Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Այս ոլորտի մարդիկ մտածում են ոչ թե որակի, այլ շահույթի մասին». ինչո՞ւ հայկական սերիալների որակը չի բարձրանում

կիրակի, 01 մարտի, 2015 թ.
«Այս ոլորտի մարդիկ մտածում են ոչ թե որակի, այլ շահույթի մասին». ինչո՞ւ հայկական սերիալների որակը չի բարձրանում
Երբ նկարվեցին հայկական առաջին սերիալները, մասնագետները հույս հայտնեցին, որ տարիների ընթացքում մաղման պրոցես տեղի կունենա, և քանակը կապահովի որակ: Արդյո՞ք սերիալները որակապես փոխվեցին: Եվ արդյո՞ք երիտասարդ դերասանի համար սերիալում նկարահանվելը վտանգավոր չի այն առումով, որ հանդիսատեսը նրան հավերժ կհիշի ու կնույնացնի սերիալում մարմնավորած գողական հերոսի հետ: Այս հարցերի շուրջ անկեղծանում են մեր զրուցակիցները:
Այս թեման մեկնաբանել են`

Դիանա Գրիգորյան, դերասանուհի

Դիանա Գրիգորյան, դերասանուհի
Հայկական սերիալները զգալի աճ են ապրել, եթե համեմատենք անցած տարիների հետ: Չնայած` աճելու տեղ դեռ շատ կա: Երիտասարդ դերասանի համար սերիալը փորձ է, մեծ փորձ: Մեր երկրում ակտիվ չէ կինոարտադրությունը, որ հրաժարվենք սերիալներում նկարահանվելուց և միայն տրվենք ֆիլմերին: Տարեկան մի քանի ֆիլմ նկարահանող երկրում կան հարյուրավոր դերասաններ, ովքեր ինչ-որ կերպ պիտի ապրեն և աշխատեն: Սխալ է, երբ սերիլաը դիտարկվում է միայն բացասական կողմից: Մարդիկ դերասանին նույնացնում են սերիալում խաղացած դերի հետ, քանի որ հենց այդ կերպարով են լայն մասսաները ճանաչել տվյալ դերասանին:
Հայկական սերիալներում կփոխեի անվերջ դժբախտ սցենարներն ու ողբերգական ճակատագրերը: Ինչպես նաև, դերասանական կազմն ընտրելիս, շատ ցանկալի կլիներ, որ ընտրվեին միայն մասնագիտությամբ դերասաններ:

Սամվել Թոփալյան, դերասան

Սամվել Թոփալյան, դերասան
Առանձնապես ոչ մի հետաքրքիր բան տեղի չունեցավ այս տարիների ընթացքում, նույն սցենարները, նույն վիճակները… Հիմքը գալիս է սցենարից: Մեր իրականությունից կտրված թեմաներ են` մեզ հետ բացարձակ ոչ մի կապ չունեցող: Դա բնականաբար ազդում է ևʹ ռեժիսորի, ևʹ դերասանների աշխատանքի վրա: Մեր սերիալներն ընդամենը դերասանների համար գումար աշխատելու միջոց են: Կցանկանայի, որ սերիալներում գոնե մեր առօրյա խնդիրներն արծարծվեին:

Վահագն Սարգսյան, դերասան

Վահագն Սարգսյան, դերասան
Կարծում եմ` եթե պրոֆեսիոնալ թիմ աշխատի, և կրթությամբ դերասաններ խաղան սերիալում, կունենանք որակյալ սերիալներ: Բայց հիմա դրսից բռնում նկարում են սերիալում, սխալ է, չեմ ընդունում: Դրա համար էլ շատ սերիալներ անորակ են:
Հիմա սերիալում ամեն ինչ դարձրել են առօրյա` մեր քնելը, ուտելը, մեր վեճերը, նույնիսկ`զուգարան գնալը: Կուզեի, որ մի քիչ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տան: Հասկացանք, որ սերիալ է, բայց դա էլ մի արվեստ է, մենք մեր գործը պետք է անենք լուրջ ու անկեղծ, ինչպես թատրոնում:

Աննա Հակոբյան, օգտատեր

Հայկական սերիալներում համատարած սիրային տառապանքներ են ու ժամեր տևող լացի տեսարաններ: Հայկական սերիալները ոչ միայն չեն կրթում, այլ`ագրեսիա ու բռնություն են քարոզում: Հայկական հեռուստաալիքներում չկա մի սերիալ, որտեղ հերոսների միջև վեճը լուծվի խաղաղ ճանապարհով, պարտադիր է, որ մեկը մեկին սպանի, հերոսին անպայման գողանան և այլն: Նայում ես մի քանի սերիա և միանգամից կռահում, թե ինչ զարգացում պետք է լինի: Ստացվում է՝ մի քանի ամիս կամ տարիներ նայում ենք սերիալ, որը մեզ ոչինչ չի տալիս:

Նվարդ Ասատրյան, թատերագետ

Նվարդ Ասատրյան, թատերագետ
Հեռուստասերիալների բուռն, տարերային ծաղկունքի շրջանում, «Բանակում» ֆիլմի շնորհանդեսից հետո, առանձնազրույց ունեցա ամենամեծ հանդիսասրահ ունեցող «Շանթ» հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի հետ։ Երբ համառորեն փորձում էի անկեղծ վերլուծել, հիմնավորել իր «բարի կամքով» հեռարձակվող անվերջանալի սերիալամարաթոնի բոլոր հանրահայտ մասնակիցների գեղարվեստական թերարժեքության ազգակործան, մարդավեր էությունը, պ. Եզեկյանը փոքր-ինչ զգաստացավ։ Ապա իր կառավարման վահանակն ուղղեց դեպի իր աշխատասենյակում տեղադրված մեծադիր էկրանը։ «Տեսնու՞մ եք, թե որքան մարդ է նայում Ձեր փնոված «Որոգայթի» հերթական սերիայի կրկնությունը, - հպարտությամբ ընդդիմացավ ծանրակշիռ բոլոր փաստարկներիս։ Դուք ինձանից մշակո՞ւյթ եք ակնկալում։ Ես գործարար եմ, ինձ հենց սա է հարկավոր։ Ձեր բարձր պահանջները ներկայացրեք պետական մշակութային հաստատություններին։ Ես իմ բիզնեսի տերն եմ, որի շնորհիվ էլ առաջատար եմ դարձել հեռուստաշուկայում»։ Տարիներ անցան, ցավոք, ոչ մի դրական տեղաշարժ չարձանագրվեց, ընդվզելուց հոգնեց ու նիրհեց ազգի ուղեղը՝ մտավորականության հոծ բանակը։ Ամենասարսափելին՝ պետական վերահսկողություն այդպես էլ չսահմանվեց, հանրամատչելի բարձրարժեք գեղարվեստական ֆիլմեր չստեղծվեցին...

Երվանդ Մանարյան, ռեժիսոր

Երվանդ Մանարյան, ռեժիսոր
Եթե գեղարվեստական գործը որոշակի նպատակ և հասցե չունի, և ամենակարևորը`առաքելություն չունի, այն ակամա դառնում է ոչ դաստիարակչական, երբեմն նույնիսկ` հակադաստիարակչական: Այս ոլորտի ամենամեծ խնդիրն այն է, որ այսօր ամեն մեկին թվում է, թե ինքը կարող է անել այն, ինչ կարող են անել վաստակավոր դերասանները: Բայց դա ոչ բոլորին է հասանելի, դրա համար պետք է դերասան լինել: Այսօր սերիալում նկարվողներին հրամցվում են սցենարներ հիմնականում ոչ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից: Որպեսզի դերասանն ավելի վարպետանա, նա պետք է գործ անի, նա պետք է նյութ ունենա: Եթե դու կեղտոտ ներկերը տալիս ես տաղանդավոր մարդուն, նա ինչպե՞ս կարող է քեզ համար գեղեցիկ նկար ստեղծել:
Մեր սերիալները որակի միջին մակարդակից բավականին ցածր գործեր են: Ստեղծված իրավիճակի միակ պատճառն այն է, որ այս ոլորտի մարդիկ մտածում են ոչ թե որակի, այլ շահույթի մասին:
14479 | 2