Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Շալանդից հետո էլ ոչինչ չի փոխվելու, մինչև ֆեդերացիայի նախագահը չփոխվի»

երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
«Շալանդից հետո էլ ոչինչ չի փոխվելու, մինչև ֆեդերացիայի նախագահը չփոխվի»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:
Այս թեման մեկնաբանել են`

Բեռնար Շալանդ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ

Բեռնար Շալանդ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ
Ես Հայաստան եկա մոտ մեկ տարի առաջ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Սա մեծ մարտահրավեր էր ինձ համար: Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք որակավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, հակառակ դեպքում ես պետք է լքեմ իմ պաշտոնը: Հենց այդ պատճառով ինձ համար հիմա ամեն ինչ պարզ է:
Բնականաբար, 4 խաղից 1 միավորը բավարար արդյունք չէ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ մենք այս մրցափուլի գրեթե բոլոր խաղերի ժամանակ ունեցել ենք կորուստներ: Բացի այդ, յուրաքանչյուր խաղի ժամանակ մեզ ինչ-որ բան խանգարել է: Մխիթարյանի և Արզումանյանի վնասվածքները՝ Դանիայի հետ հանդիպման ժամանակ, Մարկոսի չիրացրած 11-մետրանոցը՝ Սերբիայի դեմ խաղում, Համբարձումյանի կարմիր քարտը՝ Ալբանիայի դեմ խաղում: Եթե ցանկացած խաղ տևեր 70 րոպե, մենք կունենայինք 10 միավոր: Դա նշանակում է, որ մեր ընտրած կազմը կամ մարտավարությունը խաղերի համար այնքան էլ վատը չէր, ուղղակի մեզ ինչ-որ բան չէր հերիքում վերջում: Անկախ ամեն ինչից՝ ես արդարացումներ չեմ փնտրում: Խնդիրը կատարված չէ:

Հենրիխ Մխիթարյան, Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան

Հենրիխ Մխիթարյան, Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան
Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին հայկական ֆուտբոլում իր ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Ինձ համար գերագույն հաճույք էր այսպիսի մարզչի հետ աշխատելը: Ես շատ եմ գնահատում նրա կողմից ինձ տրված խորհուրդները: Մեր համատեղ աշխատանքը կարճ տևեց, բայց ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության համար և մաղթում եմ լավագույնը իր հետագա ծրագրերում:

Մենուա Մեհրաբյան, մարզական մեկնաբան

Մենուա Մեհրաբյան, մարզական մեկնաբան
Շալանդի հրաժարականի համար ասեմ, որ սպասված էր, իհարկե... Իր հեռացման մեջ առաջին հերթին ինքն էլ մեղավոր էր... Էլ չեմ խոսում մեր ընտրանու ձախողած ընտրական փուլի մասին... Բայց, անկեղծ եմ ասում, հասցրել էի մտերմանալ Շալանդի հետ... Շատ բարի, շատ հավեսով մարդ ա... երբեք չի մերժել իմ խնդրանքը՝ հարցազրույցի, կամ պարզապես զրույցի համար, միշտ ժպիտը դեմքին ընդունել ա ու սիրով զրուցել՝ ինչքան որ ես ցանկացել եմ, նույնիսկ ժամերով... Հույս ունեմ` շուտով նոր աշխատանք կգտնի... Շալանդի հետ միասին այսօր ենք վերադարձել Ալբանիայից... Տիրանայի օդանավակայանում, երբ նստած էինք բավական երկար ժամանակ, Շալանդն առանձնացել էր... տխուր էր ահավոր... Քեզ հաջողություններ՝ ՄԻՍՏՐ ՇԱԼԱՆԴ...

