Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հենրիկ Էդոյան / բանաստեղծություններ

01:47, չորեքշաբթի, 02 հուլիսի, 2014 թ.

Հենրիկ Անտոնի Էդոյան (ծնվ. 1940, օգոստոսի 31), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976-ից։ 2005-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար) ։

Ծնվել է Երևանում։ 1957-ին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-62-ը ծառայել է խորհրդային բանակում։ 1967-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, 1970-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով) ։ 1971-ից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973-ից՝ դասախոս։

1974-ին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։, 1990-ին՝ դոցենտի աստիճան, 1991-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1986-2008-ին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։

Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ 1995-96-ին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում։

Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985) ։

Տարվա լավագույն գրքի համար 2002-ին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակով (2004) ։
     _______________________________


     Փողոցի բաժանվող մասում
     .

Սա մի ժամանակ է, որ չունի ոչ մի անուն,
     (մի հանգույց, որ ոչ ոք չի կարող քանդել):
     Սառնաշունչ մի գիշեր ծածկում է մի քաղաք
     և մի վայր:
     Ձեռք մի տուր նրա ծածկոցին` նենգ ու լուռ
     աստղերով զարդարված:

Հոգին նվազում է ժամ առ ժամ ամպերում մթնող
     լուսնի պես: Իսկ դրսում
     մարմինն է շրջում` կորցրած իր տունն ու հասցեն:
     Բայց դու մի գնա մենակ, ձեռքդ
     ուսիս դիր, հենվիր ինձ: Մենք պետք է քայլենք իրար հետ
     և ոչ թե մեկ – մեկ, առանձին:
    
    
    

Խաչվածի հետ
     .

Կեսօրը թեքվեց ինչպես խաչի վրա
     գլուխը խաչվածի, արևը կանգ առավ
     նրա բաց վերքերին,
     որ նույնիսկ երկնքում
     Հայրը սոսկումով հայացքը թեքեց –
     (ՙԱստված իմ, Աստված իմ,
     ինչու՞ լքեցիր ինձ՚):

Մենք այնտեղ էինք
     և մեր մարդկային գերխիտ էությունից
     դիտում էինք մեր առջև
     տանջանքը Սուր Մարմնի:

Քո աչքերը լիքն էին զղջման արցունքներով,
     իմ սիրտը տաճարի
     պատռվող վարագույրն էր: Հետո միասին
     մենք անցանք մեր ուղին դարերի խարխափումով,
     կիսափուլ կամուրջներով,
     հասանք մինչև այստեղ, նստեցինք իրար կողքի,
     նայեցինք իրար սիրով ու համբերությամբ:
     Մեր միջև աներևույթ մի բոց էր վառվում,
     նա մեզ ջերմացնում էր, լույս տալիս մուգ - կարմիր
     մեր հոգիներին և մարմիններին:

Այդ լույսն անուն ուներ: Մենք դա գիտեինք:


     Քո վերջին աղոթքի մեջ
    
    

Թեև սա անկում է, սակայն քո առջև
     փայլում է մի կեսօր: Փողոցի աղմուկից
     ձայներ են ներս մտնում և բերում պատկերներ
     քո պարտությունների քաղաքից ամպամած,
     ուր մի գնացք դուրս ելավ կառամատույցից:

Այլևս նա չի գա: Ինչ անցավ` անցավ,
     և ժամանակի քամին աղմուկով
     բացում ու փակում է պատուհանների
     փեղկերը մեկ առ մեկ,
     ցնցում հիշողության սյուները բեկբեկուն,
     որպեսզի ցույց տա քեզ` թե որտեղ ես դու,
     որպեսզի ասի քեզ` թե սա վերջն է միայն
     և չունես դու նոր սկիզբ,
     որ նորից հայտնվի
     քո վերջին աղոթքի մեջ
     առանց բառերի:
    
    

Մենք եղանք լույսի մեջ
    
    

