Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային` առերեսվելու իր պատմությանը». քաղաքական գործիչները` Եվրոխորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մասին

հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
«Բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային` առերեսվելու իր պատմությանը». քաղաքական գործիչները` Եվրոխորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մասին
Եվրոխորհրդարանում ապրիլի 15-ին «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը» թեմայով քննարկումների արդյունքում ԵԽ պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեցին: Բանաձևը դատապարտում է 1915թ. իրականացված դաժանությունները և կոչ անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս թեման մեկնաբանել են`

Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար

Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար
28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին։
Եվրոմիության օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն։
Բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Այս բանաձևի ընդունմամբ` Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին:

Արտակ Զաքարյան, ԱԺ պատգամավոր

Արտակ Զաքարյան, ԱԺ պատգամավոր
Բանաձևը դատապարտում է բոլոր տիպի ցեղասպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, կարևորում դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերը: Շեշտելով Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի կոտորածները, իր եղբայրական աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպայի խորհրդին միանալ հիշատակի արարողություններին: Փաստաթուղթը հղում անելով 1987-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության մասին, ընդգծելով, որ Ցեղասպանությունների ժամանակին կանխարգելումն ու արդյունավետ պատասխանատվությունը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից մեկը: Բանաձևում կոչ է արվում Թուրքիային հաշտվել և առերեսվել սեփական պատմության հետ, առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու միջոցով:

Պետո Դեմիրճյան, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու

Պետո Դեմիրճյան, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու
Եվրոխորհրդարանի երեկվա բանաձևից հետո ավելի դյուրին կլինի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը Եվրոմիության երկրներում:
Վստահ ենք, որ գալիք օրերի, շաբաթների, կամ ամիսների ընթացքում պիտի ունենանք զանազան բանաձևեր Եվրոպական միության զանազան խորհրդարանների կողմից:

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող
Հայաստանը ԵՏՄ կոչվող թյուրիմացության անդամ է, բայց մեր համար էս կարևոր օրերին մեր կողքին են ու ավելի շատ մեզ աջակցում են եվրոպացիք, կաթոլիկները, քան ԵՏՄ թյուրիմացության անդամ ուղղափառ բելառուսները և ռուսները։ Ղազախների մասին էլ բան չասենք:

Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի նախագահ

Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի նախագահ
Որպես Թուրքիայի նախագահ, ես պաշտպանվելու կարիքը չունեմ և երբեք թույլ չեմ տալու, որ «ցեղասպանություն» բառի ստվերն ընկնի երկրիս վրա: Ինչ որոշում էլ նրանք ընդունեն, միևնույն է` իմ մի ականջից դա կմտնի, մյուսից դուրս կգա: Թուրքիան երբեք չի ընդունի նման ոճրագործության մեղադրանքը:
Մեր երկրում ապրում են հայեր ու նրանք մեր բոլոր բարիքներով են օգտվում, և նրանց մեջ կան ոչ միայն մեր քաղաքացիություն ունեցողները: Մենք կարող էինք նրանց արտաքսել, բայց մենք դա չենք անում:

«Բլումբերգ», ամերիկյան գործակալություն

«Բլումբերգ», ամերիկյան գործակալություն
Եվրոխորհրդարանն իր բանաձևով կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ առերեսվել սեփական անցյալի հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այդպիսով ուղի հարթել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման համար:
Եվ չնայած Թուրքիան արդեն տարիներ շարունակ փորձում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ՝ այս բանաձևը երկրի իշխանություններն ընդունել են որպես սադրանք:
3875 | 2