Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աստվածաշնչյան ընթերցումներ: Նոր Կտակարան, Մատթեոս 1-5

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
21:56, երկուշաբթի, 17 մարտի, 2014 թ.
    
    

Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը և տեղը հայ իրականության մեջ

Գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ստանձնում է Աստվածաշնչի հայերեն թարգմանության գործը՝ սկսելով այն Առակաց գրքից։ Ըստ Մովսես Խորենացու՝ ամբողջ Սուրբ Գիրքը թարգմանվել է Սամոսատում։ Այս թարգմանությունը համարվում է «Փութանակի թարգմանություն» ։ Աստվածաշնչի թարգմանությանը զուգահեռ թարգմանվում են նաև եկեղեցու հայրերի երկեր։ Թարգմանական արվեստում հմտանալու նպատակով Եդեսիա և Բյուզանդիա են ուղարկվում Եզնիկ Կողբացին, Հովհան Պաղնացին, Կորյունը և այլն։ Եփեսոսի տիեզերաժողովից հետո Հայաստան վերադառնալով՝ նրանք բերում են Սուրբ Գրքի ընտիր օրինակներ։ Սրանց հիման վրա ճշտվում է արդեն եղած թարգմանությունը, սրբագրվում և խմբագրվում է։ Աստվածաշնչի այս թարգմանությունն անվանվել է «Ընկալյալ» ։
     Ըստ Խորենացու վկայության՝ ի սկզբանե Հին Կտակարանից թարգմանվել են նախականոն գրքերը։ Հետեփեսոսյան շրջանում կանոնի մեջ են մտել նաև երկրորդականոն գրքերը, բացի Մակաբայեցիներ Դ և Հայտնության գրքերից։ Թե որ լեզվից է կատարվել Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, մասնագետները համակարծիք չեն։ Որոշներ կարծում են, որ թարգմանվել է հունարենից, մյուսներն էլ ասորերենից։ Առավել ընդունելի և գերիշխող տեսակետն այն է, որ Աստվածաշնչի մի շարք գրքեր թարգմանվել են ասորերոնից, հետո սրբագրվել հունարեն տեքստերի համեմատությամբ։ Սակայն սրբագրման ժամանակ սրբագրիչների տեսադաշտից որոշ բաներ դուրս են մնացել կամ անկարևոր համարվել նրանց կողմից։ Այդ պատճառով այդ մասերում նկատելի են ասորաբանություններ։ Դրանք առկա են Սաղմոսաց գրքում, Ավետարաններում և Գործք Առաքելոցում։ Այս գրքերը հետևաբար նախապես թարգմանվել են ասորերենից։
     Հայ հոգևոր-մտավոր մշակույթի զարգացման պատմության մեջ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը կարևոր նշանակություն է ունեցել։ Միջնադարյան գրականությունը, արվեստը, գիտությունը ներծծված են Սուրբ Գրքի գաղափարներով։
     Աստվածաշունչը ծնունդ է տվել մի հսկայածավալ բնագավառի՝ Մեկնողական գրականության, որ մասնավորաբար Հայ եկեղեցական մատենագրության ամենատարածված մարզերից է։ Օտար մասնագետների կարծիքով արևելաքրիստոնեական գրականության մեջ մեկնաբանական գրականությամբ ամենահարուստը հայ գրականությունն է։ Մեկնողական երկերի շնորհիվ Աստվածաշունչն անուղղակիորեն նպաստել է միջնադարյան Հայաստանում բնագիտական և տիեզերագիտական հայացքների ձևավորմանը։