Մենք եղանք լույսի մեջ,
     անցանք ներսի դռնով
     Յոթ Աստվածների,
     (յոթ ճառագայթներ թեքված դեպի
     ներքև, մեր սրտերի վրա,
     յոթ Էլոիմներ մեր գլխավերևում),
     բայց աշխարհը դարձավ
     անմիտ լռություն,
     երբ ուզեցինք ապրել
     նրա կամքից դուրս,
     սիրո մեջ մշտական,
     ի պատասխան նրա
     մաղձի և ատելության:
    
    

Ես քո տաճարն եմ կառուցում
    
    

Ես քո տաճարն եմ կառուցում այստեղ,
     մտորում մի մարմին` աշխարհի օտարացած
     աչքերի առաջ, որտեղ չեմ գտնում
     ոչ մի արտացոլում: Ինչը ծնվում է քո անվան
     հնչյուններից փայլում է իմ դեմքին,

ինչը դրսից է` հարված է և արգելք: Բառերի
     անարձագանք ճշմարտության մեջ
     ես մի տաճար եմ կառուցում քո անվան
     ծերջին բեկորներից: Մի ձայն
     ինձ է փնտրում: Ականջիս մեջ չի լռում մի ճակատագիր:
     Ես մի տաճար եմ կառուցում, մի մարմին
     բառերի անարձագանք ճշմարտության մեջ:
     Մենք դա գտել էինք, բայց նորից կորցրել:
     Ամենասուր ցավը գալիս է ամենանուրբ
     ձեռքի հպումից: Հրապարակում

հանգչում են լապտերներն իրար հետևից:
     Բայց ես քո անունից տաճար եմ կառուցում,
     անանուն ինչպես մի կորած ճշմարտություն
     կամ ժամանակի պղտոր գետի մեջ
     խորտակված մի նավակ` բեռնված սիրո
     վերջին պատկերներով:
    
    

Օր` առանց սահմանի
    
    

Ու?ր փախչել կրակից…
     (Ռ.Մ. Ռիլկե)
     Օր` առանց սահմանի,
     պտտվող և նորից
     պտտվող ճակատագիր` թրատող
     ձեռքերով, սուրսայր աչքերով,
     թեքված ներքև` քաղաքի
     լայնության վրա, բարձրահարկ
     շենքերից մինչև տներն արվարձանի,
     որ սկսվում է, բայց չի ավարտվում,
     ավարտվում է, բայց
     չի սկսվում ոչինչ:

Դու մի նայիր նրան, որ նա քեզ չտեսնի,
     Թող քո աչքերը նայեն իմ
     աչքերին, այնտեղ, մեր կյանքի
     բացարձակ անապատում –
     մարմին ու ստվեր, քաղաքի
     փոշու մեջ, մահվան պատահական
     դանակի առջև:

Ի՞նչ պիտի անել հույսերի գահավիժման
     և անպտուղ ճիգերի իշխանության մեջ,
     ու՞ր պիտի փախչել
     ապոկալիպսիսի կրակե
     շեմի առաջ, (ինչպես մի պոետի աչքերն են տեսել
     և խոսել այդ մասին),
     հոգիների աղերսագին հառաչանքներից,
     որոնք բարձրացնում են
     ձեռքերը սարսափի մեջ
     և այդպես քարանում տեսած պատկերներից
     այստեղ, քաղաքի
     բացարձակ անապատում:
    
    
    

Իմ վայրը չի փոխվում
     .

Երեկոն ուսիս վրա թողնում է ստվերներ:
     Ուսըս թաց է նրա հպումից: Հեռավոր
     հորիզոններ, որ դողում են իմ ապրած
     օրերի վրա, գծում են շուրջս
     ծանոթ պատկերներ, որոնց մեջ դեռ իմաստ կա,
     շարժում կա և մի այլ
     հնարավորություն: Նրա հետքերը
     պսպղում են վրաս ինչպես աստղերը
     կիսամութ արվարձանի
     հողե տանիքներին, ուր խոտն է աճում:

Նա գնում է ինչպես հիվանդի այցելուն,
     երբ դուրս է ելնում հիվանդանոցից:
     Երկու իրականության ափերի միջով
     հոսում է մի գետ: Ես այստեղ եմ, իմ նույն
     տարածության մեջ: Իմ վայրը չի փոխվում,
     սոսկ օրերն են փոխվում, որոնց արանքում
     ես փորձում եմ ապրել
     և գտնել խոսքեր աշխարհի համարժեք
     չափերի համար:
    
