Բյուրակն Իշխանյանի Նիդերլանդական հուշերը
Մեզանում քիչ են այսպես ասած՝ «ճանապարհորդ-լրագրողները», ովքեր իրականությունը ֆիլտրում ու ներկայացնում են սեփական նուրբ աշխարհաընկալմամբ ու լեզվական յուրովի մտածողությամբ՝ միառժամանակ այն դարձնելով գեղեցիկ հուշապատում: Անչափ հետաքրքիր է կողքից հայացք հառնել այլ իրականությանը, մշակույթին ու այն երկրին, որի հետ առնչվում ես: Դա ուսանելի լինելուց զատ, իր մեջ ներառում է տեղեկատվական զգալի պաշար: Այս «ձևաչափի» վավերագիր նյութերը չեն հնանում, այլ ընդհակառակը ժամանակի հետ ավելի հետաքրքրական են դառնում, ընդգրկում են պատմական տվյալ ժամանակահատվածը բնութագրող կենցաղը, վարքն ու բարքը: Այդ տեսակետից՝ մեզ համար, բավական արժեքավոր ու հետաքրքիր են Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը, որն հեղինակը ավելի վաղ զետեղել է նաև իր բլոգներում: Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան ու աշխատել Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, սակայն կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։ Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։ «Նիդերլանդական օրագիրը» Հեղինակի կողմից արտոնած բացառիկ իրավունքով, իր ընթերցողներին պարբերաբար՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ , ժամանակահատվածային հերթականությամբ, ներկայացնում է Բյուրակն Իշխանյանի այդ երկրի ու իր մասին արված գրառումները: Նիդերլանդներում Բյուրակնի հուշերի սկզբնական ակունքը 2007թվականն է, երբ նա առաջին անգամ Երևանից Ամստերդամ տանող ինքնաթիռով վայրեջք կատարեց Նիդերլանդների մայրաքաղաքում: Թե ի՞նչ է տեղի ունենում ինքնաթիռից իջնելուց հետո՝ ներկայացնում ենք ստորև... ԲԱՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ. _______________________________ Բյուրակն Իշխանյանի Նիդերլանդական հուշերը ԻՍԿԱՊԵՍ, ԻՆՉՈՒ՞ ԵՄ ԵՍ ՀԱՅ -1- Ինչպես միշտ, զարմացա, երբ ինքնաթիռից իջնելիս չփսխեցի: Չնայած անհիշելի ժամանակներից այլևս չեմ փսխում ինքնաթիռում, բայց ամեն անգամ զարմանում եմ: Իմ գիտակցական կյանքում ընդամենը երկու անգամ է թռիչքն ինձ վրա վատ ազդել, այն էլ կեղտոտ գործս տաքսու մեջ եմ արել երկու անգամն էլ, երկուսն էլ Պրահայում: - Ինչի՞ համար եք եկել, - ինձ հարցնում են անգլերեն: - Հիվանդանոցում ամառային պրակտիկայի: - Ինչքա՞ն ժամանակով: - Մեկ ամիս: - Կարո՞ղ եմ ձեր վերադարձի տոմսը տեսնել: - Իհարկե, - պայուսակիցս հանում եմ այն ու մեկնում: - Հրավե՞րը: - Խնդրեմ: - Փող ունե՞ք ծախսելու: - Այո՛: - Ինչքա՞ն: - Մոտ հինգ հարյուր եվրո: - Հազա՞ր: - Հարյուր: - Հինգ հարյուրը քիչ է: Հաստատման նամակ ունե՞ք: - Դա ի՞նչ է: - Պետք է հրավերի հետ ուղարկեին: - Բայց իմ մնալու ծախսերը նրանք հոգում են: - Հաստատման է պետք… Ես հիմա կկանչեմ իմ գործընկերուհուն, նա կզբաղվի ձեզնով: Դա մի քիչ ժամանակ կխլի: Եկավ մի հաղթանդամ սևամորթուհի (ուհի՞), վերցրեց փաստաթղթերս և կարգադրեց հետևել իրեն: Մի դռնով ներս մտավ, ինձ ասաց, որ սպասեմ կողքի պատուհանի մոտ: Վերևում գրված էր "Immigration": Այդ պահին բոլոր հոլանդացիները տգեղ երևացին իմ աչքին: Նույնիսկ հավաքարարուհին, որը քիչ առաջ գեղեցկուհի էր: Նայեցի շուրջս: Այնտեղ էին ռուս կանայք և մի կին, որը պետք է որ ինչ-որ մահմեդական երկրից լիներ, որովհետև միայն դեմքն էր երևում: Պատուհանից ներս նայեցի: Սեղանի վրա անձնագիրս ու մյուս փաստաթղթերս տեսա: «Երևի հերթի է սպասում», - մտածեցի: Նոր անձնագրեր, նոր ռուս կանայք էին գնում-գալիս, բայց իմը մնում էր անօգնական ու մենակ, ոչ ոք չէր նկատում: Մահմեդական կինը նույնպես դեռ այնտեղ էր: Ինձ նման ձանձրույթից ու անհանգստությունից մեռնում էր: Մի թեթև զրույցի բռնվեցինք: Իմացա, որ Իրանից է, եկել է ընտանիքի անդամներին տեսնելու: Նա էլ իր հերթին պարզեց, որ հայ եմ, Հոլանդիայում ազգականներ չունեմ: Դրանից ավելի նրա անգլերենը չներեց: Ինչու՞ եմ ես հայ: Ինչո՞վ եմ մեղավոր, որ իմ երկրից շատերն այստեղ ապօրինաբար են մնում… 500 եվրոն ավելի քան բավարար է: Մի՞թե դուք հազարներ եք ծախսում: Ես մեքենա չեմ գնելու… Չէ՞ որ մնալու տեղ ունեմ: Ես ձեր պետության վզին բեռ չեմ դառնա: Թերթե՛ք անձնագիրս: Վիզաներս չե՞ք տեսնում: Եթե երկրից փախչող լինեի, նախորդ հնարավորություններս բաց չէի թողնի… Գուցե կասկածելի մարդկանց քանա՞կ եք լրացնում: Ես երևի ձեր հերթական զոհն եմ… Ինձ հաջորդ ինքնաթիռով Երևան կուղարկեն: Բայց կհատուցե՞ն ծախսերս: Իսկ ի՞նչ եմ անելու պրակտիկայի ստուգարքս… Մի՞թե ինձ պակաս փաստաթղթեր են ուղարկել: Ինչի՞ մասին էր ասում Լևոնը: Բայց կարծեմ դա վիզայի համար էր, որը ստանալուց խնդիրներ չունեցա: Մամա՛… ես շատ լավ հասել եմ, բայց ինձ դուրս չեն թողնում… Ամստերդա՛մ, դու ինձ չես սիրում… Ի՞նչ կլինի, եթե ինձ դուրս թողնեն: Ի՞նչ եմ անելու, եթե դիմավորողներս չսպասեն: Ու՞ր է պայուսակս: Ի՞նչ կլինի, եթե գողանան: Այդ ընթացքում մորս երկու հատ կարճ հաղորդագրություն գրեցի, կերա այն խնձորը, որը տնից դուրս գալու պահին էր ծառից ընկել ու չմոռացա անհանգիստ հետ ու առաջ անել՝ աչքերս չկտրելով անձնագրիցս: Պատուհանի մոտ մարդ չմնաց: Անգամ պարսկուհուն էին արդեն ճանապարհել: Սեղանին միայն իմ անձնագիրն էր մնացել, բայց բոլորն ասես թքած ունենային: Մայրս էլ Երևանում էր անհանգստանում: Ուզում էր բանկային գրքույկի պատճենը ուղարկել (միակ բանը, որ կարող էր անել այդ պահին): Աչքերս լցվում էին արդեն: Ու հանկարծ. "Hi!" Սկզբում չհասկացա, թե ովքեր են ինձ ողջունողները, բայց շուտով տեսա նրանց ձեռքի թուղթը. Byurakn Ishkhanyan IFMSA Մարիամն ու Յոլանդան էին: Ավելի քան երկու ժամ ինձ սպասելուց հոգնել են, անհանգստացել: Տեղեկատուից պարզել են, որ եկել եմ, ներս են մտել, որ իմանան, թե ինչու ինձ դուրս չեն թողնում: Պատուհանից այն կողմ գտնվողներին մի քանի հոլանդերեն բառ ասացին, և անմիջապես անձնագիրս ու փաստաթղթերս վերադարձվեցին: - Քեզ հաճելի պրակտիկա, - ասվեց: Եվ վե՛րջ: Դուրս եկա: Մարիամն ու Յոլանդան անվերջ ներողություն էին խնդրում, ասում, որ նման դեպքն անսպասելի էր: Բայց նրանք մեղք չունեին, որ որոշվել էր ինձ ձևի համար օդանավակայանում պահել: |