Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Ինչո՞ւ է Հայաստանը համարվել ամենաանառողջ սննդակարգ ունեցող երկիրն աշխարհում, ո՞րն է համարվում անառողջ սնունդ, և ի՞նչ է ենթադրում առողջ սննդակարգը

կիրակի, 22 փետրվարի, 2015 թ.
Ինչո՞ւ է Հայաստանը համարվել ամենաանառողջ սննդակարգ ունեցող երկիրն աշխարհում, ո՞րն է համարվում անառողջ սնունդ, և ի՞նչ է ենթադրում առողջ սննդակարգը
Աշխարհի 197 երկրներում անցկացված գլոբալ հետազոտության հեղինակները պարզել են, որ ամենաանառողջ սննդակարգով երկրների ցուցակը գլխավորել է Հայաստանը: Ո՞րն է համարվում անառողջ սնունդ, և ի՞նչ է ենթադրում առողջ սննդակարգը: Ինչի՞ց պետք է առավել զգուշանալ. պարզաբանում են մասնագետնեը:
Արդյո՞ք հաջողվում է հրաժարվել վնասակար սննդից. մանրամասնում են մեր զրուցակիցները:
Այս թեման մեկնաբանել են`

Հասմիկ Կարապետյան, երգչուհի

Հասմիկ Կարապետյան, երգչուհի
Փորձում եմ հնարավորինս շատ հետևել առողջ սննդակարգին: Հիմնականում ստացվում է, քանի որ ընտրյալս բուսակեր է և շատ կրթված է այս առումով, ինձ կարողացել է սովորեցնել առողջ սնվելու կանոնները: Ես բուսակեր չդարձա, իհարկե, քանի որ կարծում եմ` միսը ևս անհրաժեշտ է: Բայց ավելի շատ նախընտրում եմ ձկան և հավի միսը: Ինձ համար երբեք դժվար չի եղել հրաժավել վնասակար սննդից, կամքի ուժ ունեմ: Բացի այդ, երբ զգում եմ ինքս ինձ վրա դրական փոփոխություններ կապված առողջությանս, մարմնիս ու կազմվածքիս հետ, ավելի եմ ոգևորվում և հետևում առողջ ապրելակերպին:
Սնունդ գնելիս շատ ուշադիր եմ ապրանքի թեʹ որակին թեʹ ժամկետին: Ցավոք սրտի, երբեմն հանդիպել եմ ժամկետնանց սննդի… Եվ առհասարակ փորձում եմ ավելի հաճախ ուտել բանջարեղեն, ընդեղեն, մրգեր: Շատ կարևոր է օրվա մեջ գոնե երկու լիտր ջուր խմելը: Դա բոլոր սննդաբաններն են ասում և պնդում են, որ առանց բավականաչափ ջրի մեր օրգանիզմում խախտվում են բազմաթիվ ֆունկցիաներ: Սնվեք առողջ և ամենակարևորը եղեք լավատես` վանելով բացասականը ձեր մտքից:

Գոհար Մնացականյան, օգտատեր

Առողջ սննդակարգին հետևելը 21-րդ դարում շատ հարաբերական է. այն, ինչը կարող եմ վերահսկողության տակ պահել, իհարկե անում եմ: Սուպերմարկետում ու մթերային խանութներում ինձ համար «փակ թեմա» են կիսաֆաբրիկատների, գազավորված ու չգազավորված հյութերի, երշիկեղենի ու համային ամենատարբեր հավելումների բաժինները: Հազվադեպ եմ գնում պահածոներ ու քաղցրեղեն: Պատրաստում եմ տանը, երեխաներիս ու ընտանիքիս մյուս անդամների համար վնասակար սնունդը հասցրել եմ նվազագույնի: Բայց սա մեծ հաշվով երևի տոկոս էլ չի կազմում անվտանգության առումով, որովհետև թարմ միրգը, բանջարեղենն ու միսը, որ գնում ենք, մեծ մասամբ կամ գենետիկորեն մոդիֆիկացված են, կամ աճեցվել են վտանգավոր թունաքիմիկատներով: Զեյթուն, կաթնամթերք, ալյուր, ձուկ, պանիր.......մթերքի և ոչ մի տեսակ ընտրելիս, ես որպես սպառող ապահովագրված չեմ վտանգավոր հետևանքներից: Միակ բանը, որ կարողանում եմ անել, ժամկետներին հետևելն է, բաղադրությունն ուսումնասիրելն ու մեծ ցանկով սննդամթերքից ուղղակի հրաժարվելը: Իսկ այս ցանկը ինձ չի զարմացնում, որովհետև միանգամայն տրամաբանական է, որ չզարգացած երկրներում սնունդը սահմանափակ է և բնական, իսկ մեզ նման զարգացող երկրներում էլ հասանելի է վտանգավոր սնունդը, որից զարգացած երկրներն արդեն հրաժարվում են: Ես գտել եմ առայժմ մեկ լուծում. բնամթերքը՝ մեղր, միս, պանիր, հավ և այլն, հաճախակի գնում եմ գյուղերից: Ծանոթ, բարեկամների օգնությամբ դրանք ձեռք եմ բերում վստահելի մարդկանցից: Անվտանգ սնունդ ունենալու համար մենք դեռ երկար պետք է սպասենք ու զարգացման փուլեր անցնենք:

Արթուր Օսիպյան, լրագրող

Արթուր Օսիպյան, լրագրող
Սննդի ոլորտում մեր երկրում դեռ շատ անելիքներ կան` մակնշումից մինչև փորձաքննություն: Սակայն, այն, որ դրական տեղաշարժ կա, դա չենք կարող հերքել, դա նկատելի է ևʹ արտադրողների կողմից ևʹ սպառողների: Վերջիներն ավելի ուշադիր են գնված ապրանքի նկատմաբ, նայում են ժամկետը, կարդում են բաղադրությունը: Փորձագիտական տեսանկյունից անձամբ շատ եմ շփվում ամենատարբեր լաբորատորիաների հետ, որտեղ ավելի քան վստահ եմ, որ պարզապես եզրակացություն չեն կարող տալ, դրանք հիմք ունեն: Արդեն երկու տարուց ավել է գործընկերուհուս` Իրինա Մկրտչյանի հետ միասին հեռուստատեսությամբ վարում ենք «Որակի հետքերով» էջը: Շատ բան ենք սովորել որպես հասարակ սպառող այս տարիների ընթացքում , իսկ ամենակարևորը ,որ խորհուրդ կտամ նաև բոլոր սպառողներին`սուպերմարկետ մտնել ոչ թե զբոսնելու, այլ` որկայալ սնունդ գտնելու նպատակով, հետո ընտրել արդեն ձեզ ծանոթ ու վստահելի արտադրողին, կարդալ ժամկետն ու արտադրության ամսաթիվը ևայն, թե տանն ինչ պայմաններում կարելի է պահել: Կարծում եմ որակյալ սնունդ գտնելու գործի կեսն արված է:

Վարդանուշ Պետրոսյան, սննդաբան

Վարդանուշ Պետրոսյան, սննդաբան
Առավել վտանգավոր են գունավոր, գազավորված ըմպելիքներն ու երշիկեղենը: Կան մարդիկ, ովքեր գիտակցելով` շարունակում են օգտագործել վնասակար սնունդ: Նրանց կարող եմ խորհուրդ տալ պարզապես չգնել: Ես ինքս հրաժարվում եմ դրանց օգտագործումից:

Հռիփսիմե Սարգսյան, ասմունքող

Հռիփսիմե Սարգսյան, ասմունքող
Տանը սնվում եմ միայն այն սննդով, ինչի մասին գիտեմ գրեթե ամեն ինչ: Առողջ ապրելու բանալին ՝ճիշտ սնունդ օգտագործելն է, դրա շնորհիվ կարողանում ես խուսափել շատ ու շատ հիվանդություններից: Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնք ունեն լավ համբավ՝ որակի ու թարմության առումով: Հիմնականում ընտրում եմ այդ ֆիրմաների սննդից՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով ժամկետին: Չեմ զլանում ծանոթանալ ապրանքի բաղադրությանն ու վտանգ հանդիսացող սննդից հանգիստ խուսափում եմ` գիտակցելով, որ դրանով կանխում եմ մի շարք հիվանդություներ: Ու կարևոր չէ սահմանափակվել միայն ճիշտ ու որակյալ սնունդ ընտրելով, պետք է նաև դրանք ճիշտ օգտագործել: Սպիտակուցներ, քիչ քանակությամբ ճարպեր, վիտամիններ. օրգանիզմը մեզանից խելացի է, ինչի պահանջ ունի` մենք այդ ազդանշանը ստանում ենք, ուղղակի չպետք է կորցնենք չափի զգացողությունն ու չզլանանք ծանոթանալ սննդի բաղադրությանը, կոնսերվանտների առկայությանը:

Լուսինե Արշակյան, օգտատեր

Լուսինե Արշակյան, օգտատեր
Առողջության մասին հոգալու լավագույն ձևը առողջ սնունդն է: Առողջությանը պետք է հետևել երիտասարդ տարիքից: Առողջ սննդի, բնական մթերքների օգտագործման մասին գիտեն բոլորը, բայց իմանալը քիչ է, հարկավոր է դրանք օգտագործել ամենօրյա սննդակարգում: Առաջին հերթին պետք է կանոնավոր սնվել` նախաճաշել և տանից դուրս չգալ քաղցած: Օրվա ընթացքում հարկավոր է ուտել շուտ-շուտ և քիչ-քիչ, որպեսզի օրգանիզմի մարսողական համակարգը աշխատի կայուն, ինչը կնպաստի քաշի կարգավորմանը: Առաջնահերթ պետք է օգտագործել մրգեր և բանջարեղեն, քանի որ դրանք են օրգանիզմն ապահովում վիտամիններով: Օրվա ընթացքում պետք է օգտագործել 1-1.5 լիտր ջուր: Այս ամենն աշխատում եմ պահպանել:

Ռուբեն Հայթյան, Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ

Ռուբեն Հայթյան, Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ
Ինչ վերաբերում է ներկայումս հայկական շուկայում անվտանգ սննդի առկայությանը՝ տեղական արտադրանքը շատ ավելի որակյալ է, քան ներկրված արտադրանքը, քանի որ արտասահմանից ներկրված արտադրանքի մեջ շատ են օգտագործվում հավելանյութերը, մինչդեռ, մեր տեղական շուկայի փոքր լինելով պայմանավորված` մթերքի պահպանման խնդիր չկա, այդ իսկ պատճառով էլ դրանք չեն պարունակում տարբեր հավելանյութեր և գունանյութեր։
Եթե հաճախորդների մոտ տասը տոկոսը լինեն պահանջատեր, խանութներում տնտեսվարողները ստիպված կլինեն պահել համապատասխան սերտիֆիկատները: Եթե անգամ տեսչությունները ստուգումներ իրականացնեն, ապա դա էլ բավական չի լինի, եթե ակտիվ սպառող չունենանք:
9932 | 1