    

Մի սիրտ հարատև
    
    

Փոքրիկ երկիր` սեղմված
     լեռների կոնքերում, ի՞նչ երգ ես
     ուզում լսել, ի՞նչ խոսքեր ես հիմա
     տեսնում քո երազում: Չորացած
     կոկորդի մեջ, ամռան
     կիզիչ օդում, ընկնում են բառերը
     անձայն ու անարձագանք,
     ինչպես ծառեր` կտրված
     օտար մի ձեռքով, ինչպես շիրմաքարեր,
     որոնց տակ աշխարհը
     չունի ոչ մի չափում:
     Կարճ ինչպես կյանքի խոստում,
     երկար ինչպես քունը մղձավանջային
     բառերը չեն հասնում քեզ:
     Ի՞նչ երգ ես ուզում լսել
     քո հին երազում: Այն, ինչ ունես դու,
     մի սիրտ է հարատև,
     որ բաց է և արթուն
     դեռևս անավարտ քո աղոթքի մեջ:
    
    

Դուք չունեք կիրակի օր
    
    

Սևեռուն մի գիշեր հետևում է ինձ,
     երբ ես անցնում եմ
     անմարդ փողոցով: Կիսաղոտ լապտերներից
     լույս է սփռվում և գոլորշանում
     օդի մեջ ինչպես աննկատ մի անձրև:
     Մի աչք, որ չի փակվում:
     Մի նրբանցք, որ ինձ
     չի տանում ոչ մի տեղ: Փակ դռներ` առանց
     գաղտնիքի: Անցորդներ, ինչպես
     արխիպելագում շփոթված կղզիներ,
     որոնց կողքով անծանոթ
     նավեր են անցնում: Կյանքը շատ է մոտ,
     բայց չի երևում: Ինձ հետ խոսեք, համբերության
     արթուն ոգիներ, XXI դարի
     էկրանը ձեզ համար փոքր է չափազանց:
     Դուք չունեք կիրակի օր: Դուք չունեք արձակուրդ:
     Դուք ապրում եք հավերժական մի գիշերվա մեջ
     և գծում սիրտը մարդու
     իբրև մի երկնային երկրաչափություն:
    
    

Առանց պատասխանի սպասման
     .

Ժամանակ, դու չես կարող կանգ առնել այստեղ,
     այս երկրում, ուր կրկնվում է ամեն ինչ սկզբից
     և վերադառնում` որտեղից սկսվել էր:
     Ահա մի հոգի բարձրանում է վերև` շփոթելով
     մի պահ սահմանաձողերը երկնքի և երկրի:
     Նրան պահում են մի քանի հրեշտակներ –
     օտար աչքերի համար անտեսանելի:
     Նայիր, քո վրայով անցնում են նրանք
     և մի ստվեր երկնքից ընկել է երկրին:
     Առանց մարմին էությունը դեռ գոյություն չէ,
     ուրեմն` քո ձեռքի տակ պահիր նրան այնպես,
     կարծես թե դու այլևս չես հպվում նրան:
    
    

Մի գնացք սուլում է դեռ
     .

Ընդհատել կարողացիր, երբ ընդհատվում է,
     կամ շարունակիր` թե չունես մի ուրիշ
     հնարավորություն:
     Հեռվում միայնակ մի գնացք է սուլում,
     անիվներն համաչափ արձագանքում են
     գիշերվա լռության մեջ:
     Ամեն ինչ փոխվում է, ինձանից բացի:
     Ես նույնն եմ մնում: Աշխարհի ոլորտները
     օղակ – օղակ գալարվում են
     իմ չորս բոլորը:
     Գնացքը անցնում է
     քաղաքի գծից դուրս:
     Ինչ –որ բան ընդհատվում է: Հնարավոր աշխարհում
     մի գնացք սուլում է դեռ:
    
    

Այսպես ոտաբոբիկ
     .

