Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Beeline»-ը գումար և բոնուսներ է կորզում բաժանորդներից

երեքշաբթի, 17 մարտի, 2015 թ.
«Beeline»-ը գումար և բոնուսներ է կորզում բաժանորդներից
«Beeline» ընկերությունը՝ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության առաջին բջջային օպերատորը, կարծես թե այդքան էլ ազնիվ չէ իր բաժանորդների հետ: Վերջին շրջանում հաճախակի են դարձել բջջային այս օպերատորի ծառայությունների հետ կապված բողոքները: Մեծամասամբ բողոքում են, որ «Beeline»-ը խաբեությամբ գումարներ է կորզում մարդկանցից:
Ի դեպ նշենք, որ «Hi line» ինտերնետի արագությունը, երբ փորձում ես ստուգել «Beeline»-ի պաշտոնական էջի ինտերնետի արագությունը ստուգող սարքով, ավելի բարձր վարկանիշ է ցույց տալիս, քան նմանատիպ մյուս կայքերով ստուգելիս: Երբ այս մասին ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զանգահարեց «Beeline»-ի սպասարկման կենտրոն, պատասխանեցին, որ այս պահին ունեն արագության հետ կապված անկում, աշխատանքներ են տարվում կարգավորման համար: Հաջորդող հարցին՝ խնդիրը միայն այսօր չի նկատվել, այլ նախորդ օրերին էլ, հնչեց նույն պատասխանը՝ աշխատանքների պատճառով կարող է և´ բարձր, և´ ցածր վարկանիշ ցույց տալ: Նշեցին, որ ավելի հստակ կարող են պատասխանել աշխատանքներն ավարտելուց հետո:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը լսել է և ստորև ներկայացնում է այն մարդկանց կարծիքներն, ովքեր օգտվում են «Beeline»-ի ծառայություններից:
Այս թեման մեկնաբանել են`

Շողիկ Այվազյան, բաժանորդ

Շողիկ Այվազյան, բաժանորդ
Մի անիծյալ օր վաղ անցյալում որոշեցի օգտվել «Beeline»-ի շարժական ինտերնետ կապից: 5 ամիս նյարդային ցնցումներ ապրելուց, բազմաթիվ բողոքներից, կապի օրերով բացակայությունից ու «Beeline»-ի հետ իմ հարատև համառ պայքարից հոգնած՝ ես որոշեցի տանել, իրենց շպրտել իրենց ֆլեշկան, բայց արի ու տես, որ իրենց չի հետաքրքրում, որ ինձ գրեթե կապ չեն տրամադրել, որ ես ամիսներ շարունակ նույն հարցով դիմել եմ իրենց, բազմիցս նոութբուքս շալակած հասել եմ սպասարկման կենտրոն: Ճիշտ է 5 ամիս հետո իրենք հայտնաբերեցին, որ տարածքում 3G չկա ու էնքան սրտացավ էին, որ գլխամասը իրեն նեղություն չտվեց ուրբաթ օրով գար կարգավորումներ տալու, ասացին՝ սպասի մինչև երկուշաբթի, ու արդեն 3 տարի ա զանգում են ինձ, թե պարտք ունեք վճարելու, 3 տարի ես մեկ հանգիստ, հաճախ հիստերիայի մեջ ընկած պնդում եմ՝ չեմ վճարելու, որ դիմեն դատարան, չզանգեն ինձ, բայց ամեն ամիս, մարդիկ պարտաճանաչ տեղեկցնում են ինձ, որ ես իրենց մնացած չօգտագործված 6 ամիսների դիմաց 60 հազար պարտք ունեմ, ու ոնց հասկանում եմ, ուղղակի փորձում են քերել էդ գումարը ոչ օրենքի սահմաններում:

Արման Բաղդասարյան, բաժանորդ

Մի քանի օր առաջ ընկերոջս առավոտ շուտ զանգում են «Beeline»-ից ու ասում, որ իր անունով XXXXXXXX համարի վրա 391000 պարտք կա: Ասել են՝ ինչ որ պարտք ա եղել, չի վճարել, վրեն տույժեր ա եկել: Ամբողջ օրը ման ենք գալիս՝ ում մոտ է եղել այդ համարը, պայմանագիրն էինք ման գալիս, որ հասկանայինք էդ գումարը որտեղից է կուտակվել: Վերջը երեկոյան հերթական մունաթ զանգից հետո ասացին՝ կներեք, սխալվել ենք: Մարդու ինֆարկտի կարան հասցնեն իրենց սխալվելով:

Դավիթ Մկրտչյան, բաժանորդ

Բջջային անսահմանափակ ինտերնետ ես ակտիվացնում, օրինակ «light»-ը: SMS-ը գալիս ա, որ շնորհակալություն դուք ակտիվացրել եք ծառայությունը: Դու էլ քեզանից գոհ սկսում ես ինտերներտը միացնել ու օգտվել: Մի քանի ժամ օգտվում ես, մեկ էլ ուզում ես զանգես, տեսնում ես 900 դրամից մնացել ա էնքան քիչ, որ թույլ չի տալիս զանգել: Զանգում ես «Beeline», ասում ես՝ ինչի՞ են փողերը գնացել, ասում են, բա գիտեք ինտերնետ փաթեթը ակտիվացնելուց հետո, պետք է բջջայինն անջատեիք, միացնեիք, որ մեր համակարգը ընդուներ ձեր կոմբինացիան ու նոր սկսեիք մտնել ինտերնետ: Դուրս եկավ, որ ես էդ 1000 դրամը նվեր արեցի իրենց անկախ իմ կամքից, ու էլի լիքը բաներ: Համամիտ եմ՝ «Beeline»-ն էժան է՝ համեմատ մյուս օպերատորների, բայց ինչ- որ թալանչիական ծրագիր կա մշակված:

Սարգիս Մեսրոպյան, բաժանորդ

Վերջերս բավականին շատ կուտակած միավորներ ունեի: Զանգեցի «Beeline», հարցրեցի՝ եթե ակտիվացնեմ այդ միավորները, որքան ժամանակ կարող եմ խոսել: Ինձ ասացին, որ սահմանված ժամկետներ չկան, կարող եմ խոսել այնքան ժամանակ, մինչև կսպառվեն րոպեները: Չվստահելով՝ ևս մեկ անգամ հարցրեցի, բայց նորից նույն պատասխանը լսեցի: Ակտիվացնելուց անմիջապես հետո ստացա նամակ, որ այդ անվճար րոպեները օգտագործելու համար ունեմ 7 օր ժամանակ: Հետ զանգահարեցի, ինձ ասացին, որ հնարավոր չէ նման բան ասած լինեն: Պահանջեցի, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը լսեն ու եթե դա չանեն, ապա դատի եմ տալու: Ասեցին լավ: Երեք օր անց զանգահարեցին, ասեցին ներողություն մեր աշխատակիցը սխալա ձեզ ասել: Ու վերջ: Բոնուսներս գնացին, կորան:

Վարդուհի Սարգսյան, բաժանորդ

Վարդուհի Սարգսյան, բաժանորդ
Մի անգամ հայտնաբերեցի, որ նոր լիցքավորած հեռախոսիս մեջ գումար չկա: Զանգեցի «Beeline», որտեղից ինձ համոզում էին, թե ես 40 րոպե խոսել եմ Մալայզիա՝ այսինչ այսինչ համարին: Ի՞նչ Մալայզիա, ի՞նչ համար, ես ոչ մի տեղ չէի խոսել, Մալայզիայի տեղն էլ մենակ քարտեզով գիտեի, բայց կարա՞ս «Beeline»-ին բան հասկացնես, էդ գումարս տենց էլ կորավ:

Թեհմինե Կիրակոսյան, բաժանորդ

Իմ համարը պապիկիս անունով է, ես ուզում էի փոխել իմ անունով: Պարզվեց, որ պետք է իմ համարը նորից գնեմ իրենցից: Համարս էլ արծաթ է ու բիզնեսի նոր ձև է, փող աշխատելու տարբերակ:

Անուշ Կլեկչյան, բաժանորդ

Անուշ Կլեկչյան, բաժանորդ
XXXXX5500 հեռախոսահամարը տարիներ շարունակ իմն էր, դեռ այն ժամանակվանից, երբ «Beeline»-ը «Արմենթել» էր: Սակայն եղավ մի պահ, երբ ես մոտ 4 ամիս չօգտագործեցի այդ քարտը, քանի որ ավելի էժան օպերատորներից էի օգտվում: Եվ երբ ակտիվացրի, պարզվեց, որ քարտն արգելափակված է: Գնացի սպասարկման կենտրոն, ինձ ասացին, որ մեկ շաբաթից եկեք, կբացենք, մեկ շաբաթից գնացի, ասացին, որ հնարավոր չէ՝ իրենք ինձ նման բան ասած լինեն, մի խոսքով մեկ ամիս տարան բերեցին, հետո էլ ասացին, թե պայմանագրի ինչ-ինչ կետի, եթե մի քանի ամիս քարտը չի ակտիվացվում, ապա հեռախոսահամարը ընկերությունը հետ է վերցնում: Ես հակադարձեցի, որ ինչ պայմանագրի մասին կարող է խոսք լինել, չէ որ իրենք ինձ ընդամենը ստորագրել են տվել, որ այդ հեռախոսահամարն իմն է և ոչ մի պայմանագրի նմուշ ինձ չեն տվել, նրանք ասացին, որ իրենց մոտ կարգն այդպիսին է: Երբ ասացի, լավ, ինչ իրավունքով եք իմ ոսկյա հեռախոսահամարը առանց նախազգուշացնելու խլել, կարող էիք չէ գոնե նամակ ուղարկել տվյալներում նշված հասցեով, ասացին, որ իրենք պարտավոր չէին: Մի հատ էլ, իբրև լավություն, ասացին՝ դուք ձեր քարտը կարող եք մեզնից զեղչով գնել՝ 60000-ի փոխարեն վճարելով 50000 դրամ:
Այնինչ, երբ ամուսնուս «Beeline» հետվճարայինի վրա 920 դրամի պարտք էր մնացել, անձնագրում նշված հասցեով նամակ էին գրել և սպառնացել դատական կարգով:
7162 | 2