     Հայերեն Աստվածաշունչն իր ազդեցությունն է ունեցել միջնադարյան հոգևոր բանաստեղծությունների վրա։ Հիշատակելի են մասնավորապես Սուրբ Գրքի վերապատումը հանդիսացող Գրիգոր Մագիստրոսի «Հազարտողյան» կամ «Առ Մանուչե», Ներսես Շնորհալու «Հիսուս Որդի», Առաքել Սյունեցու «Ադամգիրք» և այլ քերթվածքներ։ Սաղմոսների որոշակի ազդեցությամբ են հորինվել շարականները։
     Աստվածաշունչը շոշափելի հետք է թողել նաև դավանաբանական, սրբախոսական, ճառագրական երկերի, միջնադարյան կերպարվեստի՝ մանրանկարչության վրա։ Աստվածաշունչն իր նպաստն է բերել գրչության արվեստի զարգացմանը։ Լինելով ամենալավ մագաղաթի վրա ընդօրինակված մատյաններից, ի մտի ունենալով նրա բացառիկ կարևորությունը՝ միջնադարի գրիչները հատուկ հոգածությամբ են վերաբերվել դրա բազմացման գործին։
     Մեծ է Աստվածաշնչի ազդեցությունը նաև ժողովրդական բանահյուսության վրա, քանի որ բազմաթիվ ավանդություններ և զրույցներ իրենց ակունքներով կապվում են Սուրբ Գրքին։ Դրանցից շատերը ոչ այլ ինչ են, քան աստվածաշնչյան պատումների տեղայնացված տարբերակը։
     Աստվածաշնչի թարգմանությունը պակաս կարևոր չէ հայոց լեզվի ուսումնասիրման համար։ Այս իմաստով այն առանձնահատուկ տեղ է զբաղացնում հայ ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ՝ լինելով ճշգրիտ թվագրված հուշարձան։ Սուրբ Գրքի մեզ հասած բնագիրը ներկայացնում է հինգերորդ դարի թարգմանության և հայերենի անաղարտ վիճակը և առատ նյութ մատակարարում հայոց լեզվի ուսումնասիրման մի շարք մարզերի՝ հնչունաբանության, ստուգաբանության, բառակազմության, շարահյուսության, ձևաբանության համար։
     Հայերեն Աստվածաշունչը լուրջ արժեք է ներկայացնում աստվածաշնչական բնագրագիտության տեսակետից։ Նշանավոր արևելագետ Լա Կրոզն իր բարեկամներից մեկին ուղղված նամակում Նոր Կտակարանի հայերեն թարգմանությունը համարելով ԹԱԳՈՒՀԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆՑ՝ շեշտում է, որ նրա միջոցով հնարավոր է վերականգնել հունարեն բնագրի նախնական ընթերցվածները։ Իվան Եվսեյևը Եսայու գիրքը նկատի ունենալով նշել է, որ հայերենը լուրջ ծառայություն է մատուցում հունարեն բնագրի նախասկզբնական տեքստը որոշելու գործում, հատկապես հունարեն ընդօրինակությունների անհամաձայնության ժամանակ։
     18-19-րդ դարերում արդեն հայերեն Աստվածաշունչն օգտագործվել է որոշ հրատարակչություններում՝ հունարենը վերականգնելու համար։ Այսօր հայերեն թարգմանությունը լայնորեն օգտագործվում է Յոթանասնից բնագրի ****ինգենյան բազմահատոր հրատարակության ընթացիկ մատենաշարում։ Նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Կոնիգերը նշում է, որ հայերեն Աստվածաշունչն անգերազանցելի է իր ոճի վայելչությամբ և շարադրանքի ճշգրտությամբ։