Մտիր օրերի մեջ,

վարագույրից այն կողմ,
     դրսում փոթորիկը ջարդում է կայմերը,
     նավերը քշում դեպի հորձանուտ,
     գրոհում ցամաքները:
     Շենքերը տենդի մեջ նայում են իրար
     ահով ու կասկածով:
     Բաբելոնյան աշտարակը փլվում է նորից:
     Մտիր օրերի մեջ,
     քնած մի դեմոն իր ռադիոակտիվ
     աչքերն է բացում: Շնաձուկ` երկնքում,
     ինքնաթիռ` ջրի մեջ: Ոչ` քաղաքների
     սոսկահար դեմքերին, որոնց վրայով
     վազում են ստվերները և իրենց թևերով
     ծածկում առհավետ
     տներն ու փողոցները:
     Նայիր ժամանակի կիսաբաց պատուհանից,
     քանի դեռ չի փակվել: Մտիր
     օրերի մեջ
     այսպես, ոտաբոբիկ:
    
    

Նա ուզում էր չէր ուզում
     .

Նա ուզում էր լինել մակընթացություն կամ տեղատվություն և կամ մակընթացություն տեղատվության մեջ և տեղատվություն մակընթացության մեջ միաժամանակ մակընթացության և տեղատվության նույն պահին ավազի մեջ չքացող ջուրը և նորից ետ փախչող ալիքը կամ ավազը որը սպասում է ջրին կամ ջուր որ վազում է դեպի ավազը ուզում էր ծովը լինել և միաժամանակ լինել ցամաքը ծովն իր մեջ պահող երկինքը ծովի և ցամաքի վրա մի նավագնաց երկուսի միջև նկարը տան պատին և նկարիչը սիգարետ ծխող հյուրը որ պիտի գար և նա ով գնում է մի քաղաք քրտինքի մեջ և մի երազ քաղաքի մարմինը տանջող ուզում էր հիշել մի դեմք որ ուզում էր հիշել բայց չէր կարողանում ուզում էր ուզել և չուզել և չէր ուզում ուզել և ինչ լինում էր թող լիներ:
    
    

Ոսկեզօծ մեղուներ
     .

Ոսկեզօծ մեղուներ
     որ մեղր հունցելով
     հավերժությունը
     դարձնում եք ժամանակ
     (որպեսզի մենք ապրենք)

Եվ հետո ժամանակը
     հղկելով մեղրի մեջ
     դարձնում եք հավերժություն
     (որպեսզի մենք ապրենք)

Գոյություն անմատչելի
     երկու աշխարհների
     միջև ծավալվող
     ներդաշնակություն

մենք քեզ ենք մոտենում ձեռք տալիս
     քո մեղրին
     և հեռանում ենք ոտքից - գլուխ այսպես
     քեզնով ողողված
     (որպեսզի ապրենք)


     Այսքանից հետո մենություն
     .

Թեև բոլորն էլ մայրամուտի ցած իջնող
     վարագույրի տակ
     մենակ են, միայնակ,
     փողոցում, տան մեջ, հրապարակում,
     բազմություն, որի մեջ մի սիրտ է գլորվում
     և կասկածամիտ մի կին է չքանում –
     տվեք ինձ մենություն:

Հայրը և մայրը շրջում են զբոսայգում
     երեխաների հետ,
     նստում կարուսել, նկարվում միասին,
     հետո թեյ են խմում լճակի ափին:
     Առանց հրաժեշտի ծառերը ոտք են դնում
     գիշերվա շեմից ներս:
     Երաժշտությունը փնտրում է Աստծուն
     և նրան չգտնելով
     կարկամում օդի մեջ: Տվեք ինձ մենություն

փողոցում, տան մեջ, հրապարակում,
     ուր շեղված մի գիշեր իր հետքն է թողնում
     մարդկանց դեմքերին: Լուսինն անցորդներին
     նետում է արծաթե իր դրամները:
     Կիսաբաց պատուհան, որ խոստանում է
     մթին գաղտնիքներ: Երկնային անկողին
     և մի հիպնոսի խոստովանություն:
     Այսքանից հետո` մենություն:
    
    

Սոսկ մի ճիչ
     .

