Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Ո՞ր ծակն էք մտել ռուսամո՛լ «գրիբոեդներ», ո՞ւր եք». համացանցի ամենաակտիվ քննարկումները Գյումրիի դեպքերի վերաբերյալ

ուրբաթ, 16 հունվարի, 2015 թ.
«Ո՞ր ծակն էք մտել ռուսամո՛լ «գրիբոեդներ», ո՞ւր եք». համացանցի ամենաակտիվ քննարկումները Գյումրիի դեպքերի վերաբերյալ
Գյումրիի ողբերգությունը շարունակում է մնալ քննարկումների գլխավոր թեմա: Ինչո՞ւ են լռում իշխանությունները, ե՞րբ կտան մի շարք հարցերի հստակ պատասխաններ:
Այս թեման մեկնաբանել են`

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Հայաստանում «կարմիր բերետներից» էլ իշխանություն-չիշխանություն չի մնացե՞լ, ո՞ր ծակն էք մտել Սերժ, Մուկ, Գարեգին Բ, Գագո Դ, ԼՏՊ, ռուսամոլ «գրիբոեդներ», ո՞ւր եք:
Քաղաքական միակ գործիչը Զարուհի Փոստանջյանն է, որ Գյումրիում ազգի կողքն է: Եկեք նրան Նախագահ կարգենք, հայեր` բազմազավակ մայր է, ազնիվ ու պարկեշտ, իրավաբան է, խիզախ, երիտասարդ, գեղեցիկ: Եկեք արտահերթ ընտրություններ հայտարարենք` ՀՀ-ում իշխանություն չկա:
Ռուսական խորհրդարանի փոխխոսնակ, հայտնի ֆաշիստ ու կգբ-շնիկ Ժիրինովսկին Գյումրվա սպանդի համար մեղադրում է ամերիկացիներին և սպառնում է «երկու ժամում կարգ ու կանոն հաստատել» Հայաստանում: Պերմյակովական կարգուկանո՞ն ես խոստանում, այ տականք:

Արշակ Սադոյան, Աժ նախկին պատգամավոր

Արշակ Սադոյան, Աժ նախկին պատգամավոր
Սիրելի հայեր, այս աղետը ցույց տվեց, թե ինչ ողորմելի վիճակում է քաղաքական դաշտը Հայաստանում՝ վախեցած իշխանություններ, որ չեն համարձակվում նույնիսկ սուգ հայտարարել, սահմանադրությամբ, միջազգային նորմերով իրենց տրված իրավունքներից օգտվել:
Ողորմելի կուսակցություններ, որ չեն համարձակվում գոնե հեռվից մասնակցել ժողովրդի ինքնաբուխ ընդվզմանը, միայն Զարուհին է մենակով փորձում հարցեր լուծել և դեռ դա քիչ է, դավաճաններ, դավաճաններ, հիգերորդ շարասյուն, որի ներկայացուցիչները դեռ այսօր էլ փորձում են մեզ մարդու տեղ չդնողներից, մեզ տրորողներից ողորմություն խնդրել:
Բայց փառք աստծո. Գյումրին ցույց տվեց, թե ինչ ներուժ կա դեռ մեր մեջ: Կարծում եմ իսկական պայքարը դեռ նոր է սկսվում, համոզված եմ, որ առաջիկայում լուրջ հաղթանակներ են լինելու, կարողանալու ենք ինքնակազմակերպվել և դուք իմ սիրելի ընկերներ, բարեկամներ լինելու եք առաջամարտիկների շարքերում:

Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան,Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ

Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան,Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ
Ժողովուրդ, ռուսը իր համար հանգիստ նստած՝ հայը հայի գլուխ ջարդեց, պրովոկատորները մունդռեցին եղանակը, ու արյուն թափվեց.... Մենք միմյանց թշնամի չենք....
14 վիրավոր կա՝ մեկը ծանր և 13 ձերբակալված, բոլորն էլ՝ հայ: Սա՞ էիք ուզում, սա՞ էր մեր պահանջը:

Պարույր Հայրիկյան, ԱԻՄ առաջնորդ

Պարույր Հայրիկյան, ԱԻՄ առաջնորդ
Սերժ Սարգսյանը ոչ միայն պետք է խոսեր, այլև պարտավոր էր ցույց տալ, որ երկիրը տեր ունի, իսկ քաղաքացիները ապահով Հայաստանում են։ Նախագահի լռության պատճառն այն է, որ նա վաղուց արդեն ինքնիշխան նախագահ չէ: 2013 թվականի սեպտեմբերի 3-ից մենք նախագահի փոխարեն ունենք խամաճիկ, և ամբարտավան խամաճիկ։ Որովհետև խամաճիկը գոնե ձևի համար կհավաքեր Ազգային անվտանգության խորհուրդը, քննարկումներ կանցկացներ: Վաղուց այս երկրի տերը Սերժ Սարգսյանը չէ: Հայաստանում արդարադատության համակարգը կատարյալ չէ, իրավապահներն էլ իշխանության խամաճիկներն են:

Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթի խմբագիր

Արամ Աբրահամյան, «Առավոտ» թերթի խմբագիր
Երկու օր գյումրեցիները պահանջում են, որ Հայաստանի 6 քաղաքացու դաժանաբար սպանության մեջ կասկածվող զինծառայողին հանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին: Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունն այդ մարդկանց «ամբոխ» է անվանում՝ մերժելով նրանց անհատ, քաղաքացի լինելը: Արդյոք «Ռեգնումն» այդպիսով չի՞ քաղաքականացնում գյումրեցիների պահանջը: Ինձ թվում է՝ այո, քաղաքականացնում է. մարդիկ ուզում են տեսնել խնդրի լուծումը իրավական հարթության մեջ, իսկ նրանց ասում են՝ քանի որ դուք «հպատակ» ազգ եք, դուք նման ցանկություն արտահայտելու իրավունք չունեք:

Էդմոն Մարուքյան, անկախ պատգամավոր

Էդմոն Մարուքյան, անկախ պատգամավոր
2011-2012 թվականներին մի շարք գործերով զբաղվել եմ ռուս զինվորների պաշտպանությամբ, որոնք տարբեր զինվորական հանցագործություններ էին կատարել ռուսական բազայի տարածքում: Այդ քրեական գործերի նախաքննությունը և դատաքննությունը անց էր կացվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գործող ՌԴ ռազմական քննչական մարմնի, այնուհետև նույն տարածքում դատական նիստեր գումարող ՌԴ զինվորական 5-րդ գառնիզոնի դատարանի կողմից:
Հիմա, որքան հասկանում եմ ընթացող զարգացումներից, Գյումրու ոճրագործության մեջ կասկածվողի դատավարությունը տեղի կունենա այդ նույն դատարանում, որից հետո նա կդատապարտվի և կտեղափոխվի ՌԴ` պատիժը կրելու համար, ինչպես որ եղել է իմ կողմից մասնակցած զինվորական մյուս գործերով:
9452 | 7