Լեզվի ոգին այնպիսին է, որ թույլ է տալիս ցանկացած հունական հուշարձան թարգմանել թե ճշգրիտ, թե գեղեցիկ՝ հարազատ մնալով հունարենի շարադասությանը, նույնիսկ արտացոլելով նրա բառաբարդումները՝ միաժամանակ չստրկանալով նրան։
     Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունը նույնքան օգտակար է նաև ասորական և վրացական աստվածաշնչական թարգմանությունների ուսումնասիրման համար։ Վրացերեն Աստվածաշնչի մի շարք գրքերի թարգմանությունը կատարվել է հայերենից։
     Աստվածաշունչը դարեր շարունակ խմբագրման չի ենթարկվել։ Սահակ-Մեսրոպյան թարգմանությունը դառնալով Հայ եկեղեցու կանոնական բնագիրը, այնպիսի հեղինակություն է ձեռք բերել, որ նրա որևէ փոփոխություն համարվել է սրբապղծություն։
     Աստվածաշնչի հայերեն բնագիրն առայժմ ունեցել է տասը ամբողջական հրատարակություն։ Առաջին անգամ 1666 թ. Ոսկան Երևանցու կողմից՝ Ամստերդամում, և տասներորդը Վիեննայում՝ 1929 թ.։ Սրանց մեջ բնագրագիտական տեսանկյունից ամենաարժեքավորը 1805 թ. Զոհրապյանի իրագործած հրատարակությունն է, որը մինչ օրս օգտագործվում է Աստվածաշնչի գիտաքննական բնագրի կազմման աշխատանքներում։
     Աստվածաշունչ, Նոր Աշխարհ թարգմանություն