Մի մարդ` երկինք նետված մետաղադրամ,
     որ դեռ չի ընկել,
     մի հոգի սրբության
     և մեղքի միջև,
     հայացքը շեղբի պես,
     մի ներքին կատարում, երբ ոչինչ չի կատարվում:
     Այնտեղ, քնի մեջ, քաղաքի կիսախավար
     կամարների տակ
     մի ճակատագիր հողն էր շոշափում և փնտրում
     անցյալի
     կորած ոսկիները: Ձեռք մի տվեք նրա
     քրտնած ուսերին: Սոսկ մի ճիչ,
     մի աղաղակ
     մարդու բերանում,
     այնտեղ, քնի մեջ, քաղաքի կիսախավար
     կամարների տակ:
    
    

Ժամանակը մի վայր է
     .

Նա ինձ միշտ հարց էր տալիս –
     ՙորտե՞ղ ես, ու՞ր ես գնում, ե՞րբ պիտի
     վերադառնաս…՚:

Ցերեկը փնտրում էր ինձ:
     Գիշերը ինձ չէր գտնում:

Ժամանակը մի վայր է,
     ուր ես միշտ
     բացակա եմ:
    
    

Ես հարցնում եմ, նա` պատասխանում
     .

ՙԲայց ունի՞ Ատված հիշողություն՚ -
     ՙՈչ, որովհետև
     նա չունի մոռացություն՚:

ՙԻսկ ունի՞ նա անցյալ՚ -
     ՙՈչ, որովհետև
     Նա չունի ապագա՚:

ՙԲայց նա բարի՞ է՚ -
     ՙՈչ, որովհետև
     նա չունի չարություն՚:

ՙՆա ինձ ընդունու՞մ է՚ -
     ՙՈչ, որովհետև
     Նա քեզ չի լքել՚:

ՙԲայց մահը ինձ է փնտրում՚
     ՙՈչ, որովհետև
     քո ամեն հարցի մեջ դու մահանում ես:
     Մեռածին նա չի փնտրում՚:

ՙԲայց նայիր ես դողում եմ…՚ -
     ՙՈչ, որովհետև
     այդ ես եմ դողում՚:
    
    

Ուրանի փայլ
    

     Բարձրանում է արևն իր հին տեսողությամբ,
     գլորվում է մի մոլորակ երկնքի մեջ,
     տիեզերքը բացվում է ու
     փակվում նորից
     ինչպես մի աչք
     արթնության ու քնի վրա:

Օդը ինչպես սպառնալիք,
     ամպերի մեջ` ուրանի փայլ:

Ամեն մի մարդ` երազի մեջ ձուլված անցյալ,
     փակված իր նեղ, քառակուսի
     սենյակի մեջ,
     և կյանքն` ինչպես մոռացություն
     և հույսերի տերևաթափ,
     որ գալիս է, հպվում նրան,
     և երկուսով անհետանում
     տեսիլքի մեջ
     վայրկենական:
    
    

Մեկ օրը բավական է
    
    

Մեկ օրը բավական է, որպեսզի ապրես
     քո կյանքը ծայրեծայր, առաջին օրվանից
     մինչև վերջին րոպեն: Մի կորած
     զգացմունք, մի քայլ, որ քեզ պիտի
     նոր ճանապարհ տանի, և մի որոշում,
     որ դեռ չես կատարել: Պտտվելով երկնքի
     և երկրի միջև
     քո օրը լույս է տալիս իրերի կիսախավար
     մակերեսներին: Դու նրան կորցնում ես
     հայացքդ դեպի երկրորդ օրն ուղղած,
     որն, ավաղ, քոնը չէ: Ահա, ձեռքդ տուր նրան,
     նա մեծ է ավելի
     քան մի հավերժություն:
     Քո կյանքը բաժանված է օրերի փշրված
     բեկորների մեջ:
     Հեռացում անվերադարձ: Վիրահատություն:
     Անբաժանելի օրվա կախարդանք,
     դու նորից լքում ես ինձ:
    
    

Կեսգիշերային մղձավանջ
    
    

