Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Ամենախելամիտ լուծումը կայացնում է զույգը». ապրել միասի՞ն, թե՞ առանձին

երկուշաբթի, 19 հունվարի, 2015 թ.
«Ամենախելամիտ լուծումը կայացնում է զույգը». ապրել միասի՞ն, թե՞ առանձին
Այսօր գրեթե բոլոր երիտասարդ զույգերն ամուսնության առաջին օրից ձգտում են առանձնանալ: Եվ, եթե նախկինում ավագ սերունդը բացասաբար էր արձագանքում, այսօր ծնողներից շատերը նույնիսկ կողմնակից են դրան: Ապրել միասի՞ն, թե՞ առանձին: Հոգեբանների խորհուրդներն ու համաքաղաքացիների կարծիքներն այս ամենի վերաբերյալ տարբեր են:
Այս թեման մեկնաբանել են`

Միհրդատ Մադաթյան, հոգեբան

Միհրդատ Մադաթյան, հոգեբան
Ասել, որ ծնողների հետ ապրելը լավագույն տարբերակն է, սխալ է, ասել, թե առանձին ապրելն է ճիշտ, դա էլ է սխալ: Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Եթե նորապսակները մոտ 30-35 տարեկան հասուն մարդիկ են և ցանկանում են ընտանիք կազմել, ծնողներն էլ ակտիվ են և սիրում են նրանց ուղղություն ցույց տալ, այստեղ առանձին ապրելը բնականաբար ավելի ճիշտ է: Իսկ եթե նորապսակները 20-22 տարեկան են, և նոր են սկսում կյանքը տեսնել, ծանոթ չեն ոչ դժվարություններին, ոչ երեխա ունենալու, կենցաղ վարելու խնդիրներին, այստեղ արդեն ծնողների օգնությունը կարևոր է: Պարզապես պետք է պատկերացնել, թե ինչպիսի դեր պետք է խաղան ծնողները: Ծնողը չպետք է լինի թելադրողի կարգավիճակում: Ծնողի դերը խորհուրդ տալն է, և պետք է թողնել, որ երիտասարդներն իրենք ընտրեն` հետևե՞ն խորհրդին, թե՞ ոչ: Պետք չէ պարտադրել խորհուրդը, քանզի կամայական դեպքերում այն կարող է դրական չանդրադառնալ:

Լիաննա Բալյան, 27 տարեկան

Լիաննա Բալյան, 27 տարեկան
Կարծում եմ` սա այն թեման է, որին հստակ պատասխան տալ հնարավոր չէ: Առանձին կամ միասին ապրելն այսօր մեր երկրում ոչ թե կախված է զույգի ցանկությունից, այլ` նրանց հնարավորությունից: Եթե զույգն ունի ամսական նորմալ եկամուտ ու կարող է իրեն թույլ տալ հոգալ անձնական, բնակարանային, կենցաղային ծախսերը, և եթե ընտանիքում կա լարվածություն երիտասարդների և ծնողների միջև, ապա ինչո՞ւ ոչ, թող ապրեն առանձին: Դա շատ լավ հնարավորություն է միմյանց ավելի լավ ճանաչելու, մտերմանալու, ինքնուրույն դառնալու ընտանիքի` կնոջ կամ ամուսնու, երեխաների հանդեպ պատասխանատվություն կրելու:

Օվսաննա Մնացականյան, 29 տարեկան

Օվսաննա Մնացականյան, 29 տարեկան
Ես կարծում եմ, որ ամուսնությունից հետո զույգերի առանձին ապրելը, գոնե սկզբնական շրջանում շատ ճիշտ է: Թեպետ կարծում եմ, որ այն զույգերն, ովքեր ավելի վաղ են ամուսնանում՝ մինչև 25 տարեկան պետք է ապրեն ծնողների հետ, որպեսզի ֆինանսական մանր խնդիրները, որոնք առկա են յուրաքանչյուր ընտանիքում, բաժանման պատճառ չդառնան: Իմ դեպքում եղավ այնպես, որ ամուսնությունից առաջ արդեն որոշված էր մեր առանձին ապրելու հարցը, սակայն խոստովանեմ, որ երբեմն, երբ աշխատանքից հոգնած տուն եմ գնում և պետք է զբաղվեմ խոհանոցային ու այլ կենցաղային հարցերով, մտածում եմ միասին ապրելու դրական կողմի մասին: Իսկ ինչ խոսք` զույգերի միմյանց լավ ճանաչելու լավագույն ու թերևս միակ տարբերակը առանձին ապրելն է: Մանր, մունր վեճերն իմ կարծիքով առանձին ապրելու պարագայում ավելի շուտ են հարթվում, ու ամենակարևորը, երրորդ ու չորրորդ անձի, նկատի ունեմ սկեսուր, սկեսրայր, չես մեղադրի վեճի համար: Առանձին ապրելու կարևոր պայմաններց մեկն էլ այն է, որ զույգերն իրենց սերն ավելի անկաշկանդ են արտահայտում, հաճախ ռոմանտիկ ընթրիքներ են կազմակերպում և այլն... Այս բոլոր առավելությունների հետ մեկտեղ կուզենամ նշել, որ ամուր ընտանիքի ամենակարևոր պայմանն ու միակ գրավականը սերն է, միասին ապրեն, թե առանձին...