     Աստվածաշնչյան ընթերցումներ: Նոր Կտակարան, Մատթեոս


     Մատթեոս 1: 1-25

1 Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու՝ Աբրահամի որդու պատմության գիրքը.
     2 Աբրահամը ունեցավ Իսահակին,
     Իսահակը ունեցավ Հակոբին,
     Հակոբը ունեցավ Հուդային և նրա եղբայրներին,
     3 Հուդան ունեցավ Փարեսին և Զարային, որոնց ծնեց Թամարը,
     Փարեսը ունեցավ Եսրոնին,
     Եսրոնը ունեցավ Ռամին,
     4 Ռամը ունեցավ Ամինադաբին,
     Ամինադաբը ունեցավ Նաասոնին,
     Նաասոնը ունեցավ Սալմոնին,
     5 Սալմոնը ունեցավ Բոոսին, որին ծնեց Ռախաբը,
     Բոոսը ունեցավ Օբեդին, որին ծնեց Հռութը,
     Օբեդը ունեցավ Հեսսեին,
     6 Հեսսեն ունեցավ Դավիթ թագավորին,
     Դավիթը ունեցավ Սողոմոնին, որին ծնեց Ուրիայի կինը,
     7 Սողոմոնը ունեցավ Ռոբովամին,
     Ռոբովամը ունեցավ Աբիային,
     Աբիան ունեցավ Ասային,
     8 Ասան ունեցավ Հովսափատին,
     Հովսափատը ունեցավ Հովրամին,
     Հովրամը ունեցավ Օզիային,
     9 Օզիան ունեցավ Հովաթամին,
     Հովաթամը ունեցավ Աքազին,
     Աքազը ունեցավ Եզեկիային,
     10 Եզեկիան ունեցավ Մանասեին,
     Մանասեն ունեցավ Ամոնին,
     Ամոնը ունեցավ Հովսիային,
     11 Հովսիան ունեցավ Հեքոնիային և նրա եղբայրներին Բաբելոն աքսորվելու ժամանակներում։
     12 Բաբելոն աքսորվելուց հետո Հեքոնիան ունեցավ Սաղաթիելին,
     Սաղաթիելը ունեցավ Զորաբաբելին,
     13 Զորաբաբելը ունեցավ Աբիուդին,
     Աբիուդը ունեցավ Եղիակիմին,
     Եղիակիմը ունեցավ Ազորին,
     14 Ազորը ունեցավ Սադոկին,
     Սադոկը ունեցավ Աքիմին,
     Աքիմը ունեցավ Ելիուդին,
     15 Ելիուդը ունեցավ Եղիազարին,
     Եղիազարը ունեցավ Մատթանին,
     Մատթանը ունեցավ Հակոբին,
     16 Հակոբը ունեցավ Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն, Մարիամն էլ ծնեց Հիսուսին, որը Քրիստոս է կոչվում։
     17 Այսպիսով՝ բոլոր սերունդներն են. Աբրահամից մինչև Դավիթը՝ տասնչորս սերունդ, Դավթից մինչև Բաբելոն աքսորվելը՝ տասնչորս սերունդ, և Բաբելոն աքսորվելուց հետո մինչև Քրիստոսը՝ տասնչորս սերունդ։
     18 Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, որը նշանված էր Հովսեփի հետ, նախքան նրա հետ ամուսնանալը սուրբ ոգուց հղիացավ։
     19 Սակայն քանի որ Հովսեփը՝ նրա ամուսինը, արդար մարդ էր և չէր ցանկանում նրան հանրության առջև խայտառակել, որոշեց գաղտնաբար բաժանվել նրանից։
     20 Բայց մինչ նա մտածում էր այս ամենի մասին, Եհովայի հրեշտակը երազում նրան երևաց ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քո կին Մարիամին տուն տանելուց, որովհետև նրա հղիությունը սուրբ ոգուց է։
     21 Նա մի որդի կծնի, և նրա անունը Հիսուս կդնես, քանի որ նա փրկելու է իր ժողովրդին նրա մեղքերից» ։
     22 Այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի+ միջոցով Եհովայի ասած խոսքը՝ 23 «ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի, և նրա անունը Էմմանուել կդնեն», որը թարգմանվում է «Աստված մեզ հետ է» ։
     24 Քնից զարթնելով՝ Հովսեփը արեց այնպես, ինչպես որ Եհովայի հրեշտակը պատվիրել էր, և իր կնոջը իր տուն տարավ։
     25 Բայց հարաբերություն չունեցավ նրա հետ, մինչև որ Մարիամը որդուն ծնեց։ Եվ Հովսեփը նրա անունը Հիսուս դրեց։
    