Քամին լռում է գիշերվա միջանցքներում:
     Դժոխքի ձայներից
     հեռագրասյուները դողում են սարսափահար
     իրենց քնի մեջ: Անդեմ մի կերպարանք
     ելնում է անկյունից, անցնում ցանկապատով
     և նորից չքանում: Մի հրեշավոր լուսնի երակից
     դառը գետ է հոսում
     գիշերվա երկնքով:

Պատկերներ, մի կողմ անցեք
     աշխարհի անքուն բիբերից: Գիտակցության մեջ
     մեղքի ցողունը ճյուղեր է արձակում
     և ծածկում մի դաշտ
     ներքևում: Փողոցում հոսում է մարմինների մի գետ
     ուղիղ դեպի անդունդ: Կանգնեցրու հոսքը նրանց,
     Հավերժի Ականատես: Դժոխքի ձայներից
     հեռագրասյուները դողում են սարսափահար
     իրենց քնի մեջ:
    
    

Ես կյանքին ձեռք տվեցի
     1.
     Ինչ ունեմ` ոչինչ է այն ամենի առաջ,
     ինչը դու ունես: Իմ օրը ես վառում եմ,
     որպեսզի տեսնեմ
     քո ունեցվածքը: Ես իմ բառերը կորցնում եմ մեկ – մեկ
     այն մի բառի համար, որ դու պիտի
     ասես: Սուրճի բաժակով
     ես իմ կյանքն եմ խմում և այրում
     շուրթերս: Փակ աչքերով կարդում եմ
     իմ անունը` գրված
     քո ջրերի վրա: Ես իմ կասկածների
     շրջանն եմ անցնում,
     որ մոտենամ քեզ:
     Ես ժամանակից
     դուրս եմ ընկնում ինչպես
     մո ձեռքից մարդու հոգին (ինչպես Դանթեի
     պոմից մի տող), ինչպես մի ճառագայթ,
     արևից փախչող, որ վազում օդի միջով
     և ընկնում, չքանում է թիթեղյա տանիքներին:
    
    


     Երկու Կյանք
    
    

Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ
     Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց:
     Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ: Կրակը մեզ պահեց
     տարածության վրա, թեեւ նրա լույսը բոցավառվում էր
     մեր մարմիններում:

Մեր դեմքերի միջեւ այրվում էր գիշերը, թեեւ մեր շուրջը
     կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք`
     ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ,
     մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկերի:

Մեր կյանքը - երկու կենսագրություն,
     գրված նույն թղթի տարբեր էջերում:

Ինչքան հեռու է այն կետը, (որին մենք չմոտեցանք),
     որ նրա ուժգին ճառագայթումը հասնում է այժմ
     տասնյակ տարիների հեռավորությունից, իսկ նա
     հանգել է եւ դարձել մեռած մի աստղափոշի:

Ես կյանքիս մի մասը տվել եմ քեզ եւ այժմ փնտրում եմ
     մի տարածություն, որ կարող եմ նստել եւ նայել
     մոտեցող մայրամուտներին, որ սառն են թվում, բայց
     մոտենում են սարսուռով, հույսով: Ուսերիս իջնում են
     նոր աղավնիներ: Անցած օրերի ղողանջն եմ լսում:
    
    
    

Օգոստոս
    

ԱՐԵՎԸ սրբում է ուսերս հոգնությունից-
     ես այստեղ մնալ չեմ կարող, որովհետեւ

ամառն ասում է.- «Հավաքիր իրերդ,
     գնանք այստեղից, արդեն ուշանում ենք»:

Սա իմ ժամանակն է,
     իսկական ժամանակը -
     կատարելու այն, ինչ պետք է կատարվեր,
     եւ ասելու այն ինչ պետք է ասվեր:

Խոսքի ժամանակը,
     փրկության ժամանակը,
     բարձրացումը սիրո հզոր թեւերի -
     ապրելու ժամանակը,

եւ վերջապես կատարյալ
     իմ կյանքի ժամանակը,
     պսակի մեջ Կույսի համաստեղության:

Հայկ Համբարձումյանը զրուցում է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի հետ:(1)
Հայկ Համբարձումյանը զրուցում է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի հետ:(2)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6854 | 0 | 0
Facebook