Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռիտա Քեշիշյան. Վոլեյբոլ մարզաձևի դասավանդումը ավագ դպրոցում.Մաս 2

17:55, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Ռիտա Քեշիշյան. Վոլեյբոլ մարզաձևի դասավանդումը ավագ դպրոցում.Մաս 2


     Սկիզբը՝ http://my.mamul.am/am/post/72094
    
     Մարզախաղերը հանդիսանում են ավագ դպրոցի սովորողների ֆիզիկական դաստիարակության կարևոր միջոցները։ Ծրագրում առաջադրվում են բասկետբոլ, հանդբոլ, վոլեյբոլ և ֆուտբոլ մարզախաղերը։ Խաղային մարզաձևերում ավելի համալիր են լուծվում շարժողական ընդունակությունների մշակումը։
     Բացի այդ մարզախաղերի ուսումնական նյութը բազմակողմանի ազդեցություն է ունենում սովորողների հոգեկան գործընթացի (ընկալում, ուշադրություն, հիշողություն, երևակայություն, մտածողություն) զարգացման վրա:


     Վոլեյբոլը որպես մարզաձև


     Վոլեյբոլը (անգլերեն է, նշանակում է հարված գնդակին թռիչքի պահին) թիմային մարզախաղ է:
     Խաղում են 6-ական մարզիկից կազմված 2 հակառակորդ թիմերով` փակ խաղասրահում կամ բացօթյա՝ 18 x 9 մ չափերով խաղադաշտում, որը 1 մ լայնության խաղացանցով բաժանված է 2 հավասար մասերի: Վոլեյբոլի գնդակը նման է ֆուտբոլի գնդակին, բայց ավելի թեթև է:
     Խաղի նպատակն է` ափերի, ձեռքերի կամ մարմնի` գոտկատեղից վեր ցանկացած մասի հարվածով գնդակն անցկացնել ցանցի վրայով այնպես, որ այն ընկնի մրցակցի կիսադաշտը: Ընդ որում` թիմերից յուրաքանչյուրն իրավունք ունի գնդակին հարվածել ընդամենը 3 անգամ: Չի թույլատրվում որսալ գնդակը, ձեռքերում պահել և 2 անգամ անընդմեջ դիպչել նրան: Սովորաբար գնդակին երկրորդը հարվածող խաղացողն այն ուղարկում է ցանցից վեր՝ հնարավորին չափ բարձր, իսկ երրորդը կտրուկ հարվածով այն ուղարկում է ցանցի մյուս կողմը՝ «մարում է» գնդակը:
     4 մրցախաղերում հաղթում է առաջինը 25 միավոր հավաքած թիմը՝ մյուսի նկատմամբ առնվազն 2 միավոր գերակշռության դեպքում: 5-րդ՝ որոշիչ մրցախաղում (թայ-բրեկ), հաղթում է 15 միավոր վաստակած թիմը: Մրցամարտում հաղթելու համար թիմին անհրաժեշտ է 5 մրցախաղից հաղթանակի հասնել 3-ում:
     Վոլեյբոլն սկզբնավորվել է 1890-ական թվականներին ԱՄՆ-ում և արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում: Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1947 թ-ին և միավորում է շուրջ 180 երկրների: Օլիմպիական խաղերի ծրագրում այս խաղն ընդգրկվել է 1964 թ-ից:
     Գոյություն ունի նաև համեմատաբար նոր՝ լողափի վոլեյբոլ մարզաձևը: Վոլեյբոլի այս տեսակը խաղում են աշխարհի բոլոր ավազածածկ լողափերին:
     1996 թ-ից այն նույնպես ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրում:
    
     Վոլեյբոլը և Հայաստանը.Մի քիչ պատմություն
    

     Հայաստանի մարզաշխարհի վետերանների վկայությամբ` 1926 թվականին, Լենինականի զորամասերից մեկում ռուս սահմանապահ մարզիկները մայիսմեկյան տոնակատարության շրջանակներում բասկետբոլի ընկերական խաղից հետո, ցուցադրեցին «վոլեյբոլ» խաղը: Այն շատ դուր եկավ ցուցադրմանը ներկա Լենինականի մարզիկներին: Զինվորական մարզիկների օգնությամբ լենինականցիները յուրացրեցին նոր խաղի կանոնները, տեխնիկական հնարքները և արդեն 3 ամիս անց ցանկացան մրցել զինվորական մարզիկների հետ: Լենինականի թիմը կազմված էր 4 տղամարդկանցից և 2 կանանցից, որոնց գլխավորում էր բասկետբոլի և թեթև աթլետիկայի արդեն հայտնի մարզիկ Արամ Ալանակյանը: Վերջինս, ինչպես նաև Միքայել և Արփենիկ Հայրբաբամյան ամուսինների, Մուշեղ Մամիկոնյանի, Շողիկ Առնաուտյանի, Արփիկ Հարոյանի և այլոց ջանքերով Լենինականի «Լոկոմոտիվ» մարզական ընկերությունում ստեղծվեցին անհամեմատ բարձր կարգի, տղամարդկանց և կանանց թիմեր: 1927-28 թվականներին վոլեյբոլը տարածվեց նաև Երևանում: Այդ գործում մեծ դեր խաղաց սպորտի մեծ երախտավոր Խաչիկ Մանդալյանը: Նրան հաջողվեց արդեն 30-ական թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծել կանանց և տղամարդկանց ուժեղագույն կոլեկտիվներ:
     Արդեն 1928թ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը Թբիլիսիում մասնակցեց համամիութենական սպարտակիադայի նախնական հանդիպումներին:
     1933թ. անցկացված Հայաստանի 2-րդ սպարտակիադայի ծրագրում ընդգրկված 11 մարզաձևերից մեկը վոլեյբոլն էր: Մարզաձևը այնուհետև մշտապես տեղ գտավ նույնանուն մրցումների ծրագրում:
     Հայաստանում վոլեյբոլի զարգացմանը մեծապես նպաստեց 1946թ. ստեղծված վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիան: Նրա առաջին նախագահը ընտրվեց հայտնի մարզիկ և մարզիչ էդուարդ Շահինյանը: 1946թ. վերսկսված ԽՍՀՄ առաջնություններին պարբերաբար սկսեցին մասնակցել Հայաստանի ակումբային թիմերը:
    
     Շարունակելի
    
    


    


     Ռիտա Քեշիշյան

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի
     ֆիզկուլտուրայի ուսուցչուհի
    


    


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4381 | 0 | 0
Facebook