    

Մատթեոս 2: 1-23

1 Այն բանից հետո, երբ Հերովդես թագավորի օրոք Հրեաստանի Բեթլեհեմում ծնվեց Հիսուսը, արևելքից աստղագուշակներ եկան Երուսաղեմ
     2 ու ասացին. «Որտե՞ղ է հրեաների թագավորը, որ ծնվել է։ Երբ արևելքում էինք, նրա աստղը տեսանք և եկել ենք խոնարհվելու նրա առաջ» ։
     3 Լսելով այդ մասին՝ Հերովդես թագավորը խռովվեց, և նրա հետ նաև ամբողջ Երուսաղեմը։
     4 Ժողովրդի բոլոր ավագ քահանաներին ու դպիրներին մեկտեղ հավաքելով՝ նա սկսեց հարցուփորձ անել նրանց, թե որտեղ պիտի ծնվեր Քրիստոսը։ 5 Նրանք էլ ասացին. «Հրեաստանի Բեթլեհեմում, քանի որ մարգարեի միջոցով այսպես է գրված.
     6 «Եվ դու, ո՛վ Հուդայի երկրի Բեթլեհեմ, բոլորովին էլ աննշան չես Հուդայի իշխանների մեջ, որովհետև քեզանից է դուրս գալու այն իշխանը, որը հովվելու է իմ Իսրայել ժողովրդին» » ։
     7 Այդ ժամանակ Հերովդեսը գաղտնի հավաքեց աստղագուշակներին և նրանցից ստույգ տեղեկացավ, թե երբ էր երևացել աստղը,
     8 ու նրանց Բեթլեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացեք, որոնեք երեխային և երբ գտնեք, հայտնեք ինձ, որ ես էլ գնամ ու խոնարհվեմ նրա առաջ» ։
     9 Թագավորին լսելուց հետո նրանք ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որ արևելքում եղած ժամանակ տեսել էին, գնում էր իրենց առջևից, մինչև որ եկավ ու կանգ առավ այնտեղ, որտեղ երեխան էր։
     10 Տեսնելով աստղը՝ նրանք շատ ուրախացան։
     11 Եվ երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ, ու ծնկի գալով՝ խոնարհվեցին նրա առաջ։ Ապա բացեցին իրենց գանձատուփերը և նվերներ տվեցին նրան՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
     12 Սակայն երազում Աստծուց նախազգուշացում ստացան և չվերադարձան Հերովդեսի մոտ ու մեկ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիր։
     13 Երբ նրանք հեռացան, Եհովայի հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրու երեխային ու նրա մորը, փախիր Եգիպտոս ու մնա այնտեղ, մինչև որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը մտադիր է փնտրել երեխային, որ սպանի» ։
     14 Ուստի նա վեր կացավ, գիշերով վերցրեց երեխային ու նրա մորը, գնաց Եգիպտոս 15 ու այնտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով Եհովայի ասած խոսքը. «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն» ։
     16 Երբ Հերովդեսը տեսավ, որ աստղագուշակները խաբեցին իրեն, սաստիկ զայրացավ, մարդ ուղարկեց և կոտորել տվեց Բեթլեհեմի ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան և ավելի փոքր բոլոր տղա երեխաներին՝ ըստ այն ժամանակի, որի մասին ստույգ տեղեկացել էր աստղագուշակներից։
     17 Այդ ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի միջոցով ասվածը.
     18 «Մի ձայն լսվեց Ռամայում, լացի ու մեծ ողբի ձայն. Ռաքելն էր լաց լինում իր երեխաների համար և չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք այլևս չկային» ։
     19 Երբ Հերովդեսը մահացավ, Եհովայի հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին
     20 ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրու երեխային ու նրա մորը և գնա Իսրայելի երկիր, քանի որ երեխայի հոգին փնտրողները մահացել են» ։
     21 Նա էլ վեր կացավ, վերցրեց երեխային ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիր։
     22 Սակայն լսելով, որ Արքեղայոսն է Հրեաստանում թագավորում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն՝ վախեցավ այնտեղ գնալուց, և երազում Աստծուց նախազգուշացում ստանալով՝ գնաց Գալիլեա
     23 ու բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի կատարվի մարգարեների միջոցով ասվածը. «Նա նազովրեցի կկոչվի» ։
    