Նարինե Մանասյան, 33 տարեկան

Նարինե Մանասյան, 33 տարեկան
Երկու տարբերակն էլ նախընտրում եմ, երկուսն էլ ինձ համար ընդունելի են, ինչպես կստացվի իմ կյանքում, կփորձեմ այդ պայմաններին հարմարվել: Կարծում եմ` երկու դեպքում էլ ևʹ լավ, ևʹ վատ կողմեր կան:

Արամ Սարգսյան, 25 տարեկան

Արամ Սարգսյան, 25 տարեկան
Մարդու կյանքում ամենապատասխանատու քայլերից մեկն ամուսնությունն է: Ամուսնությունից սկսվում է 2 տարբեր մարդկանց միասնություն, տարբեր բնավորություններով, ովքեր կյանքի հետագա ուղին պետք է հաղթահարեն միասին: Կարծում եմ` ավելի ճիշտ կլնի, որ այդ ուղին հաղթահարեն երկուսով, որովհետև, ցանկացած իրավիճակում 3-րդ անձի միջամտությունը սրում է հարաբերությունները: Իհարկե, չի կարելի կտրվել ծնողներից, նրանց խորհուրդներով հնարավոր են հարցերի խելամիտ լուծումներ, բայց միևնույն է, ամենաճիշտ լուծումը կայացնում է զույգը: Խորհուրդներից պետք է քաղել լավագույնը, բայց ոչ պարտադրել սեփական կարծիքը: Այդ իսկ պատճառով, եթե կա հնարավորություն, ցանկալի է, որ նորաստեղծ ընտանիքն ապրի առանձին:

Ռուբեն Պողոսյան, հոգեբան

Ռուբեն Պողոսյան, հոգեբան
Նորապսակների համար կարևոր պայման պետք է հանդիսանա տղայի ընտանիքում որոշ ժամանակ ապրելը: Կողմնակից եմ, որ մարդաշատ, մեծ ընտանիքներում նորապսակները որոշ ժամանակաշրջան ապրեն, որովհետև այդտեղ որոշ հատկություններ կան, կյանք կա, ինչը չափազանց կարևոր է ապագայում առանձին ապրելու համար: Այդպես կյանքում շատ նուրբ երևույթներ, մարդկային հատկանիշներ են մշակվում. մեծահասակի նկատմամբ վերաբերմունքը, սերնդական կապերի նկատմամբ վերաբերմունքը՝ ով որտեղ է գտնվում, ով ինչպես է իր կեցվածքը ստեղծում, ինչպես է ընտանիքը ամուր և կուռ լինում, և, վերջին հաշվով, եթե մեծ ընտանիք է, ուրեմն ամուր և լավ է ապրում: Նշանակում է՝ ընտանիքի ինչ-որ ավանդական հատկություններ կան, որոնք դարերի ընթացքում մշակվել, բյուրեղացել են, այդ պատճառով էլ այդ ընտանիքն ամուր է մնացել, պահպանվել է, ազգապահպան դեր է ձեռք բերել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորապսակ ընտանիք պետք է ապրի նմանատիպ ընտանիքում, որպեսզի օրինակ վերցնի մեծերից: Չկա ընտանիք, որտեղ կոնֆլիկտ չլինի: Իսկ ամուր և առողջ ընտանիքի գրավականը սերն է՝ ոչ առանձին, ոչ էլ սկեսուր-սկեսրայրի հետ ապրելը ոչ մի դեր ու նշանակություն չունի: Եթե տվյալ ընտանիքում սեր կա, մնացած ամեն ինչն էլ կլինի, իսկ դժվարություններն էլ կհաղթահարվեն:
10517 | 1