Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Միջնորդ երկրներն ինչ-որ խոստումներ են կորզում Ադրբեջանից, բայց դրանից տասն օր հետո սահմանին իրավիճակը կրկին սրվում է»

ուրբաթ, 20 մարտի, 2015 թ.
«Միջնորդ երկրներն ինչ-որ խոստումներ են կորզում Ադրբեջանից, բայց դրանից տասն օր հետո սահմանին իրավիճակը կրկին սրվում է»
Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ էր շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինին, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Ցավոք, հայկական կողմից արիաբար զոհվել էին երեք զինվոր, չորսը` վիրավորվել:
Սահմանում շարունակվող լարված իրավիճակը փորձել են գնահատել հայ քաղաքական գործիչներն ու մտավորականները:
Այս թեման մեկնաբանել են`

Սեյրան Օհանյան, ՀՀ Պաշտպանության նախարար

Սեյրան Օհանյան, ՀՀ Պաշտպանության նախարար
Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Ադրբեջանն ունի ստրատեգիա, այդ մենք չունենք ստրատեգիա: Մենք պիտի հասկանանք, որ սահմանային միջադեպերի և ընդհանրապես հակամարտության վրա ազդող գործոնները բազմաթիվ են, և մենք այս իրավիճակն ունենք, որովհետև մենք մտել ենք մի արատավոր շղթայի մեջ, որտեղ կողմերի և հռետորաբանությունը, և որդեգրած ստրատեգիաները՝ տվյալ պարագայում Ադրբեջանի կողմից ապասառեցնելու ռազմավարությունը, ուղղակի միմյանց լրացնում են, որի պատճառով մենք ունենք այս իրավիճակը:
Տարիներ շարունակ չխոսել այն մասին, որ հակամարտության այս «մատրիցան» և Ռուսաստանի մի քանի միլիարդանոց ռազմատեխնիկական գործարքն Ադրբեջանի հետ ուղղակիորեն գործում են Հայաստանի դեմ, պարզապես անթույլատրելի է:

Արտակ Բեգլարյան, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ

Արտակ Բեգլարյան, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ
Ադրբեջանն ապակառուցողական գործողություններ է ձեռնարկում և միտումնավոր դիմում սադրիչ քայլերի, բանակցությունները վտանգի տակ դնելու համար:
Իմ անձնական կարծիքով` սա ուղղակի ապակառուցողական վարք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև` միջնորդ կողմերի հանդեպ: Մենք կարող ենք սկսել պատերազմ, կամ լարում ստեղծել, ինչին միջնորդ երկրները դեմ են: Նրանք նշում են, որ միայն խաղաղ ճանապարհով պետք է այս խնդիրը լուծվի: Սահմանին իրավիճակը կարող է փոխվել, եթե միջնորդ երկրներն իրական ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա: Մինչդեռ միջնորդներն ինչ-որ խոստումներ են կորզում Ադրբեջանից, սակայն դրանից տասը օր հետո սահմանին կրկին իրավիճակը սրվում է: Կարող են լինել ևʹ տնտեսական ևʹ ռազմական սանկցիաներ, որ Ադրբեջանը փորձում է ապակայունացնել տարածաշրջանը և իր միջազգային պարտավորությունները չի պահպանում:

Համլետ Կիրակոսյան, Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Համլետ Կիրակոսյան, Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հասկանալի է, որ ռազմական գործողությունների ժամանակ, պատերազմական, չհայտարարված պատերազմի, կիսապատերազմական վիճակում, զոհեր կլինեն...երկու կողմից էլ...
Սրանով հանդերձ, մեր երեք զոհերի դիմաց ադրբեջանցիների 14 զոհերի փաստը ինձ բնավ չի մխիթարում:
Ես մխիթարված կլինեի, եթե մեր կողմից զոհեր չլինեին:

Մարտին Վարդազարյան, ՀՀ ժողովրդական արտիստ

Մարտին Վարդազարյան, ՀՀ ժողովրդական արտիստ
Անհանգստությունս շատ մեծ է: Կարևորը, որ սադրանքների նկատմամբ լինել ադեկվատ պատասխաններով և չենթարկվել ոչ մի սադրանքի: Եթե երկու կրակոց է լինում չորսով պատասխանել: Հասկանալի է, որ դա մեր կողմից չի սկսվում: Ես հիմնահարցի լուծման խաղաղ ճանապարհին եմ միայն կողմնակից: Եթե արդեն 25 տարի այս վիճակն է, ժամանակն է, որ ճանաչվի: Ես նորություն չեմ ասում, և սա բոլորիս մտքում է:
Իմ խորին ցավակցություններն ու ափսոսանքն եմ հայտնում զոհվածների հարազատներին:

Գուրգեն Խանջյան, արձակագիր, դրամատուրգ

Գուրգեն Խանջյան, արձակագիր, դրամատուրգ
Զոհերի համար շատ եմ ցավում: Իրատեսական է, որ քանի դեռ այդ հարցը չի լուծվել, շարունակական են լինելու նման լարումները: Իմ խորին համոզմամբ`մեծ տերություններին ձեռնտու չէ այս հարցի լուծումը: Ղարաբաղը խթան է, որ մեծ պետություններն ամեն րոպե կարող են օգտագործել, և ինտրիգ առաջացնել:
Շատ հարցեր կան հետևում… բայց բուն հարցը մնում է չլուծված: Այս ամենը դրսից եկող սադրանքների արդյունք է: Եվ շատ ցավալի է, որ չունենք Տիգրան Մեծի Հայաստանը, որ ամեն բան այլ կերպ լուծել կարողանանք:
4376 | 0