    

Մատթեոս 3: 1-17
     Այն օրերում Հովհաննես Մկրտիչը+ եկավ ու սկսեց քարոզել Հրեաստանի անապատում՝ 2 ասելով. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը» ։
     3 Սա այն մարդն է, որի մասին Եսայիա մարգարեի միջոցով այս խոսքերն են ասվել. «Լսեցե՛ք, մեկը բարձրաձայն կանչում է անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի համար։ Ուղղե՛ք նրա շավիղները» » ։
     4 Հովհաննեսը ուղտի մազից պատրաստված հագուստ էր հագնում և մեջքին կաշվե գոտի ուներ, և նրա ուտելիքն էր մորեխ ու վայրի մեղր։ 5
     Այն ժամանակ Երուսաղեմը, ամբողջ Հրեաստանը և Հորդանանի ողջ շրջակայքը գնում էին նրա մոտ,
     6 և մարդիկ մկրտվում էին նրա կողմից Հորդանան գետում՝ բացահայտորեն խոստովանելով իրենց մեղքերը։
     7 Երբ նա տեսավ, որ փարիսեցիներից ու սադուկեցիներից շատերը գալիս են մկրտության վայրը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ձեզ ո՞վ գլխի գցեց փախչել գալիք զայրույթից։
     8 Ուրեմն զղջմանը համապատասխան պտո՛ւղ բերեք
     9 և մի՛ համարձակվեք ձեր մեջ ասել, թե՝ «մեր հայրը Աբրահամն է» ։ Ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից էլ կարող է Աբրահամի համար զավակներ վեր կացնել։
     10 Կացինն արդեն պատրաստ է կտրելու ծառերը, ուստի յուրաքանչյուր ծառ, որ լավ պտուղ չի տալիս, պիտի կտրվի ու կրակի մեջ գցվի։
     11 Ես ձեզ ջրով եմ մկրտում, քանի որ դուք զղջացիք, բայց ինձանից հետո եկողը ինձանից ավելի զորավոր է, որի սանդալները հանելու ես արժանի չեմ։ Նա սուրբ ոգով և կրակով կմկրտի ձեզ։
     12 Նրա քամհարը* իր ձեռքում է, և նա ամբողջովին կմաքրի իր կալը և իր ցորենը ամբարում կհավաքի, իսկ մղեղը կայրի անմար կրակով» ։
     13 Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ, որպեսզի նա իրեն մկրտի։
     14 Սակայն վերջինս ընդդիմացավ նրան՝ ասելով. «Ե՛ս պետք է քո կողմից մկրտվեմ, և դո՞ւ ես գալիս ինձ մոտ» ։
     15 Հիսուսը պատասխանեց. «Թող հիմա այսպես լինի, քանի որ այսպես է պատշաճ, որպեսզի կատարենք այն ամենը, ինչ որ արդար է» ։ Եվ Հովհաննեսը այլևս չընդդիմացավ նրան։
     16 Մկրտվելուց հետո Հիսուսը իսկույն դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց, ու նա տեսավ Աստծու ոգին աղավնու նման նրա վրա իջնելիս։
     17 Եվ մի ձայն լսվեց երկնքից, որ ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» ։
    
