնդի գումար հավաքել: Ավելի լավ կլինի դրա դեմ պայքարեն, այլ ոչ թե` թատրոնի տոմսերի:
7407 | 0