Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Չհամարձակվե՛ք մեղադրել մեր արտիստներին. նրանք արեցին հնարավոր ամեն ինչ». «Եվրոտեսիլ 2015»-ին արձագանքում են տարբեր ոլորտների ներկայացուցիչները

երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
«Չհամարձակվե՛ք մեղադրել մեր արտիստներին. նրանք արեցին հնարավոր ամեն ինչ». «Եվրոտեսիլ 2015»-ին արձագանքում են տարբեր ոլորտների ներկայացուցիչները
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած «Եվրոտեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Geneology» խումբը, վաստակելով ընդամենը 34 միավոր, զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը։
Հայաստանը 12 միավոր ստացավ միայն Վրաստանից, 6 միավոր` Ռուսաստանից: Հեղինակավոր մրցույթում հաղթեց Շվեդիան, երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը, երրորդը` Իտալիան: Մրցույթի արդյունքներրը համացանցում քննարկման նոր առիթ դարձան. խմբի ելույթն ու արդյունքները սկսեցին քննարկել ու քննադատել ոչ միայն մասնագետներն, այլ նաև տարբեր ոլորտի ներկայացուցիչներ:
Այս թեման մեկնաբանել են`

Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի

Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի
Մերոնք շատ լավ ելույթ ունեցան, պարզապես սիրով ուզում եմ հիշեցնել, որ դուք այդպես էլ չհասկացաք, որ «Եվրատեսիլը» քաղաքական հարթակ չի, այլ ընդամենը՝ ժամանակակից երգի մրցույթ և՝ ամենամեծ ու ցանկալի մրցույթը, ու միշտ էլ այնտեղ լավագույնն է հաղթում՝ անկախ ձեր ճաշակից:
Սփյուռքին էլ մի մեղադրեք, որովհետև ժյուրին է որոշում մեծ մասամբ:
Բրաʹվո մեր երեխեքին, չհամարձակվե՛ք մեղադրել մեր արտիստներին. իրենք արեցին հնարավոր ամեն ինչ, անթերի կատարեցին, լավն էին, մնացածը կազմակերպիչների խնդիրն է:

Ալին Գոյա, երգչուհի

Ալին Գոյա, երգչուհի
Կարծում եմ՝ բավականին հաջողված և զգացմունքային ելույթ էր: Մեր գերխնդիրն այս անգամ ինչ-որ հորիզոնականներ զբաղեցնելը չէր, որովհետև երգն ուներ շատ հստակ հաղորդագրություն, հստակ իմաստ և ելույթի նպատակն էր աշխարհին հասցնել այդ հաղորդագրությունը, մեծ լսարանին պատմել Հայոց Մեծ Եղեռնի մասին:
Ինչ վերաբերում է ֆավորիտներին, ապա դրանք հայտնի էին դեռ օրեր առաջ, բոլորն էլ նշում էին Իտալիան, Ռուսաստանը, Շվեդիան, Էստոնիան և այլն, այնպես որ կոնկրետ ես անակնկալի չեկա, իհարկե հաճելի կլիներ, որ մեր Հայաստանը հայտնվեր գոնե տասնյակում, սակայն նորից եմ կրկնում` մեր նպատակն այս տարի այլ էր, և կարծում եմ, որ այդ առումով այն իրականացված է:

Լևոն Մութաֆյան, թատերագետ

Լևոն Մութաֆյան, թատերագետ
Չեմ ցնծում, չեմ ուրախանում, որ իմ կանխատեսումներն իրականություն դարձան, որ Հայաստանը գրավեց հենց իմ կանխատեսած տեղը... Սա վկայությունն է մի բանի. բավական է նույն մարդիկ սեփականաշնորհեն «Եվրատեսիլը» մեզանում, բավական է հիանալ վատ երգով: Բեմ բերել շնորհալի մարդկանց և նրանց չտալ երաժշտական այն նյութը, որին նրանք արժանի էին...
Արմեն Մարտիրոսյանը երբեք չի համարվել լավ կոմպոզիտոր, պարզապես մեկն է փրփուրի վրա հայտնվածներից, բայց նա է այսօր որոշում ամեն ինչ: Ցավում եմ, տխրում, հիասթափությունս արտահայտում այն Ռուսաստանին, որին Հայաստանն ամեն ինչ է տվել, անգամ իր արժանապատվությունը: Սփյուռքին չեմ մեղադրում, համոզված եմ` Սփյուռքը ևս առաջնորդվել է ազնիվ մղումներով... Մի խոսքով, մենք նման խայտառակություն չենք ունեցել «Եվրատեսիլի» պատմության մեջ: Սա արդեն մի բան պետք է նշանակի. ասպարեզից հեռացնել համբակներին:

Լիլի Մնացականյան, ՀՀ քաղաքացի

Պետք է խոստովանել, որ շատ ավելի անհաջող երգեր ենք ունեցել «Եվրոտեսիլում», որոնք առաջին տասնյակում են հայտնվել, ուղղակի այս անգամ բախտը մեզ չժպտաց:

Արթուր Հարությունյան, ՀՀ քաղաքացի

Ֆուտբոլում վատ արդյունքների համար հեռացնում են գլխավոր մարզչին, լինի Կապելլոն, թե Անչելոտին: Իսկ մերոնք շարունակում են պաշտոնավարել ու առաջնորդվել սեփական «բարձր» ճաշակով: Ուրեմն՝ հեռացրեք ճահճացած ողջ կազմ-կոմիտեին, հրավիրեք ավելի կրեատիվ, թարմ ուղեղներով մասնագետների ու` առաջ:
6462 | 0