Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Առևտուրը չի ստացվել, և ահա Սերժը «կատաղել է». ինչո՞վ կավարտվի Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան հակամարտությունը

ուրբաթ, 13 փետրվարի, 2015 թ.
«Առևտուրը չի ստացվել, և ահա Սերժը «կատաղել է». ինչո՞վ կավարտվի Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան հակամարտությունը
Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթը, որով նա քննադատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, քաղաքական դաշտում տարբեր քննարկումների ու մեկնաբանությունների է արժանացել: Շատերի կարծիքով` դա երկրի նախագահին վայել ելույթ չէր: Ոմանք գտնում են, որ նա խախտել է քաղաքական էթիկայի բոլոր նորմերն ու «գոտկատեղից ներքև» հարվածել Գագիկ Ծառուկյանին: Իսկ Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթը շատերի համար անկանխատեսելի էր ու փոփոխություններ նախապատրաստող: Ոմանք էլ գտնում են, որ այս ամենը կավարտվի հերթական հանրահավաքներով:
Այս թեման մեկնաբանել են`

Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ

Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել:
Ու կրկի՛ն պետք է ասեմ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:
Սիրելի՛ հանրապետականներ,
Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար:

Անահիտ Բախշյան, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար

Անահիտ Բախշյան, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար
Նախ սա երկրի գործող նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու ելույթ չէր: Երկրորդ, եթե հրամանով ազատում է Գագիկ Ծառուկյանին, շատ էլ լավ է անում, որովհետև նա ներկա չի եղել, բացակայել է շատ հանդիպումներից և այլն, ապա նույն ցուցակում պետք է առնվազն երեսուն մարդու անուն տարˋ առանց խտրականության: Նույն հրամանով ես կուզեի, որ նա աշխատանքից ազատեր շատ այլ պաշտոնյաների հենց իր աշխատակազմից, դրանց մեջ ես հատկապես ուզում էի լսել, օրինակ վերցնելով պիտի մականուններով ասեմ, Լիսկայի անունը և շատ այլ մականունավորների, որոնք նաև հանցագործ են, պետական հարկերը չվճարողները ու «փայլում» են իրենց վարքով ու տգիտությամբ:

Լևոն Մութաֆյան, թատերագետ

Լևոն Մութաֆյան, թատերագետ
Սերժ Սարգսյանը գոտկատեղից ներքև հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանին: Խախտել է քաղաքական էթիկայի բոլոր նորմերը, գործընկերային մշակույթի պահանջները և այնպիսի հայտարարություն արել, որը, մեղմ ասած, չի տեղավորվում ոչ միայն վերոնշյալ չափումների մեջ, այլև պարզապես ընդունելի չէ հանրային և ընկերական հարաբերություններում…
Բա ազգս մի խելքը գլխին կաթողիկոս չունենար, որ առավոտյան ելներ ու իրեն հռչակեր ազգիս առաջնորդ, խաղաղեցներ բոլոր կրքերը, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, մյուսներին նստեցներ իր դիմաց, պահանջեր բոլորից ազգային մտածողություն հանդես բերել, չտրվել դրսից եղած թելադրանքներին, մտածել երկրի ու նրա մարտահրավերների մասին: Հարկ եղած դեպքում, իրեն հռչակեր իրավիճակի պատասխանատու և իր գլխավորությամբ իրականացներ խաղաղ իշխանափոխությունը՝ դառնալով արդարության ու ճշմարտության երաշխավոր...
Բայց երևի ասածս զառանցանքի ժանրից է:
Ուրեմն, որպես մտավորական, ՀՀ քաղաքացի, բանակում զինվոր ունեցող ծնող, պարզապես պահանջում եմ միայն ու միայն խաղաղ բանակցությունների և քաղաքական բարձր մշակույթի շրջանակներում հասնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Իսկ հանգուցալուծում պետք է, որովհետև այս ամենի տակ այլ ենթատեքստեր կան, վտանգավոր ու ինքնիշխանությանը սպառնացող ենթատեքստեր...

Համլետ Կիրակոսյան, «Գյումրի Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Համլետ Կիրակոսյան, «Գյումրի Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Ծառուկյանը բացում է փակագծերը: Իր ասելով, փաստորեն, Սերժ Սարգսյանը, որ նախօրեին Ծառուկյանին համարում էր քաղաքական տգետ և երկրի թիվ մեկ չարիք, նրան առաջարկել է նախագահի պաշտոնը... Փաստորեն, առևտուրը չի ստացվել և ահա Սերժը «կատաղել» է...

