Ռուս-ուկրաինական պայքարը Ղրիմի թերակղզու համար
երեքշաբթի, 04 մարտի, 2014 թ.
Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է ռուս-ուկրաինական իրադարձությունների վրա: Նախկինում եղբայրական երկու երկրների միջև Ուկրաինային պատկանող Ղրիմի թերակղզին դարձել է կռվախնձոր: Շաբաթ օրը Ռուսաստանը հայտարարել էր Ղրիմ զորք մտցնելու մասին, ինչին ուկրաինական կողմը պատասխանել էր, որ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար երկրում ռազմական իրադրություն է հայտարարում: Հակամարտությունը այժմ դիվանագիտական հարթակում է գտնվում, միջազգային կառույցներն ու արևմտյան գերտերությունները սպառնում են Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: |
Լուսանկար(ներ)
Այս թեման մեկնաբանել են`
Սերգեյ Շաքարյանց, քաղաքագետ
Ուկրաինայում բնակչության մեկ երրորդը ռուսներ են, որոնց «նացիստները» փորձում են ճնշումների ենթարկել: Ինչ վերաբերում է Ղրիմի ինքնավար հանրապետությանը, ապա պատմանականորեն այն միշտ էլ ինքնավար տարածք է եղել: Ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ղրիմի խանի պարտությունից հետո այն անցավ Ռուսաստանին, որը բոլշևիկների ժամանակ տրված «նվերներից» է: Ինչպես ժամանակին Արցախը և Նախիջևանը նվիրվեց Ադրբեջանին, այնպես էլ Ղրիմը՝ ուկրաինացիներին: Իմ կարծիքով Ղրիմը, Արցախի նման, պետք է լինի անկախ հանրապետություն, կամ միանա Ռուսաստանին, քանի որ այն Խրուշչովի ժամանակ ապօրինաբար է նվիրվել Ուկրաինային: Իսկ եթե այսօր Ուկրաինայում ռուսազգի 15 միլիոն մարդու իրավունք է ոտնահարվում, ուրեմն Ռուսաստանն իրավունք ունի պաշտպանելու իր ազգին: Ուկրաինան Ադրբեջանի նման արհեստականորեն ստեղծված պետություն չէ և Ռուսաստանի միջամտությունը ոչ միայն տեղին է, այլև՝ մեղմ: |
Լեոնիդ Կովչուկ, Ուկրաինայի առաջին նախագահ
Ոչ մի ռուս չի զոհվել, ինչպես իրենք են ասում, ուկրաինացի ազգայնականների՝ բենդերների կողմից: Այդպիսի փաստեր չկան: Սակայն կան ուրիշ փաստեր. այսօր Ղրիմը փաստացի գրավված է ռուսական զորքերի կողմից, որոնք արգելափակել են մեր ռազմական տարածքները, գրավել են «Բելբեկ» օդանավակայանը, Գերագույն խորհրդի և Նախարարների խորհրդի շենքերը: Այսօր Ղրիմն ապրում է ռուսական ռազմածովային ուժերի հսկողության ներքո: Նրանք դուրս են եկել իրենց բազայի սահամաններից ու գրավել թերակղզին, սա փաստացիորեն տարածքի բռնազավթում է: Մեր երկու ազգերի մեջ չպետք է պատերազմ լինի: Մի՞թե Ռուսաստանը չի հասկանում, որ վերածվում է ագրեսորի, իսկ Պուտինը՝ ագրեսիայի նախաձեռնողի: Սա ի՞նչ է, երրորդ համաշխարհային պատերազմի սկի՞զբ…. Իմ նախապապն ու պապը պայքարել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Ռուսաստանի հետ միասին և կայսերական պարգևների արժանացել: Ես 80 տարեկան եմ, բայց զենք կվերցնեմ, որ պաշտպանեմ հայրենիքս: Ամեն մի քաղաքացի կպաշտպանի իր հայրենիքը՝ ինչպես իր տունը: Ղրիմում կանայք և երեխաները դուրս են եկել, որ կանգնեն զինվորների միջև: Մենք ունենք Չեչնիայի փորձը. քանի խաղաղ բնակիչ զոհվեց այնտեղ…Մարտի ժամանակ զոհվում են ոչ միայն զինվորականները, որոնց մասնագիտական պարտքը մահանալն է, այլ ծերունիները, կանայք, երեխաները…Ի՞նչ է, նրանք պետք է մեռնե՞ն մի շիզոֆրենիկի կամքով: |