    

Մատթեոս 4: 1-25

Այնուհետև Հիսուսը ոգու կողմից տարվեց անապատ, և այնտեղ Բանսարկուն սկսեց փորձել նրան։
     2 Քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո նա քաղց զգաց։
     3 Այդ ժամանակ Փորձիչը եկավ ու ասաց նրան. «Եթե Աստծու որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնան» ։
     4 Բայց նա պատասխանեց. «Գրված է. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» » ։
     5 Հետո Բանսարկուն նրան տարավ սուրբ քաղաք և կանգնեցնելով տաճարի պարսպի վրա՝
     6 ասաց. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցած նետիր, քանի որ գրված է. «Նա իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ երբեք քարի չխփես» » ։
     7 Հիսուսն էլ ասաց. «Դարձյալ գրված է. «Մի՛ փորձիր Եհովային՝ քո Աստծուն» » ։
     8 Կրկին Բանսարկուն տարավ նրան չափազանց բարձր մի լեռ և ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը
     9 և ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե ընկնես ու երկրպագություն անես ինձ» ։
     10 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» » ։
     11 Դրանից հետո Բանսարկուն թողեց նրան ու հեռացավ։ Եվ հրեշտակները եկան ու սկսեցին ծառայել նրան։
     12 Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը ձերբակալվել է, գնաց Գալիլեա։
     13 Այնուհետև, Նազարեթից հեռանալով, եկավ ու բնակվեց ծովեզերքին գտնվող Կափառնայումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի կողմերում,
     14 որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասված խոսքը.
     15 «Ո՜վ Զաբուղոնի և Նեփթաղիմի երկիր, որ ծովի ճանապարհին եք՝ Հորդանանի մյուս կողմում, ո՜վ ազգերի Գալիլեա.
     16 խավարի մեջ նստած մարդիկ մեծ լույս տեսան, և մահվան ստվերի երկրում նստածների վրա լույս ծագեց» ։
     17 Դրանից հետո Հիսուսը սկսեց քարոզել ու ասել. «Զղջացե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը» ։
     18 Գալիլեայի ծովի* եզերքով քայլելիս նա տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս է կոչվում, և Անդրեասին՝ նրա եղբորը։ Նրանք ձկնորսական ցանցը ծովն էին նետում, քանի որ ձկնորսներ էին։
     19 Նա ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ* կդարձնեմ» ։
     20 Նրանք էլ իսկույն թողեցին ցանցերն ու գնացին նրա հետևից։
     21 Շարունակելով ճանապարհը՝ նա ուրիշ երկու եղբայրների էլ տեսավ՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք իրենց հոր՝ Զեբեդեոսի հետ նավակի մեջ իրենց ցանցերն էին նորոգում, և նրանց էլ կանչեց։
     22 Իսկույն թողնելով նավակն ու իրենց հորը՝ նրանք հետևեցին նրան։
     23 Այնուհետև նա շրջում էր ողջ Գալիլեայով մեկ՝ սովորեցնելով նրանց ժողովարաններում, քարոզելով թագավորության բարի լուրը և բուժելով ամեն տեսակ տկարություն ու հիվանդություն+, որ մարդիկ ունեին։
     24 Եվ նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքում*։ Նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին տարբեր հիվանդություններով ու սաստիկ ցավերով, բերում էին նաև դիվահարների, ընկնավորների ու անդամալույծների, և նա բուժում էր նրանց։
     25 Գալիլեայից, Դեկապոլիսից, Երուսաղեմից, Հրեաստանից ու Հորդանանի մյուս կողմից եկած մարդկանց մի մեծ բազմություն նրա հետևից էր գնում։
    