Հրանտ Մելիք- Շահնազարյան, քաղաքագետ

Հրանտ Մելիք- Շահնազարյան, քաղաքագետ
Հիմա, կարծես, ամեն ինչ իր տեղն ընկավ: Ծառուկյանը վազում է դեմագոգիայի հայկական շկոլայի հայրերի գիրկը: Հիմա նորից կսկսվեն հանրահավաքների շարքերը և մեր «քաղաքական գործիչները» կրկին կհայտարարեն, որ այսօր այստեղ են և ուրախ են, որ այսօր այստեղ են: Հետաքրքիր է, թե այս անգամ ժողովրդին նման հայտարարություններով կերակրելու պաշարը որքան կհերիքի: Մեկ ամի՞ս, երկո՞ւ:
Ծառուկյանի այսօրվա ելույթն իր կանխատեսելի լինելու ամենավառ ապացույցն էր: Բոլորը հենց այսպիսի պատասխան էին նրանից սպասում: Մի քիչ պաթոս, մի քիչ մեղադրանք... երկու քիչ սուտ (կյանքում չեմ հավատա, որ նրան նախագահի պաշտոն է առաջարկվել): Եվ այս ամենի համադրությունը ցույց է տալիս, որ մարդն հստակ մշակված ծրագիր չունի. Չգիտի ինչ է պետք անել և ամենակարևորը՝ ինչ ռեսուրսներով է պետք անել: Հույսը նորից ժողովրդին խաբելու, հրապարակ դուրս բերելու վրա է: Եթե դրանից ոչինչ էլ չստացվի, գոնե կփորձի ժամանակ շահել:

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
Սերժ Սարգսյանի ելույթը ՀԿԽ նիստում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին վայել չէր, դա միակուսակցականությունը երկրում հաստատող քայլ էր: Ես միշտ ունեցել եմ այն մոտեցումը, որ կարևոր չէ, թե ո՞վ է, այլ, թե ինչպե՞ս է, այսինքն` ունի ժողովրդի վստահության քվեն, թե` ոչ: Եթե մենք արդեն գնում ենք անձերի հետևից, որոշում ենք, թե ով կարող է, ով չի կարող, դա ես համարում եմ ժողովրդավարության սկզբունքին հակասող:
Իսկ անձնական վիրավորանքների դաշտ մտնելը ես բացարձակ չեմ ընդունում:

Վահե Էնֆիաջյան, ԲՀԿ պատգամավոր

Վահե Էնֆիաջյան, ԲՀԿ պատգամավոր
Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո զավեշտալի իրավիճակ էր:
Երկրում առկա աղքատության խայտառակ ցուցանիշները, սահմանում պայթյունավտանգ իրավիճակը, հարյուր հազարավոր հայրենակիցների Հայաստանից արտագաղթելն ու սեփական պետության հետ հույս չկապելու հանգամանքները թողած երեկ ՀՀԿ-ն խոսում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին:
Այն մարդու մասին, ով վճռականորեն պայքարում է երկրում ստեղծված վերը նշված խնդիրները վերացնելու համար:
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո դուրս եկածները մեկը մյուսի հետևից հուզված ու հեգեմոնիկ ճառեր էին ասում:
Ծիծաղելի էր մասնավորապես Կարեն Ավագյանի՝ տվայտանքով լի խոսքը:
Գնահատական տվողները լավ կանեն վերլուծեն երկրում ստեղծված իրավիճակը, վերլուծեն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ու դրա արդյունքում մեր երկրի օրեցօր փոշիացող հեղինակությունը, որի համար ջանք ու եռանդ չեն խնայում ՀՀԿ-ականները:

Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ առաջնորդ

Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ առաջնորդ
Ուզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին:
Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա՛ է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ։
Հաջորդը։
Երեկվա ելույթում ակնկարկվեց իբր չվճարված իմ հարկերի մասին։
Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները:
Ի տարբերություն իրեն, ես չստուգված լուրերի և մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր և խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից:
Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան երեք միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսյան։ Դոլար–դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ո՞ւր գնացին այդ գումարները:
Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թեև ձեր ասած չստուգված լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և «ատկատներով» զբաղվում։
Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության և անվտանգությա ն ծառայության, ուսանողների, դասախոսների հասանելիք գումարները։
Սիրելի՛ ժողովուրդ
Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազր մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։
14233 | 4