Ռոբերտ Գասպարյան, մարզական մեկնաբան

Ռոբերտ Գասպարյան, մարզական մեկնաբան
Մարդ չգիտի` ուրախանալ Շալանդի հրաժարականով, թե ոչ: Փաստացի` Հայաստանի հավաքականի ղեկը ստանձնեց մեկը, ով կարողացավ փոխել մեր տակտիկական դասավորությունը: Այսինքն ընկալեց, որ մենք ունենք այնպիսի կազմ, որը թույլ էր տալիս խաղալ ինչպես 4, այնպես էլ 3 կամ 5 պաշտպանով: Ընդ որում մենք հնարավորություն ունեինք այդ վերադասավորումներն անել խաղի ընթացքում: Կազմը թույլ էր տալիս, ֆուտբոլիստներն ունիվերսալ են մեր: Շալանդը կարծես թե ամեն ինչ ճիշտ էր անում, ֆուտբոլիստներին ճիշտ էր ընտրում, բայց մեզ պակասում էր ոչ թե ֆուտբոլիստ, այլ կոլեկտիվ, կարգապահ ֆուտբոլ: Ի՟նչ եղավ Ալաբանիայի հետ խաղում: Արագ գոլ խփեցինք ու մտանք դարպասային հրապարակ` սպասելով, որ մրցակիցը կսկսի հախուռն գրոհել: Այդտեղից էլ հակագրոհելու շանս, ինչը մեզ մոտ շատ լավ է ստացվոմ: Սակայն ալբանացիները խաղի առաջին րոպեից մինչև վերջինը ընտրել էին նույն` բարձրից փոխանցումների մարտավարությունը: Դա շատ ակներև էր: Այդ պարագայում արդեն ճակատագրական եղավ թիմի ֆիզիկական պատրաստակամությունը: Տղաները ոչ միայն հարված չէին կատարում դարպասին, այլև չէին էլ գրոհում: Խոտանն այնքան շատ էր, որ մի ամբողջ ընտրական ցիկլի համար կհերիքեր: Փաստացի միակ ստացված հնարքը Մխիթարյանինն էր հանդիպման սկզբում: Այստեղ կարող էր կրկնվել Դանիայի 0-4 օրինակը, եթե մենք գործեինք մի փոքր համարձակ: Դիմացը մրցակից չկար: Բոլոր առումներով Հայաստանի հավաքականը ՊԵՏՔ Է, ՈՐ գերազանցեր մրցակցին` ինչպես անհատապես, այնպես էլ թիմային խաղով: Բայց ցավոք պարտվեցինք:
Շալանդը հրաժարական տվեց: Հետո՟: Ո՟վ է լինելու հաջորդը: Վարդան Մինասյա՟ն: Չեմ հավատում: Սարգիս Հովսեփյա՟ն: Առայժմ ոչ: Հիշում եք ինչպես Վարդանը գլխավորեց մեր հավաքականը: Մի քանի խաղ աշխատեց ՊՈՐՏԵՐՖԻԼԴԻ հետ, նոր նշանակվեց: Բայց Շալանդը ՊՈՐՏԵՐՖԻԼԴ ՉԷ: Դեռ աշխատելու տեղ ունի Սարգիս Հովսեփյանը: Մի օր կգլխավորի հավաքականը: Միշել Տեր Զաքարյա՟ն, Աբրահամ Խաշմանյա՟ն: Անկեղծ` ով էլ լինի` ոչ երանի իրեն: Հաջողություն եմ մաղթում: Վիճակն իրոք օրհասական է... խոսքս մրցաշարային աղյուսակի մասին չէ ամենևին էլ....

Համլետ Կիրակոսյան, Գյումրիի «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր

Համլետ Կիրակոսյան, Գյումրիի «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր
Էս Շալանդ կոչեցյալը բոլորին մեղադրեց, վնասվածքներ ու կարմիր քարտ, հանդիպման 70 րոպեանոց ժամանակահատված անգամ մեջբերեց՝ հավաքականի անհաջողությունները` պատճառաբանելու համար, բայց մի հատ կեսբերան չակնարկեց, որ մեղքի հիմնական բաժինը իրենն է՝ իր մարտավարական անհասկացողությամբ ու դանդաղ գործողություններով, կամ, ավելի ճիշտ՝ անգործությամբ...

Ռաֆայել Խալաթյան․ «ArmFootball»-ի գլխավոր խմբագիր

Ռաֆայել Խալաթյան․ «ArmFootball»-ի գլխավոր խմբագիր
Առաջինը. Շալանդը սաղ թերություններով հանդերձ. ամենամեծ մեղավորն իրան նման պայմաններով բերող մարդն ա, ու քանի ինքն ա, նույնը շարունակվելու ա: Հավաքականը շարունակելու ա խաղալ առանց նորմալ մարզիչների:
Երկրորդ. Շալանդի ամենամեծ թերությունը խաղը չվերահսկելն ա: Ահավոր ա: Տրամադրել, կազմ ընտրել, տակտիկա ընտրել սկզբի համար, նորմալ ա: Հետո 0: 3. Շալանդը` Շալանդ, բայց հավաքականի 90 տոկոսը չէր վազում: Ֆիզիկապես 0:
Հետևություն. Շալանդին, իհարկե, հաջողություն, բայց, ցավոք, սաղ մեղքը կբարդվի իրա վրա: Ու ոնց որ միշտ ա լինում, իրական թերությունները կմնան ստվերում:

Սարգիս, քաղաքացի

Բեռնար Շալանդն այդքան էլ վատ մարզիչ չէ, ամեն ինչ չի կարելի մարզչի վրա գցել։ Տղաներն իրար պետք է ճանաչեն, միայն ֆուտբոլ խաղալով չէ․․. թիմային ամբողջականություն, միասնական բռունցք պետք է ցուցադրել։ Թիմը պետք է լինի ինչպես մեր հաղթող ՀՀԿ կուսակցությունը, մեր ԿՎՆ թիմերը, իսկ դա իրար հետ շփվելուց ա առաջանում: Շալանդը շուտ պետք է կանչեր նորեկներին, որ միասին շատ խաղային և շփվեին։ Միասնական լինելը մեր թիմին հաղթանակներ կբերի։

Նարեկ Գևորգյան, ֆուտբոլասեր

Հա, Շալանդը գնաց, հետո՞։ Մեկա ոչինչ չի փոխվելու, մինչև ֆեդերացիայի նախագահը չփոխվի։ Ռոնալդուն ու Մեսսին էլ մեր հավաքականում խաղան, մեզ բան չի փրկի, քանի էտ մարդու կապրիզով ու քմահաճույքով ա ամեն ինչ որոշվում հայկական ֆուտբոլում։ Ամեն ինչ գալիս ա հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներից ու մեկնարկային կազմում խաղացողներից։ Եթե մեր տաղանդավոր ֆուտբոլիստներից շատերը ներառվեին հավաքականում, գուցե, պատկերն այլ կլիներ։
5348 | 7