    


    

Մատթեոս 5: 1-48

Տեսնելով բազմությանը՝ նա բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրա մոտ եկան, 2 և նա սկսեց ուսուցանել նրանց՝ ասելով.
     3 «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։
     4 Երջանիկ են նրանք, ովքեր սգում են, որովհետև նրանք կմխիթարվեն։
     5 Երջանիկ են նրանք, ովքեր հեզ* են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։
     6 Երջանիկ են նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության, որովհետև նրանք կկշտանան+։
     7 Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են, որովհետև նրանց հանդեպ ողորմած կլինեն։
     8 Երջանիկ են նրանք, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն։
     9 Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են, որովհետև նրանք կկոչվեն «Աստծու որդիներ» ։
     10 Երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։
     11 Երջանիկ եք դուք, երբ մարդիկ նախատում և հալածում են ձեզ ու ստելով ամեն տեսակ չար բաներ են ձեր դեմ խոսում իմ պատճառով։ 12 Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում. չէ՞ որ ձեզանից առաջ այդպես հալածեցին մարգարեներին։
     13 Դուք երկրի աղն եք։ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ինչպե՞ս կվերականգնվի նրա աղիությունը։ Այն այլևս ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կնետվի+, որտեղ մարդկանց ոտների տակ կկոխկռտվի։
     14 Դուք աշխարհի լույսն եք։ Մի քաղաք, որը լեռան վրա է գտնվում, չի կարող թաքնվել։
     15 Երբ մարդիկ ճրագ են վառում, դնում են ոչ թե գրվանի* տակ, այլ ճրագակալի վրա, և այն լուսավորում է տանը եղողներին։
     16 Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է։
     17 Մի՛ կարծեք, թե ես եկա Օրենքը կամ Մարգարեները* կործանելու։ Ես եկա ոչ թե կործանելու, այլ կատարելու։
     18 Ճշմարիտ ասում եմ ձեզ. նույնիսկ եթե երկինքն ու երկիրը անհետանան, Օրենքի ամենափոքր տառը կամ տառի մի մասնիկը չի անհետանա, մինչև որ բոլոր բաները չկատարվեն։
     19 Ուստի ով որ այս պատվիրաններից ամենափոքրը խախտի և մարդկանց նույն բանն անել սովորեցնի, «ամենափոքրը» կկոչվի երկնքի թագավորության համար*։ Իսկ ով որ կատարի և սովորեցնի դրանք, «ամենամեծը» կկոչվի երկնքի թագավորության համար*։
     20 Ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը ավելին չլինի, քան դպիրներինը և փարիսեցիներինը, դուք երբեք չեք մտնի երկնքի թագավորություն։
     21 Լսել եք, որ հնում ապրող մարդկանց ասվեց. «Մի՛ սպանիր։ Ով որ սպանի, հաշիվ պետք է տա դատարանի առաջ» ։
     22 Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակի զայրացած մնալ իր եղբոր վրա, հաշիվ պետք է տա+ դատարանի առաջ, իսկ ով որ իր եղբոր հասցեին ստորացուցիչ անարգական խոսք ասի, հաշիվ պետք է տա Գերագույն դատարանի առաջ։ Բայց ով որ ասի՝ «ողորմելի հիմար», ենթակա կլինի կրակոտ գեհենին*։
     23 Հետևաբար, եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ+ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի,
     24 թող ընծադ զոհասեղանի դիմաց և գնա, նախ հաշտվիր քո եղբոր հետ+ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ։
     25 Երբ մեկը օրենքի հիման վրա բողոքում է քո դեմ, գործերդ արագ հարթիր այդ մարդու հետ, քանի դեռ նրա հետ դատարանի ճանապարհին ես գտնվում, որ չլինի թե հանկարծ նա քեզ հանձնի դատավորի ձեռքը, իսկ դատավորը՝ դատարանի սպասավորի ձեռքը, և դու բանտը գցվես։
     26 Հաստատ ասում եմ քեզ, որ այնտեղից դուրս չես գա, մինչև որ քո վերջին լուման չվճարես։
     27 Լսել եք, որ ասվեց. «Շնություն մի՛ գործիր» ։
     28 Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում։
     29 Ուրեմն եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու մի կողմ գցիր, որովհետև քեզ համար ավելի օգտակար է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհենը գցվի։
     30 Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն ու մի կողմ գցիր, որովհետև քեզ համար ավելի օգտակար է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհենում հայտնվի։
     31 Նաև ասվեց. «Ով իր կնոջից բաժանվի+, թող բաժանման վկայական տա նրան» ։
     32 Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով բաժանվում է իր կնոջից առանց *****ության* պատճառի, դրդում է նրան շնություն գործելու, և ով ամուսնանում է բաժանված կնոջ հետ, շնություն է գործում։
     33 Դարձյալ լսել եք, որ հնում ապրող մարդկանց ասվեց. «Երդումդ զանց մի՛ արա, այլ կատարիր Եհովային տված խոստումներդ» ։
     34 Բայց ես ասում եմ ձեզ. ընդհանրապես մի՛ երդվիր, ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է,
     35 ո՛չ երկրով, քանի որ այն նրա ոտքերի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմով, քանի որ այն մեծ Թագավորի քաղաքն է,
     36 և ո՛չ էլ քո գլխով, քանի որ չես կարող գլխիդ մի մազն անգամ սպիտակ կամ սև դարձնել։
     37 Այլ թող ձեր «այո» -ն այո լինի, և «ոչ» -ը՝ ոչ, որովհետև սրանից ավելին Չարից է։
     38 Լսել եք, որ ասվեց. «Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ» ։
     39 Բայց ես ասում եմ ձեզ. մի՛ ընդդիմացիր նրան, ով չար է, այլ եթե մեկը ապտակի քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու։
     40 Եթե մեկը ուզում է քեզ դատի տալ, որպեսզի վերցնի քո հանդերձներից մեկը, հագինդ էլ տուր։
     41 Եթե իշխանություն ունեցող որևէ մեկը ստիպում է քեզ իրեն ծառայելու համար գնալ մեկ մղոն, նրա հետ երկու մղոն գնա։
     42 Տուր քեզանից խնդրողին և երես մի՛ դարձրու նրանից, ով քեզանից առանց տոկոսի պարտք է ուզում վերցնել։
     43 Լսել եք, որ ասվեց. «Սիրի՛ր մերձավորիդ և ատի՛ր թշնամուդ» ։
     44 Բայց ես ասում եմ ձեզ. շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար,
     45 որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա։
     46 Եթե սիրեք ձեզ սիրողներին, էլ ի՞նչ վարձատրություն կունենաք։ Մի՞թե հարկահավաքներն էլ նույնը չեն անում։
     47 Եվ եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ի՞նչ արտասովոր բան արած կլինեք։ Մի՞թե ուրիշ ազգերի մարդիկ էլ նույնը չեն անում։
     48 Ուստի կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ» ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12662 | 0 | 0
Facebook