Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Անհաջող բեմադրությո՞ւն, թե՞ դատաստանի փորձ. քաղաքական գործիչները` Ս. Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

հինգշաբթի, 21 մայիսի, 2015 թ.
Անհաջող բեմադրությո՞ւն, թե՞ դատաստանի փորձ. քաղաքական գործիչները` Ս. Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների մասին
Մայիսի 20-ի երեկոյան` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ անհայտ անձանց կողմից կրակոցների արձակումն ու փախուստի դիմելը շատերի համար անհասկանալի էր:
Հիշեցնենք, որ ավտոմեքենայի մեջ էին եղել մարզպետը, նրա օգնականը և վարորդը. ոչ ոք չէր տուժել: Սուրիկ Խաչատրյանի խոսքով` կրակոցները տևել են մոտ 10 րոպե, արձակվել է 25-30 կրակոց:
Դեպքի վերաբերյալ տարբեր կարծիքներ են տարածվել համացանցում. շատերին զարմացնում է, թե ինչպե՞ս եղավ, որ այդքան կրակոցից հետո վիրավորներ չկան, ոմանք դա համարում են անհաջող բեմադրություն, մյուսներն էլ ենթադրում են, որ դա նախազգուշացում էր:
Այս թեման մեկնաբանել են`

Գուրգեն Եղիազարյան, ԱԱԽ պետի նախկին տեղակալ

Գուրգեն Եղիազարյան, ԱԱԽ պետի նախկին տեղակալ
Եթե Գորիսում կրակոց լիներ, Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցներն անմիջապես ում որ կասկածեին, ձայն չէին հանի, հետո կսկսեին հարձակումները` կասկածյալների բնակարանների վրա, ինչպես որ նախկինում է եղել: Բայց այս դեպքում նրանք բարձրաձայնեցին այդ մասին ու հետամուտ չեղան` զինված թիկնազորը չանցավ հակագրոհի՝ փոխադարձ կրակոցով: Թույլ տվեք ասել` սա վատ կազմակերպված բեմադրություն էր:
Մեքենան սահմանափակ տարածք ունի. պատկերացնում ե՞ք այդքան կրակոց մեքենայի վրա ու ոչ մի վիրավոր: Իհարկե, փորձաքննությունը ցույց կտա` ինչ հեռավորությունից է եղել և այլն, բայց եթե հավատանք մեր փորձաքննությանը, տարիուկես առաջ փորձաքննությունը պետք է ասեր` համապատասխանո՞ւմ է վարչապետի ստորագրությունը օֆշորում:

Հայկ Ալումյան, փաստաբան

Հայկ Ալումյան, փաստաբան
Էն, որ ոչ ոք չի տուժել՝ դա փաստ է, իսկ թե ինչո՞ւ ոչ ոք չի տուժել, և ո՞նց են այդ կրակոցներն արձակվել, որ ոչ ոք չի տուժել՝ անհասկանալի է:
Ես երեկ շատ ուշ երեկոյան տեսա ավտոմեքենայի լուսանկարները, և հենց վարորդի ուղղությամբ դիմապակու վրա կրակոցների հետքեր կային: Շատ զարմացա, բայց նաև ուրախացա, որ ոչ ոք չի տուժել:
Հիմա մի քանի տարբեր վարկածներ կան, դրանցից յուրաքանչյուրը տեղ ունեն լինելու՝ հաշվի առնելով մեր ոստիկանության և դատախազության գործունեությունը, երբ խոսքը վերաբերում է այդ անձնավորությանը: Մեր իրավապահները նրա դեպքում յուրահատուկ են աշխատում:

Հովհաննես Սահակյան, ՀՀԿ-ական պատգամավոր

Հովհաննես Սահակյան, ՀՀԿ-ական պատգամավոր
Ես իրավաբան եմ և դա ինձ թույլ չի տալիս վերջնական որևէ տեսակետ արտահայտել, քանի որ կան տարբեր փորձաքննություններ: Փորձագետները պետք է աշխատեն և հասկանան` ինչ է կատարվել: Նրանք կտան դրա գնահատականը:
Ես չեմ զրուցել Սուրիկ Խաչատրյանի հետ, չգիտեմ դատաստանի առիթ կա՞, թե՞ չկա:

Տիգրան Կարապետյան, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու

Տիգրան Կարապետյան, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու
Վստահաբար ասում եմ, որ վրեժխնդրության վարկածը հերքում եմ, չի կարող դա լինել, վրեժխնդրություն կլիներ այն դեպքում, եթե տուժածներն իրավապահ համակարգում չստանային իրենց հուզող հարցերի պատասխանները: Բայց այս պարագայում, այս գործի շրջանակներում տուժողի ընտանիքը բոլոր ձևերով համագործակցում է իրավապահ համակարգի հետ: Այսինքն` այստեղ տրամաբանություն չկա:
Իսկ մնացած վարկածները հերքելու կամ հաստատելու իրավասություն չունեմ:

Կարեն Վարդանյան, քաղաքական մեկնաբան

Կարեն Վարդանյան, քաղաքական մեկնաբան
Եթե 20 սանտիմետրից կարող են մարդու վրա 2 անգամ կրակել ու մարդը ողջ մնա, ապա ինչո՞ւ չեն կարող 25 կրակոց արձակել նրա մեքենայի վրա ու նրան ոչինչ չլինի: Ամերիկյան ֆիլմեր նայեք մի քիչ, սովորեք...

Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան

Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան
Կիսում եմ բոլոր վարկածները, քանի որ ամեն ինչ սպասելի է մեզանում...
7331 | 2