Բոգուսլավ Սոբոտկա, Չեխիայի վարչապետ
Ղրիմում ընթացող իրադարձությունները միջազգային իրավունքի և Ուկրաինայի ինքնիշխանության կոպիտ խախտում են: Մենք կարծում ենք, որ ստեղծված իրադրությունից պետք է դուրս գալ միայն դիվանագիտական ճանապարհով: Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու բոլոր փորձերը անընդունելի են: Երկրի ճակատագիրը պետք է որոշեն ոչ թե Ռուսաստանը կամ Եվրոմիությունը, այլ ուկրաինացիները՝ ընտրությունների ճանապարհով: |
Ալեքսանդր Տուրչինով, Ուկրաինայի ժամանակավոր նախագահ
Մենք Ռուսաստանի գործողությունները որակում ենք որպես մեր երկրի ինքնիշխանությանն ուղղված ագրեսիա: Ուկրաինան հույսը դնում է իր ռազմավարական գործընկերների աջակցության վրա |
Արսեն Ավակով, Ուկրաինայի ՆԳՆ նախարար
Ղրիմի ողջ տարածքով մեկ տեղակայված ներքին զորքեր են ժամանում ՌԴ զինվորական պաշտոնյաներ՝ առաջարկելով ընդունել ռուսական քաղաքացիությունն ու անհապաղ ստանալ այդ երկրի անձնագիրը։ Առաջարկը հիմնականում ուղղվում է զորքերի միջին ու բարձրագույն սպայական կազմին։ Նման 5 դեպք է գրանցվել, 5–ի պարագայում էլ էմիսարները վռնդվել են։ ՌԴ զինված ուժերի խմբերը նշել են, որ իրենց ժամանման նպատակը ուկրաինական զինուժին «էքստրեմիստներից» պաշտպանելն է։ Նրանք խնդրել են գիշերել, օգտվել ջրից և զուգարանից, քանի որ ուղարկման որոշումն «արագ է կայացվել» և «նորմալ պայմաններ» չունեն։ ՌԴ զինվորականներին ասվել է, որ ուկրաինական զինուժը «էքստրեմիստներից պաշտպանության» կարիք չունի։ Նրանց զգուշացվել է, որ զինվորական տարածքի ապօրինի ներթափանցման պարագայում ի պատասխան մարտական զենք կկիրառվի։ Ղրիմի տարածքում չկան ուկրաինական բանակի կամ ներքին գործերի ստորաբաժանումներ, որոնք «սպառնում են ՌԴ քաղաքացիներին» կամ «ռուսալեզու բնակչությանը»։ Չկան Մայդանի ինքնապաշտպանական ջոկատներ։ Ղրիմի ապակայունությունը ունի աղբյուր և հրահրող՝ որը գտնվում է Ռուսաստանում: Ուկրիանական զորքերի վրա հարձակման դեպքում ողջ պատասխանատվությունը կկրի սադրող կողմը։ Իսկ Ղրիմում իրավիճակն ապակայունացնելու փորձերը գալիս են հենց Ռուսաստանից: |
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ
Արևմուտքը հաճախ է որակում մեր գործողությունները որպես անօրինական, բայց եկեք նայենք ԱՄՆ-ի գործողություններին Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում: Մեր գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից լիովին օրինական և արդարացված են, քանի որ Ուկրաինայի օրինական և գործող նախագահն է մեզնից օգնություն խնդրել: Այդ մարդկանց պաշտպանելը հումանիտար օգնության պես մի բան է մեր երկրի կողմից, և մենք չենք պատրաստվում ստրկացնել ոչ մեկին: Իսկ նրանք, ովքեր մտածում են պատժամիջոցներ կիրառելու մասին, պետք է մտածեն նաև հետևանքների մասին, քանի որ վստահ կարող եմ ասել, որ այդ դեպքում վնասները երկկողմ բնույթ են կրելու: |
4474 | 1